13 September, 2023

Դաշնակցութեան Հայդուկային Խմբի Կռիւը Հայոց Ձորում

Մութն ընկաւ, որոտագոչ թնդանօթների բօմբիւններն ու մարտինիների միահամուռ զալպերի թնդիւնները դադարեցին Այգեստանը դղրդեցնելուց: Կռիւը վերջացած էր եւ մենք, կամայ ակամայ, պէտք է թողնէինք Վանը: Երեք հոգի տեղացի վերցնելով մեզ հետ, երեկոյեան ժամը 1-ին ըստ տաճկական, ելանք այգիներից: Նախ քան ելնելը՝ մի մարդ ուղարկեցինք, իմանալու համար, թէ ո՛ւր մնաց Վարդանը իր խմբով. լրաբերը եկաւ, յայտնելով, որ քաղաքից քիչ առաջ մի խումբ է դուրս եկած, սակայն յայտնի չէ, Վարդանի՞ առաջնորդութեամբ, թէ ուրիշի: Երկար մտածելն աւելորդ էր. հարկաւոր էր շտապել դեռ ևս ցերեկով. կռւի ժամանակ պայմանաւորւած էինք երեկոյեան ելնել Այգեստանից և միանալ միմեանց հետ Հայոց-Ձորում, Կէմ գիւղի սարում: Ուղեցոյցն առաջ ընկաւ, մենք հետևցինք նրան: Ս. Խաչ վանքի ճանապարհին նկատեցինք թարմ և շատ ոտնահետքեր. այդ արդէն ապացոյց էր, որ մեր միւս խումբն այդտեղով անցել է և բոլորս էլ յուսացինք, որ գիշերը նրանց հետ կը լինինք:

Մինչդեռ մենք լուռ ու մունջ քայլելով՝ այդ յոյսերն էինք որոճում մեր մտքերում, յանկարծ մի անակնկալ դէպք պատահեց, որ մեզ ընդմիշտ խանգարեց միանալու Վարդանի խմբի հետ, Հայոց-Ձորում: Մեր դէմուդէմից, մթութեան մէջ ինչ որ սև կէտեր երևացին. նախ քան իմանալու, թէ ո՛վքեր են դրանք, տղաներից մէկը հրացանն ուղղեց նրանց և արձակեց. այդ մի գնդակը մեր ամբողջ ծրագիրը քանդեց. մեքենայաբար մեզանից իւրաքանչիւրը պարտք համարեց մի գնդակ հասցնել սև կէտերին. և ուրիշ կերպ էլ չէր կարելի, որովհետև նրանք արդէն սկսել էին օգնութիւն գոռալով՝ փախչել դէպի մօտակայ գիւղերը: Պարզւեց, որ երկու հոգի էին, որոնցից մէկը բարձրաստիճան պաշտօնեայի էր նմանում. նրանք եզներով ալիւր էին տանում Վան: Մեր արածը ներկայ պայմաններում ահագին սխալ էր. ամենքս էլ այդ զգացինք եւ մնացինք տեղերնիս կանգնած: Այդ միջոցին ուղեցոյցն առաջ եկաւ եւ ասաց, որ նոյն ճանապարհով գնալն այլ եւս անկարելի է, որովհետեւ փախչողները շուտով կը հասնին գիւղերը, կը յայտնեն եղելութիւնն այնտեղ պահապան դրւած բաւականաչափ զինւորներին եւ նրանք ճանապարհը փակելով՝ մեզ աւելի կը շեղեն մեր նպատակից: Ուստի պէտք էր փոխանակ հարաւ-արևմուտք գնալու, ծռւէինք արևելք, սեպտեմբերի 12-ը Նոր-Գեղի դիմացի լերան վրայ անցկացնելու:

