Այս տարի լրացաւ Քրիստափորի ծննդեան եօթանասնամեակը:
Հ. Յ. Դաշնակցութեան հիմնադիրի, ինչպէս եւ, առհասարակ, հայ յեղափոխականների կեանքը շատ քիչ է ծանօթ մեր հասարակութեան: Հայ յեղափոխականի առաքինութիւնը միշտ եղել է համեստութիւնը. գործել անաղմուկ եւ զոհւել ժողովրդի համար. նրա եսը, անձնական կեանքը մնացել է ծածկւած դրսի աչքերից: Գործի ընթացքում ո՞վ կարող էր մտածել նրա յիշատակի յաւերժացման մասին:
Ի՞նչ գիտենք մենք մեր կուսակցութեան հիմնադիրների կեանքից: Քրիստափորի, Զաւարեանի եւ, մանաւանդ, Ռոստոմի կեանքն ու գործունէութիւնը գրեթէ անյայտ են մեր ընկերների լայն շարքերին, այն ինչ որքա՜ն խրատական, ի՜նչ ուսանելի օրինակներ կան նրանց մէջ. նոր սերնդի դաստիարակութեան ի՜նչ հզօր միջոց է այդ կեանքը: Մանաւանդ, Քրիստափորի կեանքը:
Քրիստափորը ծնւել էր Վերին Ագուլիսում, 1859 թւին: Չքաւոր ծնողների զաւակ էր եւ փոքր հասակից՝ որբ: Մանկութիւնից արդէն ճաշակել էր կեանքի դառնութիւնները:
Գիւղական դպրոցն աւարտելուց յետոյ, նրան յաջողւեց մտնել Թիֆլիսի Ուսուցչական Ճեմարանը, ուր եւ ստացաւ առաջին յեղափոխական մկրտութիւնը: Թիֆլիսում այդ ժամանակ կային հռչակաւոր «Նարոդնայա Վոլեա»-յի միջազգային խմբերը. Քրիստափորը դարձաւ նրանց գործօն անդամը: Պարապում էր ինքնազարգացումով, կարդում էր յեղափոխական գրականութիւնը, ուսումնասիրում էր ընկերվարական պատմութիւնն ու տեսական հարցերը:
Աւարտելուց յետոյ, 1880-ին, գնում է հայրենի գիւղը ուսուցչութեան պաշտօնով: Այստեղ պայմանները ուրիշ էին. Թիֆլիսի «միջազգայնական»-ը հայկական միջավայրում համակւում է ազգային գաղափարներով, եւ երբ 1881-ի ամառը, գալիս է Թիֆլիս, իր հայ ու վրացի ընկերներին առաջարկում է ստեղծել «ազգային կազմակերպութիւններ»: Առաջարկը չի ընդունւում, բայց մի տարի յետոյ, 1882-ին, Թիֆլիսում արդէն առաջ են գալիս ազգային խմբեր «անբախտ հայ ժողովրդի ազգային շահերին նւիրւելու համար»: 1883 թւին Թիֆլիսում գոյութիւն ունէր բաւական գործունեայ մի խումբ, որ ա) պարապում էր ինքնազարգացումով, բ) հրատարակում էր թռուցիկ թերթեր, գ) ընկերներ էր ուղարկում Թիւրքիա ուսումնասիրութեան նպատակով: 1884-ին այս խմբի անդամները «Միութիւն Հայրենասիրաց» կազմակերպութեան անունով սկսում են հրատարակել «Ազատութեան Աւետաբեր» գաղտնի շաբաթաթերթը՝ նւիրւած Թիւրքահայաստանի ազատագրութեան գործին:
Երբ 1884-ի աշնանը Քրիստափորը նորից գալիս է Թիֆլիս, այս կազմակերպութիւնն արդէն սկսել էր քայքայւել: Նա հաւաքում է նրա ընկերները՝ մշեցի բանւորների մի խմբակ եւ մի ամբողջ տարի պարապում է նրանց հետ, սովորեցնում է տարրակ գրագիտութիւն եւ զինավարժութիւն: Այս խմբից դուրս եկան հռչակաւոր Արաբոն, Մարգար վարժապետը եւ ուրիշ յեղափոխականներ:
1895-ի սկզբին ռուս կառավարութիւնը փակեց հայկական դպրոցները – 40 դպրոցի դռներ գոցւեցին, 20,000 աշակերտ եւ 2000 ուսուցիչ փողոց նետւեցին: Քրիստափորը եւ ընկերները այս առթիւ բողոքի թռուցիկ հրատարակեցին, բայց հայ հասարակութիւնը մնաց անշարժ: Զայրոյթի օրը դեռ չէր հասել:
1895 թ. աշնանից մինչեւ 1887 թ. ամառը Քրիստափորը Մոսկւայում է, ազատ ունկնդիր համալսարանում: Այստեղ ամբողջապէս նւիրում է գիտութեան, տեսական խնդիրների ուսումնասիրութեան: Միաժամանակ գործօն մասնակցութիւն ունի հայ ուսանողական կեանքու:մ Մոսկւայի ու Պետրոգրադի այն ժամանակւայ ուսանողութիւնը բաժանւած էր երկու հոսանքի՝ ազատամիտներ կամ «շովինիստներ»: Քրիստափորը պատկանում էր առաջին հոսանքին, ինչպէս եւ յետոյ Սիմօն Զաւարեանն ու Ռոստոմը:
1887-ին Քրիստափորը վերադառնում է Թիֆլիս եւ ոտքով-գլխով նետւում է յեղափոխական-կազմակերպական աշխատանքի մէջ: «Միութիւն Հայրենասիրաց»ը այլեւս չակր: Հարկաւոր էր ամէն բան նորից սկսել: Այստեղ էր եւ Ռոստոմը, որի հետ փորձում են հիմնել գաղտնի տպարան, բայց դրամ չեն կարողանում ճարել: Իրենք էլ հազիւ գոյութիւն էին պահում կոպէկանոց դասերով: Կովկասի հայութիւնը ապրում էր գաղափարական խմորումների օրեր. ամէն տեղ ծնւում էին գաղտնի խմբեր – Թիֆլիս, Երեւան, Բագու, Շուշի եւ այլուր: Ամենքի աչքերը յառած են դէպի սահմանի միւս կողմը. թիւրքահայկական հարցն էր ամենքի զբաղումի առարկան: 1889-ի ձմեռը սկսւում է զգացւել այս խմբերի միութեան եւ ընդհանուր ծրագրի ու կանոնագրի անհրաժեշտութիւնը: Առաջ է գալիս «Երիտասարդ Հայաստան» կազմակերպութիւնը, որ յետոյ ստանում է «Իւժնինոմերայի խմբակ» անունը: Սրա պահանջների հիմքն էր Թիւրքահայաստանի քաղաքական ու տնտեսական ազատութիւնը: 1890-ին այս կազմակերպութեան կողմից Թիւրքահայաստան են գնում Մ. Մարգարեանը եւ Յ. Արղութեանը: Նոյն թւականին տեղի է ունենում եւ Էրզրումի ցոյցը, որ աննկարագրելի խանդավառութիւն է առաջ բերում Կովկասում. «Ձայնը հնչեց Էրզրումի հայոց լեռներից».... Առաջին անգամն էր, որ հայը կազմակերպուած դիմադրում էր թիւրք կառավարութեան. առաջին անգամ էր ազատութեան համար արիւն հոսում: Եւրոպական մամուլն ու դիւանագիտութիւնը ուշադրութիւն դարձրին այս դէպքին: Կովկասը ցնծութեան մէջ էր. Հայաստանի ազատութիւնը համարւում էր մօտալուտ:
Այս դէպքերի տպաւորութեան տակ 1890-ին Թիֆլիսում գումարւում է «Երիտասարդ Հայաստան»-ի զանազան խմբերի եւ Հայաստանից վերադարձած ընկերների մի ընդհանուր ժողով, որի ոգին Քրիստափորն էր: Ծնունդ է առնում Հայ Յեղափոխականների Դաշնակցութիւնը: 1891-ից սկսւում է հրատարակւել «Դրօշակ»-ը, իսկ 1892-ին լոյս է տեսնում Հ. Յ. Դաշնակցութեան անդրանիկ ծրագիրը, որի հեղինակներն էին, գլխաւորապէս, Քրիստափորն ու Զաւարեանը եւ որը հաստատւել էր Հ.3.Դ. Առաջին Ընդհ. Ժողովում, նոյն թւականին:
Դաշնակցութեան առաջին ձեռնարկներից մէկն էր Կուկունեանի խմբի արշաւանքը, որը զոհ գնաց ռուս կառավարութեան վայրագութեան: Ալեքսանդր երրորդի խաւար ռէակցիայի օրերն էին. յեղափոխական շարժումներն արգելւած էին ոչ միայն Ռուսաստանում, այլ եւ սահմանի միւս կողմը: Հայ մտաւորականութիւնն էլ յայտարարւում է անբարեյոյս: Հետզհետէ սկսւում են ձերբակալութիւններ. 1893-ին ձերբակալւում է եւ Քրիստափորը եւ աքսորւում Քիշինեւ, ուր մնաց ամբողջ մի տարի եւ կազմակերպեց «Դրօշակ»-ի հրատարակութեան տեղափոխութիւնը Ռումանիա:
Մի տարի յետոյ վերադառնում է Թիֆլիս եւ 1894 թ. ապրիլից սկսած ստանձնում է «Նովոյէ Օբոզրենիյէ» ազատական թերթի սրբագրիչի պաշտօնը: Իր ամբողջ ազատ ժամանակը նւիրում է Դաշնակցութեան. Զաւարեանի հետ միասին վարում է Արեւելեան Բիւրօի գործերը, մինչ Ռոստոմը Արեւմտեան Բիւրօի մէջ էր եւ խմբագրում էր նաեւ «Դրօշակ»-ը Ժընեւում:
1895-ին, Թիւրքիայում տեղի ունեցող դէպքերի վրա, ռուս կառավարութիւնը Կովկասում դիմեց նոր խստութիւնների: Հոկտ. 24-ին, շատերի հետ, նորից ձերբակալւեց եւ Քրիստափորը ու հինգ ամիս Բագւի բանտում պահւելուց յետոյ, 1896 թ. մարտ 23-ին ազատ թողնւեց 2000ր. Գրաւականով եւ Թիֆլիսից չհեռանալու պայմանով:
1895-96 կոտորածներին յաջորդեցին յուսալքման ու ծանր ռէակցիայի օրեր. հայկական շրջանները ընկճւած՝ քննադատում էին յեղափոխականներին: Եւրոպան անտարբեր էր դէպի թիւրքահայոց հառաչանքները: Խանասորի արշաւանքը որոշ չափով բարձրացրեց հայերի տրամադրութիւնը, բայց վհատութիւնը շատ մեծ էր: Քրիստափորը ծրագրեց անցնել Եւրոպա՝ կազմակերպելու համար արտասահմանեան պրոպագանդը: Հ.Յ.Դ. Երկրորդ Ընդհանուր Ժողովը 1898-ին հաւանութիւն տւեց նրա ծրագրին, եւ 1898 թւի վերջերին ան այլեւս Ժընեւում էր, ուր նրա առաջ բացւում էր գործունէութեան մի նոր ու լայն ասպարէզ:
Ժընեւում Քրիստափորը իր ձեռքն է առնում Արեւմտեան Բիւրօի ղեկավարութիւնը, ինչպէս նաեւ «Դրօշակ»-ի խմբագրութիւնը: Մինչեւ 1899 թ. նոյեմբերի կէսը նրա անմիջական օգնականն է Ա. Վռամեանը: Քրիստափորը հիմքից վերափոխում է եւրոպական պրոպագանդը. Նա ահագին նշանակութիւն էր տալիս դիւանագիտութեան. հայկական հարցի լուծումը համարում էր նրանից կախւած: Յեղափոխական գործունէութիւնը, երկրի ներքին կազմակերպութիւնն ու շարժումները նպատակ պէտք է ունենան պետութիւնների միջամտութիւնը առաջ բերել – այս էր Քրիստափորի հիմնական միտքը, եւ այս մտքի շուրջն էին պտտում նրա յղացած ձեռնարկները: «Ամբոխային Տրամաբանութեան» մէջ նա հետեւեալ ձեւով էր բնորոշում հայկական շարժման նպատակը. «Կազմակերպուած ու բռնի ուժով կռւել, բողոքել Տաճկաստանում տիրող սպանիչ կարգերի դէմ, մինեւ որ վեց պետութիւնների երաշխաւորւած միջամտութեամբ այդ կարգերը դէպի լաւը կը փոխւեն»:
Ա՛յդ նպատակով էր, որ նա գլուխ բերեց կաթողիկոսական պատւիրակութեան առաքումը՝ Լահէի խաղաղութեան վեհաժողովին 1899-ին: Այդ նպատակով էր, որ Եւրոպայի զանազան կենտրոններում ստեղծւում էին հայասիրական կոմիտէներ, ժողովներ էին գումարւում, բանաձեւեր քւէարկւում, դասախօսութիւններ կազմակերպւում, խորհրդարաններում հարցապնդումներ արւում, մամուլի մէջ հայանպաստ յօդւածներ երեւան գալիս, գրքեր էին լոյս տեսնում: Եւրոպական պրոպագանդի գործը վարում էր բժ. Լորիս-Մելիքեանը Քրիստափորի անմիջական հսկողութեան տակ: Այդ նպատակով էր, որ 1900 թ. նոյեմբերին, Պիէռ Քիյեառի խմբագրութեան եւ Անաթոլ Ֆրանսի, Պրէսանսէի, Կլեմանսոյի եւ ուրիշների աշխատակցութեամբ սկսեց լոյս տեսնել Ֆրանսերէն «Պրօ Արմենիան»: Անկարելի է նկարագրել Քրիստափորի ուրախութիւնը, երբ նա ստացաւ «Պրօ Արմենիա»-յի առաջին համարը: Նա շտապեց յայտնել «Պրօ Արմենիա»-յի խմբագրութեան իր անսահման ուրախութիւնը. «Մենք համարեա հարբած էին թերթը ստանալու առաջին օրը, գրում է նա Արեւմ. Բիւրօի կողմից: Մեր ուրախութիւնն այնքան մեծ է եղել, որ թերթը ձեռքներս առնելով առաջին անգամ՝ համբուրել ենք համարը»:
1900-ին «Դրօշակ»-ում սկսան լոյս տեսնել Քրիստափորի «Ամբոխային Տրմաբանութիւն» յօդուածները, որոնք յետոյ ամփոփւեցին առանձին գրքի մէջ: Հրապարակախօսական ո՛չ մի երկ մեզ մօտ այնպիսի ուժեղ տպաւորութիւն չի գործել հասարակական մտքերի վրա, որքան այս գրւածը: Հայ երիտասարդութիւնը յափշտակւած էր նրանով, կարդում էր ագահութեամբ: Եւ, իրօք, հայոց հրապարակագորթւեան մէջ դժւար է ցոյց տալ ուրիշ նոյնարժէք մի գրւածք, թերես միայն Մ. Նալբանդեանի «Երկրագործութիւնը Որպէս Ուղիղ Ճանապարհ»: Բայց Նալբանդեանի աշխատութիւնը «Ամբոխային Տրամաբանութեան» թողած ազդեցութեան մի հարիւրերորդ մասն իսկ չունեցաւ շնորհիւ այն ժամանակւայ հայ հասարակութեան մտաւոր յետամնացութեան եւ, մանաւանդ, գրաքննական պայմանների:
Նոյն 1900-ին լրացաւ Հ. Յ. Դաշնակցութեան տասնամեակը: Ամէն կողմից առաջարկում էին տօնել այդ տարեդարձը, մի տեսակ յօբելեանի վերածել: Քրիստափորը վճռական կերպով հակառակեց: Այդ առթիւ նա գրում էր Ռոստոմին. «Հայկական կեանքի տասնամեայ անցեալը այնքա՜ն տխուր է, որ մեր անելիքները չպէտք է հակասեն այն ընդհանուր սուգին, որի մէջ պէտք է զգան իրենց՝ համայն հայ ժողովրդի հետ, նաեւ յեղափոխական մարմինները»:
Ի՞նչ հանդէս, ի՞նչ յօբելեան. Ի՞նչ իրաւունք ունի հայ գործիչը ուրախանալու, յօբելեաններ կատարելու, երբ համայն ազգը սուգի մէջ է:
1901-ին «Դրօշակ»-ում լոյս տեսան նրա «Պատմական Չարիք»-ը եւ «Հայ-Քրդական Յարաբերութիւնները» յօդւածները, 1903-ին՝ «Կովկասահայ Տագնապը»: Այդ յօդւածները «Ամբոխային Տրամաբանութեան» հետ կազմում են մեր յեղափոխական գրականութեան ամենաշքեղ էջերը:
1904-ին, Հ.Յ.Դ. Երրորդ Ընդհանուր Ժողովը Սոֆիայում գծեց ցուցական գործունէութեան մի մեծ ծրագիր. որոշեց նաեւ սպանել Եըլդիզի ճիւաղին: Այդ գործի ղեկավարութիւնը, իր իսկ պնդումով, ժողովը յանձնեց Քրիստափորին: Եղան մարդիկ, որոնք բուռն կերպով բողոքեցին այդ որոշման դէմ. յանցանք էին հաամրում կուսակութեան ղեկավարին նման վտանգաւոր գործի դնելը: Ընդհանուր Ժողովը, ինչպէս եւ Քրիստափորը ինքը, մնացին անդրդւելի իրենց որոշման վրա:
Իրեն յատուկ թափով ու կազմակերպական տաղանդով Քրիստափորը ձեռնարկեց գործի: Աւաղ, սակայն, նրան վիճակւած չէր այդ գործը հասցնելով իր վախճանին. 1905 թ. մարտ 20-ին, Սոֆիայի մօտ, Վիթոշի լանջին, ռումբի փորձ կատարելու ժամանակ, նա զոհ գնաց պայթիւնի: Նրա հետ ընկաւ եւ իր գործակից երիտասարդ Վռամ Քենդերեանը...
Քրիստափորի մահը մի անփոխարինելի կորուտստ էր Հ.Յ. Դաշնակցութեան համար: Նրա տեղը մինչեւ վերջ էլ մնաց բաց:
Քրիստափորի մահով ծանր կորուստ ունեցաւ եւ, առհասարակ, հայ կենանքն ու մտաւորականութիւնը: Հայկական մտքի զարգացման պատմութեան մէջ Քրիստափորը ամենախոշոր դէմքերից մէկն է Նալբանդեանից եւ Արծրունուց յետոյ:
Քրիստափորի թողած գրական ժառանգութիւնը մեծ չէ քանակով, բայց որակով թանկարժէք: Ինչպէս ասացինք, նրա «Ամբոխային Տրաաբանութիւնը» եզակի երեւոյթ է հայ իրականութեան մէջ: Անհրաժեշտ է անպայման, որ իւրաքանչիւր դաշնացկական, աւելին՝ ամէն հայ մտաւորական կարդայ այդ կուռ տրամաբանութեամբ շաղախւած եւ զարմանալի լաւատեսութեամբ ու հաւատով ներշնչւած գիրքը: Հոյակապ է, մանաւանդ, նրա վերջաւորութիւնը:
«Այո, գրում է Քրիստափորը, անցեալի կորուստները ճնշում, ճմլում են մեր սրտերն ու մտքերը, բայց չնմանւենք Թուղիդիտէսի այն հերոսին, որը կռւի միջոցին փոխանակ իր հակառակորդի հարւածներին դիմադրելու, փոխանակ աշխատելու նրա մարմնի ամենազգայուն կէտերին հարւածներ տեղալու, ձեռքերը սեղմում էր մարմնի այն տեղերին, ուր ընկնում էին հակառակորդի հարւածները: Կասկած չկայ, որ այդ պիսի մի ընթացք մեզ կը տանէր միայն դէպի անպայման կորուստ, այն ինչ՝ յարատեւ կռիւը դեռ շատ բան կարող է խոստանալ մեզ: Եւ ո՞վ գիտէ, թէ ինչ գոյնով պիտի լուսաբանւեն այսօրւայ մեր կորուստները 50-100 տարուց յետոյ, երբ դրան կը կապւեն հետեւողականութեամբ՝ մեր կեանքում տեղի ունենալիք յետագայ երեւոյթների հետ: Ո՞ր ազգը արդեօք – երբեմն ստրուկ, իսկ այժմ ազատ – չէ մոռացել իր կրած զարհուրելի կորուստները: Ո՞րը արդեօք դրանցից կը փոխէր այսօրւայ իր ազատութիւնը նախկին վիճակի հետ եւ անցեալ կեանքի այնպիսի մի ընթացքի հետ, ուր ոչ մի զոհողութիւն, ոչ մի աւերում չլինէր կատարւած:
«Չկայ մարդկութեան
համար աւելի գեղեցիկ յոյս, քան մի ճնշւած ազգի յարութիւն առնելը» - ստիպւած է եղել
խոստովանել նոյնիսկ այնպիսի մի հրէշ, որպիսին էր դիզրայէլի:
Յարատեւ կռիւ – յաճախ եւ երկար ժամանակ գուցէ անյաջող՝ չնայած երբեմն նոյնիսկ իր լայն ծաւալին – ահա թէ ուր է մեր փրկութեան բանալին: Պահպանե՛նք, շարունակենք կռիւը, որպէսզի լայնանայ, ընդարձակւի եւ ընդարձակւելով՝ յարատեւի – ահա դէպի մեր նպատակը տանող միակ ճանապարհը: Չշեղւենք այդ ճանապարհից, որ պատճառների եւ հետեւանքների կապակցութեամբ ունի պատմութեան մէջ հաստատւած օրէնքի ուժ». չշեղւենք այդ միակ ճանապարհից, որ սփռւած է յուսատու ապագային գրաւիչ ծաղիկներով»...