07 April, 2022

Փա՜ռք Վասպուրականին

Նկարները՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին

Ամօթանքի և արգահատանքի ենթակայ ժողովուրդ էինք, երբ դեռևս սրբազան Յեղափոխութեան հրաշունչ բոցերը չէին փայլատակել Հայոց Աշխարհի լեռ ու ձորերում, քաղաքներում ու շէներում, երբ դեռևս հայ անւանը զուգակցում էին «վախկոտ» եւ «ստրուկ» մակդիրները՝ իբրև բնորոշիչ յատկանիշները դարաւոր բռնակալութեան ներքոյ տառապող ու հիւծւող բազմաչարչար մի հաւաքականութեան:

Յեղափոխութեան փոթորկաշունչ յաղթանակներն էին, որ սրբեցին նւաստութեան և ստորադասութեան այդ արատը հայ ժողովրդի ճակատից, յարգանք պարտադրելով մեր դարաւոր թշնամուն նոյնիսկ...

Մեր նորագոյն պատմութիւնը փառազարդող այդ շքեղ էջերոց է Վասպուրականի Ապրիլեան հերոսամարտը, որ Հայ Յեղափոխութեան հրաշալի յաղթանակը կոթողեց ազատութեան յաւերժական օրրան Վան քաղաքի Այգեստանում, Քաղաքամէջում, Վարագայբ բարձունքներում, դիւցազնական Շատախի անառիկ լեռներում և հայաբնակ բոլոր շրջաններում:

Վան-Վասպուրականի հերոսամարտն ըստ արժանւոյն գնահատելու համար անհրաժեշտ է մտաբերել 1915-ի այն չարաշուք օրերը, երբ մեր ժողովրդի գլխին ճոճում էր Մեծ Եղեռնի մահաբեր մանգաղը, սպանռալով մէկ անգամ ընդմիշտ բնաջնջել ամբողջ հայութիւնը:

Ղեկավարութիւնը գլխատելու նպատակով, դեռևս Մարտի վերջերին և Ապրիլի սկզբին, Շատախում ու Վանում կազմակերպւած դաւադրութիւնները,– որոնց առաջին հերթին զոհ գնացին անմահանուն Իշխանն ու Վռամեանը,– նախզգուշութեան և զգաստութեան ազդարար եղան Վասպուրականի հայութեան համար, հաւաքական ինքնապաշտպանութեան մղելով բոլորին անխտիր, առանց դասակարգի, դաւանանքի և քաղաքական համոզումների տարբերութեան:

Եւ ահա, Վասպուրականի հայութիւնը, թէ՛ Վանում և թէ գաւառներում, մտաւ օրհասական պայքարի մէջ, ըմբոստութեան դրօշ պարզելով դաւադիր թշնամու դէմ:

Ապրիլի 7-ին, Վանի հայկական դիրքերից որոտացին հայ մարտիկների համազարկերը, որոնք տարածւեցին հերոսական Շատախի լեռներում ու Հայոց Ձորում և Փեսանդաշտում ու Վարագում...

Վասպուրականի հայութիւնը վճռել էր ապրել յաղթական կա՛մ մեռնել պատւով. հաւատարիմ իր նախորդների սրբազան պատգամին և ունկնդիր Գարահիսար լերան վրայ ու Ս. Բարդուղիմէոսի բարձունքներում նահատակւած բազմահարիւր երիտասարդների արեան յաւերժական ձայնին:

Եւ Վասպուրականի ժողովրդական խոյանքը պսակւեց յաղթանակով, մէկ անգամ ևս հաստատելով այն ճշմարտութիւնը, որ հայն ընդունակ է ամենադաժան պայմաններում նոյնիսկ ապաւինել զէնքին՝ պաշտպանելու համար իր կեանքը, պատիւն ու ազատութիւնը...

Արդեօք, ի՞նչ պատկեր կունենար Հայոց Աշխարհի քարտէսն այսօր, քաղաքական ի՞նչ դեր կը վիճակւէր մեր ժողովրդին՝ իր հայրենի հողի վրայ, եթէ 1915-ի աղէտաւոր օրերին ընդհանուր ինքնապաշտպանութեան սրբազան հուրը հրդեհւէր հայաբնակ բոլոր նահանգներում, կանխելով Մեծ Եղեռնի ահաւոր չարիքը, որ պատուհասեց մեր ժողովրդին, հարւածելով և բնաւեր դարձնելով նրա մեծագոյն հատւածին:

Դիմադրական ոգու տեսակէտից, ի շարս Սասնոյ, Տարօնի, Շապին Գարահիսարի, Ուրֆայի և Մուսա Լերան ընդվզումների, Վասպուրականի հերոսամարտը բացառիկ տեղ ունի իր ծաւալով, մանաւանդ իր խիստ նշանակալից արդիւնքով:

Վասպուրականի հերոսամարտը իր կազմակերպական կառոյցով ժողովրդի և մասնաւորապէս կուսակցութիւնների միակամութեամբ ու դիմադրական ոգով հանդիսանում է այն պատմարժէք հանգրւանը, որին պիտի յաջորդէին 1918 թ. Արարատեան դաշտում տեղի ունեցած անկախութեան հերոսամարտերը՝ Վանի ինքնապաշտպանութեան ղեկավար Արամի առաջնորդութեամբ և ժողովրդական մարտական ոյժերի գործակցութեամբ:

Փա՜ռք բոլոր նրանց, որոնք մասնակցեցին Վասպուրականի դիւցազնամարտին:

Յարգա՛նք այն հերոսներին, որոնք կերտեցին մեր ազատագրական պայքարի այդ շքեղ և միշտ անմոռաց էջը:

Խմբագրական
«Ալիք», Թեհրան
Ուրբաթ, 7 Մայիս 1954
ԻԴ. Տարի, Թիւ 100 (4871)