10 March, 2023

Ալեքսանդր Խատիսեան

Ալեքսանդր Խատիսեանը միայն ռուսական յեղափոխութիւնից յետոյ, 1917ին, մտաւ Դաշնակցութեան շարքերը, բայց դրանից առաջ էլ գաղափարներով ու համակրանքներով Դաշնակցութեան հետ էր: Դեռ 1905-ին նա ուզում էր անդամագրւել Դաշնակցութեան, բայց Ռոստոմի, Համօ Օհանջանեանի եւ ուրիշ ընկերներու խորհրդով մնաց դուրսը, որպէս անկուսակցական, համազգային դէմք կարող էր աւելի ծառայութիւն մատուցանել հայ ժողովրդին եւ Դաշնակցութեան: Եւ իր կեանքով ու գործով նա արդարացրեց այդ կարծիքը:

Ալեքսանդրը Թիֆլիսի Խատիսեան համբաւաւոր ընտանիքի զաւակ էր: Նրա հայրը պետական բարձր պաշտօնեայ էր՝ յարգւած, հեղինակաւոր հայ եւ օտար շրջանենրում: Մայրը կրթւած, հասարակական ջիղի տէր հայուհի էր: Սիրում էր հայ մշակոյթը եւ Մարիսեան ծածկանունով վէպեր ունի հրատարակած: Մեծ եղբայրը՝ Կոստանդինը Դաշնակցութեան հիմնադիրներից էր: Այսպիսի ընտանիքում ծնւեց Ալեքսանդրը 1874 թ. Փետրւար 17-ին: Իր մանկութիւնն ու պատանեկութիւնը անցաւ կիրթ, հայասիրական միջավայրում: Աւարտելով Թիֆլիսի պետական Գիմնազիան՝ նա բժշկական կրթութիւն ստացաւ Մոսկւայի (8 տարի) եւ Խարկովի (2 տարի) համալսարաններում. ապա մասնագիտութիւնը զարգացրեց Գերմանիայում եւ վերադառնալով Թիֆլիս՝ նւիրւեց բժշկութեան:

Բժշկական ասպարէզը, սակայն, նեղ էր Խատիսեանի կարողութեան ու խառնւածքի տէր մի անհատի համար. նա բնածին հասարակական գործիչ էր՝ բարձր թռիչքներով եւ բազմութիւնները վարելու ձգտումներով: Պերճախօս հռետոր, բազմազան հետաքրքրութիւններ ու ծրագիրներ հետապնդող, արտասովոր կերպով աշխատունակ, ցոյց ու ժողովրդականութիւն սիրող, ազատախոհ եւ լաւ իմաստով պատեհապաշտ, կենդանի գործը վերացական տեսութիւններից գերադասող, հասարակական բոլոր խաւերի լեզուն հասկացող, հանրութեան ծառայելու պատրաստակամ, դիւրահաղորդ եւ ամենքին մատչելի, ազնիւ նկարագրի տէր Խատիսեանը ստեղծւած էր հասարակական-քաղաքական գործունէութեան համար: Եւ զարմանալի չէ, որ նա շուտով լքեց այնպէս փայլուն կերպով սկսւած բժշկական ասպարէզը եւ ամբողջապէս նւիրւեց հասարակական գործունէութեան:

1902ին Խատիսեանը ընտրւեց Թիֆլիսի քաղաքային խորհրդի անդամ: 1906ին նա արդէն Թիֆլիսի քաղաքագլխի օգնական էր: 1909ից մինչեւ 1917՝ Թիֆլիսի քաղաքագլուխ: 1914-17-ին՝ Կովկասեան 14 քաղաքների միութեան նախագահ: Ազդեցիկ եւ յարգւած դէմք նաեւ պետական շրջանակներում, մանաւանդ, փոխարքայ Վորոնցով-Դաշկովի օրով: Քաղաքային գործերին զուգընթաց՝ նա կենդանի կերպով մասնակցում էր եւ համակովկասեան կեանքի զանազան ասպարէզներում: Սիրւած ժողովրդական դասախօս էր: Յօդւածներ էր գրում թերթերում: Հրատարակեց զանազան գրքոյկներ հանրային առողջապահութեան, տեղական ինքնավարութեան, տնտեսական ու մշակութային հարրցերի մասին: Թարգմանութիւններ էր անում հայ գրականութիւնից:

Ինչքան համակովկասեան ու համառուսական, նոյնքան եւ հայ կեանքում Խատիսեանը լայն ու գործօն դեր էր կատարում: Հայ-թաթարական կռիւների շրջանում, օրինակ, ամէն միջոցով օգնեց Դաշնակցութեան՝ ինքնապաշտպանութիւնը յաջողութեամբ տանելու եւ վճռական դեր կատարեց կռիւներին վերջ տալու գործում: Երբ ցարական կառավարութիւնը հալածանք սկսեց Դաշնակցութեան դէմ, Խատիսեանը ոգի ի բռին աշխատեց թեթեւացնելու ձերբակալւածների վիճակը: Առհասարակ անիրաւուածների պաշտպան էր նա կառավարութեան մօտ: Իր խորհուրդներով եւ միջամտութիւններով օգնում էր Էջմիածնին՝ կառավարութեան հետ ունեցած դժւարութիւնների ժամանակ: Անդամ էր եւ փոխ-նախագահ Ազգային Բիւրոյի եւ կամաւորական գունդերի կազմութեան նախաձեռնողներից մէկը: Իբրեւ քաղաքների միութեան նախագահ՝ անգնահատելի եղաւ նրա դերը պատերազմից աղէտւած հայ գաղթականների խնամատարութեան գործում:

Ցարական վարչաձեւի խորտակումից յետոյ, Խատիսեանի հասարակական կեանքը տարբեր ընթացք ստացաւ: Թիֆլիսը անցաւ վրացիների ձեռքը: Անդրկովկասը փաստօրէն անջատւեց Ռուսաստանից: Եւ Խատիսեանը ամբողջ էութեամբ նետւեց հայ ազգային գործունէութեան մէջ: Այլեւս իրագործելի էր նրա վաղեմի փափաքը՝ մտնել Դաշնակցութեան շարքերը: 1917-18ին նա Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ է: 1917 թ. աշնանը մասնակցում է Ազգային Համագումարին: Անդրկովկասի անջատումից յետոյ Սէյմի անդամ է եւ ելեւմտական նախարար Դաշնակցութեան կողմից: 1918 թ. Փետրւարին՝ Տրապիզոնի եւ Մայիսին Բաթումի հաշտարար պատւիրակութիւնների անդամ: Հայաստանի անկախութիւնից յետոյ՝ Քաջազնունիի հետ ստորագրեց հաշտութեան դաշնագիր թուրքերի հետ: Ապա՝ Ահարոնեանի հետ Հայաստանի Հանրապետութեան կողմից մեկնեց Պոլիս՝ նոր դաշինք կնքելու համար:

Ընդհանուր զինադադարից յետոյ, Խատիսեանը վերադարձաւ Հայաստան եւ ստանձնեց արտաքին գործոց նախարարութեան պաշտօնը: 1919 Փետրւ.-1920 Մայիս՝ վարեց Հայաստանի վարչապետութիւնը: 1920 թ. ամառը կառավարութեան կողմից ուղարկւեց արտասահման փոխառութեան ու Ոսկու Ֆոնտի կազմակերպութեան համար: Այցելեց Պոլիս, Եգիպտոս, Ֆրանսա, Անգլիա, Բելգիա, Յունաստան, Ռումանիա, Բուլղարիա, Իւգոսլաւիա՝ ամէն տեղ հայութեան մէջ աննման խանդավառութիւն առաջ բերելով: Եւ վերադառնալով Երեւան՝ պատերազմի օրերին, նրան վիճակւեց Ալեքսանդրապոլի դաշնագրի ստորագրութիւնը, 1920 թ. Դեկտեմբեր 2ին:

Հայաստանի խորհրդայնացումից յետոյ, Խատիսեանը անցաւ Փարիզ եւ շարունակեց քաղաքական գործունէութիւնը, որպէս Հ. Հ. Պատւիրակութեան անդամ, ապա փոխ-նախագահ եւ վերջը՝ նախագահ՝ ներկայացնելով եւ պաշտպանելով հայկական շահերը պետութիւնների եւ Ազգերի Դաշնակցութեան առջեւ: Տարագրութեան տարիներին աշխատակցեց հայ մամուլին եւ լոյս ընծայեց «Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը» արժէքաւոր հատորը:

Անհնար է սեղմ յօդւածի մէջ ամփոփել Խատիսեանի բազմաճիւղ ու բեղուն գործունէութիւնը: Նա մինչեւ մահ մնաց իր կոչման բարձրութեան վրայ եւ անշահախնդիր նւիրումով ծառայեց հայ ազգին: Ծանր ու տառապալից ապրումներ ունեցաւ վերջին պատերազմի տարիներին, երբ ստիպւած էր պաշտպանել վտանգի ենթարկւած եւրոպահայութիւնը: Եւ հատուցումը եղաւ դաժան. այն մարդիկ, որոնց կեանքը նա փրկել էր բռնութեան ճիրաններից, տմարդօրէն բանտարկութեան եւ չարչարանքների մատնեցին նրան: Արդարութիւնը շուտով յաղթանակեց, բայց բանտային տառապանքները վերջնականապէս խորտակեցին նրա արդէն իսկ տկարացած առողջութիւնը: Խատիսեանը մեռաւ 1945 թ. Մարտ 10ին, Փարիզում՝ անջնջելի յիշատակ թողելով Հայաստանի Հանրապետութեան պատմութեան մէջ:

«Ալիք», Թեհրան
ԼԴ. Տարի, Թիւ 70 (7729)
Չորեքշաբթի, 1 Ապրիլ 1964 թ.