25 October, 2021

Դաշնակցութեան Հայդուկային Խմբի Սարա-Բօղազքեասանի Արիւնահեղ Կռիւը


Փոթորիկը պայթեց: Այդպիսի մեծ, յամառ և արիւնահեղ կռիւ առաջին անգամն է պատահում թուլասիրտ Վասպուրականում: Յիշենք շարժառիթը:

Հոկտ. 12-ին, դեռ կէսօր չեղած՝ Վանի շուկայում մի շշուկ է անցնում. իսկոյն մէկը միւսը ետևից խանութներ գոցում ու կծիկ դնում դէպի Այգեստան – կառավարութիւնը գաղտնի զէնք էր բաժանում թիւրքերին. էլ գաղտնին դարձաւ յայտնի, այժմ ամենքիս աչքի առաջ դադարկւում է կառավարութեան զէնքի պահեստը, զինւում է արագաբար թիւրք խուժանը:

13-ին, սովորականից դուրս զինւած, խմբով համիդիականներ երևացին Վանում այլ կերպարանքով: Նոյն օրը սկսւում է Արծկէի, Արճէշի աւերումն ու կոտորածը: Վանի Այգեստանի պահականոցները կառավարութիւնը դուրս փախցրեց՝ ուր հայերը բազմամարդ էին, թիւրք տուներն էլ հայ թաղերից փախան: Տագնապ, սարսափ է ամեն ուրեք: Շուկան շարունակ գոց, թիւրքերը լցւած են, խուժանը մարթինով է դուրս ներս անում: Հայերը սրբում են հրացանները և սրում իրենց սրերը: Արդեօք ո՞վ ումից է վախենում, դժւար է որոշել:

Այս սարսափի ժամանակ, Վասպուրականի Դաշնակցութեան Կեդրոնական Կօմիտէն անհամբեր սպասում էր հայդուկային մեծ խմբի, որը տարաբախտաբար ուշանում էր: Կեդրոնական Կօմիտէն ի նկատի առնելով ընդհանուր տագնապը, անմիջապէս մի ձիաւոր սուրհանդակ է հանում արտասահման:

Հոկ. 23-ին դուրս է գալիս Դաշնակցութեան ստւար հայդուկային խումբը՝ ծանր կերպով սպառազինւած, այդ թւի վրայ աւելանում են նաև 16 հոգի արմենականներ, որոնք նոյնպէս տեսնելով հայրենիքի վտանգը՝ առաջարկում են միանալ Դաշնակցական խմբի հետ: Այս շարժման աւելի ճիշտ է արշաւանք անւանել:

Խմբի դուրս գալուց երկու օր առաջ, լեռները ձիւնով ծածկւեցան, բայց այդ չէր կարող արգելք լինել հայրենիքի զինւորներին:

Հոկ. 23-ի գիշերը խումբը առանց ընդհարումի անցաւ սահմանագլուխը: Անտանլի էր այդ գիշերւայ սաստիկ ցուրտը. ձիւնն այդ լեռներում կէս արշին հաստութեամբ նստել էր, ճանապարհը բոլորովին փակւած էր: Հայդուկները, անպատմելի, աննկարագրելի նեղութեամբ, ճղում էին ձիւնը, թէև դանդաղ, բայց միշտ յառաջ են շարժւում: Մի քանիսների ձեռք ու ոտքերը ցուրտը տարել էր, ուստի դժւար էր նշանակւած տեղը հասնել: Յառաջընթաց խմբակը՝ 11 հոգուս բաղկացած՝ կէս վերստի չափ հեռի, իր առաջնորդով անշեղ գնում էր, այն ինչ յետին խմբակների մէջ կասկած առաջացաւ՝ թէ ճանապարհը սխալ է: Մինչ այս, մինչ այն, առաջընաթց խումբը անհետացաւ, կարծելով թէ մնացածները հետևում էին իրենց: Այդ ճամբան ճիշտ էր:

Ետ մնացածները, նկատելով միևնոյն ժամանակ, որ շուտով կը լուսանայ, իսկ առաջները Սարան է, դւորս եկան ճամբից և մտան մի փոքրիկ ձորակ ու բարձրանալով՝ ամուր դիրք բռնեցին Ինկիզ-Թափա կոչւած բլրի վրա: Գիշերւայ դժոխային ճանապարհից այն աստիճան ուժասպառ էր դարձել խումբը,ո ր քայլ անգամ չկարողացաւ փոխել, թէև իրեն շատ մօտ լաւ դիրք ունեցող սարեր կային:

Անջատւած խումբը առաջ գնալով՝ Սարայի մօտ ընկնում է բանուկ ճանաարհի վրայ և իր հետքը կորցնելով՝ գրեթէ ցրտահար, պաղած, ձգում է իրեն մի ոչխարի փարախ, որ կիսաւեր և դատարկ էր:

Արևը ծագեց: Ինկիզ-Թափայի հայդուկները սառած ձիան վրայ թափւած՝ բոլորովին թմրել են, ատամները կափ-կափում են ցրտից. նրանց նայելիս՝ կարծում ես շատերն արդէն պաղած, անշնչացած են: Ով գլուխը բարձրացնում, թարմ ձիւնի վրայ թողած հետքը տեսնում՝ ասում էր. «Այսօր մի ցանկալի փոթորիկ պիտի պայթի, բայց ափսոս, որ ոյժ չի մնացած»: Եւ ճիշտ: Ժամը 2-ն էր (եւր. 8), երկու քիւրդ հետքը բռնած, դիտելով, որսի շան պէս հոտ քաշելով, կամաց կամաց զգուշութեամբ մտնում են Ինկիզ-Թափայի ձորակը: Հայդուկ պահապանը դիտակով նկատեց այդ և իմաց տւեց խմբին:

Քիւրդերը մօտենում են նախկին զգուշութեամբ անցնելով մի բլրի քամակ, այնտեղից վիզները հաւի նման բարձր-ցածր անում, և խումբը տեսնելուն պէս, պուկ՝ մօտակայ գիւղը: Հաւա՜ր... հաւա՜ր... Հաւարը փրթաւ, և կայծակի արագութեամբ տարածւեցաւ բոլոր քիւրդ գիւղերն ու Սարա:

Երևացին երկու ձիաւոր և տեսնելով խումբը, երկու անգամ հրացան արձակեցին, որ դարձեալ հաւարի նշան էր: Հաւար են գոռում սարեր, ձորեր, գիւղեր, հաւար զօրքն ու զաֆթիան: Թափւեցին ամեն կողմից համիդիա ձիաւորները. «հա՛, հա՛, հա՛... լաչաղէ ֆըլա՜յ, կաչաղէ ֆըլա՜յ (հայ կաչաղներ), հիմա ձեզ կը կոտորենք, հիմա՛, հիմա՛, ձեզ ջուրի պէս պիտի խմենք», գոռում էին աւազակ համիդիաները. «Ջանֆիդայիլար (անձնւէրներ), էլ ո՞ւր պիտի ազատւէք մեր ձեռքից», գոռում էին անվարտիք զաֆթիաները:

Հայդուկները զէնքի գլուխ կանգնեցին. թմրացծները ցրտահարները սաղացան, մեռածները յարան: Պաղած մարմնի կրակոտ սրտից պատառելով դուրս թռաւ դաշնակցական հայդուկի երգը-«Տո՛ւր ձեռքդ եղբայր» և «Սիփանայ սարեր»: Երկու կողմից կրակ, կարկուտ է թափւում, պայթում ու պայթում են իրար ետևից գնդակները: Պայծառ արև էր: Ծխի անթիւ քուլաները ամպի նման օրօրւելով բարձրանում էին երկինքը: Լէշակեր քիւրդերի ձիաւոր խմբերը հա գալիս են անհատնում: Սար ու դաշտ բռնւեց: Հաւարի եկած էին չորս աշիրաթներ, մլանցիք, թակուրցիք, մուկուրցիք և շամսկցիք: Կէսօր վերջ նրանց թիւը հազարի հասաւ, հինգ հարիւրից մինչև վեց հարիւր ձիաւոր, մանցածը հէտիոտ: Հետզհետէ խումբը երեք կողմից շրջապատւեց: Կէսօրից վերջ կռիւը աւելի սաստակացաւ. հրաշք էին գործում Դաշնակցութեան նոր (Մօսին) հրացանները, որոնք մարթինի մէկ և կէս տարածութիւն են կտրում:

«Ընկա՛ւ, ընկա՛ւ, տղերք ջան, հրէ ձիւոց քիւրդն ընկաւ», բղաւեց մի հայդուկ: «Ահա՛ երկրորդը ձիւոց կախ ընկաւ», գոռաց մի ուրիշ հայդուկ:

«Ընկերնե՛ր, ձեզ մատաղ, որոտաց խմբապետը, խփեցէ՛ք, յաջողւում է մեզ, մեռնենք մինչեւ վերջին ընկերը՝ մեր բազմաչարչար սուրբ հողի վրայ: Զարկեցէ՛ք, թող անընդհատ սուլեն մեր գնդակները: Բայց միայն փաշփուշտների հետ զգոյշ, էլի կռիւ կունենանք...»:

Յանկարծ լսւեց գալարափողի ձայնը: Դա կանոնաւոր զօրքն էր, որ 60-ի չափ բռնել էր խմբի ետևի կողմը և զալպով (միանւագ) կռւում:

Սարայի միրալայը (հազարապետից բարձր) զօրքը հանում է կռւի դաշտը, ապա սարսափած ու փոշմանելով գոռում է՝ «գերի դէօնուն, գերի դէօնուն» (ետ դարձէ՛ք) պու քեաֆիր ջանֆիդէյլար սըզի կռարլար»:

Կէսօրից յետոյ առաջին նահատակն ընկաւ, դա ռշտունցի Ա...ն էր, որ իսկոյն հոգին աւանդեց: «Տւեցի՛նք առաջին նահատակը, ընկերնե՛ր, բղաւեց մէկը... վրէ՜ժ, կրա՛կ, կրա՛կ թափենք թշնամու գլխին, սրբազան օր է այսօր»: Աւելի եռանդով, աւելի կրակոտ որոտում էին հայդուկների հրացանները: Քառասուն հոգուց բաղկացած խումբը հուր էր թափում հազարաւոր թշնամու գլխին:

Ցածրի բլուրը կէսօրից յետոյ վտանգի էենթարկւում: Նշանաւոր կտրիճ Փաշօն մօտ 50 հոգով յանդուգն կերպով յառաջանալով մեր դիրքին, վարպետութեամբ քիչ էր մնում հայդուկներից դիրքից հանէր, սակայն շուտով խմբապետը և մի քանիսը հասնում են, դիրքն ազատում և Փաշօն ընկնում է: Երեկոյեան դէմ մեզնից հետզհետէ ընկան՝ Փանոս, Աբգար, Սալմաստցի Աւետիս և ուրիշներ: Վիրաւորւած էին երեք հոգի: Մութը կոխելով, կռիւն հետզհետէ սկսում էր մեղմանալ: Ինչպէս ասինք, կռիւը վերջանում է ժամ 2-ին (եւր. 8-ին): Այդ օրը յաղթութիւնը կատարեալ մեր կողմն էր: Եթէ ձիւնը չլինէր, մեր յաջողութիւնը քառապատիկ պիտի լինէր: Կռւի դաշտում թողնում ենք վեց նահատակներ:

Հայդուկների վճիակը աւելի անտանելի էր, քան նախկին գիշերը: 10 ժամ ոտի վրայ, յոգնած՝ շարժւելու ճար չկար: Ձիւնից թրչւած շորերը, արևը մայր մտնելիս, ցրտից փայա դարձան: Իսկապէս մեր կորուստը գիշերը ցրտիս շատ եղաւ՝ քան թշնամուց: Թէև կռիւը դադարած, բայց թշնամին դեռ մեզ շրջապատած էր: Մենք խաբս ենք տալիս նրանց. մի մասը կրակ է անում, իսկոյն իր դիրքը փոխելով, դրանով մնացածները աշխատում են իրենց հետքը կորցնել: Պէտք էր շղթան թղել, որ ըստ երևոյթին շատ դժւար էր, որովհետև մեր մէջը քալողներ շատ քիչ կային, մի կերպ քաշ էին գալիս:

Գիշերւայ լռութեան մէջ կրկին պայթեցին հայդուկների գնդակները, թշնամին ժրութեամբ պատասխանում էր, նա դեռ չէր շարժւում իր դրիքից: Րոպէն ծանր էր, մի սխալ քայլ՝ և շատերս կորսւած էինք, ամեն վայրկեան թակարդ կարող ենք ընկնել. իսկ քիւրդը միշտ դարան է լարում և նրա յաջողութիւնը դարանումն է: Երկինքը ամպամած է, այդ մեզ շատ օգտակար է: Ցուրտը զօռում է, սկսում ենք դողալ և ատամներս կրճատացնել: Մենք կրկին հրացան պարպեցինք, այս անգամ աւելի աօրեղ և դիրքը փոխելով: Գիշերն անցնում է, ամեն մէկ րոպէն մեզ համար անգնահատելի է, ահագին ձիւնապատ ճանապարհ կայ մեր առաջ, իսկ մենք չենք կարողանում քալել: Երևոյթը փոխւում է, յուսոյ նշոյլ կայ, կարծես մեզ յաջողւում է շղթան ճղել: Թշնամին կրակ արեց, բայց իր դիրքը փոխած: Նրանք կարծու մեն, թէ մենք ետ պիտի դառնանք դէպի սահմանագլուխը, ուր մեր փրկութիւնը աւելի հաւանական էր: Դարձեալ կրակ և մեր գործողութիւնը, ներկայութիւնը, ցոյց տւինք բռնելիք ճամբայի հակառակ կողմը: Շղթան ճղեցինք, դարանամուտները քաշւած են, մենք քալում ենք: Ահա այստեղ է մեր տւած մեծ կորուստը: Շղթայից անցնելու ժամանակ, ինչպէս և կռւի ժամանակ, մենք խմբակների էին բաժանւած և աշխատում էին իրարից բաւական հեռու մնալ: Իրար կորցրինք, ոմանք ուժասպառ եղած՝ չէին կարողացել հետևել, ընկերներին գտնել, ոմանք ճանապարհ չգիտէին և չակր, միայն երևում էր մաքուր, սպիտակ ձիւն: Նոր ճանապարհ պիտի որոշէր առաջնորդ Պ.-ն լեռ-լեռ, որպէս զի դարանի չհանդիպենք:

Խումբը ցիր ու ցան սկսում է առաջանալ, յետոյ կամաց կամաց մէկ մէկի տնում ենք և ամփոփւում, բայց և այնպէս հոկտ. 26-ի գիշերը 14 հոգի անյայտ մնացին:

Աննկարագրելի նեղութիւններով, ցրտից ընդարմացած, բայց և անպյս գնում էինք: Մի փոքր հանգիստ առինք Մամադ-Ալանի Քռէք կոչւած սարի վրայ ու կրկին շարունակեցինք: Չենք կարողանում շարժւել. ում ոտքերը ցուրտը տարել է, տանջւում է, դա մի սրտամաշ տեսարան է. չենք կարողանում ու գնում ենք: Սրբազան Գաղափարը, հրաւէրը, ահա՛ այն զգացմունքները, որ իրար խառնւելով մեզ քշում է:

Լոյսը բացւե, մենք հասանք Բօղաս-Քեասան, այն գիւղը, որը խորովւած է, որը տւել է յեղափոխութեան ինչ որ ունէր և այսօր աւերակ պիտի դառնար:

Իսկոյն թափւեցինք մեր առաջ պառաւ կանայք և մի քանի խեղճ տղամարդիկ. «ի սէր Աստծոյ, ամա՛ն, շուտով զօրք, քիւրդերը կը գան, գիւղ մի մտնիք, ձեր հետքը բոլորովին յայտնի է, մենք ոչինչ չենք խնայել, բայց այսօր լե՛ռը, լե՛ռը»: Իսկ մինչև լեռը հասնելը 2 ժամ պէտք էր: Մենք շւարած ենք, մի քայլ չենք կարող առաջանալ, այդ անհանր է, ոչ ոտք և ոչ ձեռք կայ: Չլսեցինք, մտանք մի տաք գոմ, խոստանալով մի քիչ տաքանալուց յեոտյ լեռը քաշւել:

Մենք գիւղում երեք տեղ ապաստանեցինք:

Հազիւ մի մի պատառ հաց կերանք, ոտներնիս հանեցինք: Ցրտահար ոտների գուլպաները հանելիս՝ շատերի ոտքի կաշին պլոկւում էր հետը, մի քանիսինն էլ ուռել էր: Ամենքս էլ չորացած, կռացած ծերունիի էինք նմանում, մեր վրայ մարդկային կերպարանք չէր մնացել: Լսեցինք որ գիւղում պառաւներ և մի քանի տղամարդիկ էին մնացել, դրանց թւում և վատանուն Աւետը: Պահապան դրեցինք ու քնեցինք: Նա էլ էր քնացել, մեղաւոր չէր, երկու գիշեր և մի ցերեկ մեր աչքերը չէին փակւել:

Հազիւ ժամ ու կէս քնել էինք, գիւղացիները աղմուկով մեզ զարթեցրին: Նրանք սարսափահար, ձեռները շփմփեցնելով բացականչում էին «վեր կացէ՜ք, քիւրդե՜րը, քիւրդե՜րը շւոտով և զօրքը կը հասնի»:

Մենք հազիւկ արողացանք մեր գուլպաները մի կերպ հագնել: Դուրսը ահագին աղմուկ, իրարանցում է տիրում, լսում էինք վայրենի քիւրդերի խռպոտ կոկորդային ձայները և անվերջ լօ-լօ-ները: Չմոռնանք խոստովանել՝ որ լաւ տաքացել էինք:

Քիւրդերը մեր հետքով գտել էին մեր օթևանը: Չանցած մի քանի վայրկեան, տանիքի ծակերից դընգ-դընգոցը դրին, մենք քաշւեցինք անկիւնները: Պարզ է որ շրջապատւած ենք և դա շատ վտանգաւոր ու աւելի ծանր էր, քան Սարայի կռիւը: Մենք լուռ սպասում ենք, թէ ինչ պիտի անեն: Գոմի դուռըկոտրեց քրդերի սպառնալիքով վերոյիշեալ Աւետը և իբր պատգամաւոր՝ քրդերի պայմաններն յայտնեց: «Զինաթափ եղէք և նրանք ձեզ անվնաս, ազատ կը թողնեն»: Խմբապետը պատասխանեց,– «Գնա՛, հայերին ասա, որ քիւրդերից զատւեն, իսկ թէ մենք ի՛նչ կանենք, այդ մեր գործն է»: Չանցաւ մի քանի րոպէ, քիւրդերն սկսեցին ահագին քանակութեամբ խոտի խուրձեր հեռւից ձգել դրան առաջ, որով գոյացաւ մի դէզ. վերջն էլ վառած խուրձ ձգեցին այդ բոլորի վրայ: Մենք լուռ ենք: Սկսւեց հրդեհը, կոտրւած դուռը այրւում էր, ծուխը քիչ քիչ խեղդում էր մեզ: Պէտք էր դուրս թռչել, բայց ի նկատի ունենալու է, որ քիւրդերը տասնեակներով դուռը բռնած և դուրս ելածին պիտի գլորեն, ուրիշ ելք չկայ: Ինչքան ժամանակաւոր կւոզեաներ կային՝ շիտկւեցան, սրտահար, ուռած ոտքերը սաղացան...

Որոշումը որոշում էր, «դո՛ւրս դո՛ւրս թռչել, կեցցէ՜ հայրենիք, կեցցե՜ն հայդուկներ».. Ամենքի բերնից կրակ է թափւում: Մի ընկեր հրացանով բոցավառ խոտերը դէս ու դէն է անւմ և առաջին խմբապետը դուրս է թռչում բոցերի միջից: Նոյն վայրկենին տասնեակ հրացաններ տրաքւում են խմբապետի և նրա ետևից դուրս եկողների վրայ և ոչ մինը չի բռնում: Կրակ դարձած հայդուկները անվեհեր կերպով հանդիպում են երես երես քրդերի հետ: Այդպիսի մոմենտում քիւրդը չի կանգնի և նրանք սարսափահար փախչում են: Մերոնք ոչխարի նման քշում են դուրս՝ կոտորելով: Քիւրդերից 15 հոգի ընկան, որոնց թւումն էին Միլիազիմ Ջնդին և գեր հազարապետ Շաւէշ: Մերոնցից և ոչ մի հոգի չվնասւեցաւ: Մեզ յաջողւեցաւ խլել վեց հրացան և 8 ձի, որոնց օգնութեամբ անմիջապէս մօտակայ Յաղթագաղ լեռը դիրք բռնեցին մեր մի քանի ընկերները:

Քիւրդերն ուշքի գալով՝ նորից դարձան մեզ վրայ, լեռը բարձրանալու ժամանակ շուտով Հազար գիւղից հասան և 30 սւարի զափթիա, մէկ միլազիմով: 2 ժամ տևեց այդ երբեմն ընդհատւող կռիւը, քրդերից ընկան 3 հոգի և միլիազիմը վիրաւորւած է: Երբ ամենքս անվնաս հասանք լերան գլուխը, կռիւը դադարեց: Այդ գիշեր մեզ յաջողւեց հետքը կորցնել ու անհետանալ: Մենք շատ ուրախացանք, երբ յաջորդ գիշերը հադիպեցինք սահմանագլխում կորած խմբակին (դրանց մէջն էր մեր ընկեր Վազգէնը), որոնք 2 ցերեկ մանլով փարախում, հրաշքով ազատւած էին:

Քիւրդերից սպանւածները 40-50 են հաշւում, մի կողմ թողնելով վիրաւորւածները: Սպանւածների մէջ կան գեր հազարապետ, միլեազիմներ և փոխ-յիսնապետ ու հարիւրապետ համիդիէի:

Կռւից Յետոյ

Մեր կորուստը մեծ եղաւ ո՛չ թէ բուն կռւում, այլ կռւից յետոյ: Հոկտ. 26ի գիղերը կորածներից Դաւիթ, Փանոս II եւ Արսէն ապաստանում են Մամադ-Ալանայ քարում լուսաբացին քիւրդերը սրանց գտնում են և կռւի բռնւում 1 ժամի չափ: Ցրտահար հայդուկներին հազիւ յաջողւում է 1 քիւրդ սպանել, 1 վիրաւորել: 3-ն էլ նահատակւում են:

Վիրաւոր Գարեգինը հազիւ իրան ձգում է Սարա, առաւօտեան սրան ևս գտնում են: Սարայի միրալայը հրապարակում, զօրքի առաջ սպառնալիքներով ստիպում է Գարեգնին ամեն բան խոստովանել, հայդուկը բացարձակապէս մերժում է: Զօրապետը հրամայում և հրացանները միանգամից պարպում են, Գարեգինը ընկնում է: Սարայում ապաստանած մի ուրիշ վիրաւոր ևս սպանում են նոյն օրը:

Փանոս III Սարայի կռւի դաշտում նոյն գիշերը սառչում է: Երիտասարդ Մարտիրոսը ԲՈղազ-Քեասանի կռւից յետոյ գիւղը մնալով, նահատակւում է: 7 հոգի մինչև հիմա անլուր կորուստ են: Մեր բոլոր կորուստը 20 հոգի է, 30 հրացանով և 18 րէվօլվէրով:

«Դրօշակ»
1 Մարտ 1896, Թիւ 7