11 May, 2023

Բագւի Տէռօրը (Նամակ Բագւից)

Հեռագիրն արդէն հաղորդեց ձեզ իրողութիւնը:

Մայիսի 11-ին, ցերեկւայ 3 ժամին քաղաքի կենտրօնում սպանւեց իշխան Նակաշիձէն:

Ինչպէս գիտէք, Դաշնակցութիւնից զատ, նրա մահւան համար որոշում էր տւել նաև Ռուսաց Սօցիալիստ Յեղափոխականների կուսակցութիւնը մեզանից բոլորովին անկախ կերպով: Տեղեկանալով այս մասին մեր Կօմիտէն, համաձայն ռուս ընկերների խնդիրին, որոշման գործունէութիւնը թողեց նրանց: Սակայն երկու ամիս անցած երբ մի քանի անսպասելի պատճառներով՝ գործը ուշացաւ, Դաշնակցութիւնը նորից իր վրայ առաւ նոյն ձեռնարկը, որը եւ իրագործեց մեծ աջողութեամբ:

Ռումբը արձակւեց հինգ քայլի վրայ: Նա ընկաւ նոյն փողոցներում, ուր երկու ամիս առաջ՝ նրա բազմաթիւ զոհերի դիակներն էին թաւալում. Տեսարանը սարսափեցուցիչ էր,– Նակաշիձէն ջախջախւած, այլանդակւած՝ փողոցի մէջ տեղը. կառքը երկու կտոր եղած, ձիերից մինը եւ թիւրք կառապանը ծանր կերպով վիրաւորւած (մի քանի օրից յետոյ մեռաւ): Սպանւած են նաեւ Նակաշիձէի ծառան եւ մի պարսկահպատակ թիւրք մրգավաճառ, որ պատահմամբ մօտիկ էր գտնւում: Սարսափը այնքան մեծ էր, որ մօտ տասն րոպէ ոչ ոք չէր համարձակւում մօտենալ սպանւածի դիակին:

Չնայելով որ դէպքի վայրում բազմաթիւ հասարակութիւն կար, ինչպէս եւ զինւորներ, այնուամենայնիւ ահաբեկիչը ազատ է եւ դուրս որեւէ վտանգից:

Թիւրքերի կողմից որեւէ շարժում տեղի չունեցաւ, դա վերագրելի է ռումբի ազդած սարսափին: Սակայն նախնական տպաւորութիւնը անցնելուց յետոյ՝ զանազան տեսակ լուրեր սկսեցին շրջել՝ ինչպէս եւ այն, թէ թիւրքերի կողմից նոր յարձակումների պատրաստութիւն է լինում: Եւ այս րոպէիս ժողովուրդը այնպիսի լարւած դրութեան մէջ է գտնւում, որ ամենաչնչին մի երեւոյթ – մի անհատի պատահական վազք, մի ճիչ, մի աղաղակ անմիջապէս առաջ է բերում ահ,– խանութներն անմիջապէս փակւում են, փախչող փախչողի է լինում:

Կառավարութիւնն սկսել է սիստիմատիկ կերպով խուզարկութիւններ կատարել հայերի տներում ու գործարաններում. Բալախանի եւ Բագու 15-ի չափ հրացաններ, փոքր քանակութեամբ փամփուշտներ եւ մօտ 10 ատրճանակներ են բռնւած. թւում է թէ խուզարկութիւնները հետեւանք են մսանաւոր մատնութիւնների:

Նակաշիձէի ահաբեկիչը գտնելու նպատակով՝ ոստիկանութիւնը անտեղի եւ ծիծաղելի միջոցների է դիմում: Այսպէս օրինակ՝ ինժիներ Խատիսեանի գործարանը խուզարկեցին եւ այդ հետեւանք էր տեղական ոստիկանութեան այն մոլորութեան, իբր Խատիսեանը յեղափոխական կօմիտէի անդամ է. խուզարկուները մեծ յոյս ունէին, թէ այնտեղ կը գտնւին ինչպէս ռումբեր, նոյնպէս եւ Նակաշիձէի ահաբեկիչը: Եւ երբ անյտեղ մի արհեստաւոր ձերբակալեցին՝ կարծելով թէ նա է ահաբեկիչը, յայտնւեց որ նա ոչ միայն յեղափոխական չէ, այլ եւ հայ իսկ չէ, այլ յոյն: Եւ այդ բաւական չէ, հեռագրական գործակալութեան կասկածելի ներկայացուցիչներն էլ այդ առիթով հեռագրեցին ամեն տեղ թէ Նակաշիձէի սպանիչը բռնւած է...

Սա առաջին անգամը չէ, որ Խատիսեանի գործարանը խուզարկւում է: Իր տխուր գործերով քաջածանօթ Մահմէտ-Բէկովը անձնւէր լրտես – պրիստաւը մի զեկուցում է տւել կառավարութեան, որով հայոց ինտէլիգէնտ շրջանից մօտ տասն հոգի՝ Խատիսեան, Դօլուխանով, Վաչեան, Դաստակեան, Ունանեան, Պարոնեան, Թաղիանոսեան, Գէնջէցեան եւ այլն, ներկայացւած են իբրեւ յեղափոխական կօմիտէի անդամներ: Եւ ինչպէս երեւում է, այդ ծիծաղեի զեկուցումը տպաւորութիւն է թողել: Ահա ապացոյցներ. Նակաշիձէի սպանումից մի կես ժամ յետոյ՝ երբ ժամանակաւոր նահանգապետ Ամիլխավարի իր սվիտայով գալիս է դէպքի վայրը, նորն տեղն են հասնում եւ մի քանի թիւրք ջոջեր, որոնք ցաւակցաբար գլուխները օրօրելով՝ հարց են տալիս, թէ «այս բոլորի վերջը ո՞ւր պիտի հասնի»: Ամիլախվարին պատասխանում է. «երբ կօմիտէի անդամներից մի քանիսը, ինչպէս Դօլուխանով եւ այլն, այս ոճրի տեղում կը կախւին, այն ժամանակ այս ամենը վերջ կը գտնի»: Այս լուրը առնելուն պէս Դօլուխանով իսկոյն բողոքագիր է ուղարկում փոխարքային եւ ներքին գործերի մինիստրութեան: Քաղաքում լուրեր են պտտում, որ ինքն էլ անձամբ գնում է Թիֆլիս՝ իր գանգատին ընթացք տալու համար:

Հայ-Թիւրքական «խաղաղարար» կիսապաշտօնական կօմիտէն լուծւեց, որովհետեւ Գեներալ Ամիլախվարին չ'ուզեց պաշտօնապէս սանկցիա տալ: Թիւրքերը վախենալով՝ յետ քաշւեցին:

«Դրօշակ» - Յուլիս 1905
Թիւ 7 (160)