Հոկ. 12ին պարզւեց պատւիրակութեան բերած թղթերից, որ տաճիկները Զանգեզուրի գաւառապետ են նշանակել բժիշկ Միքայէլ (Միշա) Պարոնեանին, որ Ազգ. Խորհրդի նախագահն էր, իսկ գաւառակապետի պաշտօն են տւել Նիկոլայ Յովսէփեանին, որ անդամ էր նոյն Ազգային Խորհրդի: Այդ գրութիւնների առիթով տեղի են ունենում անախորժութիւններ. Անդրանիկը ջղայնացած անպատւում է յիշածս հասարակական գործիչներին, թէ ինչո՞ւ տաճիկները նրանց են վստահացել եւ կարեւոր պաշտօններ յատկացրել:
Այդ մի աւելորդ մեղադրանք էր իհարկէ, որովհետեւ տաճիկները վերջ ի վերջոյ պէտք է աչքի առաջ ունենային այնպիսի գործիչների, որոնց հաշւի առնէր Զանգեզուրի համայն հայութիւնը եւ որոնք փոքր ի շատէ հեղինակութիւն ունենային բոլորի աչքում: Այլ խնդիր է, թէ ժողովուրդը եւ յիշած գործիչները պիտի համաձայնւէի՞ն ընդունիլ տաճկական տիրապետութիւնը...
Բագուի, ապա եւ Շուշու անկումը շշմեցուցիչ տպաւորութիւն էր թողել Գորիսի եւ շրջակայքի գիւղերի վրա: Պատւիրակները իրենց հետ բերել էին եւ մի տպւած կոչ, որով Նուրի փաշան Գանձակից դիմում էր Ղարաբաղի եւ Զանգեզուրի հայերին՝ յորդորելով ենթարկւել Ադրբէջանի իշխանութեանը, այլապէս սպառնում էր պատժել: Այդ կոչի մէջ յիշւած էր, որ Ադնրանիկը իբր թէ կաշառւած է անգլիական ոսկիներով եւ ժողովուրդին դէպի կորուստ է տանում: Պատւիրակութեան տւած զեկուցումից յետոյ՝ քաղաքական կացութիւնը ճանաչւեց լուրջ եւ ծանրակշիռ, ուստի որոշւեց հրաւիրել ընդհանուր ժողով, ուր գաւառի բոլոր գիւղերի ներկայացուցիչները պիտի ծանօթանային ստեղծւած վիճակին եւ վճռէին իրենց անելիքը: Դժբախտաբար, տեղական վաշտերի զինւորները, որոնք գտնւում էին Գորիսի զօրանոցներում, բռնեցի դասալքութեան ճամբան,հ էնց որ իմացան կացութեան լրջութիւնը: Հոկտ. 13-ին Զինւորական Խորհուրդը անհրաժեշտ համարեց ուժեղացնել Սիսիանի ճակատը, ուստի եւ Առաջին ու Երրորդ հեծեալ վաշտերը ուղեւորւեցին դէպի Սիսիան:
Նոյն օրը Զանգեզուրի շրջանի գիւղական ներկայացուցիչները հաւաքւեցին Գորիս. ներկայ էին 61 պատգամաւորներ եւ կոմիսարները: Ժողովի սկզբում ընդհանուր տրամադրութիւնը դիմադրելու կողմն էր, մանաւանդ մարտական կեցւած ունէին Տեղի, Կոռինձորի, Խանածախի եւ այլ գիւղերի պատգամաւորները: Ժողովի ընթացքում, յանկարծ, Կոռինձորից յայտնեցին, որ իբր թէ 1100 թիւրք զինւորներ թնդանօթներով հասել են Ղարաղշլաղ: Այս լուրն իրարանցում ձգեց ժողովականների մէջ, մանաւանդ որ նախագահն էր բժ. Մինաս Տէր Մինասեանը, մի տարտամ անձնաւորութիւն, իսկ ժողովականների շարքում կար հետագային մեծամասնական յայտնի գործիչ Արմենակ Ղարագեօզեանը, որ համամիտ էր Զանգեզուրը Ազրբէջանին կցելու գաղափարին, քանի որ կարմիր բանակը գալու էր նախ Ազրբէջան, այսինքն՝ Բագու եւ գանձակ, ապա Ղարաբաղ-Զանգեզուր: Այդ օրը մի կրակոտ ճառ ասաց Անդրանիկը, սակայն արդէն շատերի մտքերը պղտորւել էին. Գորիսի ներկայացուցիչներից ոմանք առաջարկում էին դիմադրել, եթէ եկողները անկարգ զօրք են եւ բաղկացած են տեղական թիւրքերից, իսկ եթէ կանոնաւոր զօրք են՝ անձնատուր լինել: Ոմանք էլ ասում էին, թէ Բագուն, Գանձակը եւ Շուշին անձնատուր լինելուց յետոյ մենք էլ նոյնը պէտք է անենք, որ չկոտորւենք: Գիւղացի պատգամաւորները առաջարկում էին բոլոր դէպքերում դիմադրել, քանի որ տաճիկները կոտորել են Բագւի հայերին, իսկ Գանձակում եւ Շուշում տակաւին չեն կոտորում, որպէսզի ընկճեն գաւառները՝ Լեռնային Գանձակը, Գարամանը, Ջրաբերդը, Խաչենը, Վարանդան, Դիզակը, ապա եւ Զանգեզուրը: Երեկյոեան դէմ պարզւեց խորհրդակցութեան արդիւնքը. ժողովը 27 ձայնով ընդդէմ 21-ի որոշեց դիմադրել եւ կատարեց Զօրավար Անդրանիկի բոլոր պահանջները: Նման կարեւոր ժողովում 13 հոգի ձեռնպահ էին մնացել. դրանց եւս հաշւեցինք դէմ. նման պայմաններում ձեւական մեծամասնութեան որոշումը իսկապէս փոքրամասնութիւն էր:
Անդրանիկն անմիջապէս իրեն մօտ հրաւիրեց Շուշու եւ Գանձակի գնդերի հրամանատարական կազմին, սպաներին եւ իր նշանաւոր վաշտապետներին. տեղի ունեցաւ զինւորական խորհուրդ, ուր միաձայնութեամբ որոշւեց դուրս գալ Գորիսի փոսից եւ սպառնական դիրք գրաւել Ուչթափալարներում: Ռազմամթերքը պէտք էր փոխադրել Սիսիան, իսկ եթէ չկարողանայինք այդ անել, պէտք էր պայթեցնել, որպէսզի թշնամու ձեռքը չընկնէր: Դուրս գալու վայրկեանին պէտք է կոչ ուղղւէր տեղական զինւած երիտասարդութեան հետեւելու Զօրամասին եւ բարձրանալու Ուչթափալարները: Ամբողջ գիշերը տենդոտ աշխատանք տեղի ունեցաւ:
Հոկտ. 14-ին, առաւօտեան արշալոյսին, զօրքերը կազմ ու պատրաստ էին: Մի մասն արդէն նախորդ օրը մեկնել էր Սիսիան, իսկ մնացածը հաւաքւել էր Գորիսի հրապարակը: Պարզ նկատելի էր հասարակութեան բարոյալքւած վիճակը: Զօրամասի մեկնելուց առաջ խօսեցաւ դարալագեազցի Գրիգոր աւագ քահ. Տէր-Աւագեանը, Խանասորի պատմական տէրտէրը: Նա յայտնեց որ Զանգեզուրի շրջանի ժողովրդի անվճռականութիւնը եւ կռւելու չկամութիւնը կարող են մեծ վնասներ հասցնել Զանգեզուրին, այլ եւ ազդել Ղափանի եւ Սիսիանի հայութեան վրա: Անդրանիկը արտասանեց հրաժեշտի իր ճառը եւ ոգեւորեց բարոյալքւածներին: Նա յայտնեց, որ ժողովրդի անվճռականութիւնը ստիպում է իրեն լինել շատ զգոյշ՝ ապագայ պատասխանատուութեան հանդէպ, որ այդ տատանումը հարկադրում է իրեն խուսափել կռւից Բուն Զանգեզուրում, բայց հայ ժողովրդի համար կայ միայն փրկութեան մի ճամբայ, դա՛ ոչ գաղթն է, ոչ տաճկական տիրապետութիւնը, այլ միա՛յն եւ միայն սրբազան կռիւը. պէտք է կռւել եւ յաղթել, իսկ եթէ վիճակւի մեռնել, գոնէ կը մեռնենք պատւով: Վերջում Անդրանիկը երդւեց, որ ճիշդ է Գորիսից հեռանում է, բայց չի կտրւում նրանից. նա զօրքի մի մասը միշտ շփման մէջ է պահելու քաղաքի հետ եւ երբ շրջանը հաստատ վճռէ կռւել, առաջին հրացանի պայթիւնի հետ ինքը պատրաստ է օգնութեան հասնելու: Զօրքերը շարժւեցին դէպի Սիսիան, մենք էլ նրանց հետ...
Տեսարանն իրօք եզակի էր. Դաւիթ Բէկի օրերից ի վեր նման երեւոյթ չէր պատահել. Գորիսի բարձունքից մինչեւ Սիսիանի Ղարաքիլիսա գիւղը, ամբողջ ճանապարհին, բանակ էն դրած զօրամասերը. ամենքը բացօթեայ, իսկ Անդրանիկը՝ վրանի տակ: Այդտեղ էին եւ Շուշու ու Գանձակի գնդերի մնացորդ զինւորները իրենց սպաներով, իսկ տաճկահայ գաղթականութիւնը զօրքից առաջ էր դուրս եկել Բուն Զանգեզուրից եւ արդէն լցւել էր Սիսիանի, մանաւանդ լքւած թրքական գիւղերը: Կատարելապէս հայացել էր Սիսիանը: Այդ գիշերը, ժամը 11-ին, հասնում է Սիսիանի շրջանի լիազօր Զաքար Տէր-Ղազարեանը, պարթեւ հասակով մի քաջ երիտասարդ: Նա իր հետ բերել էր Երեւանից նոր հասած նամակներ, որոնց համաձայն Բուլղարիան հաշտւած էր եւ զինաթափ եղած, Չաթալջան ռմբակոծւում էր, տաճկական զօրքերը ԿՈվկասից քաշւում էին՝ Պոլիսը պաշտպանելու համար, եւ դաշնակիցները մտել են արդէն գերմանական հողը: Ինչ ասել կուզէ, այդ սրտապնդիչ լուրերը շատ ոգեւորեցին Անդրանիկին, նրան շրջապատողներից եւ բոլոր զօրքերին: Անմիջապէս գիշերով այս լուրերը հաղորդւեցին Գորիսի Ազգային Խորհրդին, որպէսզի չենթարկւեն տաճիկներին: Անդրանիկը յայտնեց, որ ինքը շուտով կը վերադառնայ Գորիս: Ռազմական նոր հեանկարներ էին բացւում. նախ պէտք էր արգիլել տաճիկների մուտքը Զանգեզուր, յետոյ արշաւել դէպի Շուշի եւ յետ մղել Ղարաբաղից տաճկա-թրքական ուժերը, ապա առաջ շարժւել դէպի Գանձակ-Եւլախ...
Հակառակ քաղաքական այս լաւատես լուրերին, Հոկտ. 15-ին իմացանք, որ տաճիկները առաջարկել են Նորս-Մաղրա-Գիւմրի-Գժաձոր շրջանի հայութեանը ենթարկւել իրենց: Այդ առթիւ Ղարաքիլիսայում տեղի ունեցաւ Սիսիանի շրջանի կոմիսարների եւ ժողովրդական ներկայացուցիչների համագումարը: Այս անգամ եւս քաջարի սիսիանցիք միաձայն որոշեցին կռւել մինչեւ վերջը: Մահ կամ ազատութիւն – իրօք այդ եղաւ միշտ Սիսիանի կարգախօսը: Համագումարը որոշեեց՝ ա) կռւել մինչեւ արեան վերջին կաթիլը. բ) զօրահաւաքի ենթարկել 20-40 տարեկաններին. գ) բոլոր միջոցներով բաւարարել զօրավար Անդրանիկի պահանջներին:
Համագումարը վերջացած էր, երբ վրա հասաւ Զանգեզուրի Կենտրոնական Ազգային Խորհրդի անդամ Արշակ Շիրինեանը, որ, իբր Զանգեզուրի պատւիրակ գնացել էր Երեւան՝ իմանալու քաղաքական վիճակը եւ խնդրելու օժանդակութիւն Հայկական Կառավարութիւնից: Թէպէտ Երեւանի կառավարութիւնը համաձայն չէր Զանգեզուրի ժողովրդի տեսակէտին, այնուամենայնիւ Ա. Շիրինեանը, իբրեւ իսկական յեղափոխական, յայտնել էր բացարձակապէս, որ ինքը կանգնած է Զանգեզուրի հայ ժողովրդի տեսակէտի վրա՝ այսինքն չհանդուրժել տաճկական կամ ազրբէջանական տիրապետութեանը, եւ կռւել մինչեւ վերջը: Որոշւեց Շուշու գնդի վաշտը պահել Սիսիանում, գնդապետին էլ նրա հետ, այնտեղի ինքնապաշտպանութեան համար, իսկ Հարւածող զօրամասը տեղափոխել Գորիս:
Հոկ. 16ին Գորիսից նոր նամակ ստացւեց. քաղաքում ամբողջ շրջանի ներկայացուցիչների համագումարն է տեղի ունեցել, որ վճռել է կռւել եւ հետեւաբար հրաիւրել Անդրանիկին եւ նրա զօրամասին: Զօրամասը ճամբայ էր ընկել արդէն Սիսիանից դէպի Գորիս, երբ եկան Բուն Զանգեզուրի համագումարի կողմից լիազօրւած ներկայացուցիչների եւ խնդրեցին Անդրանիկին գնալու Գորիս: Զօրամասը հուռռաներով ճանապարհ ընկաւ եւ երեկոյեան հասաւ Գորիս:
Դ. Տարի, Թիւ 4