Համօ Օհանջանեանը Հ. Յ. Դաշնակցութեան հիմնադիրներին անմիջապէս յաջորդող սերնդից էր՝ նրանց գաղափարներով եւ աւանդութիւններով ներշնչուած, նոր սերունդներին հիմնադիր սերնդի հետ միացնող կուռ շղթային ամուր օղակներից մէկը: Նա իր մէջ տարրեր ունէր ե՛ւ Քրիստափորից, ե՛ւ Զաւարեանից եւ Ռոստոմից. ուրոյն անհատականութիւն էր – տիպար մտաւորական եւ տիպար Դաշնակցական՝ օժտուած մտաւոր ու բարոյական բարձր առաքինութիւններով:
Օհանջանեանը ծնուած էր Ախալքալաքում, 1873-ին: Մկրտութեան անունը Համազասպ էր, բայց Համօ անունով էր յայտնի: Կուսակցական անունն էր Մհերեան: Թիֆլիսի պետական գիմնազիան աւարտելուց յետոյ, ուսել էր բժշկութիւն Զուիցերիայում եւ Մոսկուայում: Աշակերտական տարիներից սկսած՝ Դաշնակցութեան մէջ էր՝ առանձնապէս մտերիմ կապերով կապուած Քրիստափորի հետ թէ՛ Կովկասում եւ թէ Զուիցերիայում: Լեւոն Թադէոսեանը (Պապաշան) իր յուշերում պատմում է, թէ 1898-ին, Համոյի հետ միասին Դաշնակցական Կարմիր Խաչի մասնաճիւղ են կազմել Թելաւում, հակաֆիլոքսիրային արշաւախմբում աշխատելիս:
Համալսարանական շրջանը լրացնելուց յետոյ, Համօն հաստատուեց Թիֆլիսում, իբրեւ բժիշկ, եւ ամբողջ էութեամբ նւիրուեց հանրային-կուսակցական գործունէութեան՝ շուտով գրաւելով ղեկավար դիրքեր: Բարեկազմ, վայելչատեսիլ, բնաւորութեամբ՝ բարեհամբոյր, լրջախոհ եւ ասպետական, ամուր իր համոզումներով եւ չափազանց բծախնդիր դէպի բարոյական սկզբունքները՝ Համօն հաւասարապէս յարգուած ու սիրուած էր հասարակական բոլոր խաւերի եւ ընկերների, նոյնպէս հակառակորդ կուսակցականների կողմից: Գործի եւ անձնական մտերիմ յարաբերութիւնների մէջ էր եւ ռուս յեղափոխականների հետ:
Իր անսպառ եռանդով ու գաղափարական պայքարի թափով՝ Համօն առանձնապէս աչքի ընկաւ 1905 թ. ռուսական յեղափոխութեան յաջորդող տարիներին: Հ. Յ. Դ. Արեւելեան Բիւրոյի անդամ եւ կուսակցութեան ներկայացուցիչ արտաքին աշխարհի առջեւ՝ Ե. Թոփչեանի, Գ. Խաժակի եւ ուրիշների հետ նա ղեկավար եւ պայքարող դէմք էր հրապարակի վրայ՝ թէ՛ ներքին կեանքում եւ թէ յարաբերութիւնների մէջ օտարների հետ: Եւ մասնաւորապէս՝ մեծ հեղինակութիւն էր վայելում երիտասարդութեան, մարտական ուժերի եւ աշխատաւորութեան շրջաններում: Համոյի եռանդին ենք պարտական մեծ չափով նաեւ «Յառաջ» օրաթերթի եւ «Յառաջ» մատենաշարի հրատարակութեան համար: Անգնահատելի եղաւ նրա դերը եւ «անջատական» ու «միհրանական» շարժումների ժամանակ, իբրեւ բարոյական հեղինակութիւն ամէնքի աչքին: Իր համոզումներով ու խառնուածքով Համօն կենտրոնական տեղ էր գրաւում Դաշնակցութեան մէջ եւ մի տեսակ միութեան կապ էր աջ ու ձախ կողմերի համար:
Այդ դիրքի եւ «հաշտարար» ոգու շնորհիւ, Հ. Յ. Դ. Չորրորդ Ընդհ. Ժողովում էլ Համօն, Ռոստոմի կողքին, եղաւ մէկը այն ազդեցիկ դէմքերից, որոնք վիժեցրին Դաշնակցութեան դէմ լարուած դաւերը եւ աւելի եւս ամրապնդեցին կուսակցութեան միասնական զօրութիւնը: Ժողովից յետոյ էլ նոյն եռանդով շարունակեց կուսակցական աշխատանքը ղեկավար դիրքերում: Եւ երբ սկսուեց հալածանքը Դաշնակցութեան դէմ, 1908-ին, ցարական ժանտարմաների առաջին հարուածը իջաւ Համոյի գլխին: Հարիւրաւոր ականաւոր մտաւորականների հետ նա եւս նետուեց բանտ, ուր պահուեց մինչեւ դատավարութիւն:
Համօ Օհանջանեան՝ բանտարկեալ |
Ռուբինա եւ Համօ Օհանջանեաններ Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին |
Պատերազմի կամաւորական շարժման հետեւանքով, 1915-ին, շատերի հետ, Համօն էլ ազատ արձակուեց, վերադարձաւ Կովկաս եւ, կարճ ժամանակից յետոյ, պաշտօն ստանձնեց Քաղաքների Միութեան ռազմաճակատի բժշկա-առողջապահական բաժնում՝ նպատակ ունենալով, առաջին հերթին, օգնութիւն հասցնել պատերազմից աղէտահար հայերին: Վասպուրականի ազատագրութիւնից յետոյ, օրինակ, նա փութաց Վան բժշկա-խնամատարական մեծ խմբի գլուխն անցած եւ նահանջին, իր խմբով, շարունակեց խնամատարութեան գործը Էջմիածնում:
Ցարական գահի տապալումից յետոյ, 1917-ին, Համօն նորից նետուեց կուսակցական գործունէութեան ասպարէզ, ընտրուեց Սահմանադիր Ժողովի անդամ եւ մեկնեց Պետրոգրադ, ուր, 1918 թ. Փետր. 5-ին, պիտի բացուէր Սահմ. Ժողովը: Վրայ հասաւ, սակայն, բոլշեւիկեան յեղաշրջումը, Հոկտեմբերի վերջերը, ու նա մնաց կէս ճանապարհին, Ռոստովում, ուր իր հեղինակաւոր մասնակցութիւնը բերեց հայկական գործերում: Թիֆլիս վերադարձաւ հայութեան կեանքի ամենաճգժանամային օրերին: Ռազմաճակատը փլել էր: Թուրքերը անցել էին սահմանը եւ սպառնում էին նաեւ Կովկասի հայութեան բնաջնջման: Բաթումում տեղի էին ունենում անպտուղ բանակցութիւններ Կովկասեան Սէյմի եւ թրքական պատուիրակութեան միջեւ: Կովկասեան ազգերի միութիւնը փլչելու վրայ էր: Հայ ժողովուրդը մնում էր մենակ, անօգնական մահացու վտանգի առջեւ: Միակ իրական ոյժը այդ օրերին, որ, թերեւս, կարողանար աղէտի առաջն առնել, Գերմանիան էր: Եւ Հայոց Ազգ. Խորհուրդը շտապեց պատուիրակութիւն ուղարկել Բերլին. ծովում խեղդուողը օձին էր փաթաթւում: Այդ առաքելութիւնը յանձնւում է Համոյին եւ Սոց.-Դեմոկրատ Արշակ Զոհրաբեանին:
Բարեբախտաբար, վրայ հասաւ ընդհանուր զինադադարը 1918 թ. Նոյեմբ. 11-ին: Ահաւոր սպառնալիքը հեռացաւ հայկական հորիզոնից: Փարիզ մեկնեց Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութիւնը Ահարոնեանի գլխաւորութեամբ, որի մէկ անդամ նշանակուեց Համօ Օհանջանեանը: Այդ պաշտօնում նա մնաց մինչեւ 1920 թ. սկիզբը՝ մասնակից լինելով Պատուիրակութեան բոլոր աշխատանքներին:
Վերադառնալով Հայաստան՝ Համօն մտաւ Ա. Խատիսեանի դահլիճի մէջ, իբրեւ արտաքին գործերի նախարար: Բոլշեւիկների մայիսեան ապստամբութեան հետեւանքով՝ Խատիսեանի դահլիճը հրաժարուեց, եւ Մայիս 5-ին իշխանութիւնը անցաւ բիւրօ-կառավարութեան ձեռքը: Համօն, որ 1919-ի աշնան, Հ. Յ. Դ. 9-դ Ընդհ. Ժողովից ընտրուել էր Բիւրոյի անդամ, նշանակուեց վարչապետ:
Բիւրօ-կառավարութիւնը պաշտօնի կոչուած էր կարճ ժամանակի համար, բայց մայիսեան խռովութիւնները զսպելուց յետոյ էլ դէպքերը հարկադրեցին նրան մնալու իշխանութեան գլուխը: Այնուհետեւ վրայ հասաւ պատերազմը. Հայաստանը ճզմուեց թուրք-բոլշեւիկեան միացեալ ուժերի ճնշման տակ: Համոյին վիճակուեց այս դէպքերի դառնութեան բաժակը քամել ցմրուր, մինչեւ որ, Նոյեմբերի վերջերը, իշխանութիւնը փոխանցեց նոր կառավարութեան:
Խորհրդայնացումից յետոյ, երբ Համօն մի խումբ ընկերների հետ հեռացաւ Հայաստանից, վրացական սահմանին չհասած՝ ձերբակալուեց բոլշեւիկներից եւ փոխադուեց Երեւանի բանտը, որտեղից, հազարաւոր ուրիշների հետ, ազատուեց միայն Փետր. 18-ի յեղաշրջման շնորհիւ: Ապա՝ տարագրուեց Պարսկաստան եւ այնտեղից Եգիպտոս՝ Գահիրէ, ուր եւ մնաց մինչեւ վերջ՝ զբաղուելով բժշկութեամբ, բայց ժամանակի եւ ուժերի մեծ մասը յատկացնելով հանրային-կուսակցական գործունէութեան, իբրեւ Դաշնակցութեան ղեկավար մարմնի անդամ եւ «Համազգային»ի նախագահ՝ յարգուած ու սիրուած բոլորի կողմից:
«Ասպարէզ» Ֆրեզնօ, Հինգշաբթի, 14 Օգոստոս 1947, Թիւ 2305 |
Մեռաւ Համօն 1947 թ. Յուլիս 31-ին, եւ Գահիրէի հայութիւնը համազգային յուղարկաւորութեամբ ճանապարհ դրեց նրան դէպի յաւիտենականութիւն: