06 April, 2023

Գառնիկ (Բիձա) Տէր Թադէոսեան

Նկարները՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին

(Մոխրացած յուշեր) 

Էջմիածնում էի 1915-ի Յունիսին: Վանքի հրապարակում, Տրադի դռան առջեւ մի բազմութիւն էր հաւաքւլ: Վաղարշապատցիները սաստիկ վէճի բռնւել էին ջրի հերթի պատճառով: Երկու հոգի աքլորների պէս փորձում էին իրար վրայ յարձակւել, սակայն կողմերը զսպում էին նրանց: Այդ րոպէին հեռւից երեւաց մի ձիաւոր, որ քառատրոփ քշեց ձին եւ մօտեցաւ ամբոխին:

–Հա... Գառնիկ Բիձէն եկաւ... տեսնենք նա ի՞նչ ա ասում...

–Բիձա՛ ջան, բա՞ ոնց կըլի մեր հալը, մեր բաշղը կրակ ա բռնել, ջրի հերթը մերն ա...

–Սո՛ւս արէք տղերք ջան, ամօթ ա, ո՞ւր էք մէկ-մէկի փորը թափում:

Ասաց Գառնիկ Բիձան եւ վիճող կողմերից հինգական հոգի վերցնելով հեռացաւ՝ նրանց հաշտեցնելու եւ ջրի հարցը լուծելու համար:

Ամբոխը ցրիւ եկաւ:

Գառնիկ Բիձան ժողովրդական դատաւորի եւ հաշտարարի յարգանք էր վայելում գիւղացիների մէջ:

Առաջին անգամն էի տեսնում Գառնիկ Բիձային: Բարձրահասակ էր, լայնաթիկունք, կուրծքը դուրս: Գանկը կլոր, երեսները կարմիր, աչքերը կապոյտ, աշխոյժ, կայտառ եւ առոյգ:

Գլխի մազերը եւ բիբերը ճերմակել էին, տարիքը 50ից անց էր եւ այդ էր պատճառը, որ նրան Բիձա (ծերունի, տարիքաւոր) էին ասում: Հագել էր սպիտակ եւ լայն ու երկար բլուղ, որի վրայ մէջքին՝ կապել էր արծաթեայ գօտին, վզից կախ էր ժամացոյցի շղթան, Գալիֆէ շալվարը եւ երկար ճիտկաւոր (չաքմա) կօշիկները յատուկ փայլ էին տալիս նրա արտաքին տեսքին:

Էջմիածնի վանքի արտերի, այգիների եւ կալւածների հսկիչն էր, որ ամբողջ օր ձի նստած շրջում էր գիւղերը եւ վանապատկան կալւածների եկամուտների հսկողութիւնն էր կատարում: Ինքն էլ Վաղարշապատի գիւղական կուլակներից էր – ունէր այգիներ, արտեր, հարուստ տնտեսութիւն: Գինու մեծ առեւտուր ունէր Կովկսաի եւ Ռուսաստանի հետ: Տունը շէն էր, պահեստները լիք, դուռը՝ բաց, սեղանը՝ բաց, սիրտը՝ բաց: Միշտ ժպիտը դէմքին, ուրախ, տրամադիր՝ խօսում էր բոլորի հետ: «Ջանիկ, ղուրբան, ախպէր ջան» եւ նման քաղցր խօսքեր շռայլում էր ծանօթին եւ անծանօթին:

Էջմիածնի կաշառակեր գաւառապետ գերմանածին եւ հայատեաց  Լեմիրմանին դրամ եւ մթերք էր կերցնում՝ իր կատարած յայտնի եւ անյայտ... գործերը կարգադրելու համար:

Հինգ տարի մնացի Էջմիածնում եւ այս շրջանում՝ կուսակցական եւ հասարակական գործերում՝ միասին աշխատելով՝ կատարելապէս ճանաչեցի նրան:

Գրեթէ կիսագրագէտ էր: Մտել էր Էջմիածնի Ճեմարանը, բայց ուսանողական ըմբոստութեան մասնակցել եւ շատերին ծեծել էր: Պատմում էր հաճոյքով:

Ըմբոստութեան ղեկավարներին տարան Խրիմեան Հայրիկի մօտ եւ պատմեցին մեր կատարած անկարգութիւնները: Ընկերներս գոյները թռցրած, գլուխները ծռած կանգնել էին, իսկ ես համարձակ եւ շեշտակի նայում էի Հայոց Հայրիկի աչքերին: Յանկարծ Հայրիկը խօսքն ինձ ուղղելով խիստ ձայնով հարցրեց.

Տղա՛ անունդ ի՞նչ է, ո՞րտեղացի ես:

Ժպտալով պատասխանեցի.

Անունս Գառնիկ է, վաղարշապատցի...

Հա՛, ծօ անիծեալ, անունդ Գառնիկ է, բայց արարքդ գայլի, իսկ Վաղարշապատն ալ արդէն երկոտանի գայլերու տեղ է...

Բոլորիս հարցաքննեցին: Հեռացանք վեհարանից՝ սպասելով արդիւնքին: Մի քանի օրից յետոյ մեզանից շատերին հեռացրին, իսկ ոմանց էլ ներեցին, վերջացրեց իր խօսքը Գառնիկ Բիձան, որ հեռացւածների մէջն էր եղել:

Հայ ազգային-եկեղեցական կալւածների բռնագրաւման տարին՝ 1903-ին՝ Հ. Յ. Դաշնակցութեան կազմակերպած հակապետական ցոյցերը կազմակերպողներից մէկն է եղել Գառնիկ Բիձան, որ իբր զինւոր եւ տասնապետ մասնակցել է Հայ-թրքական ընդհարումների՝ հայկական ինքնապաշտպանութեան խմբերի մղած կռիւներին՝ Էջմիածնի գաւառում:

Հ. Յ. Դաշնակցութեան Էջմիածնի Շրջանային Կոմիտէի շրջիկ եւ կազմակերպիչ էր Գառնիկ Բիձան, որ շրջում էր գաւառի գիւղերը, կատարում էր կուսակցական աշխատանքներ եւ այլ նման գործեր եւ շաբաթական մի անգամ ներկայ էր լինում Կոմիտէի նիստերին եւ զեկուցում էր տալիս իր կատարած գործերի մասին: Թէեւ ինքն էլ գիւղական կուլակ եւ զոռբա էր, սակայն այլ գիւղերի կուլակներին եւ զոռբաներին կարող էր զսպել, որ գիւղացիներին չճնշեն եւ չկեղեքեն: Գիւղերում յաճախ դատաւորի եւ հաշտարարի դեր էր կատարում եւ կարողանում էր զսպել կաշառակեր ռուս յետին տիպի պաշտօնական եւ հարբեցող ոստիկաններին:

Առաջին մեծ պատերազմի (1914ի ամառ) սկզբից բովանդակ հայութիւնը՝ իր ինքնապաշտպանութեան եւ ապագայ Ազատ Հայաստան ունենալու վառ յոյսերով գործի էր լծւել: Կովկասում սկսւել էր հայ կամաւորական շարժումը: Կազմւեցին հետզհետէ բազմատեսակ ընկերութիւններ եւ միութիւններ:

Ղարաբաղ-Սիւնիքից սկսեալ մինչեւ Պետերբուրգ, Կովկաս, Ատրպատական, Այրարատեան Աշխարհ: Բովանդակ Արեւմտեան Հայաստան եւ մինչեւ իսկ Եւրոպայի եւ Ամերիկայի հայ գաղութները եւ հայութիւնն ամբողջ՝ առանց սեռի եւ յարանւանական խտրութեան 1914-1921 թւերին իջել էր պատերազմի դաշտը եւ կամ թիկունքում եռանդուն աշխատանք էր կատարում: Ռուսական եւ տաճկական բանակներում ունէինք հարիւր հազարաւոր հայ զինւորներ եւ զինւորականներ: Կամաւորական գնդերում՝ կամաւորներ՝ իրենց հրամանատարական եւ խմբապետական կազմերով: Ազգային Բիւրօ, Բարեգործական, Բարեխնամ, Հանգանակիչ մարմիններ եւ այլն, եւ այլն:

Մամուլում եւ կամ այլ առիթներով յաճախ մեռած կամ ողջ անձերին իբր գնահատական կամ ցայտուն գործ ցուցադրող տողեր գրելիս՝ յիշում եմ նաեւ, որ «այսինչի մօտ կամաւոր էր» կամ «իբր կամաւոր մասնակցել այսինչ կռւին կամ ճակատամարտին» եւ այլն: Եթէ այս գծով ընթանանք յիշենք նաեւ, որ Գառնիկ Բիձան էլ 1915-1921-ի թւերին իբր զինւոր, խմբապետ, պարենաւորման մարմնի անդամ եւ այլն իր բոլորանւէր մասնակցութիւնն է բերել Հայաստանի կռիւներին, պատերազմներին՝ իր ժամանակակիցների եւ հասակակից ընկերների հետ գնաց Սարդարաբադի ճակատամարտին (24 մայիս 1914): Այնուհետեւ լծւեց կուսակցական եւ հանրային աշխատանքների՝ Էջմիածնում: Յաջորդ տարի 1919ի գարնան եւ ամռան ինչպէս նաեւ 1920ի ամրան մասնակից եղաւ Հայաստանի ներքին խռովութիւնները զսպող պատժիչ զօրամասերի զինւորական գործողութիւններին եւ այսպէս շարունակ:

Հայաստանի Հանրապետութիւնը իր վերջին օրերն էր ապրում: Եւ վերջապէս 1920 դեկտ. 2-ին Հայաստանի Հանրապետական կառավարութիւնը պաշտօնապէս Հայաստանի իշխանութիւնը յանձնեց հայ բոլշեւիկներին, որոնք առաջին առթիւ իսկ ցոյց տւին իրենց արիւնոտ երախն ու թաթը:

Էջմիածնի բանտում ենք: Առաջին կացարանում (կամերա) իրար կողքի գետնի վրայ նստած ենք 67 հոգի: Իսկ ամբողջ բանտարկեալների թիւը բանտում 824 հոգի: Մեր կացարանի կառավարիչը Գառնիկ Բիձան է, որ միշտ խորհրդակցում է մեր բանտային կոմիտէի անդամների հետ: Երբ յանկարծ մի լրտես, չեկիստ կամ անծանօթ մարդ բերում էին մեր կացարանը՝ Գառնիկ Բիձան բարձր ձայնով կանչում էր.

Տղերք ջան, էն կարճեւանցի հայի կարճ չուխէն ո՞ւմ մօտ մնաց...

Ուզում էր ասել, կարճ կապեցէք խօսքերնիդ, քիչ խօսեցէք, զգոյշ եղէք, նոր մարդ է եկել...

Գիշերները նա ժամերով զբաղեցնում էր բանտարկեալներին՝ անցեալից պատմելով զւարճալի դէպքեր, արկածներ: Խորին յուզումով երգում էր Աշուղ Ջիվանիի «Անի... ջան Անի...» Սեւ Քարեցի Սաքոյի երգը՝ «Սեւ քարիդ ղուրբան, Սաքօ ջան»:

Մի գիշեր երկու դոյլ (վեդրո) հին գինու վրայ գրազ եկան՝ Գառնիկ Բիձան եւ Աշտարակեցի Պարոյր Շահազիզեանը: Մէկը միւսին պիտի հայհոյէր՝ առանց ընտանեկան պարագաների անունները տալու: Յաղթւողը երկու դոյլ գինի պիտի բերել տար եւ կացարանում քէֆ անէինք:

Աշտարակեցին ոտքի կանգնեց, երեսը խաչակնքեց, ներողութիւն խնդրեց եւ բերանը բանալով հայհոյանքների կարկուտ տեղաց Գառնիկ Բիձայի գլխին: Խեղճ Գառնիկ Բիձան, թէեւ նա էլ հայհոյանքների որջ վաղարշապատցիների տաղանդաւոր հայհոյողներից էր, բայց շփոթւեց ու ջղայնացած բղաւեց.

Ա՛, շան տղայ, կարճ, կարճ ասա, մէկ-մէկ ասա...

Պարոյրին միացան նաեւ Աշտարակեցի դոքտոր Նահապետեանը եւ Յովհաննէս Փարւանեանը: Մէկը միւսի ասածը շարունակում էր արագ եւ աշխոյժ: Գառնիկ Բիձան ջղայնացաւ եւ խօսքն ուղղեց վաղարշապատցիներին.

Ա՛ շան տղերք դուք էլ ինձ քոմակ արէք, էս շներն ինձ կերան, է՜, վայ ես ձեր...

Վաղարշապատցի կուծանենց Կարօն պատասխանեց.

Գառնիկ ջան, մէկ շուն ի՞նչ կարա անել երեք շան դէմ. գրազը տանուլ տւիր: Գինին տուր ազատւիր դրանց ռեխից ու հաջոցներից:

Որոտացին ծափեր: Գառնիկ Բիձան պատւիրեց եւ յաջորդ օրը երկու դոյլ գինի ու մեծաքանակ ուտելիք բերին բանտ գաղտնի կերպով՝ կլուչնիկ Սարգսի ձեռքով:

Գառնիկ Բիձան իր ջերմ եւ բոլորանւէր մսանակցութիւնը ցոյց տւեց նաեւ 1921ի փետրւարեան ապստամբութեան ժամանակ: Էջմիածնի բանտի վրայ յարձակւեցին սասունցիք՝ 1921 փետրւար 17ին, հինգշաբթի ցերեկ ժամը 12-ին: Կատաղի կռիւներից յետոյ դիմադրող բոլշեւիկներից սպանւեցին 33 հոգի՝ իսկ մերոնցից էլ սպանւեցին 18 հոգի: Յաջորդ օրը՝ փետր. 18ի լուսաբացին ընկաւ Երեւանը: Քաղաքացիական արիւնոտ կռիւները շարունակւեցին մինչեւ նոյն թւի Ապրիլ 2ը, երբ Հայաստանի կռւող զօրամասերն ու վտանգւած տարրերը անցան Զանգեզուր եւ ապա Իրան-Թաւրիզ:

Գառնիկ Բիձան Թաւրիզում միաժամանակ ճաշարան պահեց. ապա անցաւ Իրանի հարաւային մասերը ի վերջոյ հաստատւեց Համադանում, ուր խմիչքեղէնի գործ էր անում: Այս քաղաքում իր ջերմ մսանակցութիւնը ցոյց տւեց Համադանի ազգային եւ կուսակցական ամէն տեսակ աշխատանքներին: Իր մատչելի եւ բարեհամբոյր բնաւորութեան շնորհիւ բոլորն էլ սիրում էին նրան: Ընկերասէր էր, կենսուրախ: Սեղանների շուրջ, հաւաքոյթների ժամանակ անխուսափելի կերպով երգում էր Անիի եւ Սեւքարեցի Սաքոյի երգերը:

Արդէն հարիւր տարեկանի մօտենում էր: Ծերութեան հիւանդութիւնը իր բնական մահը եղաւ 5 Ապրիլ 1960-ին: Մարմինը թաղեցին Համադանի հայոց գերեզմանատունը՝ իր գաղափարի ընկերների մօտ – Երւանդ Ֆրանգեան, Վաղարշակ Տէր Խաչատուրեան, Մուշեղ Թամրազեան, Եզնիկ Քաջունի, Մնացական Բաղդասարեան եւ ուրիշներ:

Մասիս սարի տեսքին ու քարին, Արաքսի ջրի նու Այրարարտան դաշտի՝ հայրենի հողին կարօտ մնաց եւ այդ կարօտով ու վշտով էլ գերեզման իջաւ: 

Վաղեմի Ընկեր
«Ալիք», Թեհրան
Լ. Տարի, 1960
Թիւ 123, 124 (6635, 6636)