Իր դաժան զնդանից գուցէ վաղուց մա՛հ էր աղաղակում անսիրտ բռնակալութեան այդ եզակի զոհը... եւ ահա՛- ասում են – մահը եկել է ազատարար հրեշտակի պէս վերջ դնելու այդ անօրինակ նահատակութեանը: Կովկասեան թերթերը ծանուցին, որ Կուկունեան մեռել է Օրեօլի բանտում...
Անսահման վիշտ է պատում ձեզ, երբ փորձում էք պատկերացնել չարչարանքի այն զարհուրելի վիճը, ուր նետւած էր հայ անդրանիկ խմբապետը, իր շղթայակիր գոյութեան մանաւանդ երկրորդ շրջանի մէջ: Որքա՜ն դաժան պէտք է լիներ կալանաւորի հոգեկան տանջանքը մասնաւորապէս վերջին տարում, երբ փախուստի անյաջող փորձից յետոյ կրկնապատկւել ու եռապատկւել էին նրան կաշկանդող կապանքները...
Աւելին չենք գրում առ այժմ: Մի օր կը տրւի մանրամասն կենսագրութիւնը այդ բազմատանջ հերոսի, որ հայ յեղափոխական տարեգրութեան մէջ իր եզակի տեղն է բռնելու, իբրեւ չքնաղ մարմնացումն մի արթնացող համայնքի առաջին թօթովանքների, մի ըմբոստացող ժողովրդեան առաջին տենդոտ ու յախուռն թռիչքների:
Հայ սերունդնրեը չեն մոռանայ Կուկունեանին, որ մի օր, հայկական ազատամարտի արշալոյսին, իդէալիստական մի հզօր անհաշիւ յափշտակութեան մէջ գրկեց Պետերբուրգի համալսարանում հայ ըմբոստացման կարմիր դրօշը եւ ապա սլացաւ իր մի բուռն կտրիճների հետ դէպի կովկաս, անցաւ յաղթական փալօրով Արարտեան դաշտից եւ գնում էր ընկերներով զոհւելու սահմանի միւս կողմը, երբ յանկարծ մի այլ ոսոխ ծառացաւ իր ազատարար կարաւանի առջեւ եւ խորտակեց-աւա՜ղ, ընդմիշտ-նրա գեղեցիկ, հերոսական թափը:
Հայ սերունդները կը յիշեն միշտ
Կուկունեանին եւ մոռացութեան ու անտարբերութեան մամուռը երբէք չի բռնի այդ հեռաւոր,
անյայտ ու պաշտելի գերեզմանի շուրջը:
«Դրօշակ» - Յունուար 1914
Թիւ 1 (287)