Նկարները՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին |
Ամէն ինչ, ամէն ինչ նրա մէջ մատնում էր հերոսին:
Տաք կարեկցութիւն դէպի իրաւազուրկն ու թոյլը, ֆանատիկ սէրը՝ դէպի իր ցեղն ու նրա գուրգուրած ազատութիւնը, բիբլիական անշահասիրութիւն ու համեստութիւն, վտանգի ու մահուան բացարձակ անգիտացում, ռազմական անսահման էնտուզիազմ. ահա հերոսը, ահա Քեռին...
Երբ հնչեցին պատերազմական փողերն ու ցնծաց Մարտը՝ հազարաւոր օրերի սրերի հետ մերկացաւ եւ նրա սուրը...
Չգիտեմ ով ինչու՝ նա իր ցեղին արեւ ու ազատութիւն նուիրելու համար բարձրացրեց սուրը...
Ու այնուհետեւ քանի-քանի անգամ Հռոմի հպարտ որդուց աւելի, հպարտօրէն կարողացաւ ասել՝ «եկայ, տեսայ, յաղթեցի»...
Քանի-քանի անգամ, քանի ռազմադաշտերից նա մեզ յղեց հպարտ Կեսարի երեք բառը...
Քանի անգամ նա՝ հայ ցեղի վերածնութեան գաղափարի այդ աստուածաշունչ Հսկան, հեգնեց վտանգը, անգիտացաւ, ժխտեց մահը, յանդգնեց, յաղթեց, մինչեւ որ պատերազմների քմահաճ աստուածը դաւաճանեց նրան...
«Ընկա՜ւ Քեռին...
Լռեց կովկասեան զօրաճակատի անպարտելի ու անզուգական
Ռազմիկը...
Բայց դեռ երկար, շատ երկար սէգ Արտոսն ու Նեմրութը, որոնք վկայ եղան հայ դիւցազնի սխրագործութիւններին, կպատմեն անցորդին՝
- «Ուրւականի պէս մեր փէշերով Քեռին անցաւ ու սրբեց
տարաւ թշնամուն»...
Ընկաւ ալևոր «Արծիւը»...
Բայց դեռ երկար, շատ երկար նրա մռնչիւնը պիտի արձագանգէ
Հայաստանի ու Իրանի ռազմադաշտերում...
Դեռ երկար նրա մեծ ստուերը պիտ զօրավիգէ հայ կորիւններին...»:
Գար. Նժդեհ
«Աշխատանք», Երեւան
Շաբաթ, 28 Մայիսի 1916 թ.
Ա. Տարի, Թիւ 8