Ի՞նչ է Հայաստան: –Աշխարհագրական անո՞ւն, պատմական աւանդավա՞յր. չէ, այլ անլուր, առասպելական տանջանքների վայր, նահատակութիւնների մի վիթխարի մարմնացումն, որ 95-ից դարձել է եւ ընդ միշտ պիտի մնայ պատմութեան մէջ սինօնիմ, համանիշ այն բոլորի, ինչ հնարել է չարագործ ուղեղը՝ մարդը մարդու ձեռքով տանջելու, մարդը մարդու ձեռքով մարտիրոսացնելու համար...
Հայի հայրենիքը չէ ան, այլ հայի տանջարան...
Իսկ ի՞նչ է ինքը, հայը: Ստրո՞ւկ: Ոչ. – նա կռւեց: Ազատ: Ոչ. – նա շղթայակապ է: Անբախտ: Ոչ. – նա հիացմունք զարթեցրեց: Բախտաւոր: Ոչ. – նա յուսախաբւեց: Ի՞նչ է ուրեմն ան, ի՞նչ եւ նրա վիճակի անունը: - Հայ: Ուրիշ ածական գոյութիւն չունի բառարանների մէջ: Կամ պիտի ստեղծել, կամ երբ հարկաւոր է ցոյց տալ մի ազգ, մի մարդ, մի անհատ, որ ստրուկ է՝ թէեւ արժանի ազատութեան, տանջւած՝ բայց արժանի երջանկութեան, խաբւած՝ բայց արժանի անկեղծ աջակցութեան, շղթայակապ՝ թէեւ պատմութիւնից կոչւած շղթաները փշրելու, – այն ժամանակ գործ ածեցէք մի բառ միայն՝ – հայ: Ուրիշ բառ չկայ: Հայ,– տանջւող մարդն է դա:
Տանջւող մա՜րդ...
Դա է ժամանակակից մտածողի նշանակէտը նրա յոյզերի եւ հոգեկան փոթորիկների նպատակը, սիրած եւ անսահման սիրոյ մէջ՝ ատած առարկան: Մարդասիրութեան տանջանքն է դա: Հին սպարտացու իդէալն էր – կռւել հայրենիքի համար: Նախկին քրիստոնիայի իդէալը – խաչի համար: Ժամանակակից մարդու իդէալը – տանջւողի համար ...
Տանջւող՝ հայրենիքի մէջ, տանջւող հայրենիքից դուրս. տանջւող խաչի համար, տանջւող խաչից հեռու: Այլեւս ոչ մի սահմանագիծ, ոչ մի շրջանակ, ոչ կրօնի, ոչ հայրենիքի: Մարդու համար տրոփող սիրտը այսօր այլեւս սահման չէ ճանաչում. նա բողոքում է ամեն տեղ, ուր բռնութիւն կայ. հնչում է իր ձայնը ամեն տեղ, ուր կարիք կայ. ցասման աղաղակ է բարձրացնում ամեն անգամ, երբ օգնութիւն աղերսող կայ, մի օր Յունաստան, միւս օր Լեհաստան, մի օր Կուբա, միւս օր Տրանսվալ, մի օր Մակեդօնիա, միւս օրը Հայաստան:
Այս ներքին մեծութեան խթանն էր, որ մղեց մեծ Բայրօնին Յունաստան, մեծ Գալիբալդիին Ամերիկա, Լաֆայէտին Միացեալ-նահանգները. այդ ոգին էր, որ մի խումբ քաջեր մղեց Թեսալիա՝ Չիպրիանիի ձեռքի տակ, մի այլ խումբ ազատասէրներ Տրանսվալլ՝ Վիլլբուա, Մարիօյի ձեռքի տակ... Դրա մէջն է ժամանակակից մտածողի, գործողի, գրողի գաղափարական մեծութիւնը, նրա ուժը, նրա հրապոյրը, ինչպէս եւ, աւա՜ղ, նրա հոգեկան կրկնակի տանջանքը...
Ահա գրողը սեղանի առաջ.– ամբողջ զէնքը՝ մի կտոր թուղթ, մի փոքրիկ գրիչ: Շրջապատող պարզութեան մէջ նրա կուրծքը ներքին փոթորիկի մի շտեմարան է ներկայացնում. նա յուզւած է, ենթակայ աննկարագրելի վշտերի: Լուրերը գուժաբեր են, ծանր, յուզող:
Դիտում է նա, ինչպէս արծիւը ծերպի վրայից, տանջւող, հալածական, թշւառ մարդուն ամէն տեղ, բոլոր անկիւններում. – եւ այն ձորերում, ուր կատարւեց կոտորածների կլասիք ողբերգութիւնը, եւ ա՛յն լեռներիտակ, ուր հելլէն դիցաբանութիւնը շղթայեց Պրօմէթէօսը. այն վեհանուն վայրերում,ո ւր Պերիկլէսների եւ Դեմօսթէնէսների հայրենի ստեղծագործութիւնը զոհ տրւեց փաշաների տիրապետութեան. Կղզիների շուրջը, ուր «վայրենի» Ագվենալդօ ազատութեան երգեր հիւսեց իր ժողովրդի վշտերից. սրբազան Գանգէսի ափին, ուր դեռ սաւառնում է Բրահմայի վարդապետութեան դարեւոր ոգին. Աֆրիկեան դաշտերում, որտեղ նորագոյն հերոսները նորագոյն Թերմօպէլ ստեղծեցին. Եկեղեցու մէջ, ուր անօգուտ Աստծու անունով ազատ մտքը շարունակուշ է կրել շղթաներ, հիւսւած «սուրբ հայրերի» փափուկ մատներով. գահերի շուրջը, ուր «հայրախնամ» քօղի տակ նոր լուծեր են դնւում ազգերի շլինքին, կոփւած գայիսօնակիր ձեռքերով...
Տարիներ առաջ, հատ հատ, բացառիկ էին «օտար» տանջւողների պաշտպանները. Բայց երէկւան բաժան ուժերը այսօր միմեանց մօտենում, խմբւում են, ամբողջ կազմակերպութիւններ, կուսակցութիւններ են դառնում ընդունակ ղեկավարելու, նոյնիսկ սպառնալու նրանց որոցն փեշակը դարերի ընթացքում միմիայն սպառնալիքն է եղել: Մարդկային տանջանքը, թոյլերի վիշտը, խողխողւողների երկրիրց հնչող աղէխարշ գոչերը միացրին միմեանց անծանօթ, տարբեր ազգերի, տարբեր կրօնների պատկանող հոգիները: Բողոքը այժմ անհատական չէ, այլ խմբական: Դա թշւառների սփոփանքն է. սպառնալիք բռնութեան...
Եւ դրա մի նոր ապացոյցն է այդ օրգանը, «Պրօ Արմէնիա», որ լոյս տեսայ Փարիզ, նւիրւած ահյերի պաշտպանութեան – զարդարւած այնպիսի գրաւիչ անուններով՝ ինչպէս Կլէմանսօ, Անատօլ Ֆրանս, Ժօրէս, Պրեսանսէ, Դը Ռօբէրտի, Ֆերրի, Վանդէրվելդ, Քիառ, որոնց անշուշտ կը գան ձայնակցելու շատ հայասէրներ Լամանշի եւ Հռենոսի միւս ափերից, եւ գուցէ այնպիսի երկիրներից, ուր նահատակ ժողովուրդների աղերսը դեռ ցասման աղաղակներ չէ կորզել անտարբեր բերաններից...:
Կ'անցնեն տարիներ...
Արտասուքի ձորերում – մեր անխախտ հաւատն է դա – կը ցամաքի արեան վերջին կաթիլը, եւ բիբլիական դրախտի փառաբանւած գեղեցկութեան հովիտներում՝ հարաւի չքնաղ արեգկաը սեւ-սեւ դիակների փոխարէն կը գայ լուսաւորելու շինականի կենդանարար աշխատանքը, ազատութեան անթւելի արգասիքները... Եւ այն երջանիկ օրերին, երբ խողխողւած հայերի ազատ որդիքն ու թոռները, դրդւած ներքին բնազդներից, կը դառնան դէպի պատմութիւն, դէպի հայրենի ստրկութեան սեւ օրերը, այն ժամանակ, – հաւատացէք, օտար բերակամներ – այն ժամանակ ձեր անունները կը յիշւեն այն խնկելի անունների հետ, որոնց կրած վիշտը աագայում պարծանք պիտի կոչւի... եւ հպարտ այն հերոսների յիշատակով, որոնք իրենց արիւնը տւեցին հայրենի երկրում ազատութեան ծիլեր բուսցնելու համար՝ հպարտ այն զոհերով, որ ազգային սուգի մէջ անգամ ժպիտ է բերում դառնացած սրտերին, ապագայ հայութիւնը խորին յարգանքով կը յիշի եւ ձեր քաղցր անունները, ձեր գործը, ձեր գրիչը...
Եւ աւելին: Ազատութեան օրերին, հայկական բարձրավանդակի այնպիսի խորշերում, որոնց անունն անգամ առիթ չէք ունեցել լսելու, հայկական նոր սերունդը ձեր անունների հետ միասին բարձրագոչ կը հնչեցնէ եւ այն գաղափարները, որ մենք ձեր միջոցով եւ ձեր հայրենիքից ստացանք – գաղափարներ՝ այժմ հալածական սուլթանի երկրում, – մղելով նրանց դէպի աւելի հեռու, դէպի ասիական խորքերը...
Աւելի մեծ վարձք չկայ գաղափարի մարդու համար:
Եւ այս թող լինի ձեր արժանի վարձքը: