03 October, 2023

Դաշնակցութեան Հայդուկային Խմբի Կռիւը Ռուս-Տաճկական Սահմանագլխում

«Դաշնակցութեան» հրոսակային խմբերից մին Հոկտեմբեր ամսի սկիզբներին թիւրքաց սահմանը անցկենալիս սահմանապահ զինւորների հետ ունեցել է ընդհարում:

Գիշերւան ժամի 12-ն էր եւ մեր խումբը, որը բաղկացած էր 33 հոգուց եւ թաղւած էր ամբողջապէս ամէնաընտիր սպառազինութեան մէջ, տակաւին շարունակում էր իւր ճանապարհը: Եօթն ժամւայ անընդհատ ուղեւորութիւնից յետոյ սաստիկ ծարաւ եւ յոգնած, նա հազիւ բարձրացել էր մի ահագին ձոր եւ տարածւել սարի լանջի վրայ փոքր ինչ շունչ քաշելու համար, երբ սարի գլխում երեւացին թիւրքաց սահմանապահ զինւորներ: Նրանք գիշերային հսկողութիւնից վերադառնում էին դէպի մօտակայ կօրդոնը, որից առ առաւելն երեք քառորդ ժամ հեռաւորութեան վրայ գտնւում էինք մենք: Խմբի յանկարծական եւ սարսափեցուցիչ տեսքը խորը երկիւղով կաշկանդեց նրանց մի րոպէ եւ մեր հարցին՝ թէ ո՞վքեր են, նոքա կմկմալով հազիւ կարողացան ասել, որ զինւորներ են: Այս պատասխանի վրա միաժամանակ որոտացին 33 հրացան եւ սար ու ձոր լցրեին արձագանքով: Տեղացող գնդակներից ազատ մնաց միմիայն մի զինւոր: Հաւարի համար շրջակայ թիւրք գիւղերից եւ կօրդոնից սկսւեց թունդ հրացանաձգութիւն, որից մենք ենթադրում էինք, թէ գործ ենք ունենալու խաժամուժ ամբոխից եւ կանոնաւոր զինւորներից բաղկացած ստւար մի բազմութեան հետ: Այնուամենայնիւ անցաւ կէս ժամ էլ, դադարեց հրացանների ձայնը եւ մեր խումբը կատարելապէս անվնաս անյայտացաւ գիշերային մթութեան մէջ՝ դէպի իր կոչման տեղը:

Հետեւեալ օրը ծիծաղելի էր տեսնել կառավարութեան իրարանցումը: Սահմանագլխից նահանգական կառավարութեան ուղղւած մի հեռագիր յայտնել էր, որ ջանֆէտայիների (անձնուրացներ) մի ահագին խումբ անցել է թուրքաց սահմանը՝ մտադրութիւն ունենալով յարձակւել կօրդոնի վրայ: Էլ կարող էք գուշակել տիրող սարսափը: Անմիջապէս 300 հետեւեակ եւ 100 ձիաւոր զզօրք 3 թնդանօթով ուղարկւեց սահմանագլուխը, բայց ո՛չ մի տեղ նրանք չհամարձակւեցին խուզարկութիւն կատարել եւ բաւականացան՝ միմիայն բարեկամական խորհուրդներ տալով սրան նրան: Այնքան մեծ է ջանֆէտայիների ազդած սարսափը զինւորներու վրայ, որ հենց իրանք թիւրքերը փայլուն առասպելներ են յօրինել նրանց ուժի, քանակութեան, զէնքերի եւ այլն մասին: Թող կատաղի բարբարոս կառավարութիւնը եւ դիմի հազար ու մի տմարդի միջոցների՝ գտնելու եւ ձեռք բերելւո հայ յեղափոխականներին, այնուամենայնիւ նոքա կը շարունակեն գործել հենց իւր քթի տակ:

Չնայած հետեւեալ օրերում տիրող խստութիւններին, խումբը հայ գիւղացիների կողմից ամենուրեք պատահեց վերին աստիճանի ոգեւորւած եւ սիրալիր վերաբերութեան: Շտապեմ յայտնել, որ մեր ընկերը՝ տեղական գործիչը եւս միացաւ մեզ, առաջնորդելու խումբը իւր ղեկավարութեան յանձնւած շրջանում (րայօնում): Տօնի եւ ուխտագնացութեան օրեր էին, կարծէք, հայ ժողովրդի համար, որի կեանքում այնքան հազւադէպ են մխիթարական երեւոյթներ: Համարեա առաջին անգամն էր տենսում սա հայ կամաւոր զինւորներից բաղկացած մի այդպիսի մեծ խումբ եւ դրա համար իւր գոհունակութիւնը, իւր ներքին բուռն ուրախութիւնը արտայայտելիս չափազանցութիւնների էր դիմում... Ժողովրդեան ամեն դասակարգի մարդիկ՝ ծերունի, կին, երիտասարդ, աղջիկ անխտիր դիմում էին գիւղում այն տները, որտեղ գտնւում էին խմբի անդամները, գէթ մի րոպէ նրանց տեսնելու եւ քաղցր զրից անելու համար: Աւելի սրտառուչ էր մանաւանդ հայ կանանց վերաբերութիւնը, որոնք իրանց պահած ազիզ քիթաներով աշխատում էին կերակրել շարունակ խմբին: Ամբողջ գիշերը եւ ցերեկը՝ գիւղերի անզէն, այլ կտրիճ երիտասարդները, իբրեւ պահապաններ, ցրւում գիւղից դուրս, այս կամ այն կէտերի վրայ տեսնելու համար թէ ո՞վքեր են երեւում ճանապարհների վրայ:

Գիւղական հասարակութիւնները ամեն տեղ մեզ ճանապարհ էին գցում բուռն ոգեւորութեամբ եւ անվերջ բարեմաղթութիւններով: Լինում էին րոպէներ, որ մարդ յուզմունքից արտասւում էր, լսելով հայ կանանց սրտաբուղխ բարեմաղթութիւնները խմբի յաջողութեան եւ ապահովութեան վերաբերմամբ երիտասարդները ամբողջ ժամանակ զբաղւած էին՝ դիտելով խմբի կարգ ու սարքը, նոքա ա՜խ էին քաշում, որ սիրտ ունին, բայց դատարկ ձեռքերով ստիպւած են տեսնել իրանց թշւառ եւ խղճալի վիճակը:

Համարձակ կարելի է ասել, որ ժողովուրդը այժմ տալիս է մարդիկ – իսկական յեղափոխականներ, բայց նա պէտք ունի զէնքի:

Խմբի թողած տպաւորութիւնը նրա անցկացած գիւղերում, հաւատացած եմ, դեռ երկա՜ր թարմ կը մնայ յիշողութիւնների մէջ:

«Դրօշակ» - 1 Դեկտեմբեր 1895
Թիւ 20