25 May, 2025

Յայտարարութիւն Հ. Յ. Դ. Կովկասեան Պատասխանատու Մարմնի

Հայ Ժողովուրդ!

Չկայ այլեւս Նակաշիձէն:

Մայիսի 11ին (հին տոմարով) Դաշնակական տէռօրիստի ռումբը որոտաց եւ սատակում սփռեց իր շուրջը:

Որքան երկար էինք համբերել, ո քան երկար սպասել «դատաստանի» ու «արդարութեան», այնքան էլ աւելի զօրեղ պայթեց մեր մահաբեր ռումբը:

Ցաւում ենք, սաստիկ ցաւում անմեղ զոհերի համար: Բայց ինչ պէտք է անել. հրէշ բռնաւորները թէ կենդանութեան եւ թէ մահւան ժամանակ անմեղ զոհեր են պահանջում:

Չկայ այլեւս փետրւարի 6-9ի օրերի Բագուի նահանգապետը, «արեան հերոսը»:

Արդարութիւնը մի է եւ յաւիտենական: Նա այս անգամ էլ գործադրւեց հայ յեղափոխականի ձեռքով:

Ահաբեկիչն իր մեծ գործը կատարեց եւ ազատ է:

Բագուի կոտորածների ահեղ օրերին Հ. Յ. Դաշնակցութիւնը կազմակերպեց իր յանկարծակի դիմադրութիւնը: Բռնակալութեան, ոստիկանութեան ու լրտեսների ձեռքին կոյր գործիք դարձան թիւրքերի դիակները տապալելով՝ Դաշնակցականները ստիպեցին գլխաւորներին գնալ ընկնել Նակաշիձէի ոտները, հաշտութիւն աղերսել: Իսկ երբ արդէն հաշտութիւնը գոնէ արտաքուստ ապահովւեց, նա սկսեց որոնել «կազմակերպողներին», գլխաւոր պատճառ եղողներին:

Գլխաւորների գլխաւորը գտնւեց շա՜տ շուտ, անմիջապէս: Նա նահանգապետն էր, որ ձի նստած շրջում էր արիւնոտ փողոցներում, խրախուսում կոտորող ու կողոպտող թիւրքերին, նոյն իսկ զէնք տալիս նրանց... փաստերն անթիւ են, անհամար:

Արիւնոտ օրերին եւ եթ Նակաշիձէին յայտնւեց իր մահւան վճիռը: Եւ դա անջնջելի վճիռ էր:

Ռուս բռնակալութիւնը կորցրել էր իր յենման կէտը:

Զօրքերը կոտորւած, բանակները փշրւած, ժողովուրդներն ապստա՜մբ... Չկայ այլեւս «գահին հաւատարիմ հպատակ»: Միակ հաւատարիմները մնացել են «խուլիգաներ»ը կամ սրիկաները, հասարակութեան տիղմը, գողերն ու աւազակները, մարդասպաններն ու բոկոտները:

Եւ կառավարութիւնը զինում է դրանց ամէն տեղ:

Բագւում զինեց թւիրք սրիկայ դասին ոչ միայն հայերի դէմ, այլ եւ ազնիւ ռուսների եւ վրացիների դէմ, որոնք մերկացնում էին այդ սրիկայութիւնը: Մայիսի 10ին այդ սրիկաները ներս խուժեցին քաղաքային տունը եւ ջարդեցին բոլոր այնտեղ ծառայողներին, որոնցից մի քանիսը մերձ իմահ են:

Հին Նախիջեւանում էլ այժմ է զինել: Իսկ այս մայիս 8ին Թիֆլիսի ոստիկանապետ Կօվեալօվը Միքայէլեան փողոցի «գերմանակա» կոչւած այգում հաւաքել էր տեղական խուլիգաններին, խոստացել էր զէնք բաժանել նրանց փոխարքայ Վօրօնցօվ-Դաշկօվի եւ նրա օգնական լրտեսապետ Շիրինկի անունից:

Այդ «սեւ հարիւրեակը» մայիսի 9ին եկաւ թափօրով, դրօշակներով եւ «Բօժէ, ցարեա» երգելով – ցարի սատրապի դրան առաջ: Ուրաներ, ճառեր... փոխարքան դուրս եկաւ բաց լուսամտի առաջ, ոգեւորեց նրանց...

Այսպէս ուրեմն, Թիֆլիսում էլ սեւ հարիւրեակը կազմւած է: Իսկ 9րդ քաղաքամասի պրիստաւ Գլեբօվը վաղուց արդէն գրգռում է թիւրքերին հայերի դէմ: Իսկ ամբողջ ոստիկանութիւնը վաղուց արդէն լուրեր ու թռուցիկներ է տարածում, որ հայերն ու վրացիները միասին կոտորելու են ռուսներին...

Այդ բոլոր երեւոյթների առաջ մեր դիրքը մէկ է եւ անխախտ:

Կռի՜ւ:

Վաղուց է նա արդէն յայտարարւած: Ոչ դրակօնական խստութիւնները, ոչ էլ դատարկ խոստումները մեզ չկարողացան յետ կանգնեցնել մեր բռնած արդար ճանապարհից:

Մինչեւ այժմ մենք մաքրում էինք Գօլիցինի թողած կեղտերը, իսկ այժմ կ'սկսենք նոր «կազմակերպիչներին»:

Կռիւն այսուհետեւ կ'ընդունէ աւելի կատաղի, աւելի արիւնոտ բնաւորութիւն:

Մենք կը դադարենք մի պայմով, երբ Կովկասի բոլոր ազգաբնակութեան ներկայացուցիչները կը հաւաքւեն, կը կազմեն սահմանադիր ժողով, ընդհանուր հաւասար, ուղղակի եւ գաղտնի ձայնտւութեան սկզբունքով կ'որոշեն իրանց երկրի քաղաքական ու տնտեսական վիճակը:

Հ. Յ. Դ. Կովկասեան Պատասխանատու Մարմին

«Հայրենիք», Պոսթոն
6-րդ Տարի, Թիւ 25 (311)