Լուսադէմին մենք մեր դիրքերում նստած էինք: Ամբողջ օրը անցկացրինք անհաց եւ անջուր. անհաց, որովհետեւ չնայելով մեր բոլոր ջանքերին՝ նախընթաց օրը քաղաքից հաց հանել եւ վերցնելն անկարելի էր եղել. անջուր, որովհետեւ մեր չորս կողմը վխտում էին հովիւներն ու արտւորները, եւ մենք ջուր բերելու համար պէտք է իջնէինք առւի վրայ, որտեղ իսկոյն կը նկատւէինք, իսկ այդ այնքան էլ ախորժելի չէր մեզ համար: Կարող էր դէպք պատահել եւ մենք սոված փորով բացի այն, որ ամբողջ ցերեկը պէտք է կռւէինք, գիշերն էլ պէտք է փոխէինք տեղերնիս մի այնպիսի տեղ, ուր այդ ցերեկը եւս հացի համ չպէտք է տեսնէինք: Շուտ մթնեցնելու համար պառկեցինք քնելու, եթէ կարելի էր քնել այդպիսի լարւած դրութեան մէջ, մանաւանդ որ երկինքն էլ այնքան հաշտ աչքով չէր նայում մեզ. անձրեւի մանր կաթիլները լրացնում էին մեր դրութեան անկարելիութիւնը: Վերջապէս՝ ամպերի տակից արեգակի հազիւ մի քանի հատ երեւացող ճառագայթներն իջան սարի յետեւը: Մէջքերնիս կապելով դատարկ տոպրակնիս, հրացանները վերցրինք եւ իջանք դիրքերից դէպի դաշտը: Այս անգամ արդէն ինչ որ լինէր, չլինէր, պէտք է մեզ Կէմայ սարը հասցնէինք՝ մերոնց հետ միանալու, եթէ միայն նրանք սպասում էին մեզ: Թէեւ ճանապարհը դաշտի միջով էր անցնում, այնուամենայնիւ, գիւղերի մօտից անցնելուց, բաւական նեղութիւն էինք կրում, ահագին շրջաններ կազմելով. իսկ դրա պատճառը լինում էին հայ գիւղերի քիւրդ «նօբադարները» (պահապան). շները հեռւից իմանում էին մեր մօտենալը և հաչելով՝ իմաց տալիս քիւրդ-շներին, նրանք էլ հարայ-հրոցը ձգում էին և մեզ շեղում մեր ուղղութիւնից:

Այդ բոլորը դեռ կարելի էր տանել. բայց երբ վրայ հասաւ տեղատարափ անձրևը, այլևս... դրանից վատ դրութիւն երևակայել անհնարին էր: Սոված, յոգնած, մինչև ոսկորնիս թրջւած, չգիտէինք՝ ի՛նչ անել. ցեխն ամենայն առատութեամբ կպչում էր մեր առանց այն էլ ծանրացած ոտներին, և դժւարացնում քայլել. շուտ քայլել չէինք կարող, իսկ ծանր գնալն էլ այն նշանաւոր պակասութիւնն ունէր, որ մրսում էինք սարսափելի կերպով, ի՞նչ անէինք արդեօք: Կէմ գիւղը մօտ էր. ինչ էլ որ լինէր, վճռեցինք մտնել մի մարագ, չորացնել շորերնիս, ցերեկով հաց բերել տալ գիւղից և գնալ ուղիղ դէպի Շատախ, ենթադրելով, որ Վարդանի խումբը ևս մեզ սպասելուց յետոյ, անցած կը լինի դէպի այն կողմը, ըստ մեր ծրագրի, որ կազմւած էր Այգեստանում, նախ քան կառավարութեան հետ ընդհարում ունենալը:

Մտանք մարագներից մէկը, բայց տեղն անյարմար լինելով՝ մի երկու ժամից յետոյ տեղափոխւեցանք մի ուրիշ մարագ, դարմանը յետ-յետ արինք, մտանք մէջն ու աշխատեցինք քնել: Լոյսին քիչ էր մնացել, հազիւ աղօթարանը բացւել էր, որ մի կին եկաւ դէպի մարագը, նա դուռը բացաւ, ներս մտաւ, և յանկարծ մեզ տեսնելով՝ մնաց զարմացած, տեղը կանգնած: «Ամա՜ն դուրս եկէք,-վերջապէս ձայն հանեց նա,- դուրս եկէք, ես ձեր բախտ, տունս կը քանդէք»: Շատ աշխատեցինք նրան հանգստացնել, չը յաջողւեց. Յայտնեցինք, որ սոված ենք, հաց բերէ, ուտենք, երեկոյեան համար էլ պաշար թխէ մեր փողով, ապա, հենց որ արեգակը մտնէ՝ կելնենք: Նա դուրս գնաց և յետ դարձաւ 9 հացով. 9 հաց հացը 22 հոգուն ի՜նչ անէր... Հացը դրինք մի կողմ, քիչ յետոյ ուտելու: Հազիւ անցկացաւ մի ժամ, մի գիւղացի ներս մտաւ և ասաց, որ մատնւած ենք. մենք չհաւատացինք, կարծելով, որ նա միայն ուզում է մեզ հեռացնել գիւղից: Հանգիստ սրտով մնացինք մեր տեղը, մութին սպասելով. միևՆոյն ժամանակ մի մարդ պատրաստեցինք մերոնցից, որ ելնէ և պահապանութիւն անէ: Դեռ ևս նա տեղից չէր շարժւել երբ մի կարմիր ֆէսաւոր գլուխ մեր դռնից նայեց ու փախաւ «բուրդ դըլար» գոչելով: Դրանք զինւորներ էին:

Իսկոյն վեր թռանք մեր տեղերից և առաջին վայրկեանում, մի ինչ որ ներքին բնազդմամբ, հեռացանք դռնից: Մեր սրտերը տրոփում էին... անց կացաւ շփոթման րոպէն և մենք հրացաննիս արդէն բռնած՝ պատրաստւեցանք հանդիսաւոր, վճռական վայրկեանին դիմաւորելու: Մի ինչ որ խորհրդաւոր լռութեան, մի ինչ որ վեհ անշարժութեան միջից՝ յանկարծ հնչեց «տղե՛րք, ելնե՜նք» աղաղակը: «Ելնե՜նք, ելնե՜նք» լսւեցան նոյնպէս մի քանի ձայներ և մենք դիմեցինք դէպի դուռը, հրացանները որոտացնելով: ԽԷՉՕն, մեր ահագին ապագայ խոստացող, համարձակ Խէչօն, մի րոպէի մէջ հրացանի փողով ցիրուցան արաւ անցքի մօտ դարսած խուրձերը, և ամենից առաջ, երկու հոգով դուրս թռաւ: Ելանք... դրան առաջ, մի քայլ միայն մեզանից հեռու, ձեռքը կրծքին դրած, պառկած էր մեր սիրելի ընկերը, ղարաբաղցի ԽԷՉՕն... անարգ թշնամու գնդակը նրան ձգել էր վայրկենապէս: «Խէչօն ընկաւ». այս երկու բառը խորին թախծութեամբ թրթռաց մեր իւրաքանչիւրի շրթունքին: Յուզւելու ժամանակը չէր. վերցրինք նրա հրացանը և սկեցինք կռւելով ցած իջնել դէպի Անգղ (Խօլաբ) գետի կամուրջը, որ գիւղից ներքև է ընկնում: Ի՞նչպէս եղաւ, որ մենք մէկ-մէկ գնդակահար չեղանք, այդ մի անլուծելի հարց է: Յիսունաչափ զինւորներ մարագի չորս կողմը վաղօրոք դիրք էին բռնել, և այնքան յարմար, որ նրանց հրացանի խողովակներն ուղղակի մեզ էին նայում. իսկ մենք ամբողջ մարմնով ցցւած էինք նրանց դիմաց: Մենք չշտապեցինք փախչել, պատսպարւել դիրքերում. կռւում էինք կանգնած հարթ-հաւասար ճանապարհի, կամ կալի մէջ, ուղղակի նրանց հրացանների փողերին նշան բռնելով և արձակելով. իրենք չէին երևում. արդեօք շփոթւեցա՞ն երբ տեսան, թէ մենք ինչ անփոյթ կերպով ենք վերաբերւում դէպի մեր անձը, որ չկարողացան վնասել մեզ, թէ՞ մարագից իրար ետևից թռչելնիս և աջ ու ձախ հրացան զարկելնիս վախցրեց իրենց, յայտնի չէ, միայն այս կար, որ մեր ոտների տակ փոշի հանող և գլխներովս տըզտզալով անցնող գնդակները, բօռուների կատաղի ձայների հետ, մեզ ոչինչ անել չկարողացան, ո՛չ ոքի սիրտը մազաչափ երկիւղ չձգեց: Հետզհետէ մենք ցած իջանք, չնկատելով երբէք, որ խմբի կէսը մարագումն է մնացել: Մի երկու րոպէով դիրք բռնեցինք մի պատի տակ. պէտք էր տեսնել, թէ զինւորներն ինչպէս էին փախչում մեր անշեղ գնդակներից. բոլոր կարմիր ֆէսերը, որոնք համարձակւել էին քարերի յետևից երևալ, կրկին ծածկւեցան: Միևնոյն ժամանակ նկատեցինք, որ զինւորների մի մասն շտապում է կամուրջը գրաւելու. այդ արդէն մեր անյաջողութեան գլխաւոր աղբիւրը կը լինէր, ուստի թողեցինք դիրքերնիս և վազեցինք դէպի կամուրջը, միևնոյն ժամանակ թշնամու հետ անընդհատ կռւելով: Կամուրջն անցանք, այդտեղ շատ յարմար էր կռւել, դիրքի քարեր ևս կային. այդ ի նկատի ունենալով, որոշեցինք կամրջի այդ կողմում մնալ ու կռւել, սպասելով խմբի մարագում մնացած մասին. բայց երբ ուշադրութեամբ զննեցինք դաշտը, տեսանք, որ մեր այդտեղ մնալը լոկ վնաս կարող է յառաջացնել, որովհետև դաշտի մէջ մի բլրակ կար միայն, որտեղ մենք կարող էինք ամբողջ ցերեկւայ համար դիրք բռնել ու կռւել, իսկ միւս կողմից արդէն կռւի ձայնը լսած՝ ձիաւոր քրդերն շտապում էին այն բլուրը գրաւել: Կռիւը կազդուրել էր մեր յոգնած, ջարդւած մարմինը. արիւննիս եռում էր և մեր թուլացած ջղերը պողպատի էին վերածւել. այդ կարելի էր իմանալ նրանից, որ մենք ձիաւորներից շուտ գրաւեցինք դիրքը: Այդտեղ, բլրի ծայրին քարեր շարեցինք և նրանց յետև պատսպարւեցանք: Արտօսը մօտիկ էր. մերոնցից ոմանք առաջարկեցին՝ թէ քանի որ թշնամիները հեռու են, մեզ ամեն կողմից չեն պաշարել, խփենք, անցնենք Արտօս. այդ առաջարկութիւնը բոլորից ընդունւեց, սակայն ընդդիմացող ևս եղաւ, և մենք մեր տեղն սպասեցինք:

Մինչ այս, մինչ այն, հաւար հաւարի յետևից թռաւ դէպի Ոստան և շրջակայ քրդերի գիւղերը՝ մի կամ երկու ժամւայ ընթացքում ձիաւորների և ոտաւորների ահագին բազմութիւնը՝ գայլերի վոհմակների նման եկան թափւեցան մեր չորս կողմը, Ղըզըլ-Դաղի բոլոր քարերը գրաւեցին, մեր դիրքի հարաւ-արևելեան կողմի փոքրիկ բլրակի յետևը շարւեցան, արևմտեան կողմի փորած առուներում լցւեցան, մի խօսքով, ամեն մի փոս, ամեն մի քար ազատ չմնաց քրդերից՝ գալիս էին ու գալիս, բայց և այնպէս չվերջացաւ նրանց գալը, տուտը չկտրւեց, և մենք 10-12 հոգով նստել էինք բլրի վրայ՝ շրջապատւած այդ անթիւ բազմութեամբ:

Սակայն ո՞ւմ հոգն էր, թէ ի՞նչ եղաւ մեր միւս կէսը: Սկզբում սկսել էինք կասկածել, որ նրանք արդէն զոհ գնացին թշնամու առաւելութեանը, մանաւանդ երբ մարագի ծուխը թանձր օղակներով երկինք բարձրացաւ: Բայց մեր կարծիքը փոխեցինք շուտով, որովհետև մօսինների ձայները կրկին լսելի եղան: Ուրեմն նրանք դեռ ևս կռւում և դէպի մեզ էին գալիս: Որպէսզի քրդերը ժամանակ չունենան նրանց ճանապարհը փակելու, սկսեցինք զբաղեցնել հրացանաձգութեամբ: Օ՜, մեր սրտերը փառաւորւում էին, երբ 3000 քայլի վրայ նոր օգնութեան եկող քրդերին մեր մօսինիների գնդակները փախցնում էին այս ու այն կողմ. ծիծաղելի էր տեսնել, թէ ի՜նչպէս լրբերը այդքան տարածութեան վրայ շէշխանայ հրացան էին արձակում: Մեր կռիւն, իսկապէս փառաւոր էր. 10-12 հոգով դիմադրում, ի՞նչ դիմադրել, պար էինք ածում մարտինիներով ու շէշխանաներով զինւած մի մեծ բազմութիւն. մեր մէջ երբէ՛ք չէինք թողնում բերդանկայ արձակել. գործում էինք միմիայն հրաշալի մօսինիները. ահարկու գնդակը սլանում էր այստեղ ու այնտեղ վխտացող թշնամու խմբերի գլխին, նրանց փախուստ դարձնում, յետևից առանց մազաչափ ծուխ թողնելու. էլ ո՞վ կը համարձակւէր իր դիրքից գլուխը բարձրացնել, ո՞ր յանդուգը կը մօտենար: Մինչ այսպէս մենք ծաղրում էինք թշնամուն, Կէմի կողմում հրացանների ձայներն սկսեցին շուտ-շուտ և շատ-շատ լսւիլ. դիտակն ուղղեցինք այն կողմը և տեսանք, որ մեր ընկերները դուրս են եկել այրւող մարագից, անցել են կամուրջը, և իրենց հետևող զինւորների հետ ճարպկութեամբ կռւելով՝ գալիս են դէպի մեզ: Բոլորս էլ ուրախութեամբ համակւեցանք, եւ, թէեւ լսել չէին կարող, սկսեցինք կանչել եւ սուլիչներով սուլել: Այնուհետեւ մեր ամբողջ ուշադրութիւնը կեդրոնացրինք նրանց գալիք ճանապարհի վրայ, միեւնոյն ժամանակ աշխատելով չթողնել թշնամուն իրենց տեղերից շարժւել: ¼ ժամ տեւեց, մինչեւ մերոնք մօտեցան մեզ. այժմ վստահ էինք, որ նրանք մեզ նկատելով՝ կիմանան ովքեր լինելնիս եւ կը գան մեր կողմը, բայց այդպէս չեղաւ. մեր աղաղակներն ու կանչելնիս վերագրում են քրդերին ու զինւորներին, եւ ուղղակի քայլում են դէպի այն կողմը, ուր արդէն թշնամին դիրք էր բռնել: Րոպէն սարսափելի էր. կարճ ժամանակից յետոյ նրանք կը լինէին ուղիղ թշնամու դիմաց եւ թերեւս քչերն ազատւէին: Ի՞նչպէս անէինք նրանց իմաց անելու համար, որ բլրի վրայինը մենք ենք. թէեւ քրդերը բաւականաչափ մօտեցել էին մեզանից եւ նրանց գնդակները բլրի ամեն կողմից հողը երկինք էին թռցնում, այնուամեայնիւ մենք դուրս էինք գալիս շարած քարերի յետեւից եւ գոռում, սուլում ու տոպրակնիս ցոյց տալիս: Մեր ջանքը իր ցանկալի հետեւանքը ունեցաւ. նրանք վերջաչէս ճանաչեցին մեզ եւ շրջւեցան դէպի մեր դիրքը. քիչ յետոյ մեզ մօտ էին: Այս րոպէն հրճւելի էր. ուրախական աղաղակները թռան մեր բերաններից եւ նրանց գալուստը ողջունեցին: Նրանք նոյնպէս մարագից դուրս էին եկել յաջողութեամբ, զոհ տալով վանեցի մի երիտասարդ, Դաւթին, որի Այգեստանում մտնող խմբերին արած ծառայութիւններն ու իր յանդուգն գործերն անմոառանլի են:

Երբ մենք հեռացել էինք մարագից, թշնամին սկսել էր իր վայրագ գործողութինն աւելի կատաղօրէն. հետեւող զինւորները եւս կամրջի մօտից դարձել էին եւ իրենց ընկերների հետ միանալով՝ միահամուռ ուժով յարձակւել պաշարւածների վրայ. սակայն մերոնք իրենց կողմից անգործ չէին մնացել. դռնից ելնելը վտանգաւոր համարելով՝ ծակել էին պատը եւ այնտեղից դուրս թռչելով՝ անցել կամուրջը, որից յետոյ արդէն մենք տեսանք բոլորը:

Այժմ, երբ այլեւս երկմտութեան տեղիք չունէինք մեր ընկերների մասին, սկսեցինք մեր թշնամիների գլխին գնդակ տեղալ 20 հրացանով. քրդերը որտեղ ծածկւել էին, այնտեղ էլ մնացին. իսկ զինւորները, որ եկել արեւելեան կողմում քրդերի մի մասի հետ շղթայ էին կազմել եւ իրենց ճարպիկ զալպերով գնդակներ էին շաղում մեզ վրայ, իսկոյն ծածկւում էին, երբ նիկելապատ գնդակները փոշու ամպ էին հանում իրենց շուրջը: Իսկապէս նախանձելի էր մեր այդ կռիւը կարծես մի աներեւոյթ զօրութեամբ կաշկանդել էինք այդ բազմատեսակ բազմութիւնը: Իսկ երբ 2700 քայլի վրայ մօսինին ձիու թամբից գետին իջեցրեց ձիաւորին, այնուհետեւ խորին յուսահատութիւնը տիրեց երկչոտ թշնամուն եւ մենք թագաւորում էինք մեր փոքրիկ թագաւորութեան մէջ, բլրակի գագաթնակէտին: Առաւօտեան ժամը 10-ից մինչեւ երեկոյեան ժամը 6½-ը մեր բերնից մի հառաչանք, մի յուսահատական խօսք չելաւ. ոգեւորութիւնը տիրել էր մեզ եւ մենք չէինք կարողանում երեւակայել, որ մահը մազաչափ կարող է վախցնել մեզնից մէկն ու մէկին:

Մութը իր թեւերը մեկնեց կռւի դաշտի վրայ. այդ այն րոպէն էր, երբ պէտք է վերջ տրւէր կռւին եւ բլուրը թողնւէր: Շրջակայ բոլոր թագնւած քրդերն ու զինւորները գլխնին հանեցին եւ վայրենի աղաղկներով ու հայհոյանքներով սկսեցին դէպի մեր դիրքը վազել: Այդ ժամանակ խորամանկութեան դիմեցինք, որոշեցինք, որ բէրդանկաւորները նրանց վրայ հրացան արձակեն, իսկ մօսինաւորներն իջնեն. այդ այն օգուտն ունէր, որ թշնամին կը կարծէր՝ թէ դեռ եւս դիրքումն ենք, երբ բոցերը կը տեսնէր: Այդպէս էլ արինք. «լօ-լօ»ներն ու աղաղակները կտրւեցան, երբ հրացանները ճռճռացին: Այդ րոպէից օգուտ քաղելով, բոլորս էլ բլրից իջանք, մինչդեռ քրդերն ու զինւորները դեռ շարունակում էին մեր դատարկացած դիրքերը գնդակահարել: Բլրի տակ մի առւից ջուր խմեցինք, յագեցրինք ծարաւնիս, եւ նստեցինք ափին, մի քիչ ամփոփելու մեր անելիքնիս: Որոշեցինք այդ գիշեր ելնել Արտօս, այնտեղից էլ անցնել Շատախ: Որոշումը վերջացած էր եւ մենք պատրաստւում էինք ճանապարհ ընկնելու, երբ մօտուկուց ձիանց դոփիւններ լսեցինք. աննկատելի մնալու համար չշարժւեցանք. սակայն նրանք ուղղակի դուրս եկան մեզ վրայ, առանց մեզ նկատելու. մեր հրացանները որոտացին եւ նրանցից երկուսը նկատելի էր, թէ ինչպէ՛ս գլորւեցան. նրանց կողմից մի հրացան արձակւեց եւ այդ միակ գնդակը խլեց մեզանից մեր ղարաբաղցի ՆԻԿՕԼԱՅԻՆ, որ առաջ «Հնչակեան» կուսակցութեան մէջ էր: «Տղե՛րք ջան, ես ընկայ, կեցցէ՛ Հայաստան» կանչեց նա խզւած ձայնով եւ անշարժ մնաց... Մենք վերցրինք նրա հրացանը եւ հեռացանք:

Այդ կռւում մենք զոհ տւինք 3 հոգի, 3 հոգի էլ թեթեւ վիրաւորներ ունեցանք. թշնամու կողմից ընկել էին 4 զինւորներ եւ 4 քիւրդ, չհաշւած վիրաւորւածներն ու ձիանքը:

Ձիաւորների հետ ունեցած դէպքից յետոյ ուղեւորւեցանք դէպի Արտօս, մեր յետեւեից ունենալով սուլթանի որսորդական շներին, որոնք շէփորների անընդհատ ձայներով, գալիս էին դէպի մեզ, բայց ոչ յատկապէս մեզ համար, այլ հայաբնակ Քերծ գիւղում գիշերելու: Մի երկու ժամից յետոյ մենք Արտօսի ստորոտումն էինք: Այնտեղ արդէն նստեցինք հանգստանալու: Այժմ, երբ նստել էր մեր յուզմունքը, հոգեկան լարւած դրութեան մէջ չէինք գտնւում եւ կարող էինք կանոնաւորապէս մտածել, սկսեցինք առանց մէկին ու միւսին խօսեցնելու, իւրաքանչիւրս մեզ ու մեզ խորհել... Այդ դրութեան մէջ ամեն մէկիս էլ կարելի էր խղճալ. երրորդ օրն էր, որ մենք հաց չէինք տեսել. Կէմում 6 հաց տւին, այն էլ մնաց մարագում. ստամոքսնիս սոսկալի կերպով հաց էր պահանջում. ոտներնիս սպառնում էին չշարժւիլ, եթէ պաշար չտրւի: Կռւի ժամանակ մենք ամեն բան մոռացել էինք, իսկ այժմ... նայում էինք բարձրագագաթ սարին եւ հաշիւ տալիս, թէ արդեօք կարո՞ղ ենք բարձրանալ: Փորձեցինք գարու հասկեր մաքրել եւ հատիկներն ուտել, չյաջողւեց. ի՞նչ արած. ծանր քայլերով, հանգստանալով ելանք սարը, եւ երբ մեր դիրքը բռնեցինք լոյսը բացւեց: Այդ օրն էլ անցկացրինք Արտօսի վրայ, սինձ եւ աւելուկի թեւեր ուտելով: Գիշերը վերջապէս հասանք հայաբնակ մի գիւղ, որտեղ հանգստացանք եւ մէկ-մէկ գարի հատիկներով լռեցրինք մեր ողբացող ստամոքսնիս: Այժմ հարկաւոր էր իմանալ՝ Վարդանը եկե՞լ էր այս կողմերը. ո՛չ մի նշան չկար: Միայն մի քանի օրից յետոյ մեզ հասաւ Վարդանի զինւորներից մէկը, Նախօն, որի մասին անհրաժեշտ է գոնէ մի քանի խօսք ասել:

Երբ Վարդանը Կէմայ սարումն էր, նրան ուղարկում է Ղըզըլ-դաղ գիւղից հաց բերելու. սակայն մեր կռիւն արգելք է լինում նրան վերադառնալու սարը, յետոյ էլ ուղղւում է դէպի Շատախ. բայց ճանապարհին մի գիւղում բռնւում է մի ինչ որ քիւրդ բէկի խօլամից (դրանիկ) «ֆէդայի» անունով. ո՛չ մի երդումով, ո՛չ մի փաստով չի կարողանում նրան հաւատացնել, որ ինքը հասարակ հայ է, եւ ո՛չ «ֆէդայի»: Քիւրդը նրան յետեւը գցած տանում է դէպի քաղաք հիւքըմաթին յանձնելու: Բայց Նախօն չի թողնում նրան իր մտադրութիւնն իրագործելու. յետեւից վրայ է թռչում, նրա երկու խէնջարները խլում գօտուց, եւ խրում երկու կողմերը, սպանում ինչպէս շան, խողխողում եւ կողոպտելով ՝ յետ դառնում:

Նրան էլ մեզ հետ վերցնելով մի թեթեւ շրջան կազմեցինք Շատախում եւ ուղղւեցանք դէպի Վարագ: Վերադարձին կրկին Հայոց-Ձորում, Կէմայ սարում թեթեւ ընդհարում ունեցանք քրդերի հետ, որ միայն հրացանաձգութեամբ վերջացաւ:

Վարագի ճանապարհից մարդ ուղարկւեց քաղաք, որպէսի այնտեղից մեզ հմար ոտնամաններ եւ հաց հանեն, իսկ մենք ելանք սարը, «մասուր» ուտելով՝ սպասելով հացին: Երկրորդ օրը հասան հաց եւ ոտնամաններ:

Ախոռկայի կռւի մասին հետեւեալ անգամ:

«Դրօշակ»
5 Յունուար 1897, Թիւ 1