10 September, 2022

Դաշնակցութեան Հայդուկային Խմբի Կռիւը Վանում

Նկարները՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին

Վանի դրութիւնը կոտորածից յետոյ. կռիւ քաղաքում թնդանօթների դէմ

6/18 հոկտեմբեր 96 թ. 

Սուլթանի սիրելի Ֆէրիկ Սաադէդդին փաշան, Վասպուրականի սոսկալի կոտորածի հեղինակը, որը իր տիրոջ իրադէով Հայաստանում րէֆօրմներ մտցնող յանձնաժողովի անդամ է կոչւում, հրճւում էր հայերի հազարաւոր դիակներով նա իրագործել էր իր տիրոջ բուռն ցանկութիւնները, իսկ հայ ժողովուրդը, օ՜, պարզ է, նա ողբում էր իր հազարաւոր զաւակների կորուստը, որոնք ընկան թէպէտ թշնամու ձեռքով, բայց շնորհիւ եւրոպական հիւպատոսների կազմած դաւերի:

Գաւառներում տեղի ունեցած կոտորածից աւելի ծանր էր այն կորուստը, որ ունեցան վասպուրականցիք սահամանգլուխներում: Պետօի, Մարտիկի և Աւետիսեանի հետ ընկած գրեթէ Վանի և շրջակայքի երիտասարդութեան աչքի ընկնող ուժերը: Սուգ է ամեն տեղ. իւրաքանչիւր ընտանիք ողբում է իր կորուստը: Ընդհանուր այդ սուգի, յուսահատութեան ժամանակ վերադառնում է Վարդանը իր խմբով Փեսան-Դաշտից, ուր օրինակելի քաջութեամբ պաշտպանեց հայերին անխուսափելի կոտորածից:

Լքւած ժողովուրդը նորից տեսնում է խիզախ յեղափոխականներին, որոնք զէնքը ձեռքին պատրաստ են նորանոր դիմադրութիւններ ցոյց տալու թշնամուն: Նորից ժողովուրդը սկսում է ոգևորւել և որպէս դրա արդիւնք՝ մի տէրրօրական գործողութիւն պարզում է Սաադէդդին փաշային, որ դեռ ուրւականի պէս գոյութիւն ունեն յեղափոխականները, որոնց ջնջել չկարողացաւ ահռելի կոտորածներից յետոյ անգամ:

Այդ նոր շարժման հեղինակները Վարդան և Վազգէնն էին, որոնց ձեռք ձգելու համար կառավարութիւն չխնայեց ոչ մի միջոց:

Այդ ժամանակները մտնում է քաղաք ամենայն յաջողութեամբ «Դաշնակցութեան» հայդուկային խումբը, քիչ յետոյ՝ երկրորդը: Ժողովրդի մի մասի ոգևորութեանը չափ չկար: Սիրով, գրկաբաց նա ընդունեց յոգնած, վաստակած հայդուկներին, որոնք ապագայի նոր յոյսեր էին ներշնչում: Բայց ափսո՜ս, ոգևորութեան այդ նոր շրջանը երկար չէ տևում: Հանրային աղէտները, տիրող վհատութիւնը տսեղծել էր Վանում մի ամբողջ բանակ կառավարութեան գործիք դարձած անարգ դաւաճանների, որոնք տեղեկութիւն առնելով խմբերի մուտքի մասին, անմիջապէս հասցնում են Շաքիր-փաշային: Սա մի արատ, մի սև բիծ է, որը երբէք չէ սրբւելու վանեցիների ճակատից:

Շաքիր փաշան պաշտօնապէս պահանջում է առաջնորդարանից յանձնել իր ձեռքը խռովարարներին, հակառակ դէպքում սպառնալով սարքել նոր կոտորածներ: Այդ լուրը սարսափ է ազդում, ահաբեկում անպաշտպան ժողովրդին: Նա տեսնում է փողոցներում, եկեղեցու պատերին կպցրած սպառնալից յայտարարութիւններ կառավարութեան կողմից: Բ արդուղիմէոսի կուսակից առաջնորդական փոխանորդ Արսէն վարդապետը նոյն իմաստով քարոզներ է խօսում եկեղեցու բեմից. նա՝ այդ գառնազգեստ գայլը, յորդորում է ժողովրդին աջակցել կառավարութեան՝ ձերբակալելու յեղափոխականներին:

Սարսափը տիրում է. ամենքը երեսները դարձնում են յեղափոխականներից: Ոչ ոք չէ համաձայնւում ապաստանար, տեղ տալ անգամ խմբերին: Տեսնելով ժողովրդի այդ վերաբերումը, Վարդանի բռնի ուժով տեղաւորում է խմբերը այն հայերի տներում, որոնք կռւի տեսակէտից յարմար դիրքեր ունէին: Տան տէրերը սարսափահար թողնում են տուն-տեղ, յայտնելու կառավարութեան եղելութեան մասին:

Սեպտեմբերի 10-ն էր. խմբերից մէկը Բուլգարացու առաջնորդութեամբ գտնւում էր Արարունց թաղում: 300 զօրք շրջապատում են տունը և պահանջում անձնատուր լինել. հայդուկները պատասխանում են հրացանի մի հարւածով, որը մաքրում է փողոցները զօրքերից: Օգտւելով դրանից, հայդուկները փակում են դռները և ամրանում տան մէջ: Սկսւում է կռիւը. գնդակները տեղում են երկուստէք. ընկնում է մէկ զինւոր, մէկն էլ վիրաւորւում: Կատաղած ասկեարներն ուրիշ ելք չգտնելով, սկսում են դուռը այրել, իսկ միւս մասը աշխատում է ներս խուժել, սակայն հանդիպում է խիստ դիմադրութեան: Սկսել էր մթնել: Կրակ են տալիս տունը, առաւելապէս ուշադրութիւն դարձնելով այն սենեակի վրայ, որտեղ տղայքն են ապաստանած. վերջիններս իրենց գործն են տեսնում. մի կողմից աշխատում են կրակը հանգցնել, միւս կողմից փախուստ տալ. այդ նրանց յաջողւում է շատ փառաւոր կերպով, մինչդեօ զօրքերի միամիտ հրամանատարը կարծում է, որ ապստամբներին այրեց կրակի բոցերում:

Նոյն երեկոյեան այդ ցածոգի հայերը նորից դիմում են Վարդանին, պահանջելով թողնել քաղաքը: Չնայելով, որ Վարդան եւ Վազգէնը ծանր հիւանդ էին տիֆով, սակայն կարճ խորհրդակցութիւնից յետոյ որոշում են մնալ քաղաքում հետևեալ օրը ևս և թողնել քաղաքը երկրորդ օրը միայն, բայց մի զօրեղ կռւից յետոյ:

Երկրորդ օրը կռւի նախապատրաստութիւնները տեսնւած են և պայմանւորւած, թէ ուր պէտք է հաւաքւել գիշերը՝ կռւից յետոյ: Լոյսը բացւելուն պէս մի իրարանցումն է անցնում քաղաքում: Դաւաճան հայերը նորից առաջարկում են Վարդանին անձնատուր լինել: Ռուսաց հիւպատոսը ևս միջամտում է գործին. նախ ուղարկում է կաւազին և ապա ինքն է ցանկութիւն յայտնում անձամբ տեսնւել Վարդանի հետ, և երբ այդ ևս մերժւում է, ուղարկում է հետևեալ բովանդակութեամբ մի պաշտօնական գրութիւն.

«Պարոնա՛յք, Շաքիր փաշան առաջարկում է ձեզ՝ անձնատուր լինել և խոստանում է կեանք պարգևել ձեզ. նա ձեզ պէտք է նայի, իբրև ժողովրդի միջի խռովարարների և ես, որպէս Ռուսաց հզօր պետութեան հիւպատոս, երաշխաւորում եմ Շաքիր փաշայի ասածները: Այս, ինչ որ գրում եմ, կարող եմ ձեր երևելիներից մէկի հետ անձամբ տեսնւել և խօսել. Երբէք մտքներիցդ չհանէք, որ ձեր այդ վարմունքը շատ անաջող և վնասակար հետևանքներ պէտք է ունենայ՝ թէ ձեզ համար և թէ ամբողջ Վասպուրականի ժողովրդի համար»: (Ստորագրութիւն և կնիք):

Վարդանի կողմից այդ բոլոր առաջարկութիւնները մերժւելուց յետոյ, զօրքը հրաման է ստանում պաշարել յեղափոխականների գրաւած տները: Կէսօրից մէկ ժամ անց հետևակ և թնդանօթաձից զօրքը մժեղի նման վխտում էր Այգեստանում:

Տենդային արագութեամբ զօրքի համար դիրքեր են պատրաստւում հայերի տներում, տանիքների վրայ, շալակներով ռազմամթերք է թափւում գրաւած դիրքերում և երբ նրան աշխատանքի մէջ էին տանիքների վրայ, հայդուկների կողմից բացւում է առաջին կրակը: Հարիւրաւոր զօրքեր ռազմական բոլոր յարմարութիւններով, Կրուպպի կատարելագործւած լեռնային թնդանօթներով կռւում են մի բուռն քաջերի դէմ, որոնց յոյսը իրենց անձնւիրութիւնը և անշեղ զարկող հրացաններն էին: Բայց ի՜նչ զարմանք, թնդանօթաձիգների մօտ հայդուկները նկատում են մի եւրոպացու, որը թնդանօթների նշանն էր ուղղում, ռմբակոծելու ուղղակի այն տունը, ուր Վարդանն էր իր խմբով: Օ՜, կասկածը փարատւում է, դա ո՛չ թէ պատահական եւրոպացի է, այլ անգլիական «մարդասէր» կառավարութեան ներկայացուցիչը – Վանի հիւպատոսը, որին իրաւամբ մեր հանգուցեալ ընկեր Պետօն «ոստիկան» անունով կնքեց:

Մինչև զօրքերի դիրքերում ամրանալը, հայդուկները կարողանում էին ազատ շարժւել սենեակում և ընդդիմադրել թշնամուն, այնուհետև տղայոց դրութիւնը վատանում է. թնդանօթների բոմբիւնը՝ հարիւրաւոր հրացանների որոտի հետ բռնել էր Այգեստանը. գնդակների տարափը տեղում էր ամեն կողմից հայդուկների վրայ:

Քանիցս զօրքերը զրոհ տալով, ցանկանում են մտնել՝ գրաւելու տունը, բայց հայդուկների գնդակները միշտ յետ են մղում: Բաւականին զոհեր տալուց յետոյ, երբ տեսնում են այդ փորձի անկարելիութիւնը, թնդանօթները զետեղում են ցածի յարկում և ռմբակոծում երկրորդ յարկի այն սենեակի առաստաղը, որտեղ տղայքն էին: Ծանր էր տղայոց դրութիւնը. թնդանօթի գնդակները ռմբակոծում են ամեն կողմից, հայդուկներին թողնելու փլատակների տակ: Խմբապետի կարգադրութեամբ անմիջապէս երեք հոգի թոնրան շամփրով և մէկ բահով անցք են բանում հարևան տան պատից: Տղայքը գործադրում են իրենց բոլոր ոյժը ու հմտութիւնը և կարճ ժամանակից յետոյ անցքը բանում: Անցքը մտնելու առաջին փորձը գործում է կարճկանցի Գրիգորը, զոհ գնալով թշնամու գնդակին: Տղայքը նոր են նկատում բացած անցքի անյարմարութիւնը, ուստի անցքի բացը իջեցնում են յատակի հաւասարութեան և միմիեանց յետևից սողալով՝ դուրս գալիս ապահով:

Զօրքը կատաղել էր. հրամանտարի «արշ» գոռոցով նա փորձում է իր վերջին ճիգերը, գրոհ տալով կոտրում դռները և մտնում սենեակը, անշուշտ տղայոց տեղն ու տեղը սրախողխող անելու դիտաւորութեամբ. բայց ի՜նչ զարմանք, այնտեղ ոչ ոք չկայ. բոլորն անյայտացել են: Վարդանը բռնած նոր անցքի բացը գնդակի է բռնում զինւորներին և մի քանիսին թողնում տեղն ու տեղը. Սկսւում է նորից հրացանաձգութիւնը շատ ուժեղ կերպով և տևում մի քանի ժամ: Զօրքերը տղայոց գնդակների ահից՝ չեն համարձակւում գլուխները հանել իրենց պատնէշներից և ուրիշ միջոց չգտնելով՝ վառում են տղայոց ապաստանած նախկին տունը: Այդ դիւրին է. նրանք վաղուց ընտելացել են մատնել հարիւրաւոր հայերի տներ կրակի բոցերին:

Սկսել էր մթնել. սուլթանի ասկեարները մի դառն փորձով ևս համոզւեցին, որ իրենց ահեղ ուժով, անկարող են վնասել մի բուռը յեղափոխականներին, այն էլ քաղաքում, ուր կառավարութիւնն այնքան զօրք է թափել: Գլխակոր արձակում են կռւի դադարման մի թնդանօթ և թողնում կռւի ասպարէզը: Իսկ խումբը, միայն մի զոհ տալով, գիշերային մթութեան մէջ հեռանում է քաղաքից:

«Դրօշակ»
18 Դեկտեմբեր 1896, Թիւ 28