Այսօր, օգոստոս 3ին, լրացաւ ուղիղ մէկ տարի այն օրից, երբ հազարաւոր ժողովուրդ յուզւած, ալեկոծ ծովի պէս յորձանքներ տալով՝ գնաց եւ զարկւեց Էջմիածնի մրափող պարիսպներին, խանգարելով նրա դարաւոր նիրհը:
Խռնւեց ժողովուրդը մի թիզ հողի վրայ, որտեղ մարդիկ խմբւում էին աղօթելու. և փոխանակ աղօթքի, բողոք բարձրացրեց անիրաւութեան և բացարձակ յափշտակութեան դէմ գրոհ տալով դէպի Էջմիածին, ստիպելու որ ոչ ոք, ոչ մի հոգևորական իրաւունք չունենար աւազակային հրովարտակը օրինաւոր ճանաչել և նպաստել նրա իրագործման:
Գնում էին ժողովրդի բոլոր դասակարգերից, խառնի խուռն ցոյցի դրօշակ բարձրացրած, գնում էին բոլորը մի սիրտ մի հոգի դառած, մի գաղափարով բռնւած, գնում էին, կանգ չառնելով ոչ մի արգելքի դիմաց և գնում էին որպէս հեղեղ, որը քանդում, աւերում է իր ճանապարհի վրայ հանդիպած ամէն մի խոչնդոտ:
Եւ գնում էր ժողովուրդը արհամարելով ոստիկանութեան դիմադրութիւնը, պատռելով ստրաժնիկների շղթան, յետ քշելով զօրքերի յարձակումը, լռեցնելով զալպերի խմբային որոտը, մի արտասովոր ոգևորութեամբ, մի վիթխարի մոլեգնութեամբ, որի նմանը շատ քիչ անգամ է վիճակւած տեսնել:
Բայց ինչ էր ժողովրդի պահանջը: Մի՞թէ եկեղեցական գումարների յափշտակութիւնը և կալւածների գրաւումը – նիւթական այդ սոսկ կորուստը, եկել էր աղմկելու հայ ժողովրդի խաղաղութիւնը:
Ոչ, այդ շատ քիչ քիչ...
Հայոց կաթողիկոսին դարձրին իրաւազուրկ, հոգևորականութիւնից խլեցին շատ իրաւունքներ, հայը չբողոքեց:
Խափանեցին Հայոց Հրատարակչական ընկերութիւնը, և մերկերին և քաղցածներին խնամող Բարեգործական ընկերութիւնը – հայը էլի չբողոքեց:
Մի անլսելի բարբարոսութեամբ փակւեցին հարիւրաւոր հայ դպրոցներ և հազարաւոր մանուկներ փողոց շպրտեցին՝ հայը դարձեալ չբողոքեց:
Մի՞թէ, կրկնում ենք, նիւթական այդ սոսկ կորուստն եկել էր աղմկելու հայ ժողովրդի խաղաղութիւնը:
Ո՛չ – նրա վրդովմունքի բողոքը այն սիստեմատիկ հալածանքի դէմ էր, որը ուղղւած էր հայի անհատական, ազգային իրաւունքները խեղդելու, չէզոքացնելու նպատակաւ:
Հայը վաղուց զգում էր մի սոսկալի հալածանք ազգային և ցեղական առանձնայատկութիւնների, լեզւի, սովորութիւնների և կրօնական ուրոյն իրաւունքների, դաւանանքների դէմ, նա զգում էր մի տմարդի բռնութիւն իր անհատական ձգտումների, զգացմունքների և հոգեկան ուրոյն պահանջների վերաբերմամբ: Նա պարզ տեսնում էր իր առաջ դրւած ռուսացման ստոր ծրագիրը նիւթական զրկանքների միջոցով, և մի առիթ էր փնտռում ցոյց տալու իր բռնակալին, որ հայը բարոյապէս էլ այնքան մեռած չէր, որ նրա վերաբերմամբ կարելի լինէր ամէն տեսակ ոտնձգութիւններ անել և անպատիժ մնալ:
Առիթը ներկայացաւ. հրատարկւեց Յունիսեան 12-ի աւազակութիւն, կողոպուտ և եկեղեցիների դռները և կասսաները կոտրելու հրաման արձակող խայտառակ մանիֆէստը. ցնցւեց հայ ժողովուրդը, խօսեց նրա մէջ ազգային իրաւունքների և անհատական ձգտումների բողոքը, անբռնաբարելի ձայնը, և նա գլուխ բարձրացնելով ռուսաց ապուշ ցարի, ապուշ Պլէվէների, Գալիցինների դէմ համարձակօրէն յայտարարեց որ նա կայ, նա կը մնայ որպէս մարդ, որպէս հայ, թէկուզ Կովկասի իւրաքանչիւր քարը հայի արիւնով ներկւի:
Եւ այս խօսքերով հայը նետւեց ցոյցերի ասպարէզ. սպանւեց, սպաննեց և շարունակում է սպաննել, մինչև որ կը վերականգնւի նրա բռնաբարւած իրաւունքները:
Ահա այդ կռւի սկզբնաւորութիւնը արւեց Երևանում անցեալ 1903, օգոստոս 5ի հռչակաւոր ցոյցով, որի գեղեցիկ յիշողութիւնը մենք այս թռուցիկով նորոգում ենք մեր ժողովրդի մտածողութեան մէջ, որպէս մեծ օրի տարեդարձը:
Հ.Յ.Դ. Ինքնապաշտպանութեան Կովկասեան Կօմիտէ