14 August, 2019

Մի Արտաւորէք


Քո հարազատ զաւակներին անարգում են, հա՛յ ժողովուրդ: Քո պաշտելի հերոսներին վատաբար քարեր են նետում...

Ո՛ւշ դարձուր. որպիսի՜ ներդաշնակութեամբ մեր արտաքին եւ ներքին թշնամիները գործում են այսօր նոյն ոգւով, նոյն դրդումներով, որպիսի՜ եռանդով ճգնում են նրանք նսեմացնել, անւանարկել հերոսական գործի հեղինակներին: Նրանց «օտար պետութիւնների ձեռքին գործիք» հրատարակեցին, նրանց «աւազակ», «բախտախնդիր» ստոր անուններով կնքեցին, նրանց, վերջապէս, քեզ թշնամի հռչակեցին, հայ ժողովո՛ւրդ, քո իրական շահերին վնասող, քեզ հետ ոչ մի առնչութիւն չունեցող, քեզ ամեն բանով օտար...

Դառն է, քսմնտելի է իրողութիւնը:

Մարդիկ կռւում են, ահռելի մահը աչքերնին առած՝ ծածանեցնում են ապստամբական դրօշակը, մարդիկ չը լսւած, առասպելական յանդգնութեամբ ահեղ, անհաւասար ճակատամարտ են մղում, փայլուն անձնազոհութեամբ դիմում են դէպի կորստեան անդունդ՝ դէպի մռայլ բանտեր, դէպի անողորմ, դժոխային տանջանքներ, դէպի արիւնոտ կախաղան... մարդիկ պատրաստ են կրել այդ բոլորը ,– իսկ նրանց պարսաւում են, ստորացնում, նրանց հռչակում են ազգավնասներ, ֆանատիկոս աւազակներ, Անգլիայի, Ռուսիայի լրտեսներ, ազգային դատի դաւաճաններ...

Ազգային դատի դաւաճա՜ն... Սակայն ո՞վ է այդ դատի պաշտպանը, ովքե՞ր են նրա ամենապերճախօս փաստաբանները, նրան մշտապէս զարկ տւողները: Եթէ հայկական յեղափոխութիւնը հայկական դատին թշնամի է, հապա դո՞ւք էք պաշտպան, եսամոլ դիպլօմատնե՜ր, կամ դո՞ւ, բուրժուական, վաճառւած մամուլ:

Եթէ յեղափոխական բօմբը չորոտար, եթէ Պոլիսը անիշխանութեան չմատնւէր, արդեօք մի՛ րոպէ, գէթ մի վայրկեան պիտի մտածէ՞իք, որ հայն էլ դատ ունի, որ նա՛ եւս ձգտում է մարդավայել կացութեան. Արդեօք հայկական չարատանջ հարցը պիտի հանդէս գա՞ր...

Հայ ժողովուրդը շա՜տ յուսաց, շա՜տ լաց եղաւ ու հառաչեց: Մեր եղբայրների, մեր սգացած մայրերի ու քոյրերի դառն մորմոքները դարե՜ր է, որ հնչւում են  Տաճկահայաստանի արիւնոտ խորքերից, դարե՜ր է, որ բռնակալը հնձում է մեր լաւագոյն ուժերը, իր դիւական մեքենայով սարսափ ու արհաւիրք է սփռում մեր բազմատանջ հայրենիքում:

Եւ այդ բոլորը քո յանցաւոր աչքերի առաջ, անգո՛ւթ Քաղաքակրթութիւն:

Ի՞նչ արեցիր: «Արիւն թափիր – ազատենք» – անագորոյն դէվիզը քարոզեցիր դու սկզբում: Յուզւած, թշւառութեան գագաթնակէտին հասած մարտիրոս ժողովուրդը բողոքեց սիստեմաբար, իր բովանդակ հայրենիքը արեան գետերով ոռոգեց, աղիողորմ գանգատներ հնչեցնելով, արիւնաքամ եղաւ...

Տեսար, լռեցիր... Բերանդ փակ մնաց, ձեռքերդ ծալած, լեզուդ պապանձւած: Թողիր, որ գազանը անպատիժ կերպով պատռոտէ իր զոհին, թողիր, որ հայ մարտիրոսների դիակները ծածկեն հայոց շէներն ու քաղաքները, դաշտերն ու ձորերը... Թողիր այդ բոլորը, Եւրոպա՜, եւ քո յանցաւոր անտարբերութեամբ խրախուսեցիր բռնակալին՝ առաջ տանելու իր սխրագործութիւնները... Այո, դո՛ւք՝ լուսաւոր աշխարհի բռնաւոր ներկայացուցիչներ, դուք աւելի արիւնարբու եղաք, քան Ելդըզ-Քէօշքի արիւնարբու վագրը:

Ո՞ւր մնացին ձեր սրբազան աւանդութիւնները, ո՞ւր ձեր «եղբայրսիրութեան», «մարդասիրութեան» մեծահնչիւն քարոզները... Ձեր պապերը, ձեր նախնիքները սովորեցրին մեզ ապստամբել եւ բռնութեամբ կործանել բռնաւորի լուծը. նրանք աւանդեցին մեզ հայրենասիրութեան, ազատութեան վեհ գաղափարները, իսկ դո՛ւք, անարժան յաջորդներդ, դատապարտում էք այսօր մի բուռն ժողովրդի յեղափոխական քայլերը եւ արամազդեան շանթեր էք արձակում այն անձնւէր հերոսների դէմ, որոնք սառնասիրտ կերպով չեն կարող նայել արեան եւ արտասուքի անվերջ ովկեանին...

Ո՛չ, պաշտօնական ժանգոտած Եւրոպա՜, օգնութիւն սպասելու չէ քեզնից. մեր յոյսը, մեր ապաւէնը դարձեալ նոյն յեղափոխութիւնն է, նոյն յեղափոխականները, որոնց անգթաբար անարգեցիք՝ դու եւ քեզ խնկարկու գրչածախ մամուլը, որոնց դուք այնքան ստոր ու կեղտոտ ածականներով կնքեցիք...

Հեռո՜ւ, անարժան, վաճառւած մամուլ, գնա՛ դուք ստորագրութեամբ քծնիր ռուսական դեսպօտիզմի առաջ, գնա դու խունկ ծխիր համաշխարհային բռնապետներին, քո ստոր քննադատութիւնից վեր է, բարձր է հայ յեղափոխականը: Հեռո՜ւ դուք բոլոր անկոչ քննադատներ, հայ եւ օտարազգի ուխտադրուժներ, չափաւորութեան, խաղաղ առաջադիմութեան մեծախօս ասպետներ, հեռո՛ւ ձեր զազրելի յիշոցներով, ձեր ստո՛ր ինսինուացիաներով... մեր Բաբկէնների, մեր Սուրէնների, Գնունիների, Միսաքեանների, մեր հարիւրաւոր նահատակ հերոսների ուրւականները սպառնում են ձեզ իրենց թարմ շիրիմներից... Հեռո՜ւ, յեղափոխական Սուրբ Տաճարին շէմքում դուք կայան չունիք: Թափեցէ՛՛ք որքան կուզէ՛ք կոկորդիլոսի արցունքներ, ճառեցէ՛ք, որքան կուզէք, հայկական դատի անունով, սակայն մի՛ անարգեցէք, մի՛ արտաւորէք յեղափոխականի անունը. նա բարձր է, վսեմ, նա միշտ կը լինի բարձր, նւիրական, եւ միշտ կը լինի նա հայ բազմաչարչար ամբոխի հարազատ ծնունդ, նրանից անբաժան, նրա Սուրբ Դատին զօրաւոր նեցուկ:

Իսկ դուք բոլորդ էլ օտար էք նրան եւ պիտի մնաք օտար:

Մ. Վարանդեան
«Դրօշակ»
7 Հոկտմբեր 1896, Թիւ 23