Ընկերներ եւ քաղաքացիներ,
Հայաստանի նորից ալեկոծութեան մէջ է:
Տաճիկ փաշաները նորից փորձում
են իրենց գռեհիկ ոտքերի տակ տրորել հայ աշխահրը եւ ֆիզիքական բնաջնջման ենթարկել մեր
աշխատաւոր ժողովուրդը: Ահա քանի օր է Մուսթաֆա Քէմալի զօրքերը յարձակւում են մեր վրայ՝
Մերգէնէկի եւ Սարիղամիշի ճակատներում: Թշնամու գերազանց ոյժերի ճնշման տակ մեր զօրամասերը
յետ են քաշուել՝ ամրանալով նոր դիրքերում, եւ տաճիկների ձեռքն են անցել Փէնտաքն ու
Կարաուրգանը: Հետախուզական տեղեկութիւններից երեւում է որ տաճիկները բաւական ոյժ են
հաւաքել այդ շրջաններում, եւ լուրջ գործողութիւնների նշաններ են ցոյց տալիս:
Ընկերներ եւ քաղացիներ, մենք ամէնքս գիտենք, թէ ի՛նչ նպատակներ ունի փաշաների այս շարժումը: Օգտուելով միջազգային քաղաքական աշխարհում տիրող շփոթից ու մեծ պետութիւնների ներքին տագնպաից, ապահովելով իրենց ռուս բանակի կողմից, տաճիկ յետադիմական փաշաները յարմար առիթ են համարում իրենց համար այնքան ատելի Հայաստանը ոչնչացնելու: Տաճիկ շովինիստները յուսահատական խաղ են խաղում եւ իրենց թշուառ ժողովրդի ու մեռնող հայրենիքի ճակատագիրը թղթի վրայ դնելով՝ վերջին ճիգն են թափում, որպէսզի անհնարին դարձնեն մեր անկախ Հայաստանի երկու հատւածների միացումը: Ի զուր աշխատանք, այդ բանը նրանց չի յաջողուի: Րոպէական յջաողութիւնը Օթիի եւ Կարաուրգանի շրջանում ապացոյց չէ նրանց ոյժին: Այդ ապացոյց է միայն այն բանի, որ հայ գիւղացիութիւնն ամբողջ կլանուած դաշտային աշխատանքով՝ մէկ պահ թուլացրել է ռազմաճակատը: Հայ ժողովուրդը շատ լաւ է հասկանում թէ ի՜նչ են նշանակում տաճկական տիրապետութիւն եւ տաճկական արշաւանք. նա թոյլ չի տայ, որ փաշայական հորդաները առաջ շարժուեն:
Տաճիկների արշաւանք – այդ նշանակում է Հայաստանի գիւղերի եւ աղաքների կատարեալ քայքայում: Տաճկական տիրապետութիւն – հաւասար է հայ ժողովրդի համատարած կոտորածի: Մենք տեսել ենք գազանութիւնները Արեւմտեան Հայաստանում: Տաճաւին թարմ են մեր յիշողութեան մէջ տաճկական վայրագութիւնները Ղարսի, Շիրակի, Արդահանի շրջաններում Տաճիկ փաշաները չեն խնայել հայ ժողովուրդին, չեն խնայի եւ այսօր: Տաճիկ փաշան ու տաճիկ ասկեարը հայի նկատմամբ աւելի վայրենի են, աւելի տմարդի ու դաժան, քան պօշեւիկը: Եւ եթէ հայ զինուորը այնպէս խիզախօրէն կուրծք տուեց պօլշեւիկին, ապա բազմապատիկ ոյժով նա դուրս կու գայ տաճիկ բռնաւորների դէմ:
Ընկերներ եւ քաղաքացիներ, Կարսի շրջանին վրայ սեւ ամպեր են կուտակւում: Ժամ առաջ պէտքէ ցրել նրանց: Տաճիկ զօրքերը պէտք է յետ շպրտւեն: Փաշաները պէտքէ իրենց արժանի պատիժը ստանան: Ինչպէս պօշեւիկեան շարժման օրերին, ամէն դաշնակցական պէտք է նորից իր յեղափոխականի դերի մէջ մտնի: Դէպի գործ, դէպի ճակատ: Դանդաղելը յանցանք է: Պէտք է ստուարացնել զինուորական շարքերը:
Ո՛չ մի դասալիք չպիտի մնայ տանը:
Ո՛չ մի ընդունակ մարդ չպիտի
նստի անգործ: Ամէն ինչ ճակատի համար: Ամէն ճիգ յաղթելու համար: Ամէն ոք կառավարութեան
հետ: Այսօր շարժուեցէք, վաղը ուշ կը լինի:
Տաճիկ փաշաները կամենում են մեզ խեղդել: Թող նրանք մէ՛կ էլ տեսնեն թէ ի՛նչպէս է պաշտպանւում մի յեղափոխական եւ գիտակից ժողովուրդ, որ իր ազատութիւնը արիւնով է ձեռք բերել: Որպէսզի մեր հայրենիքը նորից աւերի ու աւարի չմատնուի, պէտք է ժամ առաջ շարժուիլ դէպի զինուորական շարքերը, դէպի ճակատ:
Հ. Յ. Դ. Բիւրօ
Երեւան, Սեպ. 26
«Հայրենիք» Օրաթերթ
Ուրբաթ, 12 Նոյեմբեր 1920
Թիւ 2597