Յեղափոխական շարժումը մի հրաշագործ երեւոյթ եղաւ ազգային գիտակցութեան արթնացման եւ ազգային միութեան վերականգման՝ մէկ հայութիւն ստեղծելու տեսակէտից: Ի սփիւռս աշխարհի ցրուած, յարանուանութիւնների բաժանուած, տարբեր լեզուներ խօսող Հայկի զաւակները, յանկարծ, սկսեցին զգալ ու գիտակցիլ, որ իրենք միեւնոյն ընտանիքի անդամներն են՝ հողով եւ արիւնով կապուած իրարու հետ: Դոնից մինչեւ Նեղոս եւ Միսիսիպիից մինչեւ Գանգէս, ուր որ բախտը նետել էր հայութեան բեկորներին,
Լեզուով օտարացած հայկական բեկորի զաւակ էր եւ Խանը՝ բուն անունով Բարսեղ Թիրեաքեան, Կեսարիայի թրքախօս շրջանի Տէրէվէնք գիւղացի, ծնուած 1863 թուին: Առնական, յանդուգն եւ ըմբոստ՝ երիտասարդ Բարսեղը չի կարողանում հաշտուել թրքական անիրաւ կարգերի եւ հայութեան ճնշուած վիճակի հետ: Յաճախ կռուի է բռնւում հայերին անարգող կամ հարստահարող թուրքերի հետ եւ, ի վերջոյ, ստիպուած է լինում թողնել ծննդավայրն ու պանդխտել Պոլիս: Այստեղ նա յարում է Հնչակեան կուսակցութեան, մասնակցում է Գում Գափուի եւ Բաբը Ալիի ցոյցերին՝ աչքի ընկնելով, իբրեւ անվախ ու համարձակ մարտիկ:
Պոլիսը սակայն, չի գոհացնում Բարսեղի երիտասարդ եւ բուռն խառնուածքին: Շարժում ու կռիւ էր տենչում նրա ըմբոստ ոգին: Երկրից հասնող լուրերը նրան քաշում են դէպի Հայաստանի լեռներն ու ձորերը՝ հայդուկային փոթորկայոյզ կեանքի: Եւ թողնելով թրքական մայրաքաղաքը, անցնում է Կովկաս մարտական խմբերի մէջ մտնելու նպատակով: Այստեղ տեսնում է, որ Հնչակեանաութիւնը գրեթէ գոյութիւն չունի. Հնչակեան համարուած Հրայր Դժոխքը, Դերսիմի Քեռին եւ ուրիշներ գործում են Դաշնակցութեան մէջ, եւ ինքն եւս միանալով Դաշնակցութեան՝ անցնում է Պարսկաստան, ուր պատրաստւում էր Խանասորի արշաւանքը: Խանասորի արշաւանքին նա մասնակցում է իբրեւ տասնապետ եւ աչքի է ընկնում, որպէս անվախ եւ քաջ կռուող:
Այնուհետեւ, Բարսեղ Թիրեաքեանը, այլեւս իբրեւ Խան, դարձաւ նշանաւոր հայդուկ ու խմբապետ եւ մասնակցեց ֆէդայական բազմաթիւ գործերում: Նշանաւոր է նրա վարած կռիւը 1899 թ. Հոկտ. 26-ին, Ալաշկերտի Խաստուր գիւղում: Մեծ զինատար խմբի գլուխ, Կարսի կողմերից սահման անցնելով, Խանը հասնում է Խաստուրի մօտ: Բուքն ու բորանը թոյլ չեն տալիս որոշուած ապահով տեղը հասնելու: Խումբը ստիպուած է լինում ցերեկել Խաստուրցի Խաչիկ վարժապետի գոմում: Խաչիկ վարժապետը, յեղափոխութեան համակիր, ամէն հոգ է տանում, որ յոգնած հայդուկները կերակրուին ու հանգստանան: Առաւօտը, սակայն, լուր է ստացւում, որ խումբը մատնուած է, եւ շուտով համիդիէներն ու զինուորները պաշարում են գոմը՝ նախօրօք կտրելով գիւղի ճամբաները: Սկսւում է տաք կռիւ՝ գոմից, ապա գիւղի փողոցներում, վերջը՝ շրջակայ բլուրների վրայ: Հայդուկները, Խանի ճարտար ու յանդուգն առաջնորդութեամբ, յաջողում են, թշնամուն ծանր կորուստ պատճառելով եւ իրենց կողմից էլ զոհեր տալով, տեղատարափ գնդակների տակ, կռուով քաշուել մօտակայ բլուրները: Այնտեղ էկ կռիւը շարունակւում է. հայդուկները յետ մղելով թշնամու կատաղի յարձակումները՝ անհետանում են գիշերուայ մթութեան մէջ:
Հազարից աւելի կանոնաւր զօրք ու համիդիէ մասնակցեցին Խաստուրի կռուին մի քանի տասնեակ հայ ֆէդայիների դէմ: Ծանր հարուած կրեց ու մարդկային կորուստ ունեցաւ թշնամին, բայց հայերն էլ թանկագին զոհեր տուին: Խաստուրի կռւում նահատակուեցին տասնապետներ Կեսարացի Միհրանը՝ 28 տարեկան, Սիփանցի Գրիգորը՝ 26 տար., Տիգրանակերտցի Հաճին՝ 50 տ., Խնուսցի Պետօն՝ 30 տ.: Հայդուկներից՝ Կարնեցի Աւետեանը՝ 37 տարեկան, Կարճկանցի Յարօն՝ 26 տ., Հաւթուանցի ԿԱրապետը՝ 27 տ., Մակուեցի Մեսրոպը՝ 23 տ., Բուլանըղցի Սարգիսը՝ 23 տ., Բուլանըղցի Յովհաննէսը՝ 25 տ., Խաստուրցի Ղուկասը՝ 23 տ., Սիփանցի Խաչօն՝ 29 տ. եւ Կովկասցի Համբարձումը՝ 23 տ.: Սպաննուեց նաեւ Խաչիկ վարժապետը եւ իր եղբայրը:,
Խաստուրի կռիւը մեծ տպաւորութիւն գործեց, մասնաւորապէս, քիրւտ աշիրէթների վրայ, որոնք առասպելներ էին պատմում հայ ֆէդայիների քաջագործութիւնների մասին: Լայն ժողովրդականութիւն ստացաւ եւ Խանի անունը:
Նոյնպիսի հմտութեամբ եւ քաջութեամբ Խանը վարեց եւ «Կայծակ» ձիաւոր խմբի գործողութիւնները Բասենում: Բոցիկի եւ Գոմաձորի կռիւները տարածեցին Խանի համբաւը ամէն կողմ: Բասենի կռիւներից վերադառնալիս, սահմանագլխին, Խանի խումբ կռուի բռնուեց շնամու գերազանց ուժերի հետ: Հայդուկների փամփուշտները սպառուել էին, իսկ թշնամին՝ անողոք էր: Բուռն ճակատամարտի մէջ, 1903 թ. Սեպ. 17-ին, վերջին փամփուշտը կրակելով, հերոսի մահով ընկան Խանը եւ իր զինակից ընկերները:
Խանը, Դաշնակցական այդ անվեհեր մարտիկը, հեռաւոր Կեսարիայի թրքախօս, բայց հայաշունչ հայութեան անձնուէր զաւակը, մեր ամենէն ժողովրդական հերոսներից էր, որի անուան շուրջ առասպելական պատմութիւններ հիսուեցին: Եւ մինչեւ այսօր էլ ժողովուրդը ոգեւորութեամբ երգում է–
Ս. Վրացեան, «Յուշապատում»