08 March, 2023

Յեղափոխական Հայուհի Էլլէն Բիւզանդի Անմոռաց Յիշատակին


Յեղափոխական Հայուհի Էլլէն Բիւզանդի Անմոռաց Յիշատակին

1960 թուականներին էր, որ Հայ Կին Միութիւնը գեղեցիկ մտածումն էր ունեցել, նրան Փարիզից՝ Իրան հրաւիրելու, որպէս ժամանակակից գրագիտուհու. Մօտիկից ծանօթանալ, լսել իր խօսքը եւ առիթ ստեղծել նրա համար եւս հաղորդելու այս հայահոծ գաղութից իր նոր ներշնչումների համար:

Ծանօթ էինք իր գրականութեան – որի մէջ թարմութիւն կար եւ փարիզեան արդիական եւ մի քիչ բաց գաղափարներ, կանանց ազատութիւնը միշտ պաշտպանող, հայ կնոջ իրաւունքները հետապնդող: Կարդում էինք յափշտակութեամբ:

Շատ օգտակար եղաւ նրա Պարսկաստան այցելութիւնը, նախ իր սգւոր հոգին (նոր էին մահացել իր աղջիկը եւ ամուսինը) մխիթարելու տեսակէտից եւ երկրորդ պասկահայութիւնը մօտիկից ծանօթացաւ նրա անձի ու կարողւոթեան հետ եւ ապրեց անմոռաց օրեր...

Նա շատ ջերմ սիրով կապուած էր Պարսկահայութեան հետ եւ սիրում էր Իրանը:

Առաջին իսկ հերթին մի ձօն նուիրեց Իրանին, շեփորելով այն դարաւոր մօտիկութիւնը, որ գոյութիւն ունի երկու ազգերի միջեւ եւ մանաւանդ տարագրութեան ծանր օրերին, Իրանի լայն դռնաբաց ընդունելութիւնը մեր տասհազարի հասնող տարագիր հայութեան, տեղաւորման եւ օգտակարութեան համար, որոնցից մէկն էր ինքը, իր ընտանիքը եւ շատ աննման դէմքեր, որոնք այս ճանապարհով անցան զանազան երկիրներ:

Էլլէն-Բիւզանդը մէկն է մեր նորագոյն պատմութեան կին գործիչներից՝ որ եղաւ բազմաթիւ ճակատներում:

Գրող էր, դեռ պարմանուհի տարիքից, աշակերտական նստարանից: Ունէր հռետորական ձիրք, ֆէմինիզմի պաշտպան, եւ անիրաւուոթիւնները խարազանող, կտրուկ ու հատու ոճ:

Ազգային խնդիրները շօշափում էր հոգու բոլոր անկեղծութեամբ:

Գործել, ու ծանօթ էր մեր փոթորկալից պատմութեան վերջին շրջանի շատ մեծանուն դէմքերին:

Իր «Մեր աւագ ընկերները Փարիզում» յօդուածաշարքը, տպուած «Հայրենիք» ամսագրի մի շարք համարներում,– գրուած հանգուցեալ Ռուբէն Դարբինեանի խրախուսանքով, մի գեղեցիկ շարան է – որոնցով ճանաչում ենք մեր շատ անուանի դէմքերին իրենց պարզութեան, համեստութեան եւ գրաւչութեան մէջ,– կնոջական ակնոցով դիտուած:

Սրանց միջոցով ըմբռնում ենք այն ողբերգական օրերը, որ մեր աւագ ընկերները ապրեցին ու քաշեցին օտար երկրներում, դատարկ գրպանով, միշտ բարձր պահելով իրենց հոգեկան կորովը, դիմանալով եւ արհամարհելով հազար ու մի լուտանքներին, իրենց հասցէին ուղղուած, դժբախտաբար նաեւ մեր ներքին ճակատից:

Նրա «Սարէ Բորչէ» վերջին գործը – որի ներշնչումը առել էր հայ դիւցազներգու՝ Ռուբէն Տէր Մինասեանի՝ «Հայ Յեղափոխականի մը Յուշերը» գրքերից, մի գեղեցիկ կտոր է, պոեմայի ձեւով ներկայացուած, հայ կնոջ հոգու կորովը ցուցադրող, մերպ ատմութեան ճգնաժամից՝ մի դրուագ:

Նա յեղափոխական գործիչ էր, բարեսիրական կազմակերպութիւնների կազմակերպիչ, Փարիզի «Կապոյտ Խաչ»ի մղիչ ուժը:

Վերջին պատերազմին երբ բազմաթիւ հայ զինուորներ զանազան դրօշների տակ, ցրուած էին Եւրոպայից մինչեւ Աֆրիկա, վճատ ու յուսալքուած, նա իր ընկերուհիների հետ միասին յուսադրող նամակներով եւ կապոցներով, ջերմութիւն էր ստեղծում նրանց հոգու, չվհատուելու եւ դիմանալու վաղուայ լաւ ու յուսաբեր օրերի համար:

Քիչ յետոյ, ինքը դարձաւ սգաւոր, կորցնելով եւ աղջկան եւ ամուսնուն, Փարիզում:

Նա անցաւ աւելի հեռու օտարութեան, հանգիստ գտնելու իր տղայի մօտ, երբ վաղաժամ մահը նրան եւս խլեց ձեռքերից, Ամերիկայում:

–«Կոտրուած սրտիս ճար չկայ», գրում էր իր նամակներից մէկում:

Ծանօթ էինք իրարու հեռուից, մտերիմներ դարձանք ծանօթանալուց յետոյ: Իր բովանդակալից նամակները շօշափում էին ազգային խնդիրներ:

Այնպիսի անքակտելի կապերով կապուել էր պարսկահայերի հետ, որոնցից, ասում էր՝ «իմ հեռաւոր մայրենի երկրի բոյրը, համն ու հաճոյքն եմ գտնում, այս սրտբացութիւնը եւ հաճոյախօսութիւնը՝ ինձ իմ հայրենի երկիրը եւ մտերմութիւնն են յիշեցնում»:

Մահուանից երեք ամիս առաջ, վերջին անգամ այցելեց Փարիզ, ուր մնաց երկու ամիս, որտեղ անց էր կացրել իր կեանքի մեծ մասը: Գրում էր. «Շատ կորուստներ կան, շատ նահանջ, ազգային կեանքում ուծաացում, բայց կան նաեւ մխիթարական երեւոյթներ:

Աչքառուն՝ հայութեան բարեկեցիկ, նոյնիսկ հարստացած լինելն է: Երկրորդը՝ դեռ չէ մեռած հայապահպանման ջանքը շատերի մէջ:

Երիտասարդները այլեւս չեն ամաչում հայ կոչուելուց. նոյնիսկ կազմուած է աւելի երիտասարդների մի միութիւն, որի գեր նպատակն է հայ մնալ, հայ պահել նոր սերունդը, եւ միութիւնը կոչած են եանց:

Հիմա Լոս-Անջէլէս եմ, որ երեւի վերջին կայանս լինի: Սիրելի քրոջս եւ քեռայրիս մօտ»:

Եւ այդպէս էլ եղաւ: Հազիւ իր վերջին նամակից 17 օր անց, տուեցին իր մահուան գոյժը:

Դադարեց բաբախելուց՝ իր թափառական, անհանգիստ ու սգուոր սիրտը:

Հազիւ մի քանի քայլ ա՜յն կողմ իր սիրած զաւակի շիրիմից՝ տարածուած է պարզ դամբանաքարը, գրչաքանդակով:

Եկայ այցի եւ լուռ լացի..

Իր սիրտը այնքա՜ն բաբախեց հայ ժողովրդի ուրախութեան եւ տխրութեան օրերին:

Եւ հիմա՝ ինքն էլ հալածական հայրենի երկրից հեռւո, օտարութեան մէջ ընդ միշտ փակեց իր աչքերը:
...

Մանուշ Գէորգեան
«Հայրենիք», Պոսթոն
74-րդ Տարի, Թիւ 18343
Հինգշաբթի, Փետրուար 15, 1973

Էլլէն Բիւզանդ

Ստամբոլցեանները Կովկասում (Կարս) հանրային եւ քաղաքական ասպարէզներում բարի համբաւ ունէին: Հէլէնի օրիորդական ազգանունը Ստամբոլցեան էր, նոյն տոհմից: Հետագային ամուսնացաւ դոկտոր Կիլիկեցիի հետ եւ կոչուեց տիկին Կիլիկեցի: Ապա, երբ սկսեց գրականութեամբ զբաղուել, որդեգրեց Էլլէն Բիւզանդ գրչանունը:

Կովկասում, նախ քան ռուսական յեղափոխութիւնը, Էլլէն Բիւզանդը զբաղուել էր ուսուցչութեամբ, եղել էր քարտուղար զանազան ազգային-հասարակական հաստատութիւնների, մեկնել էր Նոր Նախիջեւան, այնտեղ գործել էր «Նալբանդ»ի Հ. Յ. Դաշնակցութեան կոմիտէի մէջ, ապա կովկասեան դէպքերի ժամանակ, 1917-1918 թուերին եկել էր Կովկաս եւ նետուել եռուն ու վտանգաւոր կեանքի յորձանուտի մէջ:

Կովկասեան ճակատի փլուզում 1917ին, ռուս զօրքի խելագար նահանջ, անգլուխ ոչխարի հօտի պէս կռիւ, ջարդ, աւեր... Նահանջ Էրզրումի ճակատի հայ մարտիկների, հայրենի Կարսի անկում, Ալեքսադնրապոլի գրաւում, ճակատագրական օրեր հայ հայրենիքի եւ հայ ժողովրոդի համար, կենաց եւ մահու կռիւ:

Էլլէնը նետւում էր ճակատից ճակատ, մխրճւում զօրքի մէջ, խօսում, քարոզում, օգնում, խրախուսում էր, եւ զինուորները թեւ էին առնում հայուհու ոգեւորութիւնից, խանդից ու եռանդից:

«Ընկեր Վրացեանը այդ օրերին ինձ կոչւում էր «Օրլէանի Կոյս»», ասում էր, արդար հպարտուեամբ, տիկին Էլլէն Բիւզանդը ինձ, մտերմական մեր զրոյցի ընթացքում, մանաւանդ որ ես էլ եղել էի Էրզրումի ճակատում, տեսել ռուս զօրքի նահանջն ու աւերը, բազմութիւնների գաղթը, կռիւ, փախուստ, դասալքութիւն, նաեւ հերոսութիւն՝ հայ հայրենասէր կամաւորների եւ զինուորների:

Մի առիթով, երբ այդ օրերի մասին խօսում էի եւ պատմում մեր ընկեր Համօ Օհանջանեանի զաւակ Մոնիա Օհանջանեանի մասին, որի հետ կամաւոր էինք գրուել դոկտ. Զաւրիեւի ուսանողական կամաւորական խմբի մէջ, ՄՈնիան միշտ առաջին գծերի վրայ էր, հայախօս չէր, ընդամէնը մի քանի բառ գիտէր, բայց ի՜նչ հայրենասէր, ի՜նչ անձնուէր պատանի, զոհուեց Ղարաքիլիսէի ճակատամարտին... Արցունքը խեղդեց ինձ. Տիկին Էլլէնը մօտեցաւ, պատմեց իր ծանօթութեան մասին՝ «Քոյրս եւս, Հռիփսիմէն, առանց արցունքի չի կարող յիշել Մոնիայի մասին», ասաց Էլլէնը:

Ահա՛ Մոնիայի եւ Էլլէնի պէս անձնուէր հայերն էին որ նետուել էին ճակատ, հայնո հւ այրենիքը փրկելու համար:

Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսէի հերոսամարտերով ստեղծուած Հայաստանի Հանրապետութեան մէջ եւս Էլլէն Բիւզանդը իր դերն ունեցաւ եւ իր տուրքը տուաւ Մայր Հայրենիքին:

Տեղի ունեցաւ թրքօ-բոլշեւիկ դաւադրութիւնը եւ Հայաստանի Հանրապետութեան անկումը: Ղեկավար դասը, եւ 10,000 հետեւորդներ, ողողեցին Զանգեզուրը, ուր իրենց ընդունեց սպարապետ Նժդեհը: Կռիւներ կային, օրհասական կռիւներ թուրքերի եւ բոլշեւիկների դէմ. եւ ահա այդտեղ եւս «Օրլէանի Կոյս»ը առաջին գծերի վրայ է, զինուորների մէջ, զինուորների հետ: Իր նիհար մարմինը սնունդ էր առնում իր հրավառ ոգիէն, որ կերոնի պէս լուսաւորում էր մարտական հայ կեանքը:

* * *

Տարագրութեան ծայրը հասաւ Թաւրիզ: Սրբազան Ներսէս Մելիք-թանգեանը եւ ազգային ու կուսակցական մարմինները տարագիրներին ընդունելու եւ տեղաւորելու գործին նուիրուեցին:

Այդ օրերին (1921 թ.) Թաւրիզում ունէինք Հ. Յ. Դ. օրգան «Այգ» թերթը, որի խմբագրական կազմն էր՝ Գասպար Յակոբեան, Վարդան Յովհաննիսեան (Նելլի) եւ տողերիս գրողը:

Մի օր, նստած էի գրասենեակում, երբ ներս մտաւ նիհար, բարձրահասակ, մազերը խռիւ մի տիկին, տարօրինակ հայեացքով եւ դիմելով ինձ ասաց.

–Ես տիկին Կիլիկեցին եմ, պսիխոզ ունէի, բայց անցաւ...

Հրաւիրեցի իրեն նստել. նա ինձ տուեց մի չափածոյ, նեղ տողերով բանաստեղծութիւն:

Խոստացայ կարդալ եւ հրատարակել թերթում: Տիկինը մեկնեց:

Մի քանի օր յետոյ, մեր տարագիրները Թաւրիզի Հայկազեան դպրոցի թատերասրահում կազմակերպել էին մի ներկայացում, «Խուստպի գրաւումը» վերնագրով: Խուստուպը Զանգեզուրի բարձր լեռն է, որը գրաւել եւ ուր ապաստանել էր սպարապետ Գ. Նժդեհը:

Ներկայացում գնացի իբրեւ «Ազգ» թերթի թղթակից, նստած էի առաջին շարքում:

Վարագոյրը բացուեց, բեմի աջ եւ ձախ կողմերից զինուորներ գետնամած սկսեցին սողալ դէպի բեմի կենտրոնը, իրենց հրացաններով եւ փափախներով...

Երբ երկու կողմից սողացող զինուորների գլուխները միմիանց մօտեցան, յանկարծ բացուեց խորքի դուռը եւ իմ ծանօթ տիկինը՝ Էլլէն Կիլիկեցի, դրօշը ձեռին ներս խոյացաւ եւ գոռաց՝

–Խուստուպը գրաւուա՜ծ է...

Ծափահարութիւն, սուլոց, գոռոց, կեցցէ՜, կեցցէ՜, օդը թնդացրին...

Այսպէս գրաւուեց Խուստուպը:

* * *

Երրորդ անգամ տիկին Էլլէնին հանդիպեցի 1953 թուին, Փարիզում, երբ Ամերիկա էի գալիս իբրեւ գործիչ:

Հրաւիրեց իրենց տունը եւ իր պատուական ամուսնու՝ դոկտ. Կիլիկեցիի հետ հաճելի ու երկար զրոյց ունեցանք:

Տիկին Էլլէնը իր Կիլիկեցի ազգանուան փոխարէն ընտրել էր Էլլէն Բիւզանդ գրչանունը եւ գործօն դեր ունէր Ֆրանսահայ Կարմիր Խաչի մէջ: Երկու տարի էլ հրաւիրուած էր Ամերիկա իբրեւ ՀՕՄ-ի գործչուհի:

Ես արդէն ծանօթ էի իր գրական գործերին «Հայրենիք» ամսագրից, իր «Նոր կինը» գրուածքը մեծ հետաքրքրութիւն առաջացրեց:

Չորրորդ անգամ հանդիպեցի տիկին Էլլէնին Ամերիկայում: Եկել էր իր տղայի Բենոնի մօտ, Լոս Անճելըս, եւ մխիթարւում էր իր զաւակով, որովհետեւ Ֆրանսայում դժբախտութիւնն էր ունեցել կորսնցնելու իր դեռատի աղջիկ զաւակը, ապա իր կեանքի ընկեր՝ ամուսինը:

Յաճախ հանդիպում էին միմիանց հանդէսներում եւ ձեռնարկներում. Աշխատակցում էր «Ասպարէզ»ին խօսում եւ բանախօսում հանդէսներում:

Եւ ահա կրեց ամենէն ծանր հարուածը որ ակրող է մի մայր կրել. կորցրեց իր մէկ հատի կտղան եւս՝ Բենոն, կարճատեւ հիւանդութիւնից յետոյ...

Բոլորս սարսափում էինք, թէ ինչպէս եւ ի՛նչ խօսքերով մխիթարենք ծանրապէս վշտահար մօրը: Բայց «Օրլէանի Կոյս»ը այս դէպքում եւս հերոսաբար տարաւ ահաւոր հարուածն ու վիշտը, իր ազնիւ ու դեռատի հարսի՝ Սոնիայի հետ:

Վերջին անգամ հանդիպեցինք Լոս Անճէլըսի մէջ, երբ Հ. Յ. Դ. Կենտր. Կոմիտէն ողջերթի սեղան էր կազմակերպել իմ Իրան մեկնելու առթիւ: Տիկին Էլլէն Բիւզանդը խօսեց, ապա դարձաւ ինւ՝ «Քեզ պիտի համբուրեմ, թերեւս չհանդիպենք» ասելով:

Ամիսներ յետոյ իմացայ որ աջ կողմը կաթուած է ունեցել եւ մեռնելուց առաջ հեռախօսեցի իրեն. «Այժմ բաւական լաւ եմ եւ խօսել կարողանում եմ», ասաց եւ հրաժեշտ առինք:

Վերջին տարիներն ապրում էր իր քրոջ եւ փեսայի՝ Այվիսընների հետ, որոնք յարգուած են Լոս Անճէլըսի հանրութեան կողմից:

Բոստոնում, ճամբիս վրայ, իմացայ մահուան գոյժը մեր սիրելի գրագիտուհի Էլլէն Բիւզանդի, որ այնքա՜Ն հարազատօրէն ու ցեղեցկօրէն նկարագրել է իր ծննդավայր Կարսը, «Ախպեր Արշօն» պատմուածքի մէջ:

Գրագէտները չեն մեռնում, նրանց գրուածքները յաւերժացնում են նրանց անունը: Փա՜ռք իրենց:

Ա. Ամուրեան
«Հայրենիք», Պոսթոն
71-րդ Տարի, Թիւ 17,479
Կիրակի, Փետրուար 1, 1970