Հայ կեանքի վերջին 10-15 տարիների ընթացքում աչքի
ընկած հասարակական-պետական գործիչների շարքին Խաչատուր Կարճիկեանը, անկասկած, առաջիններից
էր: Բառի լաւագոյն իմաստով պետական մարդ էր եւ հասարակական գործիչ:
Նրա կեանքը, իր արտաքին հանգամանքներով, քիչ է տարբերւում
ժամանակակից հայ գործիչների կեանքից: Շատերի պէս, նա էլ դուրս է եկել չքաւոր ընտանիքից,
սովորել զրկանքներով: Մինչեւ մահ էլ ապրեց աշխատաւոր ժողովրդի ծոցում՝ մնալով միշտ
աշխատանքի եւ ժողովրդի մարդը:
Խ. Կարճիկեանը, կամ ինչպէս կոչում էին նրան ամենքը,
Խաչիկը, Վաղարշապատցի էր, ծնւած 1882 թ.ին: Աւարտելով Էջմիածնի ճեմարանի դասարանական
մասը եւ հասնութեան վկայական ստանալով Երեւանի գիմնազիայից՝ նա անցաւ Պետերբուրգ՝ համալարանում
իրաւաբանութիւն ուսանելու նպատակով: Այստեղ, սակայն, երկար չկարողացաւ մնալ: Նիւթական
պատճառները հարկադրեցին վերադառնալ Կովկաս, ուր մի քանի տարի պաշտօնավարեց Ախալցխայի,
ապա Ալեքսանդրապօլի հայկական դպրոցներում: Զուտ դպրոցական պարտականութիւններից զատ
նա զբաղւում էր եւ Դաշնակցութեան գործերով, որի մէջ մտել էր դեռ աշակերտական նստարանից:
Եւ, իբրեւ դաշնակցական գործիչ, մատ աւելի նշանաւոր եղաւ ու ժողովրդականութիւն ձեռք
բերեց, քան որպէս դպրոցական դասատու, «Խաչիկ վարժապետը» սիրելի էր դաշնակցական երիտասարդութեան
շրջաններում, նրա խօսքը՝ հեղինակաւոր:
Նիւթական որոշ միջոց ապահովելուց յետոյ, դարձեալ
փոխադրւեց մայրաքաղաք եւ նորից նւիրւեց ուսանողական կեանքին ու կուսակցական աշխատանքին՝
զբաղւելով, յատկապէս, Զիֆոնի խճճւած գործերի հաշւեյարդարով: Յիշում եմ Խաչիկի ուսանողական
կեանքի վերջին տարիները համալսարանական դասախօսութիւններին, սովորաբար քիչ էր յաճախում,
բայց իր ամսնագիտութեան վերաբերւող գրքեր կարդում ու լուրջ պարապում էր եւ քննութիւններն
էլ տալիս էր յաջող: Ուսանում էր մեծ դժւարութեամբ, ժամանակի խոշոր մասը դնում էր մասնաւոր
դասերի, որով ապրում էր ինքը եւ կինն ու երեխաները, որոնք հետն էին միշտ եւ սրանց սիրում
էր անսահման սիրով: Դասերից ազատ ժամանակը նւիրում էր կազմակերպութեան եւ Ուսանողական
Միութեան «ժողով»-ին, որի գործոն անդամներից էր:
1908-10
թւականներին Պետերբուրգում կար եռուն ուսանողական
կեանք. Դաշնակցական ուժեղ խմբի կողքին գոյութիւն ունէր եւ սօցիալ-դէմօկրատական խմբակ,
որի մէջ մտնում էին Սրապիոնեանը (Լուկաշին), Ա. Կարինեանը եւ ուրիշներ: Յաճախ տեղի
էին ունենում հանդիպումներ, ուսանողական ժողովներ, բանավէճեր եւ Կարճիկեանն ամէն տեղ
բերում էր իր կենդանի ու ղեկավարող մասնակցութիւնը: Հանդարտ, հաւասարակշռւած, ուժեղ
ու սուր իմացականութեան ու կամքի տէր՝ նա յաջողութեամբ յետ էր մղում հակառակորդների
փաստերն ու յարձակումները եւ ապահովում մեր «յաղթանակը»:
1910-ին աւարտեց համալսարանը եւ հաստատւեց Թիֆլիսում,
իբրեւ երդւեալ-հաւատարմատար Եակալեանի օգնական: Նրա առաջ բացւում էր գործունէութեան
ընդարձակ ասպարէզ եւ նա համաչափ քայլերով եւ արագօրէն աբրձրացաւ հասարակական գործունէութեան
սանդուղքներով: Իբրեւ յաջող փաստաբան, նա շատ շուտով ստեղծեց իրեն համար նիւթական ապահով
վիճակ եւ շարունակեց լայնօրէն զբաղւել հասարակական կեանքով: Հոգաբարձու, զանազան միութիւնների անդամ, կուսակցական մարմինների ղեկավար,
ապա Արեւելեան Բիւրօի անդամ, քաղաքային խորհրդի իրաւասու, իրաւաբանների միութեան անդամ,
«Հորիզոն» թերթի վարիչներից մէկը, եւ պէսպէս ուրիշ պաշտօններ Խաչիկը ամէն տեղ հասնում
էր, ամէն տեղ բերում իր հմտութիւնը, շնորհալի վարւելակերպը, միտքն ու սիրտը:
1912 թ., Հ. Յ. Դաշնակցութեան մեծ դատավարութեան
ժաամանկ նրան յանձնւեց կուսակցութեան նիւթերի հաւաքումն ու հայերէն մասի կազմակերպումը:
Եւ նա, մի քանի ուրիշ ընկերների հետ, ամենայն ձեռնհասութեամբ կատարեց իր վրա դրւած
պարտականութիւնը: Ներկայ եղաւ դատավարութեան եւ գործակցեց ռուս նշանաւոր փաստաբաններին
– Զարդուդնիին, Քէրէնսկիին, Մանդէլլտամին եւ ուրիշներին:
Վրա հասաւ համաշխարհային պատերազմը: Կովկասահայութեան
կեանքը տակն ու վրա եղաւ: Սկսւեց մի չտեսնւած եռ ու զեռ: Յղացւեց ու կազմակերպւեց կամաւորական
շարժումը, Կարճիկեանը այդ շարժումը գլխաւորողներից էր: Ինչպէս եւ հանգուցեալ Աւետիք
Շահխութանեանը, բժ. Յ. Զաւրեանը, Արմէն Գարօն, Վռամեանը, Իշխանը՝ նա եւս պատմական անհրաժեշտութիւն
էր համարում կամաւորական խմբերի կազմակերպումը, իբրեւ թրքահայ դատի լուծման մի միջոց:
Բայց կամաւորական շարժման նա վերապահում էր նա եւ առաջ ինքնապաշտպանութեան դեր: Խմբերը,
նրա ծրագրով, պէտք է երթային ռուսական բանակի առաջին շարքերում եւ պաշտպանէին հայ ժողովուրդը
ջարդերից թէ՛ թիւրքերի եւ թէ՛ ռուս զօրքերի կողմից մի դեր, որ, ինչքան եւ անիրագործելի
թւայ պատերազմական պայմաններում, մեր խումբերը կատարեցին շատ անգամներ:
Պատերազմի տարիներին Խաչիկը բոլորովին լքեց իր անձնական
գործերը եւ ամբողջապէս նւիրւեց Ազգային Բիւրօյի ու կամաւորական խմբերի կազմակերպութեան:
«Կարգադրիչ Մարմնի», փաստորէն եւ Ազգային Բիւրօի ամենագործօն անդամներից մէկն էր: Յիշում
եմ այն անվերջ ու յուզումնալից կուսակցական ժողովները, որոնք տեղի էին ունենում, մեծ
մասամբ, նրա բնակարանում, կամ Ազգային Բիւրօյի նիստերը, ուր Խաչիկը միշտ աչքի էր ընկնում իր խելացի ու գործնական դատողութիւններով:
Ազգային Բիւրոյում քննւում ու մշակւում էր «ապագայ ինքնավար Հայաստանիօ սահմանադրութիւնը,
եւ մենք հիանում էինք Խաչիկի հմտութեամբ. նա դուրս էր գալիս պետական իրաւունքից ցուցմունքներ
