Նկարուած 21 Փետրուար 1941-ին, Թեհրան
Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին
Ծանր է, շատ ծանր մտերիմ ընկերոջ, հարազատի մահւան մասին գրելը: Մահւան դաժանութիւնն զգում ես՝ ի տես ընկերոջդ գերեզմանին, նրա հետ կապւած մտերմիկ պահերի, յուզումների, ապրումների վերյիշումով: Եւ յանկարծ՝ կեանքը թւում է ունայն, անցեալը՝ երազ, որ այլեւս չի կրկնւի:
Ուրախ սրտով եկայ Ամերիկայից, հանդիպելու հարազատներիս եւ ընկերներիս, բայց առաջին իսկ օրից, ընկերոջս՝ Սամսոնի մահւան լուրն առայ:
Մխօի հետ մի քանի կարճատեւ հանդիպումներ ունեցայ. երբ Աբադան պիտի մեկնէի, վերջին գիշերը՝ մարտ 10, վերապահեցի Մխօին: «Քեզնից բան չհասկացանք, ասանկ բա՞ն կ'ըլլայ. թող այդ դասախօսութիւնները, մի նստենք՝ խօսենք»:
Խոստացայ երբ վերադառնամ հարաւից, «մէկ ամբողջ շաբաթ՝ փակ շաբաթ պիտի յայտարարեմ, հարազատներից եւ մտերմիներից հետ անցկացնելու»...
Բայց ճակատագիրը այլ բան էր տնօրինել. Աբադանում առայ իր մահւան բօթը, անմիջապէս մեկնեց Թեհրան, իր դէմքը գէթ վերջին անգամ տեսնելու...
***
Մխօի հետ առաջին անգամ հանդիպեցի 1921-ի տարագրութեան օրերին, Թաւրիզ: Գոհարենց տան վերնայարկում սենեակ ունէին: Յետոյ եղանք միասին՝ Պրագայում (Չեխոսլովակիա), ուր աւելի մտերմացանք, մանաւանդ որ Գոհարը ազգականուհիս էր եւ Մխօն սրահարւած էր իր վրայ, բայց այդ մասին ոչինչ չէինք խօսում:
Մեր երրորդ հանդիպումը եղաւ Պարսկաստանում – Թեհրան: Հ. Յ. Դ. Գերագոյն Մարմինը (Բիւրօն. Դրօշակblog) ընկեր Վարոսի միջոցով, երեք հոգու յանձնարարել էր գնալ Թեհրան եւ վերակազմել կենտրոնական Իրանի մեր կազմակերպութիւնը: Մխօն՝ հարաւային շրջանից (Փերիա,ուր գիւղատնտես էր), Մկրտիչ Խանջեանը – Թեհրանից, եւ ես՝ Թաւրիզից: Ես պիտի ստանձնէի նաեւ «Ալիք»-ի խմբագրութիւնը: Մինչեւ մեր գալը (ուսուցիչ էի Ատրպատականի հայոց Թեմական դպրոցում), գործերը պիտի վարէր ընկեր Երւանդ Հայրապետեանը:
1936 թւի յուլիսին Թաւրիզից Թեհրան փոխադրւեցի եւ Մխօի, Խանջեանի ու Հայրապետեանի հետ սկսեցինք աշխատել:
Վերակազմեցինք շրջանը, միաժամանակ զբաղւելով նաեւ ազգային-հասարակական եւ դպրոցական խնդիրներով: Այն օրերին մեր լեզուն հալածանքի ենթակայ էր, փակւեցին մեր դպրոցները, երկու անգամ բանտարկւեցի կարճ միջոց. ազատւելով շարունակում էինք մեր գործը: Կազմեցի մի «Այբենարան», որ հրատարակեց Կ. Կ.ն, եւ տարիներ շարունակ այդ «Այբենարանօով հայ երեխաները թէ՛ գաւառում եւ թէ՛ Թեհրանում, գրաճանաչ էին դառնում, հայերէնի մասնաւոր դասընթացքներում:
1940 թւին «Ալիք»-ը օրաթերթ դարձրինք, նոր տպարանով եւ նոր շէնքում: Ընկեր Վարոսը եւս Թեհրան էր փոխադրւած եւ գործակցում էինք: Մխօն «Ալիք»-ի բարեզարդման մէջ կարեւոր դեր խաղաց, մանաւանդ որ կոնտրակտոր էր եւ ծանօթութիւնների մեծ շրջանակ ունէր:
«Ալիք»-ը խիստ գրաքննութեան էր ենթակայ այն օրերին. բոլոր յօդւածները բառ առ բառ թարգմանում էինք եւ ուղարկում պետական գրաքննիչին: Որոշ յօդւածներ յետ չէին գալիս, որոշները՝ մեծ կրճատումների էին ենթարկւում: Աշխատում էինք ծանր պայմաններում:
1939-41ին Կենտ. Կ.ի կազմի մէջ էր նաեւ ընկ. Յակոբ Տէր Յակոբեանը, որ ասում էր՝ «Եթէ ուրիշ գործ կատարւած չլինէր, այս «Այբենարան» ամէնէն մեծ գործն է»:
«Ալիք»ը յաջողութիւններ արձանագրեց եւ թիրաժը բարձրացաւ, մեր կազմակերպութիւնը ընդարձակւել եւ զօրացել էր, հակառակ որ ռէժիշը ճնշում էր, եւ Իրանի երկնակամարում վտանգաւոր ամպեր էին կուտակւում, աշխարհի քաղաքական դրութիւնը փոթորկւում էր:
Հալածանքի Օրերը
1941-ին արդէն քաղաքական մթնոլորտը ելեկտրականացած էր. մեր մասին սկսեցին պրովակասիոններ շրջել, կարմիր տարրերի կողմից: Պատերազմը կարող էր մօտենալ Իրանի դռներին:
1940 թւի ամրանը, ընկ. Վարոսի հրաւէրով, սեղմ շրջանակում խորհդակցական ժողով ունեցանք ընկ. Ս. Քոթանջեանի ամառանոցում: Քաղաքական վիճակը վերլուծելով եկանք հետեւեալ եզրակացութեան.
1) Ա. Աշխարհամարտին, թուրք բանակները ներխուժել էին Իրան: Եթէ այս Բ. Աշխարհամարտին եւս մասնակցեն եւ ներխուժեն, դաշնակցական ղեկավարները պիտի մնան մեր ժողովրդի հետ եւ բաժանեն նրան վիճակւած ճակատագիրը:
2) Եթէ կարմիները ներխուժեն, նրանք պիտի հալածեն Դաշն. ղեկավարներին, ուստի եւ այդ ղեկավարները պիտի հեռանան Իրանի հարաւային մասերը, միշտ մնալով լոյալ:
Կարմիրների ներխուժումով, Դաշն. ղեկավարների ներկայութիւնը պիտի վտանգէր իրենց շուրջիններին, ուստի եւ կազմւեց 17 հոգու ցանկ, որոնք անցեալում գործօն հակաբոլշեւիկներ էին եղած: Այդ անւանացանկը չպիտի դրսեւորւէր, պիտի մնար գաղտնի, մինչեւ մեկնումի պահը, խուճապ չառաջացնելու համար:
Այդ ցանկը գաղտնի մնաց մինչեւ վերջ. 1941 թւի Օգոստոս 25-ի գիշերը Իրանում խուճապ առաջացաւ: Հարաւից անգլիական եւ հիւսիսից կարմիր բանակները շարժւեցի դէպի Թեհրան: Իրանցի շատ քաղաքական դէմքերը եւ գործիչներ, օթօներով հեռանում էին դէպի Սպահան: Մենք նորէն խորհդակցութիւն ունեցանք. պարսիկ բարեկամներ խորհուրդ էին տւել հեռանալ Թեհրանից:
Մինչեւ գիշերւայ ժամը 1-ը սպասեցինք, ապա լուր տւինք տասնեօթ ընկերներին: Մի երկուսը քաղաքում չէին, մի երկու հոգի էլ չեկան: Միւսներց մեկնեցինք:
Երեք օր մնացինք Նոր Ջուղա: Եկրորդ օրը Մխօն վերադարձաւ Թեհրան, ապա նորէն եկաւ Ն. Ջուղա եւ վստահեցրեց, որ ոչին չչկայ, ուստի եւ մենք էլ վերադարձանք:
Մեր Նոր-Ջուղա մեկնելուց յետոյ, Թեհրանում պրովոկասիոններ էին տարածել, որ մենք թողինք՝ փախանք. մինչդեռ մեր մեկնումը նախորոշւած էր, 1940 թւին, եւ՝ յարգելի պատճառներով:
Մեր վերադարձից յետոյ սկսւեցին հալածանքները: 1941 թւի դեկտեմբեր 26-ի երեկոյեան ժամը 7-ին առեւանգւեց ընկ. Վարոսը: Յետոյ Գորգանի ճաշմբին, սպանւեց եւ մանգաղով կտրատւեց Նիկոլ Նիկողոսեան, որ մեզ չէր միացել դէպի Նոր Ջուղա մեկնելիս (1941 թ. օգոստոս 25):
Ապա լուր առանց, որ բոլշեւիկները 10 հոգինոց սեւ ցանկ ունէին, դաշնակցական ղեկավարների, որոնց պիտի «լիկւիդացման» ենթարկէին...
Սկսւեց հալածանքը: Նախ Սպահանում ձերբակալւեց ընկ. Խաչիկ Մելքումեանը, 1943 թւի օգոստոսին: Նոյն թւի սեպտեմբերին ձերբակալւեց ընկ. դոքտ. Արտաշէս Բաբալեանը: Նոյն թւի նոյեմբեր 16-ին ձերբակալւեցի ես, Թեհրանում:
Բանտից լուր ուղարկեցի Մխոյին, որ հեռանար Խանջեանի հետ, որովհետեւ փնտռտուքներ էին կատարւում: Մխօն եւ Խանջեանը հեռացան Իրանից եւ խուսափեցին ձերբակալութիւնից:
Բանտարկւել էր նաեւ Վահան Գալստեանը, Թեհրանում, իսկ երբ մեզ Ռէշտ տարան, Թաւրիզում ձերբակալել եւ Ռէշտ էին բերել ընկ. Խաչատուր Գրիգորեանին: Յետոյ առեւանգել տարել էին նաեւ ընկ. Բաղդիկ Մինասեանին:
Ընկ. Լ. Քալանթարեանը անցել էր հարաւ եւ զերծ մնացել հետապնդումից:
Բոլշեւիկեան պրովակասիոնը այնաստիճանի էր հասել, որ ինձ մեղադրում էին Ստալինի դէմ տերոր կազմակերպելու մէջ... Ինձ ձերբակալեցին 1943 թ. նոյ. 16-ին, այսինքն Ստալինի, Ռուզվելթի եւ Չըրչիլի Թեհրան հանդիպելուց 12 օր առաջ:
Ասեմ նաեւ, որ Կարմիր բանակը Իրան եղած օրերին առեւագնւեցին մի քանի վրացիներ, Թեհլեւիում սպանւեց Սարգսեան անունով մի նախկին Էս-Էռ: Թեհրանում սպանւեց Ունանովը: Ազդրբէջանցի թւորքերից (Մուսաֆաթական) առեւանգւեցին եւ սպանւեցին 18 հոգի:
Ահա՛ այս մղձաւանջային մթնոլորտն էր տիրում Իրանում, օտար ոյժերի, բայց մասնաւորապէս կարմիրների տիրակալութեան օրերին:
Մենք բոլորս քայքայւել էինք ֆիզիքապէս եւ նիւթապէս. թէ ինչ տառապանքներ կրեցինք Ռէշտի բանտում, մասնաւորապէս Ռէշտից դուրս գտնւող Կարմի բանակի զինւորական բանտում (գաուպաֆախթ), ուր տարել էին Խաչատուր Գրիգորեանին, Վահան Գալստեանին եւ ինձ, նկարագրելն աւելորդ է:
Մխօն եղել էր Հայաստանի Հանրապետութեան մէջ ուսանողական գվարդիայի անդամ, մասնակցել Փետրւարեան ապստամբութեան, ապա Զանգեզուրում սպարապետ Նժդեհի գործակիցներից էր եղել, յետոյ տարագրւել էր Պարսկաստան: Հաւանաբար՝ վտանգւածներից էր: Մկրտիչ Խանջեանը փախել էր թիւրքական բանակից, յետոյ եղել էր Հայաստանի բանակում սպայ:
Այդ դառն եւ գորշ օրերին էր, որ Մխօն սրտի տկարութիւն ստացաւ: 1943 թւից ի վեր, իր առողջութիւնը տարէց-տարի մաշւեց, բազմաթիւ բռիշկների դիմեց, իր թանկագին կինը՝ Գոհար 17 տարի շարունակ փրկարար հրեշտակի դեր կատարեց եւ Մխօն յաճախ կրնում էր՝ «Ես կնոջս ապրածն եմ, նա է իմ իսկական բժիշկս»:
1943 թւին, երեք հոգով, Մխօն, Ոստանիկը եւ տողերից գորղը, հիմք դրինք մանկական «Նոր Աղբիւր» հրատարակչականի: Գունաւոր, ընտիր նկարներով մանկական գրքեր էինք հրատարակում, հայապահպանման նպատակով: Հրատարակութիւնը յաջողութիւն ունեցաւ. մեկենասներ գտնելու մէջ, մասնաւորապէս, ՄԽօն մեծ դեր կատարեց: Այդ գրքոյկները, թւով 36, կը մնան իբրեւ կոթող մեր մանկական գրականութեան:
Մխօն յատուկ նկարագրի տէր մէկն էր: Նա համարձակ էր, յանդգնութեան հասնելու չափ: Կտորկւ էր ու արագաշարժ, արագ մտածող ու գործող: Ընկերական էր եւ հիւրասէր. իր սեղանը լայնօրէն ու լիառատ՝ բաց էր բոլորի առաջ:
Իր յանդգնութիւնը մասնաւորապէս ակներեւ էր, իր կապալի եւ առեւտրական գործերի մէջ: Լայն չափի վրայ գործող էր, ուստի եւ միլիոնների հետ էր խաղում: Իր տնտեսական վիճակը շատ աւելի բարգաւաճ կը լինէր, եթէ ստիպւած չլինէր, քաղաքական պատճառներով, յաճախ Բէյրութ փոխադրւել ընտանեօք, յետոյ նորէն գալ, նորէն վերադառնալ:
Մխօն քառասուն տարի տարագիր կեանք ունեցաւ, հարազատներից եւ հայրենիքից կարօտ: Բռնակալ իշխանութիւնը մեր հայրենիքի դռները փակ է պահում, մարդկային պատմութեան մէջ աննախընթաց արարքով: Եւ մեր ժողովրդի զաւակները իրենց աչքերը փակում են հեռաւոր հորիզոնների տակ, հայրենազուրկ:
Երբ Ամերիկա էի, նամակագրութիւն ունէի Մխոյի հետ. ամեն նամակի մէջ յորդորում էր յետ գալ, նստէինք ու մեր երբեմնի մտերմի կզրոյցներն ունենայինք: Վերջապէս եկայ եւ հազիւ իրար տեսած՝մ ահն իր ստւերի տակ առաւ իմ սիրելի Մխոյին... մեր զրոյցը կիսատ մնաց մահացող կարապի երգի պէս:
Սիրելի Մխօ, ուրախ սրտով եկայ, բայց պիտի վերադառնամ բեկւած սրտով:
Դաշնակցական ընկերներին պանէթօնը, Թեհրանի Հայոց գերեզմանատան մէջ, ընդարձակւել է շերմաքարերով. այնտեղ հանգչում են, յաւիտենական քնով, իմ լաւ ընկերները, որոնց հետ գործել, տառապել, յուզւել, ուրախացել ու տխրել ենք, յանուն տաօապած ժողովրդի եւ հեռաւոր հայրենիքի:
Փառք ձեր յիշատակին, հայ ժողովրդի անձնւէր զաւակներ: