10 March, 2024

Ալեքսանդր Խատիսեանի Շրջանը Հայաստանի Հանրապետութեան Օրերին

Ճամբորդութիւն Դէպի Կարս-Արդահան

Խատիսեանի շրջանի հետաքրքրական դրւագներից մէկը կազմում է դէպի Կարս-Արդահան տեղի ունեցած շատ հետաքրքրական ճամբորդութիւնը:

Ի՞նչպէս էին կազմակերպւում վարչապետի ճամբորդութիւնները: Վարչապետից ստանում էինք հրահանգ այսինչ օրւայ համար պատրաստել այն բոլորը՝ ինչ որ պէտք է մեկնումի համար: Ես գնում էի կայարան եւ ստուգում էի վարչապետի սալոն-վագոնը, որի հսկիչն էր երկաթուղային հին պաշտօնեաներից մնացած մէկ ուկրայնացի: Սա վագոնը պահում էր շատ լաւ, կանոնաւոր եւ մաքուր վիճակի մէջ: Կայարանապետի հետ ճշտում էի մեկնումի օրը եւ ժամը:

Մեր գնացքները, իհարկէ, չունէին ճաշարան-վագոններ, եւ ճանապարհի ուտելիքների պատրաստութիւնները նոյնպէս ընկնում էին ինձ վրայ: Ես առնում էի մթերքներ եւ մեր տան մէջ մայրս պատրաստում էր շատ համեստ ուտելիքներ՝ մեզ հետ տանելու համար: Կոտլետ, պանիր, հաց, պտուղ,– ահա վարչապետի ճամբորդական ամբողջ մենիւ-ն:

Չգիտեմ ինչո՞ւ, բայց միշտ մոռանում էի վերցնել խմիչք եւ ճանապարհին բաւարարւում էինք ուկրայնացի սպասաւորի կողմից պատրաստւած թէյով:

Շատերը, որոնք ուզում էին մեկնել Ալեքսանդրապոլ կամ Թիֆլիս, ուզում էին օգտագործել վարչապետի մեկնումը՝ մի տեղ ստանալու համար նրա յարմար վագոնի մէջ: Եւ ահա բազմաթիւ մարդիկ, որոնք մօտ էին անձնապէս վարչապետին, սկսում էին «պաշարել» Խատիսեանին, տեղ ստանալու համար:

Խատիսեանն իրեն յատուկ սիրալիրութեամբ բոլորին խոստանում էր տեղ յատկացնել եւ... ուղարկում էր ինձ մօտ: Ցանկացողների թիւը մի 10 անգամ աւելի էր լինում, քան գոյութիւն ունեցող տեղերը: Եւ ես «գերմարդկային» ճիգ պէտք է թափէի՝ կացութիւնից դուրս գալու համար: Միշտ լինում էին «վիրաւորւողներ», որոնց ես ստիպւած էի մերժել, ֆիզիքական որեւէ հնարաւորութիւն չունենալով բաւարարելու նրանց: Բայց արդէն վարժւել էի:

Շատ անգամ ես մնում էի առանց տեղի եւ ամբողջ գիշերը մնում էի նստած սալոնում, սեղանի շուրջ, նրանց հետ միասին, որոնց վերցրել էի չափից դուրս, եւ որոնք յանձն էին առել՝ մնալ նստած սալոնի մէջ: Դա աւելի գերադասելի էր իրենց համար, քան տեղաւորւել գնացքի միւս վագոններում, որոնց մէջ շարժւելու տեղ անգամ չէր լինում:

Սակայն, Կարսի ճամբորդութիւնը տարբեր էր: Գանցքը սովորական չէր, որին «կընկերանար» սալոն վագոնը, այլ մի զուտ պաշտօնական կարճ գնացք էր, իսկ ճամբորդների ստոյգ թիւն առաջւանից ճշտւած էր եւ գտնւում էր կոմանդանտ Շահխաթունիի մօտ: Մեկնողների մէջ էին Խատիսեանը, բարձրաստիճան զինւորականներ, Շահխաթունին, վարչապետի յատուկ յանձնարարութեան սպայ Հ. Թումանեանը եւ ես, որպէս իր անձնական քարտուղարը: Բարձրաստիճան զինւորականների մէջ էին զօրավար Նազարբէկեանը, զօր. Յովսէփեանն իրենց համհարզներով: Կարսի մէջ, այդ զինւորականներին ընկերացան զօրավար Փիրումեանը, Սեպուհը, կապիտան Ղարիբեանը եւ ուրիշներ:

Ընդունելութեան կազմակերպիչներն էին Կարսի բերդապահ զօր. Փիրումեանը, նահանգապետ Ղորղանեանը եւ քաղաքագլուխը: Առաջին անգամն էր, որ վարչապետը ճամբորդում էր այդպիսի շքախմբով եւ բարձրաստիճան զինւորականների ուղեկցութեամբ: Դա արւած էր մասնաւոր դիտումով, փայլ տալու համար ճամբորդութեան,– մի բան, որ պիտի ազդրէ տեղական մահմեդական բնակչութեան վրայ:

Պէտք է ասել, որ համեմատաբար Կարսի շրջանի մահմեդական բնակչութիւնն աւելի օրինապահ էր, քան Հայաստանի միւս շրջանների մահմեդականները: Այս պարագան ոմանք վերագրում էին Կարսի նահանգապետ Ղորղանեանի վարչական արտակարգ կարողութիւններին. իսկ զինւորականները՝ անդորրութեան պատճառը տեսնում էին իրենց, այսինքն բանակի ոյժի մէջ:

Ձախէն աջ՝ Զօրավար Թովմաս Նազարբէկեան, Վարչապետ Ալեքսանդր Խատիսեան, Գնդապետներ Արտեմ Յովսէփեան եւ Դանիէլ Բէկ Փիրումեան

Դժբախտաբար, մինչեւ վերջին էլ անհնարին եղաւ հաշտեցնել Կարսի զինւորական եւ քաղաքացիական իշխանութիւններին: Յատկապէս միշտ սրւած մնացին Ղորղանեանի եւ զօր. Փիրումեանի (Սարդարապատի հերոսը) փոխ յարաբերութիւնները: Անհամաձայնութիւնը անհատական բնոյթ չէր կրում: Զինւորական իշխանութիւնը կարծում էր, որ Կարսի առանձնայատկութիւնները նկատի առնելով՝ պէտք էր այնտեղ հաստատել բարձրագոյն զինւորական իշխանութիւն, որին ենթակայ պիտի լինէր Ղորղանեանն իր ամբողջ վարչական մեքենայով: Մինչդեռ Ղորղանեանը կարծում էր, որ ինքը պիտի ենթարկւի ներքին գործոց նախարարին եւ տեղի վրայ պիտի լինի անկախ, իսկ զինւորականները պիտի զբաղւեն միայն իրենց վերաբերող զինւորական գործերով:

Վարչապետի գնացքը մեկնեց Երեւանից Ալեքսանդրապոլ, որտեղ կանգ առնելուց յետոյ պիտի շարժւէր դէպի Կարս:

Իր ուղեկից-աշխատակիցների հետ հաւաքւած սալոն-վագոնի մէջ, Խատիսեանը մշակում էր ճամբորդութեան վերաբերող ծրագիրը: Յետոյ անցանք սովորական զրոյցների:

Խատիսեանն անզուգական պատմող էր: Իր հարուստ անցեալով կեանքը միշտ նորանոր նիւթեր էր տալիս իրեն: Ամբողջ ճամբորդութեան ընթացքին, մինչեւ Ալեքսանդրապոլ, մենք բոլորս մեծ հետաքրքրութեամբ լսում էինք նրա պատմութիւնները: Դրւագներ Թիֆլիսի իր քաղաքապետութեան շրջանից, Տրապիզոնի եւ Բաթումի բանակցութիւններից: Նիւթը անսպառ էր: Երկարօրէն կանգ առաւ մի հետաքրքրական դրւագի վրայ:

1914 թ. վերջերին Մոսկւայի մէջ տեղի էր ունենում բովանդակ Ռուսաստանի քաղաքների Միութեան ընդհանուր համագումարը: շատ կարճ ժամանակում Խատիսեանը ժողովի մէջ գրաւում է առաջնակարգ տեղ: Իր ճառը Կովկասի քաղաքների Միութեան կողմից մեծ տպաւորութիւն է ձգում բոլորի վրայ: Այդ ճառիյց յետոյ շատերը շնորհաւորում են նրա ելոյթը եւ անւանում նրան «Կովկասեան Ոսկեբերան»:
... 

Յետոյ Խատիսեանը պատմեց մեզ Բաթումի բանակցութիւնների մասին, իր տպաւորութիւնները թուրք զօրավարներից, եւայլն:

Այսպիսի պատմութիւններ լսելով՝ մենք աննկատելի կերպով հասանք Ալեքսանդրապոլ:

Ալեքսանդրապոլի կայարանում տեղի ունեցաւ զինւորական տողանցքը: Ոգեւորւած ժողովուրդը խռնւած էր կայարանի շուրջ:

Մէկ կողմ թողնելով այս ընդունելութիւնը՝ անցնեմ ճամբորդութեան գլխաւոր նպատակին՝ այցելութիւն Կարս նահանգին:

Պէտք է ասեմ, որ այս ճամբորդութիւնից առաջ անգլիական զինւորական իշխանութիւնները խնդրել էին Խատիսեանին, որ իրենց ներկայացուցիչների հետ միասին երթայ Կարս եւ ընդունի պաշտօնապէս իշխանութիւնը:

Սակայն Ալեքսանդրապոլում պարզւեց, որ Կարսի մահմեդականների կողմից կազմւած «Շուրա» անունով կառավարութիւնը մերժում է ճանաչել Հայաստանի իշխանութիւնը: Այդ պատճառով ճամբորդութիւնն էլ յետաձգւեց, մինչեւ որ անգլիացիները բռնի ուժով հեռացրին «Շուրա»-ն եւ մեր զօրքերը գրաւեցին Կարսի շրջանը:

Կարսը աննկարագրելի խանդավառութեան մէջ էր – ժողովուրդը, բանակը, իշխանութիւնը: Կայարանը զարդարւած էր գեղեցիկ կերպով, չորս կողմը եռագոյն դրօշակներ: Տեղի ունեցաւ զինւորական տողանցք: Բարի գալուստ մաղթեցին քաղաքագլուխը, նահանգապետը, բերդի հրամանատարը եւ յատուկ բրիգադայի հրամանատար Սեպուհը:

Ձախէն աջ՝ Զօր. Փիրումեան (Կարսի բերդապահ), Միս Լայթպատի (Կարսի որբանոցի վարիչ), Զօր. Յովսէփեան, Զօր. Սեպուհ, Գնդ. Տ. Առաքելեան, Փիրումեանի սպայակոյտի պետը

Ժողովրդի կեցցէների տակ վարչապետը եւ միւս հիւրերը օթօներով մեկնեցին Ղորղանեանի բնակարանը, ուր յատուկ տեղ էր պատրաստւած բոլորի համար:

Հետաքրքրական էր վարչապետի եւ Ղորղանեանի առաջին տեսակցութիւնը: Նախ՝ խօսեցին առանձին: Յետոյ՝ կանչեցին ինձ, որ իրենց հետագայ խօսակցութիւնը նոթագրեմ:

Ղորղանեանը հմուտ վարչագէտ էր դեռ ցարական օրերից: Նա կարծում էր որ Կարսի վիճակը պահանջում էր նաեւ յատուկ կառավարական միջոցներ:

«Թուրք բնակչութիւնը միշտ կը մնայ հաւատարիմ Հաաստանի իշխանութեան, եթէ իշխանութիւնը բարձր պահի իր վայրկը,- ասաց Ղորղանեանը,- վարկը բարձր պահել՝ նշանակում է նախ եւ առաջ լինել արդար: Իշխանութեան արդարութիւնը ամենից մեծ զէնքն է մահմեդական շրջանների մէջ: Յետոյ, իշխանութիւնը պէտք է յենւի մահմեդական շրջանակներից առաջ քաշւած պաշտօնեաների վրայ: Մի գաւառապետ թուրք Կադիմովի միջոցով ես շատ աւելի մեծ գործ եմ տեսնում, քան մի ամբողջ զինւորական գունդով:

Նկատի առնելով թուրք ժողովրդի հոգեբանութիւնը, քաղաքացիական բարձր պաշտօնէութիւնը պէտք է ունենայ որոշ փայլ, ասինքն՝ պաշտօնեաները պէտք է ունենան անպայման փայլուն համազգեստ: Առանց փայլուն համազգեստի, այստեղ չի կարող լինել հեղինակաւոր իշխանութիւնը»:

Այս պարագան ի նկատի ունենալով՝ Ղորղանեանն իր ամբողջ ստորադաս պաշտօնեաներին՝ հայ, թուրք եւ քիւրդ՝ տւել էր գեղեցիկ, փայլուն ուսադիրներով համազգեստ, որ բաւական նմանում էր նախկին ցարական վարչական-ոստիկանական համազգեստին:

Նւիրապետութեան սկզբունքը,- բացատրեց Ղորղանեանը, մեծ դեր է կատարում ժողովրդի աչքում: Դրա համար էլ իմ բոլոր պաշտօնեաները ունեն համապատասխան աստիճաններ՝ քաղաքացիական գնդապետ, կապիտան, պրապօրշչիկ, իւնկեր եւ այլն: Ամենից ցածր աստիճանը՝ իւնկեր նախկին ռուսական աստիճանն է: Դուք չէք կարող երեւակայել, ժպտալով շարունակեց նահանգապետը,- թէ ի՜նչ մեծ տպաւորութիւն է ձգում ժողովրդի վրայ, օրինակ, երբ մէկ քիչ թէ շատ ազդեցութիւն ունեցող քիւրդ ստանում է իւնկերի աստիճան: Այս բոլորը, ի հարկէ, չեն համապատասխանում դեմոկրատիկ սկզբունքներին, բայց դեռ շատ ժամանակ է պէտք, մինչեւ որ այս մարդիկ հասնեն դեմոկրատիկ տարրական ըմբռնումներին»:

Նահանգապետը նմանապէս պահանջում էր իշխանութիւնից չափազանց օրինակելի խստաբարոյ կեանք, որոշ չափով մի տեսակ անմատչելիութիւն խոնարհ խաւերի համար: Ես ինքս ականատես եղայ, թէ ի՜նչ յարգանքով էին նայում Ղորղանեանին տեղական մահմեդականները: Նահանգապետը լաւ գիտէր թուրքերէն եւ մասամբ քրդերէն: Այս պարագան էլ նպաստաւոր դեր էր կատարում: Ինքը նմանապէս հագնում էր փայլուն համազգեստ:

«Այս համազգեստը,- ասաց նա,- այսօրւայ խաղաղ դրութեան նախապայմաններից մէկն է»:

Այս բոլորը ինձ շատ տարօրիանկ էր թւում, բայց հետագայ ճամբորդութեան ժամանակ համոզւեցի, որ Ղորղանեանը շատ լաւ ուսումանսիրել էր մահմեդական բնակչութեան հոգեբանութիւնը:

Խատիսեանը կատակով ասաց.

«Ուրեմն, ես էլ պէտք է համազգեստով գայի, բայց ես կեանքիս մէջ համազգեստ չեմ հագել»:

«Լաւ կը լինէր,- պատասխանեց Ղորղանեանը,- բայց այս պարագան ես նկատի եմ առել եւ տւել եմ հարկ եղած բացատրութիւնները»:

Աւելին չասաց, եւ մենք չկարողացանք իմանալ, թէ ի՜նչ են եղել այդ «բացատրութիւնները»: Միայն ամբողջ ճամբորդութեան ընթացքում, բոլոր մահմեդականները ոգեւորւած բացականչում էին. «Եաչասըն Էրմէնի հիւքիւմէթի, եաչասըն Էրմէնի սարդար»:

Ղորղանեանը միւս օրը, բոլոր հիւրերին եւ տեղական բարձր պաշտօնեաներին փառաւոր ճաշկերոյթ տւեց: Տիրում էր մեծ խանդավառութիւն: Բաժակաճառերը անվերջանալի էին:

Խատիսեանը իր սովորական պերճախօսութեամբ աւելի եւս խանդավառեց ներկաներին: Խօսեց բոլորի մասին ոչ ոքին չմոռացաւ:

Սրտառուչ էր Սեպուհի ճառը: Նա կոչ արեց բոլորին լարել բովանդակ ոյժերը, ամրապնդել հանրապետութիւնը եւ ազգային բանակը:

Գուրգուրանք մեր բանակի վրայ – ասաց Սեպուհը, անոր յաղթանակներու միջոցով է, որ մենք կրնանք տէր դառնալ մեր ամբողջական հայրենիքին»:

Խոր տպաւորութիւն ձգեց ճեմարանաւարտ մէկ երիտասարդ սպայի ճառը: Դժբախտաբար, չեմ յիշում իր անունը: Կարճահասակ, բայց ուժեղ կազմւածքով, աշխոյժ եւ արագաշարժ, նա խօսեց հայ բանակի, հայ սպայի ու զինւորի զոհաբերութեան ոգու մասին: Իր գեղեցիկ ընտիր հայերէն լեզուն, հռետորական կարողութիւնը, անկեղծ խանդավառութիւնը եւ կրակոտ հայրենասիրութիւնը, կախարդեցին մեզ բոլորիս: Երբ վերջացրեց, սրահը թնդաց անվերջանալի ծափահարութիւններով: Յուզւած եւ կարծես ուժասպառ, նա նստեց իր աթոռի վրայ:

Զարմանալով նայում էի նրա վրայ եւ մտածում. «Ի՜նչ մեծ հոգի ունի այս փոքրիկ մարդը»:

Երկար ժամանակ տպաւորւած էի դեռ Սեպուհի բրիգադայի այս սպայից:

Հետագային, Երեւանում, իմացայ, որ թուրքերի հետ ունեցած մէկ կռւում այդ սպան իր ջոկատի հետ գրոհ է տւել թշնամու դիրքերի վրայ եւ հերոսաբար ընկել պատւոյ դաշտի վրայ:

Սեղանի շուրջ եղան նաեւ երգեր: Երգում էին մեծ մասամբ տիկինները: Յետոյ սկսւեցին պարեր: Սպաներից ոմանք մեծ յաջողութեամբ պարեցին զանազան կովկասեան պարեր: Շահխաթունին իր «Շամիլի աղօթքով» աւելի եւս ոգեւորեց մթնոլորտը: Իսկ ես կատարեցի նոյն պարի ծաղրական ընդօրինակութիւնը, այսինքն՝ կարիկատուրայի ձեւով ցոյց տւի, թէ ի՛նչպէս է պարում Շահխաթունին: Այս կոմիկ «հիւմոր»ն մեծ յաջողութիւն ուեցաւ:

Զօրավար Նազարբէկեանը, տեսնելով իմ կոմիկ պարը, պահանջ դրեց, որ ես եւ ողբացեալ Արջ Պետրոսը (Կարսի շրջանի քաջարի սպաներից) անպայման պարենք «14» պարը: Այս պարը շատ էր տարածւած Հայաստանում: «Էնզէլի»ի եւ «Տրնգի»ի մի տեսակ խառնուրդ էր: Նազարբէկեանը շատ էր սիրում այդ պարը եւ գիտէր, որ իմ եւ Պետրոսի «ելոյթը» պիտի լինէր մի նոր զաւեշտական «հիւմոր»:

Անհնարին էր մերժել սպարապետին: Որոշեցինք մի քիչ զւարճացնել ծերունի զօրավարին: Եւ ահա սկսեցինք երկուսով պարել:

Նազարբէկեանը յատուկ շնորհակալութիւն յայտնեց մեզ եւ ասաց. «Վաղուց է, որ այսքան չեմ ծիծաղել»:

Խատիսեանն ասաց. «Պէտք է մի քանի այսպիսի «հիւմոր»ներ պատրաստել»:

Միայն Ղորղանեանն էր, որ կարծես մի քիչ դժգոհ մնաց: Նրա կարծիքով՝ «իշխանութեան ներկայացուցիչները» միայն վախ եւ յարգանք պէտք է ներշնչեն եւ ոչ թէ ծիծաղ, թէկուզ եւ քէֆի ժամանակ:

Ո՜վ գիտէ, գուցէ նա իրաւունք ունէր... Ես անձնապէս աւելի քաշւում էի Սեպուհից: Դուրս եկաւ հակառակը: Նա պնդում էր, որ մեր ժողովուրդը, վերջ ի վերջոյ, իրաւունք ունի զւարճանելու, ուրախանալու եւ ծիծաղելու. տառապանք արդէն շատ է տեսել: Համամիտ չէր Ղորղանեանին եւ շատ գոհ մնաց:

Բաժակաճառերից մէկն էլ ես ասացի: Ինձ վրայ միշտ խոր տպաւորութիւն էր ձգում զօր. Նազարբէկեանի անձնաւորութիւնը, եւ ես որոշեցի խօսք ուղղել նրան: Կանգ առի նրա անցելիա վրայ, մի քանի անգամ յիշելով 1914 թ. պատերազմի դրւագները:

Ս. Թորոսեան
«Ալիք», Թեհրան
ԻԲ. Տարի, Թիւ 274, 274