անելու Ս. Յարութիւնեանի ու Մ. Պապաջանեանի պէս փորձւած փաստաբաններին: Որտեղից էր
նրա այդ պաշարը, երբ, կարծես, իսկի գիրք կարդալու ժամանակ էլ չէր ունենում:
Զարմանալի էր նրա սէրն ու մտերմութիւնը բժ. Յ. Զաւրեանի
հետ: Երկու հակոտնեաներ մէկը համակ թռիչք, ինչ որ մշումոտ դիւանագիտական ծրագրների
յետեւից ընկած, միւսը՝ այդ բոլորին նայում էր վերեւից, կէս-հեգնանքով ու հաւատում էր
միայն հայ ժողովրդի սեփական կարողութեան: Բայց եւ այնպէս, նրանք գործում էին միասին՝
կապւած ընկերական անխզելի կապերով:
Առհասարակ, Խաչիկը հազւագիւտ ընկեր էր: Նրա հետ
մարդ զգում էր առանձին ջերմութիւն: Քնքոյշ ու փափկանկատ, անչափ դիւրազգած եւ ուշադիր,
միշտ բաց սրտով – ես չգիտեմ, ունէ՞ր արդեոք նա անձնական թշնամիներ: Ընկեր էր այս բառի
լաւագոյն իմաստով Մարդն ու գործիչը նրա մէջ զուգորդւած էին բացառիկ ներդաշնակութեամբ
եւ կազմում էին մի ամբողջութիւն:
Բժ. Յ. Զաւրեանի պնդումով էր, որ, կարծեմ 1913-ի
վերջերին, թողեց Թիֆլիսն ու, իբրեւ քաղաքների Միութեան պաշտօնեայ, անցաւ ռազմաճակատի
անմիջական թիկունքը՝ Բասէնի շրջանը, ուր զբաղւեց գաղթականութեան տեղաւորման եւ երկրի
վարչական-տնտեսական կազմակերպութեան գործով: եւ այնտեղ էլ երեւան բերեց խոշոր վարչական
ձիրք ու տակտ, որի շնորհիւ ապահովեց ռուս զինւորական իշխանութեան բարեացակամ վերաբերմունքը:
Յետագային, ժամանակաւոր կառավարութեան շրջանում, երբ բժ. Յ. Զաւրեանը նշանակւեց գրաււած
վայրերի ընդհանուր կօմիսարի օգնական, Կարճիկեանը նրա գլխաւոր խորհրդատուն ու գործակիցն
էր:
Ռուսական յեղափոխութեան առաջին շրջանում Խաչիկը
զբաղւած էր գլխաւորապէս ռազմակաճա ու գրաււած վայրերի կարգաւորման գործերով: Ամէն անգամ,
երբ մի քանի օրով գալիս էր Թիֆլիս, ճրկւանքով պատմում էր, թէ թրքահայկական հոգերը լեցւում
են հայ բնակչութեամբ, քանդւած գիւղերը վերաշինւում են, արտերը ցանւում «Հայաստան է
ստեղծւում»: Եւ, իրոք, Հայաստանն էր ստեղծւում, ով յիշում է Բասէնի, Ալաշկերտի եւ միւս
տեղերի վիճակը ռուս յեղափոխութեան առաջին ամիսներին, նա կը հասկանայ այն անխառն ուրախութիւնը,
որով համակւած էր հայ մտաւորականութիւնը Կովկասում: Սակայն, դժբախտաբար, այդ օրերը
երկար չտեւեցին: Յեղափոխական Ռուսաստանի հորիզոնը պղտորւեց եւ վրա հասաւ մի նոր փոթորիկ՝
սարսափելի իր գործած աւերով: Կարճիկեանն այդ օրերին դարձաւ կովկասեան կեանքի կենտրոնական
դէմքերից մէկը:
1917-ի հոկտեմբերին Խաչիկի հետ Հ.Յ. Դաշնակցութեան
կողմից ներկայացուցիչ էին «Ապահովութեան Խորհրդում», որը բոլշեւիկեան յեղաշրջումից
եւ Անդրկովկասի Առանձին Կոմիտէի փաստական կազմալուծումից յետոյ դարձել էր երկրի բարձրագոյն
իշխանութիւնը, մի իշխանութիւն, սակայն, որի ազդեցութիւնը Թիֆլիսի պալատից դէնը չէր
անցնում: Կեանքը քանի գնում խառնակւում ու խճճւում էր: Անհրաժեշտ էր կտրուկ միջոց ձեռք
