15 October, 2025

Իշխան Յովսէփ Արղութեան. գրեց՝ Ա. Ահարոնեան

Երէկ թաղեցինք նրան, Իշխան Յ. Արղութեանին:

Հայկական ազատագրական պայքարի անձնւէր ու փառապանծ վետերանին, որ գերեզման իջաւ վաղաժամ, ճաշակելով իր ամբասիր ու հարուստ կեանքի բոլոր ազնւական հմայքը եւ մեր ցեղական դաժան ճակատագրի բովանդակ դառնութիւնը:

Ու թաղեցինք նրան հայրենի սիրած հորիզոններից հեռու, Ֆրանսայի մի գիւղական գերեզմանատան մէջ, օտար եւ ցուրտ հողի գրկում:

«Ղարիբ մեռել» եղաւ նա՝ որ իր հայրենի հողը պաշտեց, ու իր կեանքի բոլոր վայրկեանները, իր խիզախ հոգու բոլոր վսեմ տենչերը, իր սրտի թրթիռը, իր կամքի ջլապինդ գալարումները հայոց աշխարհի ազատագրութեան եւ մեր բոլոր ղարիբ ղուրբաթներին ի սպաս դրեց:

Իր ալեծուփ եւ ասպետական կեանքի խոյանքների մէջ հարիւր անգամ կարող էր ընկնել մեր աշխարհի սար ու ձորում, մռայլ լեռնեորւմ, ուր մահն առջեւը ձգած, նա ազատութիւն փնտռեց քառասուն տարի շարունակ:

«Աջից Վարդանը, Ձախից Իշխանը...»

Եւ բաղդն ուզեց, որ Իշխանն էլ «ղարիբ մեռել» դառնայ:

Հայկական ողբերգութեան յեղեղումները ծովի ծփանքներից աւելի մութ խորշեր ունի, անծայրածիր ու անողորմ ծով...

Երէկ թաղեցին Իշխանին:

Աշնանային հովն էր հեկեկում թօշնած ծառերի մէջ իր դաւադիր ցաւը, դեղնած տերեւները ցաւագին խշրտուկով, տրտում ու հնազանդ ընկնում էին տամուկ հողի գիրկը. օդը լի էր արցունքով ու մեր յուղարկաւորների լռութիւնը գերագոյն սպասումի՞ ասեմ, թէ յոյսի խոհականութիւնն ունէր:

Գերեզմանը լայն էր, խորը, մահն իսկ չէր կարողացել Իշխանի կաղնիի իրանը աւերել:

Իր կեանքի երազի պէս հոյակապ էր նա. Հոյակապ մնաց ե՛ւ մահուան ձեռքին:

Թաղեցինք նրան, ու չը լացեցին:

Չէ՞ «մենք շատ ենք լացել...»

Ժամանակն է, որ մեր ակռաների տակ փշրենք մեր կսկիծը, որպէս հատիկը երկանի տակ:

Սուգից ու թաղումներից յոգնած մեր հոգին այլեւս զրնգում է բաղդի հարւածների տակ, որպէս զնդանը կռանի զարկերից:

Եւ յետոյ ինչպէ՞ս լալ մի կեանք, որ այնքան հարուստ եղաւ ու այնքան բարի:

Հովն էր հեծեծում ծառերի մէջ, թօշնած տերեւները մեղմ վմվմոցով ընկնում էին գետին, եւ մենք թաղեցինք Իշխանին գերագոյն սպասումի, գերագոյն յոյսի լուռ խոհերով մեր ճակատները ծանրացած:

Տերեւները կը բացւեն գարնանը վերստին: Իշխանի փառաւոր ու բեղուն կեանքը միթէ՞ կարող է թաղւել առանց ծիլ ու բողբոջի...

* * *

Արղութեանի կեանքը իր սիրած ազգի վերջին քառասուն տարիների կեանքի հարազատ պատկերն եղաւ: Նոյն գաղափարական յանդուգն խոյանքը, նոյն յամառ ու անշեղ խիզախումը եւ նոյն ողբերգական մեծութիւնը պայքարի, որ պիտի յանգէր մեր օրերի անօրինակ մղձաւաջին:

Մեր ազատագրական արիւնոտ յեղյեղումների մէջ շատերն ընկան յոյսի լեցուն սկիհի մէջ իրենց պապակած շրթունքները թրջելով ու ժպտուն. Արղութեանին վիճակւած էր իր ցեղի թշւառութեան բոլոր կսկիծը ճաշակել, դառնութեան բաժակը քամել մինչեւ մրուր, բայց իր հոգու մէջ ծւարած արեւը միշտ անամպ պահել:

Մեր օրերում հաւատով մեռնելը մի առաքելութիւն է, որ հաւասար է հերութեան:

Արղութեան իր տառապող ու յուսացող ցեղի մեծ ուխտին մինչեւ վերջը, մինչեւ իր օրհասը հաւատարիմ մնաց, իր գեղեցիկ կեանքը պսակելով մի ոսկի երազով:

Հիացումի հետ նաեւ խորունկ կարեկցութեան մի զգացում է համակում մարդու հոգին այս սերնդի ճակատագրի առջեւ, որի նմանը գտնելու համար պէտքէ իջնել անցած դարերի խորքը, պրպտել նախնական մարդկանց լեգենդական գոյութիւնների գաղտնիքը, ու նրանց մեղքը խորտակող անողոք Fatumի լեզուն վերծանել:

Էպիկական դարերի հսկաների պէս մեր ազատագրական մարտիկները առանց բացառութեան նաեւ անսահմանօրէն թշւառ եղան:

Fatum, fatum! Ուրիշ ինչպէ՞ս բացատրել, հասկանալ, ըմբռնել այն ահաւոր ու անողորմ հակադրութիւնը իրենց կեանքի եւ իտէալի արդարութեան, իրենց սրբազան խոյանքների, իրենց թափած մաքուր արեան, եւ այս դաժան, անլոյս խաւարի որ յանկարծ փոթորկաբեր ամպերի պէս իրենց եւ իրենց ցեղի ճակատին ծանրացաւ:

Այո՛, սքանչացումի հետ մի անհուն խղճահարութեան սարսուռ է պատում մեր էութիւնը այս դիւական հակադրութեան առջեւ, եւ անիրաւութեան անպարփակ մեծութեան առջեւ բանականութիւնը դառնում է ցասումի խելայեղ հրաբուխ:

Ի՛նչպէս չը կարեկցել արդար շինականին, որի արտն է կարկտահար, քրտինքով ցօղւած, երկունքով աճած, ոսկի յոյսերով ծփծփուն, բուլաչիկ արտը:

Ի՛նչպէս չը կարեկցել պարտիզպանին, որի ծառաստանն է խորշակահար, որքան յոյս ու դեղ, որքան երանգ ու բուրմունք մեռած, որքան քրտինք ու վաստակ որքան ճիգ ու տառապանք ախտաւոր հողմերի բերան:

Չարաբաստիկ շինական ու պարտիզպան եղան մեր ազատական մարտիկները, իրենց արիութեան, իրենց էութեան մանաւանդ իրենց արեան լրութիւնը տւին միշտ ու մեռան խորտակւած յոյսերի առջեւ:

Ու մեր ցեղի ու իր ընտիր զաւակների ճակատագրի այս խելայեղ նոյնութիւնը գերազանցում է մարդկային թշւառութեան ամենացնցող էպօսները, որպէս ճիւաղային խաղ մի չար աստծու, որի մէջքը կ'ուզէիր փշրել վիթխարի բռունցքով:

Ի՛նչպէս չը կարեկցել ու պատկառանքով չը խոնարհւել այս մահերի առջեւ, որոնք իրենց անսահման, գրեթէ գերբնական տրագիզմով կը մնան միշտ որպէս մեր կեանքի կուռ իմաստութեան ու գործօն առաքինութեան աղբիւր: 

* * *

Ութսունական թւականների գաղափարական սերունդի զաւակն էր Իշխան Արղութեան, ինչպէս եւ մեր յեղափոխական ամբողջ կաճառը՝ Քրիստափոր, Սիմոն, Ռոստոմ, Դուման, Վարդան:

Նրանց պատանեկութիւնը այն վճիտ ու սրտապարար մթնոլորտը շնչեց, ուր արձանագրում էին յստակօրէն սահմանի միւս կողմից – Թիւրքահայ նահանգներից – բարձրացող աղեխարշ հեծեծանքները:

Այն օրերն էին, երբ Խրիմեան ու Վարժապետեան, մէկը՝ Կ. Պոլսից եւ միւսը Վասպուրականից, իրենց խօսք ու շարժումով գաղափարական կրակ էին մաղում Կովկասահայ երիտաարդութեան գլխին:

Բերլինից դարձող հայ պատուիրակութիւնը 1878ին իրապէս ձեռնունայն, սակայն լոկ իր գոյութեան փաստով խանդավառում էր ազատատենչ երիտասարդութեան, երեւակայութիւնը փոթորկում էր բոլոր զգայուն ու մատաղ սրտերը:

Խրիմեան ու Նարպէյ, Չերազ ու Փափազեան գլուխ ունենալով Ներսէս Վարժապետեանին, դարձել էին առասպելական ու պաշտելի անհատներ դաստիարակւող մատաղ սերնդի համար:

Մ. Չերազի «Ի՞նչ շահեցանք Բերլինի Վեհաժողովին» տետրակը, եւ Խրիմեանի այդ առիթով արտասանած հրապարակական ճառերը բուռն յոյզեր էին յարուցանում ամէն կողմ:

Կ. Պոլսի ազգ. ժողովի նիստերի նկարագրութիւնները «Մշակ» թերթում Հայկակի տաղանդաւոր գրչով, մանաւանդ հարստահարութեանց Յանձնաժողովի զեկոյցները, Ներսէս Պատրիարքի համբաւաւոր թագրիրները Բ. Դրան, եւ իր նոյնքան համբաւաւոր հրաժարականները, իր դիւանագիտական տկարութիւնները, բոլորը, բոլորը ռումբի պէս էին պայթում Կովկասի լաւագոյն հայ մտաւորականութեան շարքերում:

Նոր, անդիմադրելի ու հրապուրիչ մի գաղափար – Թիւրքահայ ժողովուրդի ազատագրումը – հզօր ու յորձանուտ գետը որպէս վարարած, փռւում ու բռնում էր կովկասահայ ամբողջ գիտակից երիտասարդութիւնը:

Յետին շարքն էին մղւում տեղական կեանքի խնդիրները, դպրոց, բարեգործութիւն, թատրոն, գրականութիւն, ժողովրդական տնտեսութիւն. կամ աւելի ճիշտ, դառնում էին ազգային հիմնական գաղափարի շուրջը ինչպէս մոլորակներն արեւի շուրջը: Արդարեւ այդ օրերում քաղաքակրթական ազգային ամէն մի ձեռնարկ կատարւում էր ասես միմիայն թիրւքահայ ազատագրութեան ոգով ու ներշնչումով: Դպրոցներում երգ ու ճառ, Թիւրքաց Հայաստանն էր, թատրոնում նոյնպէս, գրականութիւնը նոյնպէս:

Նահապետի (Հ. Ալիշան) ու Պէշիկթաշլեանի հայրենաշունչ երգերը վերսկսում էին Րաֆֆի, Գ. Քաթիպա, Ծերենց եւ Վարագայ վանքն իր արծիւով ու ճիտերով դառնում էր համազգային ոգու հնոց, ուր ուխտի էին գնում մեր առաջին մարտիկները, եւ ով որ գնում էր ու դառնում, նա այլ եւս սրբացած, լեգենդական անձնաւորութիւն էր, ամենակարող մի տիտան:

Այդ օրերին հայ պահպանողական մամուլն իսկ, հակառակ իր չափաւոր խառնւածքին, ընդհանուր հոսանքի հետ էր գնում: Հայ պահպանողականութեան լաւագոյն ներկայաացուցիչը, Աբգար Յովհաննիսեան, իր «Արձագանքով» բնաւ անմասն չէր սկսւող ազատական շարժման: Բնորոշէ, որ Ներսէս Վարժապետեանի կաթողիկոսական թեկնածութեան ամենաեռանդուն պաշտպանը նոյն Աբգար Յովհաննիսեանն եղաւ: Եւ երբ վախճանւեց Ներսէս Պատրիարքը առանց կաթողիկոսական գահը բարձրանալու «Արձագանքը» համազգային սուգ հռչակեց:

Եւ Րաֆֆին ու Գ. Քաթիպային ձեռքից ձեռք էին խլում երկու հակառակորդ թերթերը, «Մշակ», «Արձագանք»:

Համազգային գաղափարական մի շարժում էր, որ համակել էր արեւմտեան ու արեւելեան հայութեան լաւագոյն տարրերի սիրտն ու հոգին, եւ էլ սահման չէր ճանաչում Արարտից մինչեւ Սիփան ու գրգուռ, Թիֆլիսից, Երեւանից մինչեւ Կ. Պոլիս եւ աւելի հեռուները:

* * * 

Ու այդ գաղափարը յստակ էր ու տիրական:

«Ազատագրումն թուրքաց Հայաստանի»...

Հայ ցեղական հոգին դարաւոր տառապանքից յոգնած՝ ձգձգւում էր ու ոտք ի ելնում:

Անդիմադրելի համյք ունէր շարժումը մանաւանդ՝ գիտակից երիտասարդութեան համար, որ խիտ շարքերով նետւում էր դէպի ասպետական արկածների ճամբան իր կամքի բոլոր առնական թափով:

Իշխան Արղութեան առաջինենրից մէկն եղաւ իդէական այդ դժւարին ճամբին, եւ իննսունական թւականներին կովկասահայ յեղափոխական շարքերի կուռքն եղաւ: Նա ոտքի տակ տւեց, դաւադրական գործունէութիւն կազմակերպելու համար, հայութեան բոլոր մանր ու մեծ կեդրոնները, հրահրեց մարտական ոգին, համհարզներ ու գաղափարակիցներ հաւաքեց ամէն տեղ յեղափոխական ուժեղ անհատականութիւն վեր հանելով:

Այնուհետեւ նա անցնում է սահմանը դէպի Վան ու Վարագ, ուր աշխատում է երկար: Ձերբակալւում է Տրապիզոն, Զաւարեանի հետ, յետոյ աքսոր Ռուսաստան, ապա նորից վերադարձ, նորից յեղափոխական գործունէութիւն, այս անգամ Ատրպատականում, Թաւրիզում:

Զինական խմբերի կազմակերպում, Խանասոր. Կրկին ձերբակալումն, կրկին աքսոր ռուս կառավարութեան հրամանով Ռուսիոյ ցրտաշունչ Սիբիրը, Վոլոգդա. չորս տարի շարունակ: Աքսորից վերադարձ, նոր ձերբակալումն 1908ին, Հ. Յ. Դաշնակցութեան բոլոր աչքի ընկնող վարիչների հետ 2-3 տարի բանտարկութիւն, մինչեւ Պեդրոգրադի քաջածանօթ դատավարութւինը:

Մնացածը յայտնի է. մեր օրերի անցքերին, մեր աչքի առջեւ կատարւած, կամաւորական շարժումներ, ուր Իշխանը, Զ. գնդի պետը, կռիւներ վարեց մինչեւ Ռըւանդուզ, մինչեւ Միացեալ ու Անկախ Հայաստանի ազատագրումը, երբ նա կարգոււմ է դիւանագիտական ներկայացուցիչ Թեհրանում, իր ազատ հայրենիքի:

* * *

Եւ ահա շուրջ քառասուն տարւայ մի հարուստ ու ալեծուփ կեանք, որի խոշոր մասին աննկուն աջակից ու համհարզ եղաւ, իր կինը, Տիկ. Սաթենիկը: Քիչ անգամ արկածալից յեղափոխականին վիճակւում է այդպիսի մարտական ուժեղ նկարագրով ու սիրող ընկերուհի, որ պատրաստ է իր ամուսնու կողքին դժոխքը թեւակոխել: Ատրպատական ու Թաւրիզ, Դերիկի վանք ու Սալմաստ շատ յուշեր ունին պահած այն թիկնաւէտ ու հուժկու տղամարդի, ու նրա վաղաժամ ճերմկած մազերով, գունատ, բայց առոյգ, իմացական դէմքով կնոջ կեանքից – Իշխանի եւ Սաթնիկի: Եւ այնուհետեւ, թէ բանտակւեց Իշխանը, Տիկին Սաթենիկ բանտի դրանն է, մինչեւ որ նա ազատւի, թէ աքսոր է գնում, Տ. Սաթենիկ բռնում է նոյն աքսորի տաժանելի ճամբան, մինչեւ Ռուսիոյ խորքերը, մինչեւ Սիբիր: Եթէ պէտք է քաջալերել մեկնող զինական խմբերին, Տ. Սաթենիկը ամուսնու կողքին է, կամ մինակ անցել է քարոզչութեան:

Անբաժան եղաւ այս կորովի զոյգը կեանքի փշոտ ճամբաներին բոլոր պայմաններում եւ բոլոր հորիզոնների տակ: Զարմանալի չէ, որ Տ. Սաթենիկ իր ամուսնու կողքին էր եւ նրա գերագոյն պայքարին մահու դէմ, որ ութ ամիս տեւեց անընդհատ: Ութ ամիս շարունակ նա իր ամուսնու սրտի զարկերը համարեց գիշեր ու ցերեկ, աչքը անթարթ նրա դէմքին եւ ականջը նրա ձայնին:

Եւ միայն մահը բաժանեց նրանց իրարից...

* * *

Արղութեանի մահով միայն մի հինաւուրց ու խիզախ մարտիկ չէ, որ մահացու խոցւած գլատիատորի պէս քաշւում է մեր ազատագրական արիւնաշաղ կրկէսից:

Այդ մահը որքան կսկծալի է նոյնքան խոհաշատ:

Մի ամբողջ սերունդ է այս, որ անցնում է թողնելով մեզ իր ողբերգական ճակատագրի ծանրութիւնը, որպէս մի թանձր ու դժւարին զրահ, իր կուռ ու շողշողուն հաւատի հրայրքը, իր անկատար ու մեծ ուխտի դիւթական հրապոյրները:

Հսկաների սերունդ է, որ անցնում է ահա մեր կեանքի բոլոր ճամբաներին իր հուժկու կեանքի հետքը ձգելով: Զգո՞ւմ է արդեօք մեր մատաղ սերունդը այս տեսարանի բոլոր վեհութիւնը, մեր ապագայի սրբազան սարսուռը, այն մռայլ ու բեղուն անհանգստութիւնը, որ աղբիւրն է վաղւայ վերածնութեան:

Չը գիտեմ. դժուարին օրեր ենք ապրում:

Մեր գաղափարկաան կառուցւածքի անհնարին փլուզումը իր ցնցող յեղյեղումներով մեր օրերի սերունդների յաջորդական շղթան փշրեց. անդունդ է բացւած մեր երէկի եւ այսօրի մէջ: Մեր աւագ սերունդը, որ ցեղային մեծ անմեղութիւնների քուրմն էր, նաեւ ողջակէզ եղաւ ու յանկարծ չքացաւ մեր հոգեւոր տաճարի աւերակների տակ. մեր մանուկները – վաղւայ երիասարդութիւն – անժամանակ որբացաւ եւ չորս ճամբաների անկիւնում մնացին չար հովերի առջեւ, գլխաբաց, անապաստան ու առանց յենարանի:

Մեր պատմութեան մէջ չեմ յիշում այլ շրջան, երբ անմիջապէս իրար յաջորդող սերունդներ այս աստիճան տարամերժօրէն իրար հակոտնեայ մնան:

Արշալոյսին ճամբայ ընկնողները կորան արդէն եւ մատաղ սերունդը իր աչքերը բացեց վերջալոյսին, առանց վառ ցերեկն ապրելու եւ խելայեղօրէն ցոլքեր է մուրում մայրամուտի բոսոր ամպերից:

Նոր սերունդը ասես, վերջալոյսի պաղ ցոլքերով է տեսնում մեր երէկը եւ մեր այսօրը, վասնզի նա արշալոյս չունեցաւ: Ու այս պատճառով նրան դալուկ են թւում մեր ցեղական արժէքները, դալուկ մեր հերոսական ազատամարտը, դալուկ անգամ այն իդէալը, որի անունով հարիւր հազարներ բախւեցին ու ընկան:

Եւ սակայն, խստասիրտ դատաւորներ չը լինենք. դժբախտ սերունդ եղաւ եւ մեր այսօրւայ երիտասարդութիւնը: Նրա խանձարուրի վրայ մօր օրօրը սգաւոր եղաւ եւ գիտակից շրջանին՝ մեծ եղեռնը ապրեց նա:

Խստասիրտ չը լինենք եւ չը յուսահատւենք նրանից: Նոր սերունդը իր ճամբան է փնտռում ու պիտի գտնի, թշւառ ու անպատիւ են այն ժամանակները, ուր հայրերի զրահը ծանր է գալիս զաւակների իրանին:

Գերեզմանները չեն լռած. կողոպտւած ու խոշտանգւած կեանքը միշտ երկիւղածութեամբ ականջ է դնում մայր հողից բարձրացող շշուկներին:

Չը յուսահատւենք: Արղութեանների մահը նոր կեանքի աղբիւր է եւ նրանց դամբարանների խոհուն լռութիւնը յաւիտենական երգն է ազատութեան, որ չի մարի, չի մարի, քանի չի մարել արեւը երկնքում:

Ա. Ահարոնեան
«Յուսաբեր», Եգիպտոս
Նոր շրջան ԺԱ. Տարի, Թիւ 92