ՍԱՍՈՒՆԻ կոտորածի բօթաբեր լուրը կայկածի արագութեամբ տարածուեց ամեն տեղ եւ ցնցեց մեզ բոլորիս: Կատարուեց բռնակալ տէրութեան վաղեմի իղձը. Սասունի առիւծները ընկան անհաւասար կռւի մէջ. Սասունը՝ կտրիճների այդ անվեհէր հայրենիքը այժմ աւերուած է եւ ներկայանում է նահատակների մի մեծ գերեզման...
Հայե՛ր, արիւն էիք պահանջում ժողովրդից – նա թափեց. կասկածներ էիք յայտնում նրա կռուելու ընդունակութեան մասին – հերոսութեան անթիւ ապացոյցներ տուեց. խնայում էիք նրանից ձեր օգնութիւնը. եւ նա՝ ամբողջ աշխարհին լսելի արեց իր ձայնը:
Եւրոպան, շահասէր, դիպլոմատ Եւրոպան անգամ վրդովուեց մուսուլմանների կատարած այդ գազանային արիւնհեղութիւններից. Եւրոպան նոր գլխի ընկաւ, որ Հայաստանում այժմ կատարվում են «Բուլղարական սարսափները»... Սասունի լեռներում ընկած 5000 ՀԱՅԻ ԴԻԱԿՆԵՐԸ, նոցա արեան հեղեղով ներկուած քարերն ու ապառաժները բողոքում են երկնքին ու արդարութիւն պահանջում: Արդարութի՛ւն... խեղճ նահատակներ... Դուք մեռաք հաւատով, մեռաք ոգեւորուած այն յոյսով, որ ձեր արիւնը գութ կը շարժէ մարդոց սրտերու մէջ. դուք մեռաք, որ ձեր կենդանի մնացած եղբայրների համար արդարութեան վաստակէք: Բայց դուք չը գիտէք, որ աշխարհիս արդարութիւնը սուրն է, հրացանն է, թնդանօթն է:
Հայե՛ր, օգտուելու ենք գոնէ այժմ այս սոսկալի, միեւնոյն ժամանակ եւ խրատական դասից, որ տալիս են մեզ բռնակալները. հասկանլո՞ւ ենք վերջապէս, որ Հայաստանում այսօր դէմ առ դէմ կանգնած են երկու թշնամի տարրեր. մի կողմից՝ բռնակալ թիւրքերը իր աւազակ քրդերով ու նիզամներով. միւս կողմից՝ անզէն, անօգնական եւ իր ազատութեան համար նահատակւող հայ ժողովուրդը. մինը վճռել է՝ իսպառ բնաջինջ անել հային, միւսը՝ կռուել մինչեւ վերջը, մինչեւ իր արեան վերջին կաթիլը...
Պատմական հանգամանքների անխուսափելի հոսանքը մղում է մեզ դէպի կռիւ, եւ խաղաղութիւնը մեր եւ տաճիկների մէջ այլեւս անդառնալի է: Այսօր Սասուն, վաղը Մուշ, Վան, Էրզրում, Բաղէշ եւ այլն ոտքի են կանգնելու. ազատութեան կռիւը ընդհանուր է. եւ հրդէհի պէս բռնելու է շուտով ամբողջ Հայաստանը: Պատրաստուենք, հայե՛ր, այս մեծ եւ փառաւոր կռւի համար. մտնենք այդ կռուի մէջ, առնենք մեզ վրայ նրա բոլոր ծանրութիւնը, չի վհատենք, չը թուլանանք:
Գրգոների, Շաքէների եւ այլ հազարաւոր նահատակների ոգիները սաւառնում են մեզ վերայ եւ յորդորում են մեզ նոյնքան սիրել, պաշտպանել անբաղդ հային, որքան իրենք են սիրել:
Մե՛նք, հայ յեղափոխականներս՝ տեսնելով մեր եղբայրների նահատակութիւնը, նախանձում ենք նրանց փառքին, ափսոսում ենք, որ մենք էլ նրանց հետ չը մեռանք, ափսոսում ենք, որ մեր արիւնը չը կարողացանք խառներ Սասունի հերոսների արեան հետ: Եւ այժմ, որովհետեւ մենք կենդանի ենք, որովհետեւ մենք ընդունակ ենք ըզգալու եւ հասկանալու այդ ամենը, մենք երդվում ենք ամբողջ ազգութեան առաջ, չը խոտորել մեր ճանապարհից, երկաթի կամքով եւ հաստատամտութեամբ յառաջ տանել յեղափոխութեան գործը, մինչեւ որ ամբողջ ժողովուրդը կը միանայ մեզ հետ, մինչեւ որ նա ընդունակ կը լինի ո՛չ միայն զոհվելու, այլ եւ յաղթելով իր թշնամուն...
Սասունի լեռներում ընկած 5000 սուրբ նահատակները թո՛ղ վկայ լինեն
մեր այս երդմանը:
Վրիժու կրակը երբէք չէ մարելու մեր մէջ...
«Հ.Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ»
1894, 15 Նոյեմբերի
Վիէննա
«Դրօշակ» Նոյեմբեր 1894
Թիւ 13