29 September, 2023

Ջնջուած Յիշատակ

Բոցիկու սարին սեւ ամպն է չոքել
Հովն է հեծեծում Բասենայ դաշտում.–
Ոսկի երգերդ իմ ազիզ ընկեր,
Էն հովն է երգում Բասենայ դաշտում:

Այ սիրուն արտուտ լալազար գարնան
Արազի դաշտից մինչ Խլաթ ու Մուշ
Դուն թռչում էիր սիրտըդ վառ-վառման
Գովքն ազատութեան երգելով անուշ:

Քաջ ընկերներով կըռիւ սլացար
Ազատ երգերով Արազի դաշտում.
Նամարդ թշնամուն զարկիր, զարկւեցար
Ընկերներիդ հետ Բասենայ դաշտում:

Ու ժողովուրդը կարօտ քո սիրուն
Բասենայ դաշտից մինչ Խլաթ ու Մուշ
Երգում են անվերջ երգերըդ սիրուն,
Ու չեն մոռանում երգերըդ անուշ...

Ա՜խ, սուր վէրքերով ընկերներիդ հետ
Արնոտ հողի տակ անուշ քնեցիր.
Թող ծանր չթւայ այն հողը վըրէդ,
Որն այսպէս հըզօր, անհուն սիրեցիր...

Բացիկու սարին սեւ ամպն է չոքել,
Հովն է հեծեծում Բասենայ դաշտում.
Ոսկի երգերդ իմ ազիզ ընկեր,–
Էն հովն է երգում Բասենայ դաշտում:

Աւ. Իսահակեան

–Պարո՛ն Իսահակեան, այս գեղեցիկ ու սրտառուչ բանաստեղծութիւնը ձեր Երգեր ու Վէրքեր հատորի մէջ նուիրել էք՝ ՄԵՆԱԿԻ (Ե. Առստամեանի) նւիրական յիշատակին:

Ի՞նչն է եղել պատճառը, որ 1943 թ. ձեր Հատընտիր հատորի մէջ, 100-րդ էջում կրկին պահելով այս բանաստեղծութիւնը, ջնջել էք նրա վրայից ՄԵՆԱԿԻ (Ե. Առուստամեանի նւիրական յիշատակին)-ը:

Գիտեմ, որ մոռացել, ուրացել էք դեռեւս ապրող ձեր ընկերներին: Բայց մի՞թէ յոյզերով յորդ ձեր բանաստեղծի սիրտն ու հոգին այնպէս դատարկւեց, այնքան աղքատացաւ, որ քառասուն տարի առաջ Հայրենիքի սրբազան հոգի համար ընկած «ազիզ» ընկերոջ յիշատակին նւիրած բանաստեղծութիւնը յետ խլեցիք նրանից...

Մի՞թէ մեռածին տւածը յետ կ'առնւի...

Եթէ հնարաւորութիւն չունիք ուղղակի պատասխանելու, գէթ ձեր արխիւի մէջ մի յիշատակութիւն թողէք այս առթիւ, ի շահ՝ ո՛չ թէ Մենակի, այլ ձեր յիշատակի:

Պայտառ
«Ասպարէզ», Ֆրեզնօ «Ալիք»-էն
ԽԱ. Տարի, Թիւ 2382
Ուրբաթ, Օգոստոս 27, 1948