01 August, 2023

Դոքտ. Արտաշէս Բաբալեան

Օգոստոս 1-ին, երկարատեւ ու ծանր հիւանդութիւնից յետոյ, իր մահկանացուն կնքեց ազգային-յեղափոխական գործիչ, թերթիս արտօնատէր ընկեր դոքտ. ԱՐՏԱՇԷՍ ԲԱԲԱԼԵԱՆԸ, խորը սուգի մատնելով ընկերներին, բարեկամներին եւ ծանօթներին:

Ծնւել է Ղարաբաղի Շուշի քաղաքում 1886 թւին, Նոյեմբեր 17-ին (հ.ին տ.ոմարով), պատանի հասակից զինւորագրւել է Հ. Յ. Դաշնակցութեան, աշակերտական-ուսանողական տարիներից երեւան է բերել գաղափարական բարձր նկարագիր, անվերապահ նւիրածութիւն, խորին հաւատք եւ բուռն գործունէութիւն այն բոլոր մարզերում, ուր գործուղղել է նրան իր կազմակերպութիւնը եւ իր ժողովրդի կարիքը:

1915-ին հազիւ նորաւարտ, երիտասարդ բժիշկ, արձագանգում է իր ժողովրդի կանչին, կամաւոր արձանագրւելով մեկնում է ռազմաճակատ, մասնակցում է գնդի բոլոր կռիւներին որպէս զինւոր, ապա ծառայում որպէս բժիշկ, ուր կատարում է նախախնամական դեր, բազմաթիւ վիրաւոր ու հիւանդ հայ կամաւորների համար, փրկում հազարաւոր կեանքեր, ամոքում վշտեր ու տանջանքներ. գիշեր ու ցերեկ, ամառ թէ ձմեռ, առանց դադարի, առանց հանգստի, առանց վերապահութեան:

1918-ին նրան տեսնում ենք Հայաստանում, ուր այնքան պէտք ունեն իրեն, ուր հիւանդ կայ, ուր օգնութեան, խնամքի կարիք ունեցողներ կան, իսկ որտեղ հիւանդ չը կար այդ ծանր, մռայլ օրերին, մեր արիւնոտ երկրում, հարիւրներով, հազարներով, ամեն կարգի, տարափոխիկ, այլազան վտանգաւոր հիւանդութիւններ...

Քուն ու դադար չունի Բաբալեանը, վազում է դէս ու դէն, վազում անընդհատ, առանց յոգնելու, առանց տրտունջի, յամառ, գիտակից, հաւատքով ու եռանդով լեցուն, չէ՞ որ պէտք է հասնել, պէտք է հայթայթել, պէտք է հոգալ, փրկե՛լ...:

Հայաստանի հանրապետութեան շրջանին խորհրդարանի անդամ է եւ ապա խնամատարութեան նախարար, շրջում է գիւղերն ու քաղաքները, զօրանոցներն ու ճակատները, կազմակերպելու, բարելաւելու զօրքի ու ժողովրդի խնամատարութեան գործը, միաժամանակ մի որոշ շրջան վարում է նաեւ գիւղատնտեսական նախարարութեան աշխատանքները:

Պայթում է հայ-թրքական պատերազմը, դոքտ. Բաբալեանը գտնւում է կրակի առջին գծերում: Այնքա՜ն գործ ունի նա, այնքա՜ն հոգս ու պարտականութիւններ, որ մոռացել է ինքն իրեն: Թշնամին յառաջանում է, դաւաճանները հարւածում են թիկունքից, կացութիւնը ժամ առ ժամ դառնում է վտանգաւոր, մերոնք նահանջում են, բայց նա չի կարող հեռանալ, դեռ հիւանդներ ունի, որոնց լքել չի կարող... եւ Հայաստանի խնամատարութեան նախարարը գերի է ընկնում Կարսում թիւրքերի ձեռքը:

Մի ամբողջ ոդիսական է այդ կենանքը, մարդկային տառապանքների մի երկար շարան:

Ազատւելով թիւրքական գերութիւնից, Հ. Հ. անկումից յետոյ, դոքտ. Բաբալեանը ապաստանում է հիւրընկալ Իրան, նախ Թաւրիզ եւ ապա Թեհրան, ուր հազիւ գտած ինքն իրեն, նոր թափով ու եռանդով լծւում է ազգային-կուսակցական բուռն գործունէութեան:

Եւ ահա երկրորդ համաշխարհային պատերազմը:

Ռուսական կարմիր բանակը խուժում է Իրան: Մի շարք ընկերների հետ ձերբակալւած է նաեւ դոքտ. Բաբալեանը, որպէս «հակայեղափոխական»...

Երկար ժամանակ բանտում մնում է կտրւած աշխարհից, զուրկ «ամեն յարաբերութիւնից», աւելի ուշ՝ թոյլատրւում է այցելել նրան:

Ընկճւած չէ հին յեղափոխականը, ծիծաղում է, կատակում բանտի մէջ եւ ինքն է որ սիրտ է տալիս այցելող ընկերներին, «լաւ կը լինի»...

Վերջանում է պատերազմը: Շնորհիւ ազդու միջամտութիւնների ազատւում է բանտից նաեւ Բաբալեանը եւ նորէն նետւում հանրային, հասարակական, կուսակցական եռուն կեանքի մէջ, որպէս Թեհրանի գործակալական ժողովի նախագահ, Եկեղեցական Վարչութեան նախագահ, Թեմական Խորհրդի փոխ նախագահ, «Ալիք»ի արտօնատէր, կուսակցական բարձրագոյն մարմինների անդամ, մոռացած ամեն ինչ, եւ հանգիստ, եւ գոյապրուստ, եւ առողջութիւն:

Դաժան, ծա՜նր եղաւ տարագիր մարդու իր անհատական կեանքը, սակայն աննկուն մնաց գաղափարական նւիրեալի իր հուժկու կամքը: Դիմացաւ ամեն ինչի, մենակ սգաւ իր անձնական վշտերն ու թանկագին կորուստները, մի վայրկեան անգամ չլքեց իր դիրքերը հանրային պարտականութեանց մարզում, մխիթարւեց ծառայելով իր սիրելի ժողովրդին ու կազմակերպութեանը եւ յուսադրւեց վաղւան լաւ օրերի հեռանկարով:

Այսօր իր մահւան լուրի անմիջական ազդեցութեան տակ դժւար է ընդգծել դիմաստւերը՝ Բաբալեան մարդու, Բաբալեան Հայի եւ Բաբալեան Դաշնակցականի: Դեռ կանդրադառնանք իր կեանքին ու գործին, վեր հանելու համար պայծառ ու սիրելի դէմքը մի մարդու եւ ընկերոջ, որ անդարձ բաժանւեց մեզանից, որ ապրում է, դեռ երկար պիտի ապրի մեր սրտերում:

Յանձինս Բաբալեանի Թեհրանի հայութիւնը կորցնում է իր հանրային լաւագոյն դէմքերից մէկին, իսկ իր կազմակերպութիւնը՝ Հ. Յ. Դաշնակցութիւնը, իր հաւատաւոր ու նւիրւած ուխտեալներից մէկին:

Հողը թեթեւ գայ վրադ, սիրելի ընկեր...

«Ալիք», Թեհրան
ԻԹ. Տարի, Թիւ 169 (6388)
Երկուշաբթի, 3 Օգոստոս 1959