Նկարները՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին |
(Ընկ. Յով. Արղութեանի Մահւան Առթիւ)
Առաջիններից էր նա, այն շքեղ
փաշանգից, որ բացաւ հայ յեղափոխութեան փշոտ բայց փառաւոր ճանապարհը: Հազիւ աւարտած
միջնակարգ դպրոցը, Իշխան Յովսէփ Արղութեանը բոլորովին մատաղ հասակում, 20 տարեկան չեղած
դեռ եւս, թողնում է մայրենի հողը, եւ մոռցած ուսման ծարաւը, ամէն ինչ զոհելով գաղափարին,
անցնում է Պարսկաստան եւ այն տեղից Վասպուրական Գօլօշեանի եւ Ագրպասեանի հետքերով:
Երկար ու անխոնջ կազմակերպական
աշխատանքների կը նուիրուի նա Վանում, «Երուանդ» կեղծանունով, օրերով ու շաբաթներով
արեւի լոյսէ զրկուած, գետնափոր նկուղներում պահւած եւ լոյս աշխարհ դուրս գալով միայն
գիշերները: Այս զրկանքները սակայն աւելի եւս ուժ էին տալիս նրա եւ իր ընկերներին, որովհետեւ
տեսնում էին թէ ի՛նչքան ժողովուրդը տառապում է եւ կարիք ունի իրանց անձնւէր գործունէութեան:
Առաջինն էր նա նրանցից, որոնք
կազմեցին Հ.Յ. Դաշնակցութիւնը 1890 թւին, լինելով արդէն փորձւած յեղափոխական, երկիրը
տեսած, երկրում ապրած եւ գործած եւ երկրի ժողովրդին քաջածանօթ:
Դաշնակցութիւնը կազմւելուց անմիջապէս
յետոյ, նա՝ Սիմոն Զաւարեանի հետ հայոց դպրոցի ուսուցչի պաշտօնով անցաւ Տրապիզոն, ուր
նրանք միւս ընկերների հետ ունեցան կազմակերպական եւ պրօպականտային բեղմնաւոր աշխատանք:
Այն տեղից է որ բանտարկւելով տաճիկ կառավարութեան կողմից դատի ենթարկւելուց յետոյ,
յանձնւեցին ռուս հիւպատոսին, որ հեռացրեց նրանց դէպի Ռուսաստան: Դրանից յետոյ, Իշխանը
նորից անցաւ Պարսկաստան եւ շարունակեց կազմակերպական յեղափոխական գործը:
Իր այդ անդուլ աշխատանքը տարաւ
նա, հակառակ որ պարսիկ կառավարութիւնը հալածում էր հայ յեղափոխական: Երուանդը Պարսկաստանի
մէջ ալ ճաշակեց գետնափոր բանտը, եւ ֆալախկան եւ վզից ուրիշ բանտարկեալներին կապող շղթան
եւ օրերի եւ շաբաթների ճանապարհի տաժանքը, այդպէս կապւած դրութեան մէջ: Յետոյ կրկին
ազատւեց:
Քանի քանի անգամ նա անցնում էր
զինւած խմբերով տաճկա-պարսկական սահմանը, յաճախ կռւի բռնւելով տաճիկների եւ քուրդերի
հետ: Իր բազմաթիւ ընդհարումների մէջ յիշատակելի է Դերեկայ վանքի կռիւը (1904), երբ
նա իր կողքին ունէր եւ օրիորդ Սաթենիկը, ապագայում իր կինը եւ մասնակիցը բոլոր տանջանքներին,
աքսորներին եւ նաեւ փառքին, «Կռւեցէք տղերք» երգելով, օրիորդը լցնում էր կռւողների
հրացանները եւ ոգեւորում նրանց: Ամենքին ծանօթ Խանասօրի արշաւանքը պսակից Իշխանի գործունէութեան
այդ շրջանը – յեղափոխականների գնդի երկու հրամանատարներից մէկն էր նա եւ ժողովուրդը
մինչեւ հիմայ էլ երգում է նրա այդ փառայեղ գործը՝ «աջից Իշխանը, ձախից Վարդանը...»
հնչեցնելով Խանասօրի արշաւանքի երգի մէջ:
Ցարական կառավարութիւնը բանտարկեց
նրան, եւ դրանից յետոյ աքսորեց նրան իր ընտանիքին հետ Հիւսիսային Ռուսաստանի սառնամանիքները,
ուր նա մնաց մինչեւ 1909ական թուականների սկիզբները, երբ վերադարձաւ կրկին Կովկաս:
Այստեղ նա շարունակեց իր յեղափոխական գործունութիւնը եւ յատկապէս հայ-թաթարական ընդհարումների
ժամանակ, խոշոր դեր կատարեց իր անցեալ կազմակերպչական եւ զինական փորձառութեան շնորհիւ:
1903ին բանտարկւեց կրկին Լըեժնի հռչակաւոր դատական հալածանքների ժամանակ եւ մինչեւ
1912ը մնաց բանտում եւ արդարանալով Պետերբուրգի սենատում կատարուած դատավարութեան ժամանակ,
նորից վերադարձաւ Կովկաս:
Շուտով վրայ հասաւ համաշխարհային
մեծ պատերազմը. կազմւեց Ազգ. Բիւրոն, որի մէջ ականաւոր դեր կատարեց Իշխանը եւ վերջն
էլ յանձն առաւ Եօթերորդ գնդի հրամանատարութիւնը: Մասնակցեց բազմաթիւ կռիւների, ի միջի
այլոց մեծ յաջողութիւն ունեցավ Ռեվանդուզի կռւում (թրքօ-պարսիկ սահմ.) ուր ընկաւ բոլորին
յայտնի հերոս Քեռին: Իշխանի խմբի յաջո՛ղ, յանդուգն յառաջխաղացումը փրկեց ռուսական բանակը
ծուղակից, որի մէջ ընկել էր նա:
Անկախ Հայաստանը կազմւելուց յետոյ,
Իշխանը եղաւ Հայաստանի Խորհրդարանի նախագահութեան անդամ եւ վերջը նշանակւեց Հայաստանի
առաջին ներկայացուցիչ-դեսպանը պարից կառավարութեան մօտ:
Պատւով տարաւ այդ պաշտօնը, յարգանք
եւ սերտ բարեկամական զգացումներ ներշնչելով Պարսիկ կառավարութեանը դէպի նորածին անկախ
Հայաստանը:
Հայաստանի Հանրապետական կառավարութեան
անկումից յետոյ էլ երկար ժամանակ կարողացաւ պահել իր ձեռքը Հայաստանի ներկայացուցչութիւնը,
շնորհիւ իր ստեղծած բարեկամական յարաբերութիւնների, Պարսիկ կառավարութեան հետ,
1922-ին միայն վերջացրեց իր պաշտօնը, յանձնելով Պարսիկ կառավարութեան դեսպանատան գոյքը
եւ հեռացաւ Եւրոպա, որ ունեցաւ 3 տարւայ զրկանքներով, տառապանքներով ու հիւանդութիւնով
լի կեանք մը:
Իր զինակից ընկերներից, որոնց
հետ միասին 35-40 տարի առաջ նա սկսեց հայկական յեղափոխական գործը, Իշխանն վերջինն է,
որ իջնում է գերեզման՝ Քրիստափորից, Սիմոնից, Ռուստոմից, Նիկօլից, Սերոբից, Քեռիյից
յետոյ:
Իշխանը հեռանում է այս կեանքից,
40 տարւայ փոթորկալից յեղափոխականին վիճակւած բոլոր փորձանքներով, զրկանքներով եւ նաեւ
գաղափարական ոգեւորութեամբ լի գործունէթիւն ունենալուց յետոյ:
Հանգիստ նրա ոսկորներին:
ՀԱՄ. ՕՀԱՆՋԱՆԵԱՆ
Գահիրէ, 20 հոկտ. 1925
«Յուսաբեր», 1925 թիւ 87
24 Հոկտեմբեր 1925