ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ
Մուրադ Յակոբեան Խրիմեանը ծնւել է 1897-ին Սեբաստիոյ Կովտուն
գիւղում: Նրա ծնողները գիւղի վերաբնակիչներից էին, որ 70-ական թւականներին եկել, հաստատւել
էին աստանդական կեանքի բերումով, Կովտնում: Արհեստով մաղագործներ էին, որ ժողովրդական
լեզւով «բոշա» կը կոչւէին:
Փոքր – Հայքում մաղագործները յատկապէս մի ստւար թիւ էին ներկայացնում եւ տարածւած էին Վէգիր – Քեօփրիւէն Պոյպատ եւ Եւդոկիա: Գարունը չւում էին զանզան ուղղութեամբ, իսկ ձմեռը վերադառնում իրենց տեղերը: Շատ լաւ եւ մաքուր հայեր էին, իրենց ուրոյն բարքերով:
Ահա, սրանք էին Սեբաստացի Մուրադի նախահայրերը:
Մուրադ, մինչեւ 20 – 21 տարեկան հասակը մնում է գիւղում, կատարում է գիւղական ամէն կարգի աշխատանքներ, «մշակ» է մտնում գիւղի հարուստների մօտ, եզներ է արածում, կալ ու կուտի, քաղ ու քաղհանի է մասնակցում, որպէս մի լաւ հողագործ: Առանց դպրոցի երես տեսնելու, անյոյս ու անլոյս պանդխտում, գալիս է Պոլիս, բեռնակրի աշխատանք է կատարում եւ իւր ծնողներին օգնութեան հասնում:
Նոր միջավայրը, իւր կեանքի անհարազատ վիճակը, հայ քաղաքական շարժումը, Սուլթան Համիդի սարքած սոսկալի ջարդերը Մուրադի գեղջկական բիւրեղ հոգու խորքում ուժեղ ցնցում են առաջ բերում և նրան նետում հայ արիւնոտ ազատագրութեան նւիրական պայքարի գիրկը: Պոլսում, 1895 – ին, Պապը-Ալիի ցոյցին է մասնակցում, Գարակեօզեանի ահաբեկումն է կատարում եւ ապա փախչում Յունաստան, այնտեղից էլ՝ Եգիպտոս:
Եգիպտոսի մէջ մի քանի ամիսներ մնալուց յետոյ, իր Զէյթունցի ընկերոջ Ժիրայրի (Կարապետ Մխճեանի) հետ անցնում է Կովկաս եւ միանում, Հ.Յ. Դաշնակցութեան հայդուկային խմբերին: Կարսի շրջանի պատասխանատու գործիչներն ու կազմակերպիչներն էին նրանք, եւ մանաւանդ դաւադրական գործունէութեան հոգին: Մուրադն ու Ժիրայրը իրենց անկեղծ եւ բոլորանւէր գործունէութեան շնորհիւ, շրջանի անխախտ համակրութիւնն են շահում եւ կուսակցական զինապահեստը առնում իրենց խնամքի տակ: Մուրադը բաւականաչափ մատնիչներ, մութ ու արիւնոտ ձեռքեր է զգետնում եւ ո՛չ մի անգամ էլ ձեռք չի ընկնում:
1902-ին «ՇԱՆԹ» հայդուկային խմբի ամենաաչքառու զինւորն է դառնում, սիրահար զէնքի ու կռւի: 1903-ին Թուման Թումանեանի հետ անցնում է Սասուն, Անդրանիկի մօտ: Ամենքին ծանօթ են Մուրադի քաջագործութիւնները Մշում, Սասնում եւ այլուր:
Մուրադ տասնեակ հազարաւոր Համիդական կանոնաւոր զօրքերի դէմ է կռւում դիւցազնաբար, եւ մի փոքրաթիւ խմբով թշնամու շղթան ճեղքում, անցնում է Պարսկաստան, ուր և մնում է մինչեւ Կովկասի Հայ-Թաթարական յայտնի ընդհարումների բռնկումը:
Մուրադը մի քանի զինակիցներով գալիս է Էջմիածին եւ ներկայանում Խրիմեան Հայրիկին, որը շատ է յուզւում, հայդուկներին ի տես եւ օրհնում է նրանց՝ ասելով .- «Բազուկներդ ուժե՛ղ, թուրներդ կտրո՛ղ լինի, զաւակնե՛րս»: Գանձակ, Շուշի, Գորիս ու Ղափան դառնում են նրա Մարաթոնը: Ղարաբաղը հայ Բէլ – Ֆորն է, իւր առիւծասիրտ զաւակներով: Փորձւած հերոսների շնչի տակ պաշտպանութիւնը լինում է ուժեղ ու յանդուգն: Ղարաբաղի ժողովրդի յիշողութեան մէջ դեռևս թարմ են նրա կատարած գործերը եւ շատ վայրեր «Մուրադի քար», «Մուրադի սար» անուններով են յորջորջւում:
Մուրադ ընդհարումներից յետոյ անցնում է Ագուլիսի շրջանը, ապա Նախիջեւան, Աստապատ և այլուր յատուկ գործերով: Յետոյ՝ Վիէնայի ընդհանուր ժողովին մասնակցելուց յետոյ, վերստին Տաճկահայաստան, Վան, Մուշ, Բիթլիս և Սասուն, ուր և մնում է մինչեւ Օսմանեան Սահմանադրութեան յայտարարութիւնը, որից յետոյ, Բարսեղ Շահպազի հետ, անցնում է Սեբաստիա:
Ժողովրդական անօրինակ ընդունելութիւն սարքեց Սեբաստիան, իւր հերոս, քաջ զաւակին:
Մուրադը, այնուհետև, դառնում է աղբիւրն ու պատասխանը Սեբաստիոյ բոլո՜ր շարժումների: Շնորհիւ իւր խօսելու, համոզելու, ճարտասանական բնատուր տաղանդին, նա ահագին ժողովրդականութիւն է ունենում եւ զանգւածները պահում իւր խօսքի ու գործի հմայքի տակ: Ստեղծւում է մի նո՛ր սերունդ, մի նո՛ր երիտասարդութիւն՝ երկրպագու հայ ազատագրութեան: Ազգային, քաղաքական, կազմակերպական, կրթական բոլոր ձեռնարկների մէջ Մուրադն էր թաքնւած՝ միշտ խրախուսող ու թեւաւորող, հիմնող ու հաստատող: Հինգ տարի շարունակ սեբաստահայութիւնը պատրաստեց ու ներշնչեց, զինեց ու զարթեցրեց գա՜լիք օրերի, արհաւիրքների ու նախճիրների ողջակէզ չը դառնալու համար: Սեբաստիան նահապետական բարքերի, դարաւոր նախապաշարումների մի օրօրոց էր, շնորհիւ հաղորդակցութեան միջոցների չ'գոյութեան, շփման ու յարաբերութեան պակասի: Մուրադն եղաւ մի յեղափոխական ցնցող աղաղաճ այս միջավայրի մէջ:
Համաշխարհային պատերազմն սկսւեց: Մուրադը տենդագին գործունէութեան մէջ էր: Խիստ զգոյշ եւ հեռատես, նա կարծես զգում էր որ ժողովրդի գլխին գալիք աղէտը: Խզւեցին բոլոր կապերը արտաքին աշխարհի հետ: Ո՛չ նամակ, ո՛չ հրահանգ, ո՛չ լուր եւ ո՛չ հնարաւորութիւն: Փակւած էին բոլոր դռները: Հօտ ու հովիւ կորսւած, շփոթւած ու կարկամած: Սարսափը նստած բոլորի կրծքի տակ: Թիւրքիան պատերազմող կողմ է, եւ հայը, որպէս Օսմանցի, պէտք է նրան: Սարսափելի զոհաբերութիւն, բռնագրաւում ու չարաչարանք, մինչև բռնագաղթ ու ջարդ, արիւն ու գանկ և զանգւածային անէացում տաճկահայ ժողովրդի .... Արիւնռո՜ւշտթի՛րք ու թուրան.... Ո՞ւր են մեր այնքա՜ն, այնքա՜ն դարերի քրտինքն ու աշխատանքը, կեանքն ու երգը...
Մուրադ ապրեց ջարդի ու գաղթի գեհենական բոլոր սարսափկները. տեսաւ կարաւանները շարան – շարան մրկւած ու այրւած, տեսաւ իւր հարազատները – մայրն ու զաւակները, որոնք կերթային անդարձ Հասան, Չէլէպիի, Ֆռնջըլարի, Գանլը – Դէրէի ձորերում խողխողւեու, մորթոտւելու...
1915-ի նոյեմբերին անսպասելի կերպվ, արիւն – արցունքի ծովը ճեղքած, մի բուռն քաջերով, հասաւ Բաթում: Կամաւորական շարժման վերջին շրջանն էր, երբ Մուրադ, վրէժխնդիր մոլուցքով մեկնեց:
Երկար չտեւեց: Կամաւորական գնդերը ցրւեցին եւ Մուրադ անմիջապէս անցաւ Երզնկա: Հիմնեց «Մի հայ մի ոսկի» ֆոնդը, գերութեան մէջ գտնւող հայեր ազատլու համար: Բազմաթիւ մարդկանց կեանքը փրկեց Դերսիմի քրդերի միջոցով: Ռուս զօրքի «Դէպի տուն» շարժումը ամբողջ ճակատը դատարկեց թշնամու առաջ: Հայ զինւորն էր որ նրանց կը փոխարինէր: Մուրադ ու Սեպուհ, այդ շրջանի միակ ուժեղ բազուկներն էին: Կարինում նստած մեր զինւորական խորհուրդը, գոյն ու կերպարանք չունէր, չէր կարող ճակատը ղեկավարել:
Եկան նահանջի յուսաբեկ օրերը: Ով ի մօտոյ ծանօթ է այդ օրերի իրադարձութեան, ականատես ու մասնակից է եղած, կզգայ, թէ ինչ կը նշանակի այդ խառնաշփոթ անգլուխ յորձանքի մէջ, նահանջի գիծն ապահովել: Մուրադ – Սեպուհի ձիաւորների միացեալ խումբը աննախընթաց դեր է խաղացած այդ խուճապի օրերում: Նահանջը տեւեց մինչեւ Երեւանի պատերի տակ: Մուրադ ու Սեպուհ անցան Թիֆլիս, այնտեղից էլ Բագու:
Բագւի հերոսամարտի մէջ Մուրադին ու Սեպուհին վիճակւեց խիստ պատասխանատու դեր: Եւ արիւնոտ ճակատամարտներից մէկում, օգոստ. 4-ին, 1918 թւին, զէնքը ձեռքին, Մուրադն ինկաւ հերոսի հպարտ մահով:
Մուրադը (Կենսագրական)
Մուրադը ծնւել է Սեբաստիոյ Գովդուն գիւղում 1877 թ. 19 տարեկան հասակում գնում է Պոլիս աշխատելու: Պոլսից անցնում էԵգիպտոս, ուր եւ որդեգրւում է Դաշնակցութեան. 1898 թ. գալիս է Կովկաս, իբրեւ հասարակական գործիչ, եւ Կարսի շրջանում զբաղւում է զէնքեր տեղափոխելու գործով, նոյն շրջանում կատարում է մի քանի ահաբեկումներ:
1903-ին Թումանի (Շանթ) խմբի հետ անցնում է Սասուն:
1904-ին թողնում է Սասունը եւ Անդրանիկի հետ անցնում է Աղթամար, Վան, այնտեղից էլ Պարսկաստան:
Հայ-թրքական ընդհարումների ժամանակ լինում է Զանգեզուրի շրջանի կռիւների կեղավար: Ապա վերադառնում է Պարսկաստան եւ գործօն մասնակցութիւն է ցոյց տալիս Պարսկաստանի յեղափոխական շարժման մէջ: Հրատարակւում է օսմանեան սահմանադրութիւնը եւ Մուրադը այս անգամ որպէս ազատ քաղաքացի, վերադառնում է Տաճկաստան:
Հաստատւեց Սեբաստիայում, ուր Դանիէլ Վարուժանի հետ աշխատեց շրջանի կուլտուրական գործերի համար:
Մուրադը դպրոցական կրթութիւն չէր ստացել, բայց աւարտել էր կուսակցական դպրոցը: Սեբաստիոյ երեսփոխանական ժողովը նրան ընտրում է շրջանային տեսուչ, բայց Մուրադը մերժում է այդ պաշտօնը:
1915 թւին մարտի 15-ից իբրեւ յեղափոխական, հետապնդւում է տաճկական կառավարութեան կողմից եւ դառնում է թափառական:
Այդ շրջանը Մուրադի ամենաողբերգական շրջանն է. երբ նա աչքով մօտիկից տեսնում է տարագրւող տաճկահայութեան տառապանքները, կորցնում է իր մարտիկ մօրը, գեղանի կնոջը եւ որդիներին:
1915 թ. նոյեմբերի 15-ին 14 ընկերներով (3ը յոյն) յաջողում է առագաստանաւով Սամսոնի մօտից, Սեւ ծովի վրայով անցնել Բաթում. Մի քանի օրւայ բանտարկութիւնից յետոյ ազատւում է, գալիս Թիֆլիս եւ անմիջապէս գործօն մասնակցութիւն ցոյց տալիս կամաւորական շարժման մէջ:
1918-ին Մուրադն իր մի քանի հարիւր մարտիկ ընկերներով կարողանում է պահել Երզնկայի ճակատը 2-3 ամիս:
Էրզրումի խայտառակ նահանջից եւ Կարսի դաւաճանօրէն անկումից յետոյ, Հիւսիսային Կովկասից անցնում է Բագու: Եւ Բագւի պրոլետարիատի պայքարի ժամանակ ընկնում է հերոսաբար, 6 վէրք ստանալով:
Հանգի՜ստ մեծ մարդու հեռաւոր շիրիմին:
Գ. Շ.
«Զանգ», Երեւան
Բ. Տարի, Թիւ 83
Կիրակի, 22 Դեկտեմբերի 1918 թ.