01 October, 2021

Բասենի եւ ԴալիԲաբայի Կռւում Ընկած Ֆէդայիները

Վերը, ձախէն աջ՝ Խաչիկ Մարտիրոսեան (Շումլացի, «Կայծակ» խմբի բժիշկը), Յարութիւն Բեբէզեան (Արդվինցի, Ջրաբերդի Կ. Կօմիտէի անդամ. 902-903), Երուանդ Համամչեան (հին անուն՝ դ.Հայկոփ-Թորոս, Լևոնի (հայրանուն), Ալեքսանդրօպօլցի, Ջրաբերդի Կ. Կօմիտէի անդամ 902-903), Բարսեղ Թիրեաքեան (Խան, «Կայծակ» խմբի խմբապետ)
Վարը՝ Յովհաննէս Յապզեմալեան (Ալեքսանդրօպօլի կօմիտէի անդամ 903 թ.), Հմայակ Չմշկեան (Ալեքսանդրօպօլցի, «Կայծակ» խմբի խմբապետի օգնական)
Նկարուած են «Կայծակ» խմբի ճանապարհ քցելիս, «Վտակ» գիւղում, 1903 սեպ 15-ին:
(Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան թանգարան-հիմնադրամին)

«ԿԱՅԾԱԿ» ՁԻԱՒՈՐ ԽՄԲԻՑ

1. Բարսեղ Թիրաքեան (Խան)Ծնւել է Կեսարիայի Տերեվենք գիւղում 1863 թւին: Հանրածանօթ է Խան անունով: Բեղմնաւոր մի կեանք յեղափոխութեան մէջ: Դեռ երիտասարդ հասակում վրէժխնդրութեամբ վառւած՝ նա մասնակցել է Պօլսում Գում Գաբուի եւ Բաբ Ալիի ցույցերին. ապա անցել է Պարսկաստան եւ Խանասորի կռւին է մասնակցել: Եղել է եւ Վանում. Վանից անցնելով Կովկաս, ընտրւեց Խաստուրի հերոսների խմբապետ: Այդ մեծ կռիւը հմտութեամբ վարելուց եւ անվնաս վերադառնալուց յետոյ՝ նշանակւեց «Կայծակ» ձիաւոր խմբի առաջնորդ եւ Բասենի կռիւների ժամանակ Բոցիկի եւ Գոմաձորի վճռական կռիւներում հրաշալի կերպով կառավարեց խումբը, քաջութեամբ կռւեց: Երրորդ օրը երբ վճռում են վերադառնալ Կովկաս, 4 օրւայ յոգնութիւնից կազդուրւելու եւ նոր ուժերով վերստին անցնելու համար, սահմանի մօտ, լուսաբացին, նկատւում են թշնամիներից եւ կռւի բռնւում: Դալիբաբայի քարում դիրք բռնելով, դիմադրում են մինչեւ փամփուշտների սպառւելը, ապա ընկնում անհաւասար ուժի առաջ, քառապատիկ զոհեր գլորելով թշնամիներից:

2. Հմայակ Չմշկեան (Սեւ Համօ) – Ծնւել է Ալէքսանդրօպօլում 1868 թւին: Կրթութիւնը ստացել էր Կարսի քաղաքային դպրոցում: Վառվռուն, մաքուր, ընկերական տղայ էր Սեւը: Բնութիւնից օժտւած էր անհանգիստ բնաւորութեամբ: Թէեւ առեւտրական կեանքում է եղել, բայց միշտ ձիու վրայ թափառական, արկածալից կեանք է ունեցել: Շատ անգամ ուզեցել է ֆէդայական խմբերի մէջ մտնել, ազատութեան զինւոր գրւել, բայց ընտանեկան հանգամանքները արգելք են եղել: Վերջապէս «Կայծակ» խմբի պետի օգնական  ընտրւելով, թողնում է առեւտուրը եւ անցնում խմբի հետ երկիր: Հրաշալի ձիավարժ եւ հրացանաձիգ էր: Հրացանը իր անբաժան ընկերն էր: Գոմաձորի կռւի մէջ նրա ցոյց տւած քաջութեան մասին մեծ գովեստով են խօսում: Ընկաւ քաջը Դալիբաբայի քարում:

3. Խաչիկ Մարտիրոսեան – Ծնւել է Բուլգարիայի Շումլա քաղաքում 1875 թւին: Կրթութիւնը ստացել էր բուլգարական զինւորական վիրաբուժական դպրոցում եւ եղել էր զինւորական ծառայութեան մէջ բուլգարական բանակում: Մինչեւ 1903 թ. Դաշնակցութեան դրամական օժանդակող խմբերի մէջ էր ապա Կովկաս անցնելով, մտաւ «Կայծակ» խմբի մէջ: Որպէս խմբի վiրաբոյժ եւ զինւորական խորհրդի անդամ, կռւեց Բասենում, իբրեւ քաջ զինւոր, եւ սպանւեց նոյնպէս Դալիբաբայի քարում: Ամուսնացած էր եւ ունէր մի որդի:

4. Բուլանըգցի Աւտալ – 25 տարեկան, ամուսնացած: Խանի հետ միասին մասնակցել է Խաստուրի ֆէդայական կռւին: Ընտրւելով «Կայծակ» խմբի զինւորական խորհրդի անդամ, մասնակցեց Բոցիկի եւ Գոմաձորի կռիւներին: Վերադարձի ժամանակ վիրաւորւած Ռաշօ ընկերոջը ձիու վրայ դնելու պատճառով, խմբից յետ է մնում մի ուրիշ զինւորի հետ եւ նկատւելով թշնամուց, երեք հոգով դիրք բռնած՝ կռւում են մինչեւ փամփուշտների վերջանալը: Ապա ջարդելով հրացանները, թշնամու ձեռքը չտալու համար, վճռում են րէվօլվերներ արձակելով դիրքից դուրս գալ երեք ուղղութեամբ, առանձին առանձին փախչելով, թշնամուն շփոթեցնելով, որպէս զի իրենցից գոնէ մէկնումէկը ազատւի: Երեքից միայն Աւետիս անունով զինւորն է ազատւում եւ անցնում սահմանը, Ռաշօն իսկոյն ընկնում է գնդակներից, իսկ Աւտալը րէվօլվերով էլի մի քանի րոպէ կռւում է, ապա երբ փամփուշտները հատնում են, բարձրանում է մի քարի վրայ եւ քրդերէն լեզւով պատւիրում է թշնամիներին, որ երթան պատմեն, թէ ինչպէս ինքը մինչեւ վերջին փաշփումտը կռւել է, վեց հոգի սպանել, հրացանը ջարդել եւ քարի վրայ կանգնած, կուրծքը բաց, թշնամուն արհամարհելով ընկել է...

5. Ռաշօ Մկրտչեան – Խլաթի Ջիզիրա գիւղից, 26 տարեկան երիտասարդ, «Կայծակ» խմբի III տասնեակի տասնապետը: Գոմաձորի կռւում ոտից վիրաւորւում է թեթեւ կերպով. վերադարձին արնաքամ լինելով՝ վայր է ընկնում ձիուց եւ ապա Աւտալի ու Աւետիսի հետ կռւի բռնւելով՝ ընկնում է քաջարի զինւորը, չմոռանալով մահւան վայրկեանին իսկ ջարդել հրացանը, որպէսզի թշնամուն զրկէ նրանից օգտւելու հնարաւորութիւնից:

6. Պետրոս Տէր Յարութիւնեան – 41 տարեկան, Խլաթի Բաբշէն գիւղից. ամուսնացած

7.  Պետոս Դլոյեան -  25 տարեկան, ծնւել է Նոր-Բայազէդի Ալիչալու գիւղում. զինւոր է եղել ռուսական բանակում եւ փախչելով զինւորութիւնից, մտել էր «Կայծակ» խմբի մէջ, որպէս զինւոր:

8. Յարութիւն Սաֆարեան – 26 տարկան, ամուսնացած. եղել է դրամական օժանդակ խմբերի մէջ Կովկասում. մտել էր ձիաւոր խմբի մէջ, որպէս զինւոր:

9. Խեչիկ Տէր Յովհաննիսեանց – 28 տարեկան, ամուսնացած. ծնւել է Նուխւայ Եազոորլի գիւղում. մասնակցել է Խանասորի արշաւանքին: «Կայծակ» խմբի I տասնեակի առաջնորդն էր: Գոմաձորի կռւում քաջութեամբ կռւելուց յետոյ՝ վերադարձին ընկնում է ռուսական սահմանի մօտ, նախապէս գլորելով 3 հոգի թշնամիներից:

10. Ռուբէն Մալուլեանց – 20 տարեկան, աշխոյժ մի երիտասարդ, ծնւել է Ալէքսանդրօպօլում: Իր համեստ աշխատանքից նա միշտ մեծ բաժին է հանել յեղափոխութեանը, մտնելով Դաշնակցութեան օժանդակ դրամական խմբերի մէջ: «Կայծակ» խմբի հետ նա եւս անցնում է Բասեն եւ իր մատաղ կեանքը զոհաբերում Գործին:

11. Մարտիրոս Յարօյեան (Յարօ) – Ծնւել է Ալէքսանդրօպօլում եւ զինւոր ընկած ռուսական բանակում: Փախչելով զինւորութիւնից, մտնում է Դաշնակցութեան զինւորական խմբերի մէջ: Նա յայտնի է Ալէքսանդրօպօլի եւ Կարսի շրջանում, որպէս ամենայանդուգն տէռօրիստ: Կարսի մէջ կատարւած վերջին տէռօրը, թիւրք Շէրիֆ բէգի սպանութիւնը, որ ցնցեց ամբողջ գաւառը, լռիկ-մնջիկ Յարօյի գործն էր: Ահագին բազմութեան մէջ, երկու պահապան ոստիկաններով շրջապատւած՝ Շէրիֆ բէգը գլորում էր Յարօյի գնդակից՝ օր-ցերեկով: Խիզախ տէռօրիստը 10-20 րոպէից յետոյ՝ շորերը փոխած՝ դիակի գլխին կանգնած է լինում... Անցնելով Բասեն, ֆէդայիների հետ, եւ Բոցիկի ու Գոմաձորի կռիւներից անվնաս ազատւելուց յետոյ, թշնամիների անակնկալ գնդակներից ընկնում է կտրիճ Մարտիրոսը:

(Նկարը ՀՅԴ Պատմութեան թանգարան-հիմնադրամին).
Հրատարակուած է՝ «Դրօշակ», Մարտ 194, Թիւ 3 (144) 
12. Տիգրան Երանոսեան – 30 տարեկան, ամուսնացած: Երկար ժամանակ սուրհանդակութիւն է արել Սերոբ-Աղբիւրին: Ծնւել է Մշոյ Աւզուտ գիւղում:

13. Մամիկոն Գրիգորեան – 21 տարեկան ծնւել է Նուխւայ Ջիւջամիշ գիւղում:

14. Լեւոն Սարգսեանց – 22 տարեկան, ծնւել է Ղազախի Ղուլալի գիւղում:

15. Նիկօլ Բաղրեանց – Ղարաբաղցի, 20 տարեկան: Ոսկանապատում եղել է դրամական խմբերի մէջ: «Կայծակ» խմբի II տասնեակի պետն էր. սպանւեց Գոմաձորի կռւում:

16. Թումաս Աւետիսեան – 23 տարեկան, ծնւել է Կարինում. մասնակցել է Կարսի շրջանի դրամական խմբերում: Ինքը առեւտրական էր:

17. Յաբէթ Տէր Սարգսեանց – Բուլանուխի Կոփ գիւղից, 28 տարեկան. եղել է Թիֆլիսի զինւորական խմբերում:

18. Բագրատ Բօրակչեանց – Կարինի Իլեօչա գիւղից, 25 տարեկան. մասնակցել է Բաթումի դրամական խմբերում:

19. Լեւոն Ղարիբեան – 20 տարեկան, ծնւել է Շուլավէրում. դրամական խմբերի անդամ է եղել:

20. Բիթլիզցի Տիգրան – 22 տարեկան

(Նկարը ՀՅԴ Պատմութեան թանգարան-հիմնադրամին).
Հրատարակուած է՝ «Դրօշակ», Մարտ 194, Թիւ 3 (144) 
21. Կարապետ Յովսէփեան – Բուլնուխի Շէյխ-Եաղուբ գիւղից, 25 տարեկան. մասնակցել է Խանասորի եւ Խաստուրի կռիւներին: «Կայծակ» խմբի I տասնեակի պետն էր:

22. Ալեքսան Գարակէօզեան – Սեբաստիայի Կամես գիւղից, 28 տարեկան. մասնակցելէ Բաբ Ալիի ցոյցին:

23. Ալեքսանդր Սողոյեան – Խնուսցի, 23 տարեկան. մասնակցել է Խաստուրի կռւին:

24. Ալեքսան Ազարեան – Գանձակի Փեփ գիւղից, 21 տարեկան. եղել է Դաշնակցութեան դրամական խմբերում:

25. Գրիգոր Մանուկեան – Մշոյ Կոփ գիւղից, 29 տարեկան, ամուսնացած. եղել է Թիֆլիսում Դաշնակցութեան դրամական խմբի անդամ:

«Դրօշակ» - Մարտ 1904
Թիւ 3 (144)