Թադէոս Թադէոսեան

Նկարուած 21 Փետրուար 1941-ին, Թեհրան
Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին

Քառասուն օր առաջ, խորը ծերութեան տարիքում կարճատեւ հիւանդութիւնից յետոյ, սոյն թւի Ապրիլի 7ին, Նոր-Ջուղայում իր մահկանացուն կնքեց վետերան ընկ. Թադէոս Թադէոսեանը:

Որպէս քառասուն տարի իր մտերիմ գործակիցը, պարտք եմ համարում անդրադառնալ նրա կեանքին ու գործին՝ թէ Մայր Հայրենիքում եւ թէ Իրանում, մասնաւորապէս Նոր-Ջուղայում:

Ընկ. Թադէոս Թադէոսեանը ծնւել է 1881 թ. Սեպտեմբեր 21ին (հին տոմար): Նախնական կրթութիւնն ստացել է Քանաքեռի ծխական դպրոցում, միջնակարգը Երեւանի թեմական դպրոցում եւ բարձրագոյնը Պետրոգրադի գիւղատնտեսական ճեմարանում, որը սակայն չի աւարտել համաշխարհային պատերազմի հետեւանքով: Աւարտել է Ն. Աբրահամեանի հաշւապահական կուրսերը Թիֆլիսում, Հ. Յ. Դաշնակցութեան Թաւրիզի պրոպագանդայի դպրոցը 1923 թւին:

1914 թ. վերջերին երբ պայթում է Ռուս-Տաճկական պատերազմը, Պետրոգրադի հայ ուսանողներից 60 հոգի, որոնց թւում եւ ընկ. Թադէոսը կամաւոր են արձանագրւում: Թիֆլիս վերադարձին Հ. Յ. Դ. Արեւելեան Բիւրօն յանձնարարում է նրան անցնել Երեւան կազմակերպելու Մրգաստանի Կ. Կոմիտէութեան շրջանի զինումն եւ ինքնապաշտպանութիւնը: Այդ աշխատանքը վերջացնելուց յետոյ, նախ մտնում է Իշխանի, ապա Դրոյի գունդը եւ 1915 թ. մեկնում է ճակատ հասնելով մինչեւ Մուշ: Երբ 1916 թւի սկզբներին կամաւորական գնդերը լուծարքի են ենթարկւում, դարձեալ Բիւրոյի յանձնարարութեամբ ստանձնում է կամաւորական գնդերից իրենց ձեռքն անցած ռազմամթերքի գաղտնի պահեստնեիր հսկողութիւնն ու պատասխանատւութիւնը:

Դաշնակցութեան շարքերն է մտել 1900 թւականին, երբ սկզբնական շրջանում մասնակցում է 1003 թ. ամրանը, Եկեղեցական կալւածների գրաւման առթիւ Երեւանի հակապետական ցոյցի կազմակերպմանը, Հայ-Թաթարական ընդհարումներին եւ միեւնոյն ժամանակ զէնք փոխադրելու գործին:

Մրգաստանի Կ. Կոմիտէի յանձնարարութեամբ 1905 թ. ամրանը, կազմակերպում է Քանաքեռի զինւորական զինապահեստից հրացաններ եւ փաշփուշտներ դուրս բերելու գործը:

1906-1913 թ. Քանաքեռի Աբովեան երկդասեան դպրոցում, վարել է աւագ ուսուցչի պաշտօն: Եղել է Երեւանի Թեմական Պատգամաւորական ժողովի անդամ որպէս Կոտայքի պատգամաւոր: 1908-1913 թ. անդամակցել է Մրգաստանի Կ. Կոմիտէին տարիներ շարունակ եւ մասնակցել Կովկասի Ռայոնական ժողովներին՝ 1912 թ. ամրանը Ղարաքիլիսայում, 1912 թ. ամրանը Դիլիջանում եւ 1917 թ. գարնանը Թիֆլիսում:

Անդրկովկասեան Սէյմի ժամանակ եւ այնուհետեւ եղել է Երեւանի գաւառի առաջին գաւառամասի Կոմիսար՝ 1917-1920 թ. եւ միեւնոյն ժամանակ Արամի յանձնարարութեամբ, Կոտայքի ինքնապաշպտանութեան խմբերի լիազօր ղեկավար եւ իր մասնակցութիւնը բերել Սարդարապատի եւ Բաշապարանի ճակատամարտերին:


1920 թւի սկզբներին, ընտրւել է Երեւանի գաւառային ինքնավարութեան վարչութեան անդամ եւ ղեկավարել է Երեւանի գաւառի միլիցիայի եւ ադմինիստրացիայի, հաղորդակցութեան եւ շինարարական բաժինները մինչեւ Հայաստանի խորհրդայնացումը:

Մասնակցել է 1920 թւի Հայ-Թրքական պատերազմին, որպէս Կոտայքի կամաւորական գումարտակի հրամանատար Գայլի Դրունք ճակատում:

Մասնակցել է նաեւ 1921 թ. Փետրուարեան ապստամբութեան, որպէս Կոտայքի փրկութեան կոմիտէի նախագահ, մինչեւ իրենց նահանջը Երեւանից 1921 թ. Ապրիլ 2ը:

Անցնելով Պարսկաստան, Թաւրիզում եղել է տարագիրների Նայիրի կոմիտէի անդամ, ապա 1927 թ. Մայիսին հաստատւել է Նախավկայի վանքում – Արաքսի աջ ափին – եւ ղեկավարել երկրի հետ ունեցած կապի գործը մինչեւ 1930 թ. Մայիս:

Ուսուցչական պամտօնով 1931 թ. Սեպտեմբերին, անցել է Նոր-Ջուղա եւ պաշտօնավարել է հայոց Ազգային երկսեռ դպրոցներում, մինչեւ 1935 թւի ուսումնական տարւայ վերջը, երբ փակւում են Հայոց Ազգային դպրոցները:

Անդամակցել է Հ. Յ. Դ. Նոր Ջուղայի կազմակերպութեանը՝ 1931 թ. հրաւիրւել է կօօպտացիայով եւ ապա ընտրւել մինչեւ 1935 թ. Մարտ: Երկար տարիներ ծառայել է կուսակցական գործունէութեան որպէս Մեկուսի կոմիտէի ներկայացուցիչ, մասնակցելով Իրանի կազմակերպութեան բոլոր խորհրդաժողովներին, նաեւ Բէյրութի 1951 թ. Փետրւարի խորհրդաժողովին եւ Հ. Յ. Դաշնակցութեան ԺԳ, ԺԴ, ԺԵ, ԺԶ, ԺԷ, եւ ԺԸ ընդհանուր ժողովներին:

Նոր-Ջուղայի Հայոց Ազգային եկսեռ դպրոցի բարձր դասարանների աշակերտ-աշակերտուհիներից 1933 թ. կազմում է անկուսակցական «Հայորդի» պատանեկան միութիւն, որի նպատակն էր, պատանեկութեանը տալ հայեցի դաստիարակութիւն եւ պատրաստել Հ. Յ. Դաշնակցութեան շարքերը մտնելու համար:

Ազգային դպրոցները փակւելուց յետոյ, 1935 թ. Մարտ 10-ին «Հայորդի» պատանեկան միութիւնը դարձնում է Հ. Յ. Դ. Նոր Ջուղայի Երիտասարդաց միութիւն, թէ երիտասարդներին կազմակերպելու եւ թէ նրանց միջոցով գիւղական շրջաններում միութիւն ստեղծելու...

Տասնամեակներ շարունակ եղել է «Ալիք» եւ «Յուսաբեր» օրաթերթերի եւ «Համազգային» ընկերութեան հրատարակչականների ներկայացուցիչ, տարածելով նրանց հրատարակութիւնները:

Դպրոցները պետականացւելուց յետոյ էլ, կրօնի եւ հայոց լեզւի դասաւանդութեան համար, Հոգաբարձութեան հրաւէրով, պարապմունքներ է ունենում, տղայոց եւ աղջիկների դպրոցներում...

1952-1956 թ. չորս տարի տեւողութեամբ պարապմունք է ունենում, Հոգաբարձութեան ջանքերով բացւած երեկոյեան դասընթացքներում, որից յետոյ ջղային հիւանդութեան պատճառով հրաժարւում է իր պաշտօնից:

Իրանի Ն. Կ. Մ. Արիամեհր Արքայից Արքայի բարձր կարգադրութեամբ, երբ 1960 թ. վերջերին Սպահանում հիմնւում է Հայագիտական Ամբիոն, 1960-1963 թ. ուսումնական տարիներում պաշտօնավարում է, որպէս հայոց գրականութեան պատմութեան դասախօս, որից յետոյ հրաժարւում է հիւանդութեան պատճառով:

Նրա բովանդակ կեանքը եղաւ համակ նւիրում, հրաժարւելով անձնական կեանքի բոլոր վայելքներից, ամենայն հաւատարմութեամբ ծառայեց հայ ժողովրդին ու իր սիրած կուսակցութեան: Իրեն ստանձնած բոլոր տեսակի պարտականութիւնները կատարեց անթերի եւ ամենայն նւիրւածութեամբ:

Փակեց իր աչքերը հայրենիքի կարօտն իր սրտում: Թաղումը կատարւեց մեծ շուքով եւ գնաց միանալու 375 տարիներ առաջ, Հայաստանից բերւած եւ Նոր-Ջուղայի գերեզմանատնում հանգչող իր միւս հայրենակիցներին, միակ մխիթարութիւնը ունենլով, որ իր գերեզմանի հողը շաղախւեց Հայաստանի բերւած հողով եւ Սեւանի ջրով:

Փառք քո գործին եւ խորը յարգանք քո խնկելի եւ պայծառ յիշատակին, ով դու անձնուրաց եւ անզուգական վետերան ընկեր:

Եսայի Մանսուրեան
«Ալիք», Թեհրան
Շաբաթ, 17 Մայիս, 1975
ԽԵ. Տարի, Թիւ 105 (10, 983)

Comments

Popular posts from this blog

ԱՂԲԻՒՐ. Սերոբ Վարդանեան

Նիկոլը. գրեց՝ Ս. Վրացեան

ՔԵՌԻ ԹԱԴՕ. Յարութիւն Սարգիսեան