Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին |
Ունեւոր ընտանիքի զաւակ էր, վաճառականի որդի: Հայրը գործում էր Թիւրքեստանում, ուր եւ թունաւորեցին, որի հետեւանքով մի օրում կորաւ նրա ամբողջ ունեցւածքը:
Այրի մնացած անզուգական իր մայրը երկու զաւակներին – Վահանին ու Համեստին, մեծ զրկանքներով պահեց և ուսման տւեց:
Վահանը մօր ցանկութեամբ, սկզբնական շրջանում մտնում է Ղարաբաղի Թեմական դպրոցը: Նոյնպէս նրա պարտադրանքով փոխասաց է դառնում Ամոտ Յովհաննիսեանի (կոմունիստ) հետ, իրենց թաղային եկեղեցում: Իր ըմբոստ նկարագրի պատճառով չորս անգամ արձակւում է հայ և ռուս դպրոցներից: Մի անգամ էլ՝ Բագուի րէալական դպրոցում՝ քրիստոնէութիւն ընդունած հրեայ ուսուցչին ապտակած լինելու համար, որ նրան համարձակւել էր «արմեաշկա» (հայուկ) կոչել:
Դպրոց վերընդունւելու համար միջնորդել են մեծ մասամբ Կ. Խատիսեանն ու Ա. Գիւլխանդանեանը:
Բագուի րէալական դպրոցը փայլուն յառաջադիմութեամբ աւարտելուց յետոյ, անցնում է Պետրոգրադ և մտնում Ռազումովսկի ճեմարանի հասարակագիտական բաժինը, ուր առանձնապէս մասնագիտօրէն ուսումնասիրում է քաղաքատնտեսութիւնն ու հասարակական գիտութիւնները:
Թէ աշակերտական և թէ ուսանողական շրջաններում իր լուրջ պատրաստութեամբ և աչքառու ընդունակութիւններով և մանաւանդ ճարտասանական բացառիկ կարողութեամբ դառնում է լաւագոյն գաղափարախօսը Հ. Յ. Դաշնակցութեան և հայ ժողովրդի հաւաքական ազգային ըմբռնումների ու սրբութեանց:
Դեռ Բագւում րէալական դպրոցի վերջին դասարաններում, Համակովկասեան Աշակերտական Միութեան Կենտ. Վարչութեան մշտական անդամ էր, և նոյն վարչութեան կենտ. Օրգանի «Բարբա» (կռիւ) խմբագիրը:
Դեռ ուսանողական շրջանից աշխատակցում էր դաշնակցական համարեա բոլոր թերթերին, հասարակագիտական և ազգային լուրջ յօդւածներով:
1913-4 ուսումնական տարում հրաւիրւում է Շուշիի թեմական դպրոցը իբր դասատու ռուսաց լեզւի և վերակացուի պաշտօնով: Այս երկու տարիների ընթացքում կուսակցական և հանրային բոլոր գործերի լաւագոյն ղեկավարն էր ու առաջնորդը:
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում լոյս ընծայեց իր առաջին աշխատութիւնը «Ինչու ընձեռեցինք պատերազմը» խորագրով, որով ձգտում էր պատասխանել սոցիալ-դեմոկրատներին, որոնք անդուռ բերանով քննադատում էին հայ կամաւորական գնդերի մասնակցութիւնը պատերազմին և անտեղի յարձակումներ կատարում Հ. Յ. Դաշնակցութեան վրայ:
Այդ տարին էլ ամուսնանում է, նրան պսակադրում է Ճեմարանի տեսուչ՝ Գարեգին եպս. Յովսէփեանը:
1917-ի վերջերին անցնում է Թիֆլիս, ստանձնելու «Հորիզոն»ի խմբագրի պաշտօնը:
Այնուհետև ռուսական յեղափոխութեան երկու տարւայ ընթացքում Էջմիածնում, Երևանում և Թիֆլիզում մի շարք կուսակցական ազգային պատասխանատու պաշտօններ է վարում:
Հայաստանի Հանրապետութեան շրջանում ընտրւում է Խորհրդարանի, ապա Հիմնադիր Ժողովի անդամ. Ալէքսանդրապոլի քաղաքագլխի օգնական և կուսակցական կենտրոնական օրգան «Յառաջ»ի խմբագրապետ:
Հայաստանի Հանրապետութեան անկումից յետոյ, Հայ Սփիւռքում վարել է կուսակցական-ազգային պատասխանատու պաշտօններ: Տասնեակ տարիներ ընտրւել է Հ. Յ. Դաշնակցութեան Գերագոյն Մարմնի (Բիւրոյի) անդամ և մինչև իր կեանքի վերջը «Յուսաբեր»ի խմբագրապետ է եղել:
Մասնաւորաբար մեծամասնականների դէմ վարած պայքարում ունեցել է բացառիկ դեր, իսկ ընդհանրապէս ազգային-հանրային խնդիրների մէջ եղել է ներշնչող և ղեկավար:
Իր գրական գործերն են.
1) «Ինչ չէր և ինչ չպիտի լինի մեր ուղին» (Պատասխան՝ Գր. Չալխուշեանի «Ինչ էր և ինչ պիտի լինի մեր ուղին» գրքի) տպ. Կահիրէ, 1914 թ.
2) «Հ. Յ. Դաշնակցութեան անելիքը» (Պատասխան՝ Յ. Քաջազնունու «Դաշնակցութիւնը անելիք չունի այլևս» գրքի) տպ. Կահիրէ, 1924 թ.
3) «Դաշնակցութեան «Լիկւիդացիան» (187 էջ) տպ. Կահիրէ 1924 թ.
4) «Ընկերվարութիւն եւ դեմոկրատիզմ» (34 էջ), տպագր. Կահիրէ, 1924 թ.
5) «Հայաստանի անկախութիւնը» (56 էջ), տպագր. Կահիրէ, 1924 թ.
6) «Դաշնակցութեան քաղաքական ուղին» (179 էջ), տպագր. Կահիրէ, 1925 թ.
7) «Նեղուցներ», (447 էջ)- տպագր. Կահիրէ, 1947 թ.
8) Բոլշեւիզմը եւ Դաշնակցութիւնը. (674 էջ) տպագր. Կահիրէ, 1949 թ.
9) «Գաղափարների ոգին» (230 էջ), տպագր. Կահիրէ, 1931 թ.
10)«Մեր աննման տղաքը», տպագր. Կահիրէ
Ընկ. Վ. Նաւասարդեանը միաժամանակ բազմաթիւ յօդւածներ ունի կուսակցական համարեա բոլոր օրգաններում, Հ. Յ. Դաշնակցութեան գաղափարաբնութեան մասին: