28 September, 2023

Ուրֆայի Հերոսամարտը

...

Հազար գլխեան թուրք հրէշն է բռնել համայն հայոց աշխարհը. աւեր ու սուգ, արիւն, ողբ ու կոծ ամէն կողմ. եւ հայրենի օճախներից շորթուած հազար հողմերի բերան է նետուած հարիւր հազարաւոր անպաշտպան մեր ժողովուրդը, եւ նրա դէմ ամբողջ թուրք ոճրածին ցեղն է դուրս թափուել փողոց ու ճամբաները բռնել, քաղցած գազանների ոհմակ, որ արիւնի հոտ է առել: Ջարդ, թալան ու կողոպուտ մեր հայրենիքի մէկ ծայրից միւսը:

Եւ ահա փշրուած, արիւնոտած, առաջին կարաւանները ցաւի ու արցունքի ծփանքով Ուրֆայի դռներն են ծեծում: Ուրիշ շատ քաղաքներ են անցել, շատ աւեր ու շէն գիւղեր: Ուրֆան է միայն, որ սանձակոտոր նժոյգի նման ծառս է ելնում զարհուրանքի ու եղեռնի այս տեսարանի առջեւ: Մօտիկ անցեալի ահեղ փորձն ունի, 1895-96-ի յիշողութիւնը:

Ի՜նչ, դէպի անապատ քայլե՜լ այս անճար հնազանդ ամբոխների հետ՝ աւազների կիզիչ անգթութեան մէջ անարգօրէն խողխողուելո՞ւ համար:

Երբեք, Ուրֆան սուսերամերկ կը ծառանայ թուրք բարբարոսութեան դէմ, արիւնարբու թշնամու կատաղութիւնը կը փշրի տասնապատիկ աւերի զոհեր խլելով նրանից եւ ապա թէ կ'ընկնի հերոսական մահով: Եւ թողել որ առանց ազգային սնապարծութեան ճչամ աշխարհին, թէ երէկի ամբողջ պատերազմի ընթացքին (Առաջին համաշխարհայինի) ոչ մի ազգ թուրքի պէս նամարդ, ստոր, անգութ ու վատչուէր թշնամի ունեցաւ, եւ ոչ մի երկիր իր Ուրֆան ունեցաւ: Քաղաքի երեսուն հազար հայութիւնը մարդ ու կին, ծեր ու երիտասարդ պատանիներ ու մատղաշ աղջիկներ ու հարսներ, ամէնը միասին ուխտուածների մի բանակ է: Ու 1915 թուի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի վերջը, ամբողջ մի ամիս այդ հրաշք ժողովուրդը մահու վճռականութեամբ ու սարսռազդեցիկ մոլեգնութեամբ մարտնչում է բազմահազար թուրք զինուած խուժանի եւ կանոնաւոր բանակի դէմ իր կորիւնները պաշտպանող առիւծի կատաղութեամբ:

Իւրաքանչիւր մարտիկ, հրացանաձիգ թէ ռմբաձիգ լաւ գիտէ, որ պիտի մեռցնի գազանների այդ ոհմակը, որ կոչւում է թուրք խուժան: Եւ պատնէշներ են բարձրացած թաղ թաղի դէմ, եւ կտուրից կտուր, անկիւնից անկիւն, ամէն մի պատի ճեղքից, ամէն մի թումբի տակից, ամէն քարի յետեւից գնդակ է շաչում եւ ռումբն է բառաչում: Թշնամու գրոհին Ուրֆան պատասխանում է իր ընտիրների ամեհի գրոհով: Պատնէշների վրայ հայ կտրիճների երգն է թնդում ռազմի որոտի հետ: Թշնամու չորս թնդանօթների աւերի դէմ հայ հերոսների մի ջոկատ յանդուգն ու կատաղի ելոյթ է գործում, որ շշմեցնում է թուրք հրամանատար փաշային:

Ու մենաւոր, անօգնական, իր բախտին ձգուած այս մի բուռն հայութիւնը, որ ժամ առ ժամ նոսրանում է ու արիւնաքամ դառնում, շարունակում է մարտնչել գիշեր ու ցերեկ՝ զարհուրանք ու մահ սփռելով իր չորս կողմը, արիւնի ու կրակի մրրիկի մէջ: Եւ հրամանատար Ֆախրի փաշան այս յամառ անընկճելի դիմադրութեան հանդէպ ստիպուած է բացականչել. «Ի՜նչ կը լինէր մեր վիճակը, եթէ այս ծանր օրերին մի քանի Ուրֆաներ մեր դէմ այսպէս ծառանային»:

* * *

...Մկրտիչ Եօթնեղբայրեան: Գայլ Վահա՞նն է վերածնուել արդեօք այս զարմանալի տղամարդի մէջ, թէ՞ աւելի հին դարերից մի առասպելական հերոս, որ գերեզմանից դուրս եկած՝ սուսերամերկ յանկարծ ցցւում է թուրքի առջեւ մռնչալով՝ «յետ քաշիր արիւնոտ թաթդ, այս ես եմ ասում, վասնզի իմ ցեղը յաւիտենական է»:

Ահա իր պատկերը՝ լայնաթիկունք ու կուռ կազմուածքով երիտասարդ, նուրբ ազնուական դիմագծերով, մութ յոնքերի տակ թաղուած խորը, իմացական աչքերը, դաժան վճռականութեան փայլով եւ այս երկաթէ ունելիի պէս իրար վրայ սեղմուած ծնոտները, ուր մի բրոնզէ կամք է նստած: Ահա առաջնորդն ու ղեկավարը այդ հզօր, աննկուն դիմադրութեան, որ նա պատրաստել է տարիներից ի վեր: ... Ցեղին սպառնացող վտանգն ապրում է բնազդօրէն եւ օր ու գիշեր դադար չունի՝ կանխելու համար մթի մէջ սողոսկող Եղեռնը: Իր համոզումները անդրդուելի են, ինչպէս եւ իր կամքը: Իր որոշումների գործադրութեան մէջ յամառ է, ուղղագիծ եւ անգութ: Թուրքին ճանաչում է իր մատների պէս, նրա անապատային հոգու բոլոր ծալքերը գիտէ, եւ նրա դէմ կռւում է ճիշդ նոյն զէնքերով, նոյն բարոյականով:

...Դաւադրական գործունէութեան, ինչպէս եւ զէնք ու ռազմամթերք հայթայթելու իր տարիների աշխատանքների մէջ ան իր անվեհեր յանդգնութիւնն ու ճարպիկութիւնը հասցրել է առասպելականի: Իր հարուածները տեղին են եւ միշտ շեշտակի եւ ինքը՝ այդ հարուածող ձեռքը, միշտ աներեւոյթ:

Իթթիհատի Սահմանադրութեան եւ թուրք Հիւրիէթին նա հազիւ 20-ը անցած երիտասարդ, իմաստուն արիութիւնն ունեցաւ յայտարարելու, թէ սուտ է այդ բոլորը, հայ ժողովուրդը պիտի զինուի անընդհատ: Եւ իր խօսքը պահեց:

Ուրֆայի հերոսամարտը իր եւ իր գործակից մի խումբ անվեհեր երիտասարդների պատրաստածն ու վարածն է: Աննկարագրելի են իր կռիւ վարելու եղանակները եւ կորովը: Իրապէս առասպելական մի հսկայ, որի խիզախ հոգին ամէն տեղ է եւ աչքը բոլոր դիրքերում: Նրան հետեւում ու հնազանդւում է ողջ քաղաքի հայութիւնը որպէս պատգամախօսի: Կռուի վերջին չար գնդակով մի ոտքը փշրուած՝ նրան պատգարակով դիրքից դիրք են պտտցնում եւ նրա երեւալը բաւական է, որ հայ մարտիկների գրոհը մահասփիւռ եւ թշնամու խուճապը անխուսափելի դառնայ: Իր մահը նոյնչափ ահեղ է ու հերոսական, որքան եւ իր կեանքը: Իր մտերիմ համհարզներն ու մարտակից կտրիճները ընկան իր շուրջը եւ տակաւին փամփուշտ ունի: Փշրուած ոտքով յետին ճիգով խոյանում է թուրք զօրքերի վրայ, կրակում է աջ ու ձախ ու վերջին փամփուշտով իր փառաւոր, անզուգական գոյութիւնը կնքում հսկայի մահով:

...Հայկական ամբողջ ազատագրական շարժումը, Հ. Յ. Դաշնակցութիւնը, որին անունով գործեց ու կռուեց մինչեւ վերջը, երկրորդ Մկրտիչ Եօթնեղբայրեան չունի:

Ռաստկէլէնեանը, Գէորգ Ալհայդոյեանը, Մկրտիչի եղբայրը՝ Սարգիս Եօթնեղբայրեան, Յարութիւն Սիմեան, Արմենակ Ադդարեան, Լեւոն Չերչեան, Վաղարշ Մեսրոպեան, Գառնիկ Շամլեան եւ քանի քանի ուրիշներ, մէկը մէկից գերազանց ու արի, մահու վճռականութեամբ հզօր, որոնք իրենց անպարտելի առաջնորդի հերոսական օրինակով պատշէների վրայ կնքեցին իրենց շքեղ կեանքը կամ կռուի վախճանից յետոյ պաշարուած այս կամ այն տան մէջ մի քանի ընկերներով, թշնամիներին աւերած գործելով՝ ընկան Հայոց Աշխարհի համար, որ այնպէս պինդ սիրեցին:

Ուրֆացին անձնատուր չի լինում երբեք. նա գիտէ մեռցնել ու մեռնել վիթխարի մահով:

* * *

Աշխարհում ոչ մի ապստամբութիւն ու գոյամարտ հնարաւոր է, եթէ կինը պայքարի չի նետւում տղամարդի կողքին: Եւ եթէ մի ամբողջ ամիս չորս կողմից պաշարւած Ուրֆայի մի բուռն հայութիւնը կարողացաւ դէմ դնել թուրք խաժամուժին ու զօրքերի կատաղութիւնը սանձել, դրա մէջ ահագին բաժին ունեն Ուրֆայի հայուհիները: Այդ սքանչելի կանայք միայն գթութեան քոյրեր, վիրաւորներ խնամող չեղան, հապա եւ դաւադրական աշխատանքների լաւագոյն վարիչներ, իրենց հնարամտութեամբ, ու ճկուն վարպետութեամբ զէնքերի փոխադրութեան ու տեղաւորման լաւագոյն աջակիցներ: Մարտիկների ոգի տուող ու խրախուսիչ, նրանք իրենց կանացիութիւնը մոռացան, զէնք ի ձեռին պատնէշների վրայ պայթող ռումբերի գնդակների տարափի տակ կռուեցին: Հինգերորդ դարի իրենց քոյրերին գերազանցելով՝ նրանք մարտնչում են յուսահատ ամազոնների օրհասական կատաղութեամբ: Դիրքերում ընկնող մարտիկին անմիջապէս փոխարինում է իր կինն ու քոյրը եւ կռիւը բորբոքւում վերստին:

Նայեցէք այս երիտասարդ գեղուհին, փամփուշտակալների ծանր բեռը մէջքին գօտեպինդ եւ կրծքին խաչաձեւ, մատաղ ու նրբակազմ աղջկան քնքոյշ տեսք ունի: Հայուհու իր չքնաղ աչքերի մէջ խոժոռ վճռականութիւն կայ: Տիկին Եղիսաբէթ Եօթնեղբայրեանն է՝ Մկրտիչի կինը եւ արժանաւոր համհարզը:

Ահա այս միւսը, նոյնպէս զինուած, տիկին Սուլթան Սիմեան, Ռաստկէլէնեանի քոյրը: Ահա օր. Մարիամ Չիլինկարեանը, օր. Խանըմ Քեթէնճեանը, ահա աննման տիկին Խաթուն Գանտուրճեանը եւ քանի՜ քանի՜ ուրիշները, որոնք Ապօկալիպսեան այն գիշերներին մահու կատաղութիւնը հեգնեցին եւ հայ կնոջ պատիւն ու փառքը մինչեւ աստղերը բարձրացուցին:

Կ'ուզէ՞ք գիտնալ նրանց վախճանը: Նրանք կամ դիրքերում ընկան իրենց ամուսինների եւ եղբայրների հետ, կամ օրհասական վերջին գրոհից յետոյ թոյն ընդունեցին, եւ շատ շատերն էլ իրենց զաւակների ձեռքից բռնած՝ իրենց ձեռքով հրդեհած տների բոցերի մէջ նետուեցին, նամարտ ու գարշելի թուրքին ձեռքը չընկնելու համար:

* * *

...Մեր նախնիք հերոսները աստուածացրին եւ պաշտեցին:

Հեթանոս՝ նրանք Յարալէզներին ապաւինեցին, որ լիզելով կենդանացնեն ճակատամարտում ընկած իրենց հերոսներին:

Քրիստոնեայ՝ նրանք Քրիստոսի եկեղեցուն ապաւինեցին եւ իրենց հայրենիքի համար ընկած հերոսներին սրբացրին:

Ո՞ւմ ապաւինենք այսօր:

Հեթանոս աստուածները վաղուց են մեռել եւ մեր քրիստոնեայ Աստծուն մեր մէկ միլիոն նահատակները ի զուր կանչեցին տարագրութեան բոսոր անգթութեան մէջ: Արդեօ՞ք նա էլ մեռաւ...

Ո՛չ, անհնար է կարդալ այս գիրքը եւ լուռ մնալ: Իրար ծուատող, իրար կրծոտող զգացմունքների յորդումը խեղդոտում է քեզ: Չգիտես ի՞նչ անել, աղօթե՞լ... Բայց ո՞ր աստծուն: Ցասկոտե՞լ, բայց ո՞ւմ դէմ: Ինչո՞ւ համար: Արցունքն ու թուլութիւնը անարգանք են նրանց, որոնք ահեղ բախումների մէջ յուսաբեկութիւն ու լալ չգիտցան, եւ խիզախօրէն ընկան ցեղիդ համար, քեզ համար:

Ո՛չ լաց, ո՛չ աղօթք, այլ մեր հոգիների խորանի մէջ բազկատարած ու երկիւղած պաշտամունք նրանց, որոնք իրենց կեանքի գնով ուսուցին մեզ, թէ ո՞վ է թուրքը, ի՞նչ է թուրքը, ի՞նչ է ազատութիւնը, եւ սերունդներու համար իմաստութեան խորհուրդը կնքեցին իրենց նուիրական արիւնով:

... Ո՛չ, Ուրֆայի հերոսները ծնող ցեղը չի կարող կորչել: Եւ այս բոլորը կ'ուզէի ճչալ աշխարհին, բարեկամին ու չարեկամին, բոլոր փարիսեցիներին ու Պիղատոսներին, բոլոր նրանց, որոնց պարանոցին մէջ արդար արիւնը կարմիր օղակով է դրոշմուած: Եւ վիրաւոր գազանի պէս հոգիդ է մռնչում անհնարին ցաւ ու ցասումով, վասնզի այսքան զոհերից ու արիւնից, այսպիսի ահեղ ողբերգութիւնից յետոյ, նորէն Հայաստանի մեծ մասը եւ Ուրֆա, ոճրածին թուրքի ոտների տակ են...

Պատմութիւնն ի՞նչ է: Բարբարոսութի՞ւն, ուխտադրուժ տմարդութի՞ւն, թէ՞ արդարութեան եւ իրաւունքի յաղթանակ: Այս հարցի պատասխանը պիտի տան մեր յետնորդները եւ դրա համար է, որ պիտի սերտեն, որպէս ամէն լուսաբացի աղօթք, Ուրֆայի հերոսամարտի մեծ Դասը:

Եւ արդ, ո՜վ իմ վտարանդի եւ բախտակից եղբայրս, ուր եւ լինես, ինչ վիճակում եւ լինես, աղաչում եմ, դու որ Սարդարապատն ու Ղարաքիլիսան գիտես, կարդա՛ Ուրֆայի Հերոսամարտը, որպէսզի ճակատդ աւելի բարձր եւ թիկունքդ աւելի շիտակ պահես օտարների առաջ եւ ցեղիդ առնական առաքինութիւնը տարփողես հորիզոնից հորիզոն եւ զաւակիդ առջեւ չկարմրես, երբ նա մեր աւեր հայրենիքի քարտէսի վրայ կռանայ իր անմեղ աչքերի մէջ ահեղ հարցականով:

Պատմութիւն, ազգ եւ հայրենիք ոչ այլ ինչ են, եթէ ոչ իրար յաջորդող անթիւ սերունդների հերոսականի թանձրացումն:

*հատուած
Ա. Ահարոնեան
«Հայրենիք» Ամսագիր
11-րդ Տարի, Թիւ 11
Սեպտեմբեր 1933