Զոմբարտը նկատում էր, որ ընկերվարութիւնը, լինելով հանդերձ իբրեւ հանրամարդկային մէկ ուսմունք, իւրաքանչիւր երկնակամարի տակ կեանք է առնում նախապէս այդ միջավայրի կնիքը իր վրայ առնելով:
Այդպէս է սակայն մարդկային ստեղծագործութեան բոլոր ասպարէզներում: Ազգերը – մանաւանդ նրանք, որոնք զուրկ չեն սեփական հանճարից – ընդօրինակում են յաճախ, միշտ սակայն իրենց ազգային ուրոյն դրոշմը դնելով ընդօրինակածի վրայ:
Քրիստոնէութիւնը դրսից մուտք գործեց Հայաստան ու յետագային, տարիներ յետոյ, բուն հայրենիքի՛ մէջ, Հայ լուսաւորչականութեան կերպարանքն առաւ:
Գրերի գիւտը մեզ չի պատկանում: Այդ գիւտի գաղափարը դրսից եկաւ մեր երկիրը եւ Հայաստանի մէջ նոր միայն ազգային կերպարանք առաւ, Մեսրոպեան գրերի շնորհիւ:
Մենք չէ, որ ստեղծեցինք ժամանակակից մեծագոյն վարդապետութիւնը, ընկերվար ուսմունքը, սակայն հայութիւնն է, որ ստեղծեց իր սեփական, ազգային ընկերվարութիւնը՝ Դաշնակցութեան ձեւի մէջ:
Մեր յօդուածի սահմանները թոյլ չեն տալիս մեզ պարզ դիտողութիւններից այն կողմն անցնելու, սակայն մէկ կէտի շուրջ, այնուամենայնիւ, պիտի ուզէինք մի քիչ աւելի հանգամանօրէն խօսել:
Քաղաքական կուսակցութիւնները դարձած են հանրային պայքարի հզօրագոյն դէմքերից մէկը: Մարդկային հանճարը դարերի որոնումներից ու փորձերից յետոյ կերտել է բազմութիւնները վարելու այս կախարդական մեքենան, որ անդէմ, անդաւանանք ու անսանձ ամբոխները կարողանում է հանդէս բերել իբրեւ կեանքի ու դաւանանքի տէր կիրթ բանակներ:
Այս նոյնը, շատ աւելի նուազ չափերով ու աւելի տժգոյն երանգներով տեղի է ունեցել եւ միւս ազգերի ծոցում: Նա մեր իրականութեան մէջ, յատկապէս վերջին մէկ երրորդ դարաշրջանին, արտայայտուել ու կեանք է առել առաւելապէս Դաշնակցութեան շնորհիւ ու Դաշնակցութեան միջոցով:
Սակայն կուսակցութիւնները – մանաւանդ ընկերվար – ստեղծուել ու ստեղծւում են առաւելապէս քաղաքակա՛ն նպատակների ու քաղաքակա՛ն պայքարի համար:
Այդպէս չէ սակայն հայ իրականութեան մէջ:
Բացառիկ են մեր կեանքի պայմանները եւ այդ պատճառով ուրոյն ու բացառիկ է նաեւ այն դերը, որ կուսակցութիւնները կատարում են այնտեղ:
Այդ տեսակէտից չափազանց ուշագրաւ է այն աշխատանքը, որ պարզում է մեր աչքին ինքը Դաշնակցութիւնը իր բովանդակ պատմութեամբ:
Հայ մեծ քաղաքական հոսանքը ծնուեց բացառաբար քաղաքական պայքարի համար, սակայն յետագային, մեր կեանքի անողոք հարուածների տակ, ինքը գաղափարը, ազգային կերպարանք առաւ եւ բացառաբար քաղաքական պայքարի համար ստեղծուած կուսակցութիւնը՝ իր ուսերին առաւ մի շարք պարտականութիններ, որոնք անմիջական աղերս չունէին իր հիմնական նպատակների հետ:
Դաշնակցութիւնը քաղաքակա՛ն կուսակցութիւն է անշուշտ, սակայն միաժամանակ նա մարմնացումն է հայ իրականութեան, ուր միմիայն քաղաքական պայքարի համար ստեղծուած հոսանքը, անկախ իրենից ու թերեւս հակառակ իր կամքի, տարիների ընթացքում փոխւում ու փոփոխւում է շարունակ, ստանալով միջազգային ուրոյն, ազգային, հայկական կերպարանք:
Այս ճշմարտութիւնը շատ աւելի ցայտուն կերպով երեւան է գալիս մասնաւորաբար գաղութներում: Այստեղ, բազմազան լեզուների, տարբեր ազգերի ու կրօնների, կարգերի ու սովորոյթների, հակադիր ըմբռնումների, ձգտումների ու բարքերի այս ահաւոր ժխորում հայկական կուսակցութիւնը սահմանափակուել միմիայն քաղաքական պայքարով երբեք չի կարող:
Բուն հայրենիքում հայ անհատը ազգայնօրէն ենթակայ չէ կորստի. այստեղ հայ հաւաքականութեան ազգային ճակատագիրն է վտանգուած եւ այդ պատճառով առանձնապէս քաղաքական պայքար է, որ տարել ու տանում է Դաշնակցութիւնը հայրենիքում, նկատի ունենալով միշտ հաւաքականութիւնն ու նրա հաւաքական բախտը:
Այդպէս չէ սակայն գաղութներում, այստեղ արդէն իւրաքանչիւր հայ անհատ, անկախ միանգամայն հաւաքականութեան բախտից, ազգայնօրէն միշտ ենթակայ է կորստի: Ու բնական է, որ յանուն հաւաքականութեան տարած պայքարը միշտ տարւում է – զուգահեռ եւ անջատ ձեւով – նաեւ յանուն անհատների ու նրանցից յանուն իւրաքանչիւրի:
Այս կարեւորագոյն փաստը ահա տալիս է իր միանգամայն ուրոյն, ազգային շեշտը մեր աշխատանքին եւ հայ քաղաքական կուսակցութիւնը շեշտակիօրէն տարբերում միւս ազերի ծոցում գործող նոյնանման կազմակերպութիւններից:
Այն հանգամանքը, որ ազգայնօրէն կորստի դատապարտուած իւրաքանչիւր հայ անհատ ազգայնօրէն փրկուելու համար կազմում է առանցքը Դաշնակցութեան պայքարի, այս փաստը ահա հարկադրում է Դաշնակցութեան, որ նա իր պայքարին տայ միանգամայն ուրոյն կերպարանք:
Նա իր շարքերի մէջ առած իւրաքանչիւր անհատի գրեթէ բովանդակ կեանքը առնում է իր հսկողութեան տակ:
Նրա դերը քաղաքական դաստիարակութեան սահմաններից դուրս է գալիս եւ, այսպիսով, շատ աւելի լայն սահմանների մէջ ընդգրկում այդ նոյն անհատի նաեւ ֆիզիքական, մտաւոր ու բարոյական դաստիարակութեան հոգը:
Դաշնակցութիւնը դառնում է մի ինքնօրինակ մաքրարան, ուր կրթւում ու դաստիարակւում է հայ անհատը եւ ըստ հնարաւորութեան մաքրւում իր մարդկային թերթութիւններից: Իբրեւ մարդ նա փրկւում է ոչ միայն հաւաքականութեան, այլ եւ իրեն եւ իր մերձաւորների համար:
Դժբախտաբար, մենք լայն ծանօթութիւններ չունենք ուրիշ հոսանքների մասին. սակայն ենթադրում ենք, որ այս նոյն աշխատանքը մի չափով տարւում է նաեւ նրանց մօտ: Եթէ մենք դիւրութիւն ունենայինք վիճակագրութեամբ թւեր մէջտեղ բերելու, պիտի տեսնէինք, որ բազմապիսի արատներով ծանրաբեռնուած հայ մարդկանց այն բազմութիւնը, որի գոյութիւնը կորած պիտի նկատել մարդկութեան համար, գրեթէ ամբողջութեամբ կուսակցութիւններից դուրս է գտնւում: Որովհետեւ կուսակցական միջավայրը արատաւոր մարդու գոյութիւնը չի հանդուրժում իր մէջ: Նա նրան արհամարհում, հալածում եւ նետում է մի կողմ, եթէ միայն արատաւորը իր թերութիւններից չի ուզում բաժանուել: Այս երեւոյթը մի մեծարժէք բարիք է դառնում մասնաւորաբար գաղութներում: Սովորաբար հայ ծնողը ճիգ է թափում, որ իր զաւակը կուսակցական չդառնայ, որովհետեւ իր ըմբռնումով կուսակցականից շահում է միայն ազգը եւ կորցնւոմ միայն՝ հարազատ ընտանիքը: Այս դրութիւնը իր մէջ որոշ ճշմարտութիւն, բացառիկ դէպքերում, թերեւս ունի. սակայն հայրենի երկրի մէջ միայն, բայց ոչ գաղութներում: Հայրենիքում ճշմարիտ կուսակցականի կեանքը յաճախ ենթակայ է վտանգի, մինչդեռ գաղութներում այդ վտանգը գոյութիւն չունի: Ազգային հանգամանքն է, որ աղէտում է նրա գոյութիւնը (որոշ դէպքերում եւ որոշ երկրների մէջ), բայց ոչ կուսակցական: Կուսակցական միջավայրը, ընդհակառակը, փրկում է հայ պատանին, փրկում է հայ մարդը նախ իրեն, իր ընտանիքի համար եւ ապա՝ հաւաքականութեան, հայ ժողովրդի ու հայ երկրի համար:
Հայ մեծ քաղաքական հոսանքը, հայ կեանքի թելադրանքով, հանրային այս դպրոցը եղած է ահա մեր բոլոր գաղութներում: Նրա ջանքերով օտար հորիզոնների տակ բազմութիւննե՛ր փրկուած են այլասերումից, փճացումից ու անբարոյացումից, եւ փրկուած են առաջին հերթին հէնց իրենց եւ իրենց մերձաւորների համար:
Քաղաքակա՞ն աշխատանք է արդեօք այս գործը,որ գաղութներում տարել է, տանում է ու պիտի տանի Դաշնակցութիւնը, մինչեւ հայութեան վերադարձը իր հայրենիքը:
Ձեւականօրէն, ի հարկէ, ո՛չ: Սակայն ըստ էութեան, մեր կեանքի պայմաններում, նա վերջ ի վերջոյ դառնում է, այո՛, գերազանցօրէն քաղաքական աշխատանք:
Հայ իրականութիւնը իր ուրոյն կնիքն է դնում մեր աշխատանքի վրայ ու մեր գործը դարձնում թերեւս անըմբռնելի օտարների համար:
Սակայն ճիշտ այստեղ էլ մնում է թագնուած Դաշնակցութեան կենսունակութեան գաղտնիքներից մէկը:
Ոեւէ գաղափար, մինչեւ իսկ ուրիշից փոխ առած ու դրսից բերած, նա ձգտում է իրականացնել մեր կեանքում, նախապէս հայացնելով այն:
Դաշնակցութիւնը քաղաքական կուսակցութիւն է, սակայն իր ուրոյն, հայկական պարունակութեամբ եւ իր ինքնայատուկ, ազգային շեշտով:
Ճիշտ այս փաստի պատճառով սերունդներ փրկուած են նաեւ այս գաղութի մէջ նախ իրենց եւ իրենց մերձաւորների եւ ապա հայ երկրի ու հայ ժողովրդի համար: