11 May, 2021

Պաշտօնական Ազդեր. ՀՅԴ Բագւի Կենտրօնական Կօմիտէ

I

Ռումբը խօսեց:
Գազազւած հայ ժողովրդի վրէժի որոտաձայն խօսքն էր այն:
Հրէշը, որ քամեց մեր սրտի արիւնը, ողորմելի դիակ է հիմա:
Փետրուար 6-9-ին նահատակւած մեր սիրելիների հոգիները թող հանգիստ առնեն այժմ:
Ռումբը դատեր շատ ունի դեռ եւ վա՜յ նրանց որոնք կը կամենան այսուհետեւ յօշոտել հայ ժողովուրդը: 

Կորչի՛ բռնակալութիւնը,
Կեցցէ՜ Կովկասեան ժողովուրդների եղբայրութինը,
Կեցցէ՜ ազատ դաշնակցական կառավարութիւնը:

11 մայիսի, 1905

 II

Քաղաքացիներ,

Չորեքշաբթի, մայիսի 11-ին, ցերեկւայ ժամը 3-ին, քաղաքի կենտրօնում, Պարապետի վրայ, Բագւի նահանգապետ իշխան Նակաշիձէն մահւան պատժի ենթարկւեց:

Հ. Յ. Դաշնակցութիւնը նրան դատապարտել էր մահւան իբրեւ փետրւարի 6-9-ի արիւնոտ օրերի գաղտնի կազմակերպիչը եւ հեղինակը: Այս վճիռը իր ժամանակին հաղորդւած էր դատապարտւածին: Նոյն վճիռը արձակւած էր նաեւ Բագւում գործող միւս յեղափոխական կազմակերպութիւնների կողմից՝ առանց ազգութեան եւ կուսակցական խտրութեան: Վճիռը ի կատար ածւեց Դաշնակցութեան կողմից, որ այս պարագայում առաւելագոյն իրաւատէրն է հասարակական վրէժխնդրութեան:

Իշխան Նակաշիձէի կրած պատիժը թող չշփոթեցնէ ոչ ոքին: Դա մի արդար հատուցումն է մի զազիր ոճրի – կանգնեցնել հարեւանը հարեւանի դէմ եւ կազմակերպել մասսային կոտորած՝ խաղաղ ժողովուրդը ահաբեկելու նպատակով: Իշխան Նակաշիձէն մարդասպան էր եւ դաւաճան: Նա մատնեց որ պահպանութեան յանձնւած քաղաքը հրոսակների եւ աւարառուների եւ դրեց մարդասպանների ձեռքը մահացու զէնքեր, եւ այդ զէնքերը թաթախեց հարիւրաւոր անմեղների արիւնով: Մահապարտ Նակաշիձէն պարտաւոր էր կնքել իր եղեռնալի կեանքը անարգ մահով: Այդ էր պահանջում հասարակական վրդովւած խիղճը եւ Հ.Յ. Դաշնակցութիւնը դրա արտայայտիչը հանդիսացաւ:

Հրաւիրում ենք ձեզ, քաղաքացինե՛ր, խաղաղութեան եւ անդորրութեան: Մի՛ կորցնէք ձեր սառնասրտութիւնը: Իշխան Նակաշիձէն պատժւեց իբրեւ եղեռնագորղծ, որի ճակատին արդէն դրոշմւած էր հասարակաց անարգանքը եւ որ դատապարտւած էր հասարակական դատաստանով:

Պարապետի վրայ պայթած ռումբը թո՛ղ չներշնչի ձեզ երկիւղ վաղւայ համար: Այդ ռումբը ուղղուած է մի սրիկայի դէմ՝ որ սերմանում էր ազգաբնակչութեան մէջ ատելութիւն եւ երկպառակութիւն, որ ձեր եւ մեր թշնամին էր, որ կոտորեց ձեր որդկերանց, հայրերին, մայրերին, եղբայրներին եւ քույրերին:

12 մայիսի, 1905
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ
ԲԱԳՒԻ ԿԵՆՏՐ. ԿՕՄԻՏԷ
«Դրօշակ» - Յունիս 1905
Թիւ 6 (159)