Նոր ստացայ վերջին տարիների ինձ ամենամեծ վիշտ պատճառող լուրը – բժիշկ Յովսէփ Տէր-Դաւիթեանի մահուան գոյժը:
Քառասունըհինգ տարի շարունակ եղած է իմ ամենամօտիկ, ամենահարազատ, ամենասիրուած եւ ամենայարգուած ընկերը, իմ հասարակական եւ կուսակցական կեանքի մէջ:
Առաջին անգամ նրան տեսայ դեռ դպրոցի մէջ, ուր նա լինելով իմ դասարանից 5-6 տարի աւելի բարձր դասարանում՝ ինձ բնականաբար ներշնչեց խոր յարգանք ու ակնածանք:
Ութ տարի վերջը, 1893ին, երբ մտայ Մոսկուայի համալսարանը, նա արդէն բժշկական ֆակուլտէի աւարտման քննութիւններն էր տալիս:
Նոյն ակնածանքը իր հանդէպ ունեցայ անեւ այնտեղ:
Շուտով նա մեկնեց Կովկաս, այնպէս որ ես մօտիկից հետը մտերմանալու առիթ չունեցայ:
Երբ 1896ին ես եւս մեկնեցի Կովկաս՝ իբրեւ քաղաքական աքսորական՝ եւ մտայ սերտ յարաբերութեան մէջ Քրիստափորի եւ Սիմոնի հետ, Յովսէփին հոն չգտայ. նա պետական բժշկի պաշտօնով գտնւում էէր Դաղստան:
Միայն 1902ին, երբ վերադարձայ Զուիցերիայից Թիֆլիս, նրան – իմ շատ յարգուած եւ շատ սիրուած աւագ ընկերոջս – գտայ արդէն Հ. Յ. Դ. Բիւրոյի անդամի դերում:
Այդ թուականից այս կողմ նա միշտ եղաւ Ռոստոմի հետ, մանաւանդ սկզբնական շրջանին, երբ Քրիստափորն ու Սիմոնը արտասահման էին:
Ռոստոմի յաճախակի բացակայութեան Բիւրոյի բոլոր գործերը նա էր վարում, ինքը մինակը:
Բոլոր գործիչների բերանը Բժշկի անունն էր, բոլորը գործ ունէին նրա հետ, բոլորը հրահանգներ ստանում էին նրանից, բոլոր թղթակցում էին նրա հետ, թէ՛ Երկրից (Տաճկահայաստան), թէ՛ արտասահմանից (Ժընեւ եւ այլն) եւ թէ կովկասեան ներքին մարմիններից:
Առաջին անգամ նրա մօտ տեսայ 20ամեայ երիտասարդ Դրոյին, երբ նա յաջողաբար կատարելով նահանգապետ Նակաշիձէի ահաբեկումը Բագւում, եկել էր նրա մօտ՝ նոր հրահանգներ ստանալու:
Իր կեանքի ամբողջ տեւողութեանը մնաց ամենահաւատաւոր, ամենանուիրուած, ամենայարգուած եւ ամենասիրելի անձնաւորութիւնը ամբողջ Դաշնակցութեան մէջ:
Ահռելիօրէն մեծ է այս կորուստը Դաշնակցութեան եւ ամբողջ հայութեան համար, անդարմանելիօրէն կսկծալի է նրա անհետացումը մեր շարքերից:
Աւագագոյնն էր վերապրող դաշնակցականների մէջ, ազնուագոյնն էր մեր բոլոր գործիչների շարքում:
Համօ Օհանջանեան
17 յուլիս 1946
Շթորա (Լիբանան)
«Ասպարէզ» Օրաթերթ
Կիրակի, Սեպտեմբեր 29, 1946
48-րդ Տարի, Թիւ 10,463