15 August, 2025

Ես Ծեր Եմ Արդէն Եւ Ասում Եմ Երիտասարդ Հոգիներին

Կեանքը կարճ է, ուստի՝ մէկ տարին բաւական երկար: Խորհածը նոյնպէս արած հաշուելով՝ քանի որ մտածումը սկիզբն է գործի՝ ի՞նչ արած էք այս մէկ տարուան մէջ, որ անցաւ ահա: Եւ ի՞նչ էք մտադիր այս եկող տարին: Մտածեցէք. մէ՛կ անգամ միայն ձեզ տրուած է պատեհութիւն այս շքեղ տիեզերքի մէջ մտածելու, զգալու եւ կամենալու: Մի նոր տերեւ էք մարդկւոեթան ծառին, որ պիտի թողէք վաղ է ուշ: Ներ տերեւներ կը բուսնին եւ կը նային արեւին, բայց դո՛ւք չէք լինի, այլ ուրիշներ: Նոր տարին առիթ է, որ մտածէք այս մասին:

«Քանի որ ուրիշ առիթ չի լինի՝ վայելենք կեանքը: Շահինք ու ծախսենք. հաց ու կին»: Ահա մի վճիռ: Բայց մեր պապերն ասում էին. «ե՛ւ արքայութիւն»: Այս վերջին կէ՞տը ինչպէս: Ջնջե՞նք արդեօք աւանդական երկուսով.– հաց եւ կին: Ահա մի հարցում, որին պէտք է պատասխան տայ երիտասարդը, եթէ լրջմիտ է ու խոհուն: Միջավայրն օգտագործելով է, որ ապրում են մարդիկ: Սրա համար մերոնք ասած են. «Աշխարհը՝ դմակ, մարդը՝ դանակ, կտրիր ու կեր»: Բայց այս կտրելուց կռիւ է ծագում: Պէտք չէ՞ մտածէք, որ կռիւը չքանայ կամ մեղմանայ, մանաւանդ թէ ազնուանայ, ինչպէս ոտնագնդի մրցութիւն: Եւ ահա դիմացն էք հանրային կեանքի վերակազմութեան: Ի՞նչ արած էք այս ուղղութեամբ կամ որեւէ բան մտածա՞ծ էք այս մասին: Սակայն ա՛յս՝ հացի խնդիրն է միայն: Իսկ կնո՞ջ խնդիրը: Կարծո՞ւմ էք, թէ հաճոյքի համար են նրանք աշխարհում, որ միջուկն ուտէք, կեղեւը նետէք: Չէ՞ք կարծում, որ նրանք ոչ միայն մարմին, այլ եւ հոգի ունին ձեզ նման: Ի՞նչ խորհած էք այս մասին եւ ի՞նչ էք  արած: Չարժէ՞ մտածել նոր տարուան շեմքին նաեւ ա՛յս մասին, քանի որ ամէն նոր տարի նոր պտուղներ է բերում աշխարհում հիւթեղ ու գրաւիչ: Եւ վերջապէս «արքայութիւն»ը, որ երկինքը չէ, այլ մեզ վեր տանող գաղափարականը: Գաղափարականը բռնաբարումով է յափշտակւում, այսինքն ճիգով: Ա՞յս ուղղութեամբ ինչ արած էք եւ ի՞նչ էք մտադիր անել:

Ահաւասիկ կեանքի հիմնական խնդիրները – հաց, կին, գաղափարական – որ դրուած են մարդու առջեւ եւ լուծում են պահանջում: Անգիտակից բազմութիւնը գնում է բնազդի ճամբով: «Աշխարհն այսպէս եկել է, այսպէս էլ կ'երթայ», ա՛յս է իր կենսիմացութիւնը: Շատ ճիգ՝ կուշտ հացի համար, նուազ մի ճիգ՝ կնոջ համար, ոչ մի ճիգ՝ գաղափարական աշխարհի համար – ահա՛ ընթացքը կեանքի: Բայց գիտակից երիտասարդութեան վայել չէ նաւու պէս օրօրուիլ կեանքի բերմունքի վրայ: Նա պէտք է ղեկ ունենայ եւ որոշէ, թէ ո՜ւր եւ ի՛նչպէս պէտք է անցնիլ իր ուղին այս աշխարհում: Եւ նախ պէտք է գերիշխէ եւ որոշէ միւսների դերն ու արժէքը:

«Հա՛ցն է կարեւոր. կին կը գտնուի ո՛ւր եւ ե՛րբ որ ուզենամ: Գաղարափակա՞նը... միայն կարող է խանգարել, ուստի լաւ է ձեռք քաշել» – ահա՛ մի լուծում: «Կինն է կարեւոր. պէտք է շահիլ՝ նրանց վայելքը գնելու համար: Գաղափարակա՞ն – ինչո՛ւ չէ, եթէ դրանով կիներ որսացուին». – ահա մի ուրիշ լուծում: Այսպէս լուծում են խիզախները: «Մի համեստ ապրուստ եւ մի համեստ կին. ոչինչ աւելի: Գաղափարակա՞ն. մի որոշ չափով, այնքան որ համեստ հացը չտուժէ եւ շահած կինը ձեռքից դուրս չգայ». – այսպէս է վճռում պարկեշտը: Եթէ հացն է գերակայ՝ կեանքը դառնում է շուկայ. մանր պայքար, ցաւ ու սուգ իշխում են այնտեղ. նիւթականը մղում է հոգին եւ տանում է անբանութեան: Եթէ կինն է գերակայ՝ կեանքը դառնում է մի պարահանդէս, սակայն կարճատեւ եւ իբր դիրտ թողնում է տրտում յոգնութիւն, ուր ցանկութիւնն անցած է եւ որդը չէ մեռած: Հանրային վերելքի տեսակէտով այս երկու վճիռն եւս կայական արժէք ունին եւ ոչ ուժական, պահում են եղածը եւ մաշում են մարմինն ու հոգին: Ոմանք այն համոզման են, թէ կեանքը պէտք է օգտագործուի նիւթական կամ հաճոյալից բարօրութեան համար: Այս վերջինները փախչում են զրկանքից, որ համարում են չարիքը:

Բայց խիզախ պահուածքի մէկ ուրիշ կերպը կայ, եւ նոյնպէս կարծում է, թէ մեր կեանքը պէտք է օգտագործուի, բայց... ոգեկան վերելքի համար: Այս վերելքը նոյնպէս ճիգ է պահանջում եւ տանում էդէպի խաղաղութիւնն աշխարհի եւ հոգիների: Նա գնում է զրկանքի ճամբով, որ մարդ յանձն է առնում կամովին եւ տալիս է խոր հաճոյք որ չեն կարող տալ հացն ու կինը: Մեծ ու ստեղծագործ ուժեր կան մարդկային հոգում, որ պէտք է արթնանան եւ օգտագործուին: Դրա համար պէտք է ներքին աշխատանք եւ վերելքի տենչ: Այս աշխատանքի ատակ է մարդ եւ այս տենչը նոյնքան բնածին է եւ հանուր, որքան տենչը հացի եւ կնոջ, բայց նա մարդու մէջ մնացած է անխլիրտ, որովհետեւ հացն ու կինը խեղդում են նրան: Այս ճիգը չի մերժում հաց ու կին, բայց նոր արժէք ու հմայք է տալիս նրանց: Նա օրհնում է հացը, որ հնար է տալիս մարմնին ապրելու եւ վեր տենչացող հոգին կրելու. նա օրհնում է կինը, որ ընկերանում է վերնատենչ ճիգին: Այս բարձունքի վրայ մեղմանում է պայքարի պրկումը. Բարձունքն անծիր է եւ ամէն ոք կարող է վեր սլանալ: Մրցնում այստեղ ստեղծագործ է եւ ոչ քայքայիչ, իրար նայելով աւելի վեր են սլանում: Այստեղ կինը բորբոք զգացումներ չի յարուցանում. նա օգնական է վերասլաց ճիգի եւ ոչ միայն կողակից: Օդը մաքուր է այս բարձունքի վրայ եւ ապրելու խինդը ներզօր: Հանդարտ ու սիրով մարդ նայում է նոր կեանքերի ծիլերին, որ ցայտում են անհունութեան խորքերից եւ հանդարտ ու անվախ նայում է կեանքի մարումին: Բարի կամքն ու պատրաստակամ նւիրումն են միակ ձեւը մարդկային առնչութեան, եւ իր նմանի բարձրացման համար մահը հաճոյք է եւ սոսկում չունի:

Երիտասարդը պէտք է ոգեկան բարձունք ունենայ, որ մագլցի ճիգով: Ա՛յդ է իր կոչումն այս աշխարհիս մէջ. մնացածը հող է ու մոխիր: Արդ՝ ունի՞նք այդ բարձունքը եւ եթէ չունիք՝ չէ՞ք կարծում, որ պէտք է ունենանք: Ուտող ու վայելող երկոտանու վիճակից վերանալ դէպի մարդը սաւառնող, այս պէտք է լինի երիտասարդութեան հոգն ու ճիգը, որովհետեւ ա՛յս է նրա կոչումը տիեզերքի մէջ: Նիչէն ասում էր. «Մարդը մի բան է, որ պէտք է յաղթահարուի»: Ճիշդ է այս, բայց պայքարը պէտք է փոխադրել ներաշխարհ եւ այնտեղ հարթընթաց մարդուն ճիգով դարձնել վերասլաց: Ոչ թէ վեր բարձրանալ, միւսներին համարելով պատուանդան, այլ բարձրանալ ներքնապէս՝ միւսների համար դառնալով ջահ ու բարձունք: Ոգու իւղը սպառելով լուսաւորել ներքին վերելքի ճամբան նմանի առջեւ,– ա՛յս է կոչումը երիտասարդ մարդկութեան:

Հայ երիտասարդը թող մտածէ այս մասին:

Նիկոլ Աղբալեան
«Հայրենիք», Պոսթոն
53-րդ Տարի, Թիւ 12,040-1