14 July, 2025

Արծւաբոյն Բաշգեառնիի Յեղափոխական Դարբինը՝ Ղազար Քոչարեան

Բաշգեառնեցի Խմբապետ Ղազար Քոչարեանի քառասնօրեակի առթիւ

Քառասուն օր առաջ հողին յանձնեցինք երախտաւոր խմբապետ՝ Բաշգեառնեցի Ղազար Քոչարեանի աճիւնը: Իր հայրենասէր հօր՝ բաշգեառնեցիներից մեծապէս սիրւած, Ամիի խորը շնչի ու ոգորումների տակ հասակ քաշած, Բաշգեառն իբերդի հինաւուրց, հերոսական աւանդներով սնւած ու ոգեւպնդւած՝ հրապարակ եկաւ իբրեւ յեղափոխութեան երդւեալ մշակ, իրենց գիւղի արի ու զոհաբերող երիտասարդութեան հոգեկան խռովքն ու մտորումները ձեւակերպելու եւ ընթացք տալու:

Ինքը մնաց թագնւած գիւղական համեստ խանութպանի անւան տակ, սակայն լուռ, անխոնջ աշխատանքով դարձաւ արծւաբոյն Բաշգեառնիի պատանեկութեան, երիտասարդութեան յեղափոխական դարբինը: Իր բնութագրով յախուռն էր ու խստապահանջ: Բովանդակ աշխարհը սիրելի Ղազարի մտահորիզոնում պատկերանում էր Դաշնակցութեան յարկով, գորով ու գաղափարաբանութեամբ: Անզիջող էր բոլոր նրանց նկատմամբ, ազգական, բարեկամ լինէր թէ անծանօթ, որոնք նրա պատկերացրած այս աշխարհից շեղում էին կատարում բանիւ կամ գործով: Այդպիսի դէպքերում դառնում էր համակ ցասում, համակ բողոք ու տառապանք: Նրա մաքուր, ազնւական հոգին հաշտւել չէր կարող այն մտքի հետ, թէ Դաշնակցութեան յարկից, գործից ու գաղափարաբանութիւնից դուրս գոյութիւն ունեն Հայոց աշխարհի ու ժողովրդի պաշտամունքի հետ կապւող ուրիշ սրբութիւններ: Այս պատճառով էլ Դաշնակցութիւնը Ղազարի համար ոչ միայն ազգային սրբութիւնների մի դպրոց էր, այլ նաեւ անսպառ ներշնչարան վեհագոյն գաղափարների, որոնք հայ մարդուն զինում են սնուցում ազգին ու հայրենիքին ծառայելու բոլորանւէր զգացումներով: Ինքն էլ իր ամբողջ կեանքում՝ իր զոհաբերութեամբ ու գործով կենդանի օրինակը, խոնարհ սպասաւորը դարձաւ այս ըմբռնումի ու գաղափարաբանութեան:

Թէեւ գիւղական հասարակ խանութպանի քղամիդով հրապարակ եղաւ, սակայն իր բովանդակ կեանքում ատեց նիւթն ու հարստութիւնը: Կուսակցութեան ու նրա միջոցով ազգային ծառայելու ձգտումը մնաց մշտապէս Ղազարի հոգու, մտքի ու գործի մէջ իբրեւ վեհագոյն պատգամը թէ մարդու եւ թէ իր արգասաւոր կեանքի ու նւիրումի համար:

Իր մէկ ոտքը Բաշգեառնի էր, մի ոտքը՝ Երեւան, ականջը շարունակ ձայնի էր, թէ երկիր անցնող մարտական խմբեր կա՞ն, որ անմիջապէս միանար՝ Զուլումի աշխարհն անցնելու: Հայ կեանքն արդէն այդ օրերին արտակարգ խանդավառութեան, ոգեկոչումի յոյզերով էր փոթորկւած, ապտանի, երիտասարդ ու ծեր երկիր անցնելու, տառապող եղբայրներին ձեռք կարկառելու, օգնութեան հասնելու սրբազան պոռթկումներով գերւած, յարմար առիթ էին փնտռում իրենց հոգեկան փոթորիկներին յագուրդ տալու: Եւ այդ հաւատաւորներից մէկն էր նաեւ սիրելի Ղազարը: Ու երբ նրան լուր հասաւ՝ թէ Գայլ Վահանի ու Միհրանի խմբապետութեան Մոսուն եւ Զոր են արշաւելու երկու խմբեր հարիւր հոգուց կազմւած:

Նա անմիջապէս իր հետ վերցրեց իր շնչով ու գաղափարներով տոգորւած յեղափոխական խիզախ սաներին՝ բաշգեառնեցիներ՝ Մարտիրոս Աբրահամեանին, Խնկոյին, Սմբատին ու Արտուշին (իր եղբօր որդին), որոնք հազիւ 17-19 տարեկան էին, ու հռչակւած իբրեւ յեղափոխական խենթեր իրենց գիւղի երիտասարդութեան մէջ, որոնք բոլորն էլ ապագային դարձան մեր կազմակերպութեան աչքառու մարտինկերն ու խմբապետները: Երեւան հասնելուն պէս, դիմեց ու ընդունւեց իր աշակերտների հետ Միհրանի ւո Գայլ Վահանի խմբերում: Երկու խումբը մեկնեց ու հասաւ Մոսունի եւ Զորի բարձրունքներին. Խմբաոետների, տասնապետների զինւորական խորհրդակցութիւն տեղի ունեցաւ՝ երկու խմբի արշաւանքի ծրագիրը կազմելու: Մեր աննման Ղազարը տասնապետ էր եւ Գայլ Վահանի խմբի թիկունքը ապահովող պատասխանատու աշխատանքին պիտի նւիրւէր: Խորապէս յուզիչ է խմբերի բաժանման վայրկեանը, ամենից յուզւած տասնապետն է մանաւանդ Ղազարը: Նա հայրական խնդրանքով դիմում է խմբապետ Միհրանին, որ իր տասնեակի չորս պատանի մարտիկներին, Մարտիրոսին, Խնկոյին, Արտուշին եւ Սմբատին չնետեն այդպիսի պատասխանատու կռիւների մէջ, որ անտեղի զոհեր չդառնան, ուստի առաջարկում է նրանց յանձնել խմբի դրօշակը եւ իբրեւ դրօշակակիրներ տեղ որոշել նրանց համար լեռան բարձրունքում: Առաջարկը ընդունւում է եւ Ղազարի տասնեակը լրացւում՝ ուրիշ մարտիկներով:

Մոսունի եւ Զորի արշաւանքը խոշոր ցոյցի եւ վրիժառութեան լաւագոյն նշանակը դարձաւ, հայ անվեհեր հայդուկների հարւածների տակ: Դիտապաստ ընկան թրքական սահմանապահ զօրամասի խոշոր մասը եւ քրդական աշիրեթի առաջնորդն ու իր ձիաւոր զօրամասի անդամների մեծամասնութիւնը: Գայլ Վահանի խումբը՝ 40 հոգի շրջապատւեցին ու հերոսական մահով նահատակւեցին, իսկ Միհրանի խումբը կռւելով նահանջեց ու անցաւ ռուսական սահմանը: Այդ նահանջողների մէջն էր նաեւ մեր անզուգական Ղազարը: (Հեղինակի տեղեկութիւնները շփոթութիւն կը կրեն. Մօսուն եւ Զօրի արշաւանքի նահատակներուն ընդահնուր թիւը 31 է. 16 հոգի Գայլ Վահանի «Արտաւազդ» եւ 15 հոգի Միհրանի «Մասիս» խումբէն)

Զորի եւ Մոսունի արշաւանքից յետոյ էլ, Ղազարը հանգիստ չունեցաւ. միշտ պատրաստ եւ ունկնդիր Դաշնակցութեան հրահանգներին:

Սկսւեցին հայ-թրքական թաթարական ընդհարումները Կովկասի համարեայ բոլոր շրջաններում: Ռուս դաւադիր կառավարութեան թելադրութեամբ ու մղումով, թրքական մոլեգնած ամբոխները նոյն կառավարութեան տրամադրած զէնքերով զինւած, անխնայ յարձակումներ եւ կոտորածներ ձեռնարկեցին հայ անպաշտպան ու անակնկալի եկած հայութեան դէմ: Ղազարը երբեմն Կոտայքում է իր համագիւղացի մարտիկներով՝ Մարտիրոս, Խնկօ, Արտուշ եւայլն: Նախ Կոտայքի ու Բաշգեառնիի մէջ ընկած թրքական գիւղերն է մաքրում ու կապ հաստատում Երեւանի հետ, ապա իբրեւ Դրոյի օգնական, Կոտայքի ամբողջ շրջանի հայ գիւղերի ինքնապաշտպանութեան խմբերն է կազմում, զինում ու մարտունակ դարձնում: Երբեմն Նիկոլ Դումանի հրամանով անցնում է Գողթն գաւառը, այնտեղի հայութեան մարտական ուժերը կազմակերպելու եւ թրքական յարձակումները արգիլելու: Եւ այսպէս միշտ ոտքի վրայ ու հլու ունկնդիր Հ. Յ. Դ. հրահանգներին: Այդպէս կամաւորական խմբերում, այդպէս Հանրապետութեան օրոք: Ուր հայ ժողովրդի օգնութեան կանչը լսեց, այնտեղ ուղղւեց իր պաշտած կուսակցութեան ցուցմունքներով ու հրահանգով: Թող հողը թեթեւ լինի վրադ շատ սիրելի Ղազար:

Եր. Հայրապետեան
«Ալիք», Թեհրան
ԼԴ. Տարի, Թիւ 189 (7848)