Ահա՛ դարձեալ մի նոր ճակատամարտ, դարձեալ մի նոր ընդհարում:
Անցեալ Օգոստոս ամսի սկզբներին, Սասունի Ապստամբութեան եւ Կոտորածի Տարեդարձին բորբոքում, ծագում է մի նոր կռիւ, այս անգամ Տաճկահայաստանի մի այլ մասում՝ Երզնկայի շրջակայքում:
Հայ հրոսակային մի խումբ՝ բռնելով Երզնկայի եւ Կամախի մէջ ընկած կիրճը, յարձակում է գործում զինւորական գայմագամի, չորս զինւորների եւ մի հայ անասնաբոյժի վրայ, վիրաւորում, սպանում է մի երկուսին եւ խլում բոլորի զէնքերը: Ահա այս է լինում կռւի առիթը:
Կառավարութիւնը՝ կատաղած հայերի այս յանդգնութիւնից, ահագին թւով հետեւակ եւ հեծեալ զօրք, թնդանօթներ է հանում՝ հայ հայդուկներին հալածելու, եւ ապա նա գրգռում է տաճիկ եւ քուրդ ամբոխը հայերի դէմ՝ օգտւելով հանգամանքից ի կատար ածել իր «ծրագիրը»: Հայդուկները, թւով 17 հոգի, մի այդպիսի բազմութեան դիմաց չեն նահանջում, դիմադրում են քաջաբար, 5-6 օր պաշարւած եւ անօթի մնալով, վերջապէս նրանք յաջողում են գրաւել Սեպուհ լերան քարայրը, ուր մի վերջնական քաջարի մարտ տալով, նոյն իսկ յաղթող են հանդիսանում...
Այս կռւին հետեւում են սուլթանի կառավարութեան սովորական լկտի եւ վայրենի աւերումները, որ նա գործ է դնում խեղճ ժողովրդի վրայ:
Սասունի պատերազմից յետոյ այս երկրորդ մեծ կռիւն է, որ տեղի է ունենում Հայաստանում: Առաջնի նման սա եւս կրկին գրաւեց Եւրոպական մամուլի եւ պետութիւնների ուշադրութիւնը դէպի այն թշւառ եւ հարստահարւած երկիրը: Բայց ի՛նչ արեցին այդ պետութիւնները մի ամբողջ տարւայ ընթացքում այնքան գոռում-գոչումից, փառաւոր խոստումներից յետոյ, որ այժմ՝ այս կռւից յետոյ կարելի լինի նրանցից մի դրական բան սպասել: Ճիշտ է, նրանք միջամտեցան, պատրաստեցին րէֆօրմների մի խղճուկ Ծրագիր, առաջարկեցին սուլթանին ընդունելու, սա էլ մի քանի ամիսներ ձգձգում, քաշ է տալիս, մի օր համաձայնում, հետեւեալ օրը մերժում է. մեծ պետութիւնները պնդում, եւ սպառնում են, իսկ... սայլը դեռ այնտեղ է եւ ոչ ոք նրանցից ոչ մի քայլ չի անում նրան տեղից շարժելու, կամ, աւելի ճիշտն ասած, չեն ցանկանում անել:
Իսկ մինչ այդ՝ հրոսակային ճակատամարտ է պայթում Վասպուրականի նահանգում՝ Չխուրի մօտ. տեղի են ունենում ցոյցեր (Պոլսում), կատարւում են մէկը միւսի հետեւից լրտեսների, մատնիչների մի շարք սպանութիւններ, որոնք ահ ու սարսափ են գցում կառավարչական շրջանների վրայ... Ապա այս բոլորին ահա հետեւում է Երզնկայի նշանաւոր կռիւը, կռիւ, ուր մէկ հայդուկի դէմ դուրս եկած են լինում մի քանի տասնեակ զինւորներ:
Սուլթանական կամայականութիւններին, բարբարոսութիւններին եւ Եւրոպական պետութիւնների քսմնտելի անտարբերութեան հայ յեղափոխականը պատասխանում է նորանոր ճակատամարտերով, մէկը միւսից ուժեղ հարւածներով:
Մի անգամ յայտարարւած կռիւը շարունակում է աւելի մեծ հաստատակամութեամբ, աւելի ուժգին, աւելի տոկուն կանոնաւորութեամբ: Կռւել եւ կռւում են՝ վրէժխնդիր լինելու բաշիբօզուկ կառավարութիւնից. մի անգամ պարզած կարմիր դրօշակը վայր չի դնւիլ, մինչեւ որ չիրագործւի նախագծած կէտ-նպատակը:
Եւ մինչ մի կողմից Եւրոպական դիպլօմատիան առաջ է տանում իր նենգամիտ քաղաքական խաղերը՝ անուշադիր թողնելով տեղի ունեցող հրէշաւոր արարքները, իսկ միւս կողմից գազան սուլթանի օրհասական կառավարութիւնը կրկնապատկում իր վայրենի ճնշումները, իր ճիւաղային անիրաւուութիւնները,– հայ յեղափոխականը եւ նրա հետ ամբողջ ժողովուրդը՝ արհամարելով կապանք, բանտ եւ մահ, այլ դասեր է տալիս, այլ նոր եւ նոր հարւածներ հասցնում:
Հայդուկային խմբերի կռիւները երկրի զանազան մասերում, մատնիչների, պաշտօնեաների զարկումները,– ահա գործունէութեան այն ծրագիրը, ուղիղ ճանապարհը, որին հետեւում են հայ յեղափոխականները՝ տոկունութեամբ առաջ տանելով կռիւը:
Անմտութիւն կը լինէր՝ ծալել ձեռքերը, ծռել շլինքը, նստել, ամբողջ տարիներով սպասել, մինչեւ որ տաճկահայ ժողովուրդը զինւած լինի, ապա այն ժամանակ միայն դուրս գալ կռւի դաշտ... Ո՛չ, դա սխալ կարիք է, դա նոյն իսկ շատ կորստաբեր հետեւանքներ կարող է ունենալ, մանաւանդ ներկայ ճգնաժամին:
Յիշենք դարձեալ պրօպագանդայ անել, պատրաստել ժողովուրդը հարկաւոր է ոչ միայն լոկ խօսքով, այլ եւ դրական, շօշափելի գործերով. անհրաժեշտ է, ուրեմն, մի կողմից կռւել ունեցած ուժերով թշնամու հետ զանազան տեղերում, տէրրօրի ենթարկել վարչական եւ այլ մարդկանց, սպանել, հարւածել, ջլատել սուլթանական կառավարութիւն կոչւած մարմինը երկրի բազմաթիւ կէտերում, ահա այն միակ նպատակայարմար միջոցը, ուղին:
Այս են մեզ թելադրում բուն երկրի ներկայ պայմանները, այս է մեզ թելադրում առողջ բանականութիւնը, այս է, վերջապէս, մեզ սովորեցնում միւս ազգութիւնների յեղափոխական պատմութիւնը: