Այն օրւանից, երբ հայ աշխատաւորութիւնը իր դարաւոր քնից արթնանալով, յեղափոխական կռւի ուղին բռնեց. երբ արիւնաներկ սուլթանական ու ցարական բռունցքի դաժան հարւածներից շշմած հայութիւնը առաջին անգամ իր հուժկու բողոքի ձայնը հնչեցրեց. երբ ստրկական շղթաները փշրելով, մաճն ու արօրը թողած հայ շինականը իր ֆիզիքականը պաշտպանելու համար հարկադրուած եղաւ անհաւասար ազատամարտի ուղին բռնելու. երբ ասիական խաւարի մէջ խարխխափող, սոսկալի հալածանքի ենթակայ մեր մի բուռն ժողովուրդը խիզախօրէն «մահ կամ ազատութիւն» սրբազան լոզունքը գրկեց եւ փարած յեղափոխական կարմիր դրօշակին՝ ազատ ապրելու համար իր լաւագոյն զաւակներին դէպի մահ ուղարկեց.- ահա այդ օրւանից, հայ աշխատաւորութեան ազատամարտի առաջին ժամից մութ ու խեղդիչ գործարաններում, հայ շինականի աղքատ խրճիթում, հայ «գրագէտի» նեղլիկ սենեակում սկսեց եփւել ու եռալ, կռել ու կոփւել նրա Ազատագրութեան Մեծ Նահատակների այսուհետեւ սրբազան ու նւիրագործւած գաղափարները, անձնազոհութեան ու համեստութեան, խիզախութեան ու վեհութեան էն գեղեցիկ, էն պանծալի դէմքերը, որոնք այնքան աննկատ ու այնքան անխռով եկան ու կեանք չտեսած՝ դէպի մահ գնացին:
Ստրկական շղթաներից ազատագրւող ժողովուրդներից եւ ոչ մէկը այնքան վեհանձնօրէն ու այնքան խիզախօրէն չի զոհել իր արիւնաներկ Դատին իր ամբողջականի Լաւագոյնը ու երբէք եւ ոչ մի ժողովուրդ այնքա՜ն մոլեռանդ, այնքա՜ն պինդ չի կառչել յեղափոխական կարմիր դրօշին, որպէս փրկութեան միակ ուղղի, որպէս հայ աշխատաւորութիւնը: Գուցէ երբէք եւ ոչ մի նման փոքր ժողովուրդ այնքան անուղղելիօրէն չի ապրել գաղափարի, իդէալի ու վսեմի բարձր երազներով, ինչպէս հայ շինականը:
Տասնեակ տարիներ յեղափոխական դրօշը ձեռին, մահւան դատապարտւած այդ Մեծ Տառապեալը, այսօր արդէն կարծես հասել է իր երազների իրականցմանը, իր ազատագրութեանը: Ու հենց այսօր նա կորցնում է իր Մեծ Երազողին, Մեծ Յեղափոխական Զաւակին:
Այդպէս, միշտ դաժան է լինում կեանքի հեգնանքը...
Այո, դաժան ու ծանր...
Հայ Յեղափոխական Աշխատաւորութեան համար Ռոստոմի մահը անասելի
ծանր, գուցէ եւ անփոխարինելի մի կորուստ է:
Եւ մի գուցէ պահ մը մենք վհատւենք, յուսահատւենք...
Չէ՞ որ այսօր Մահն է յաղթանակողը...
Բայց ի՞նչ է մահը գաղափարի հանդէպ:
Չէ՞ որ Մահուան կարծեցեալ յաղթանակի այս ժամին ՆԱ է, Ռոստոմն է, այդ մարմնացեալ ԳԱՂԱՓԱՐՆ է յաղթանակողը:
Մեծ մարդիկ, մեծ գաղափարները չեն մեռնում, չեն անհետանում այնպէս, ինչպէս չեն կարող մեռնել Ռոստոմներն ու Քրիստափորները, Սերովբներն ու Սիմէօնները, ու նրանց երազների, նրանց գաղափարների մարմնացում Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը:
Կեցցէ՛ Մահը, եթէ նա Ազատութեան արշալոյսն է աւետում:
Կեցցէ՛ Մահը, եթէ նա մարմնացեալ Գաղափար Ռոստոմներին է անմահացնում: