06 February, 2024

Արեւմտահայ Բ. Համագումար. Առաջին Հանդիսաւոր Նիստը

Փետր. 6-ին Խորհրդարանի դահիճում տեղի ունեցաւ արեւմտահայ երկրորդ համագումարի առաջին հանդիսաւոր նիստը: Ներկայ են կառավարութան նախագահ Յ. Քաջազնունին, Խորհրդարանի ներկայացուցիչ Ս. Վրացեանը, կաթողիկոսի կողմից Գ. եպ. Էօրէքչեանը, այլեւ ներկայացուցիչներ զանազան կազմակերպութիւնների: Դահլիճը լի է բազմութեամբ:

Նիստը բաց է անում կազմակերպիչ մարմնի նախագահ Գր.իգոր Բուլղարացին, որ ասւմ է թէ, վայրեկաններ կան, որոնք դարեր արժեն: Բ. Համագումարի առջեւ դրւած են մի շարք կենսական խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է զոհաբերութիւն եւ եւ անդուլ աշխատանք: Ընկ. Բուլղարացին ցանկութիւն յայտնեց, որ համագումարը զանազան բանաձեւերով չգոհանայ, այլ կենդանի գործ անի: Այդ է պահանջում երկրի վերաշինութիւնը, այդ է թելադրում այն անթիւ զոհերի յիշատակը, որոնք ընկան մրեպ այքարի ճանապարհին:

Կաթողիկոսի ներկայացուցիչ Գէորգ եպ. կարդում է օրհնութեան կոնդակը, որ լսւում է յոտընկայս: Գէորգ եպ. կոնդակի ընթերցումից յետոյ ողջունում է համագումարի բացումը, որ հիմք է դնելու նոր շինարար աշխատանքի:

Յ. Քաջազնունի.- Կառավարութեան եւ իմ կողմից ողջունում եմ համագումարը, որ վերջին նէ լինելու, որովհետեւ հասել է այն օրը, երբ արեւմտահայ եւ արեւելահայ հարցը պիտի վերանայ, միացեալ եւ մեծ Հայաստանի հիմնումով: Մենք մեր իղձերը չենք բաժանել տաճկահայերից: Այն սերունդը որին ես եմ պատկանում, միշտ էլ երազել է մի հայրենիքի գաղափարը: Այդ է ցոյց տալիս պատմութիւնը: Դեռ երէկ էր, որ հողին յանձնեցինք Ռոստոմին եւ Արամին, որոնք տաճկահայ դատի պաշտպանն էին, նրանց նման շատերն են զոհւել այդ ճանապարհին եւ այժմ, երբ իրականանում է այդ երազը, մերի եւ ձերի խնդիր չի կարող լինել: Ի սրտէ համագումարին յաջողութիւն եմ մաղթում:

Ս. Վրացեան.- Հայաստանի հանրապետութեան Խորհրդարանի կողմից ողջունում եմ արեւմտահայ երկրորդ համագումարը: Չափազանց ծանր օրեր ենք ապրում, բայց թւում է, թէ մեր նահատակ ժողովուրդը կեանքի մի նոր շրջան է թեւակոխում եւ մօտ է երջանիկ ապագան: Պէտք է վերանան բռնապետների ձեռքով քաշած այն արհեստական սահմանները, որ հայ ժողովուրդը բաժանել են զանազան հատւածների: Յուսով եմ, որ մեր տարագիր ժողովուրդը երկիր կը վերադառնայ, շինարար աշխատանքի համար: Մենք ոգեւորւած ենք այդ հաւատով եւ մաղթում ենք համագումարին յաջողութիւն: Այս համագումարը վերջինը պիտի լինի, որ արեւմտահայ անունն է կրում:

Էջմիածնի միաբանութեան եւ Եղբ. Օգնութեան կողմից համագումարի բացումը ողջունում է Կորիւն վրդ.: Լոնդոնի նպաստաբաշխ մարմնի կողմից ողջոյնի խօսք է ասում Ս. Թոփալեանը: Կովկ. Բարեգ. Ընկ. կողմից ողջունում է Ե. Յարութիւնեանը:

Վ. Տէրոյեան.- Արեւմտահայ երկրորդ համագումարն աւելի ծանր պայմանների մէջ է բացւում, քան առաջինը: դրա պատճառը քաղաքական հանգամանքներ են, որոնց շնորհիւ արեւմտահայ հասարակական կազմակերպութւինները վերացան: Մինչդեռ առաջին համագումարը կուլտուրական պահանջներ էր առաջադրում, երկրորդ համագումարը միայն մեր ժողովրի եւ երկրի վերաշինպւթեան խնդրով է զբաղւելու: Անպատում տանջանքների բովից անցնելուց յետոյ հայ ժողովուրդը երեւան բերեց աննման կենսունակութիւն: Այժմ մենք պիտի զբաղւենք միացեալ Հայաստանի ստեղծումով, առանց որի մեր ապագայ գործունէութիւնն անհնար է:

Վ. Քրմոյեան.- Յիշատկաում է այն գործիչներին, որոնք 30 տարւայ ընթացքում հայ խաւար մասսան ոգեւորեցին հեռաւոր երազներով, որոնց իրագորումն այժմ տեսնում ենք: Մեր մտաւորականութիւնը դասիտարակւել է նրանց ոգով եւ կերտել մի մեծ գաղափար, որ միշտ էլ կմնայ մեր ժողովուրդի մէջ: Առաջարկում է յոտընկայս յարգել զոհւած մտաւորականների յիշատակը: Ապա շեշտում է մարտիկների այն անհատնում շարանը, որոնք հերոսամարտներում մեր գոյութիւնը պահեցին, մեզ փրկարար ապագայ պարգեւելով: Յոտընկայս յարգւում է մարտիկների յիշատակը, ինչպէս եւ գաղթականութեան, որի ոսկորները առատօրէն սփռւել են աշխարհի բոլոր մասերում:

Ալ. Տէր Յակովբեան.- Խնամատարութեան մինիստրութեան կողմից ողջունում է համագումարի բացումը եւ ցանկանում, որ ստեղծւին հասարակական կազմակերպութիւններ, առանց որոնց խնամատարութեան մինիստրութիւնն անկարող է վարել գաղականութեան դժւարին գործը:

Ամերիկեան կոմիտէի կողմից ողջոյնի խօսք է ասում Արսէն Խաչիկեանը:

Համագումարի նախագահ Վ. Տէրոյեան կարդում է շնորհաւորական գրութիւնները, որ ուղարկել են Սահմ. Ռամկ. Երեւանի շրջանային կոմիտէն, Երեւանի կոոպերատիւների միութիւնը, գեն. Անդրանիկը, «Աշխատանք» եւ «Վանտոսպ» թերթերի խմբագրութիւնները, տիկ. Զալեան-Մանուկեանը եւ այլ մասնաւոր անձինք:

Նիստը փակւում է ժամը 2-ին, որից յետոյ պատգամաւորները նկարւում են:

«Զանգ», Երեւան
Չորեքշաբթի, 12 Փետրւարի 1919
Գ. Տարի, Թիւ 17