առնել: Եւ մի նիստում, ինքնաբերաբար, դրւեց կովկասեան կենտրոնական կառավարութեան կազմակերպման
անհրաժեշտութեան հարցը: Մենք բոլորովին պատրաստ չէին այդ հարցի լուծման:
Ժողովը երկար քննութիւնից յետոյ որոշեց կազմել Անդրկովկասեան
Կօմիսարիատ, որը պիտի փոխարինէր Առանձին Կոմիտէին եւ պիտի բաղկանար ռուսներից, վրացիներից,
ադրբէջանցիներից ու հայերից: հայ անդամները պէտք է տրւէին Դաշնակցութեան կողմից: Դրութիւնն
այնպէս էր, որ անհրաժեշտ էր նոյն իրիկուն կազմել կառավարութիւնը, եւ մենք ժամանակ չունէինք
խորհրդակցելու Բիւրօի հետ: Քառորդ ժամւայ դադարի միջոցին փորձեցինք հեռախօսով կանչել
ընկերներին, բայց չյաջողւեց: Ապա՝ երկուսով «ժողով» գումարեցինք՝ որոշելու համար մեր
անելիքը:
Յիշում եմ՝ Խաչիկը սաստիկ տատնւում էր եւ չէր կարողանում
վճռել, ինչ անել: Տանջւում էր ներքնապէս, մանաւանդ, թեկնածուների խնդրում. ինձ համար
դրութիւնը պարզ էր. մեր թեկնածուները որոշ էին ինքը՝ Կարճիկեանը եւ Համօ Օհանջեանը:
Համօի մասին նա էլ տարակոյս չունէր, բայց իր թեկնածութիւնը վճռապէս հրաժարւում էր դնել:
Պատճառաբանում էր անփորձութեամբ եւ անկարողութեամբ, բայց, անշուշտ, քիչ դեր չէր կատարում եւ այն հանգամանքը, որ դուրսը
չարամիտ մարդիկ կարող էին մեկնել այնպէս, որ իբր թէ, ինքն է անցնկացրել իր թեկնածութիւնը:
Եւ մեծ դժւարութեամբ զիջեց:
Բաւական դժւար եղաւ եւ պօրտֆէլի ընտրութիւնը: Կառավարութիւն
կազմելը յանձնւել էր Ե. Գէզէյկարիին, որ միաժամանակ պիտի վարէր եւ արտաքին գործերը,
զինւորական գործերը պիտի ստանձնէր մի ռուս, ներքին գործերը՝ տրւում էին վրացու: Մնում
էր ընտրութիւն կատարել միւսների մէջ: Ադրբէջանցիք պահանջում էին հաղորդակցութեան միջոցների
կամ ֆինանսների ու խնամատարութեան կօմիսարութիւնները: Մեզ համար առաջնակարգ կարեւորութիւն
ունէր խնամատարութեան գործը, որովհետեւ հայ գաղթականութիւնն էր, որ ամենից աւելի կարիք
ունէր նպաստի, եւ այս կէտում, Խաչիկի ու իմ տեսակէտը նոյնն էր, բայց բաւական երկար
համոզում էինք միմեանց երկրորդ պօրտֆէլի վերաբեմամբ. նա պնդում էր առեւտրական գործավարութեան
վրա՝ նկատելով, որ առեւտրական գործը ամենից աւելի զարգացած է հայերի մէջ. ես, ընդհակառակը,
ուզում էի, որ մեզ տրւի ֆինանսների կօմիսարիատը: Ի վերջոյ, ընտրեցինք երջինը եւ ժողովում
յամառօրէն պաշտպանեցինք ֆինանսները եւ խնամատարութիւնը մեզ յանձնելու պահանջը: Վերջ
ի վերջոյ, ադրբէջանցիք տեղի տւին, Անդրկովկասեան Կօմիսարիատի մէջ մեր կողմից մտան Խ.
Կարճիկեանն ու Համօ Օհանջանեանը: Վերջինիս բացակայութեան ժամանակ (մեկնել էր սահմանադիր
ժողովին մասնակցելու), գործերը վարում էր ընկ. Կորիւն Ղազարեանը:
Կարճիկեանն էր, որ մտցրեց անդրկովկասեան բօները
եւ, առհասարակ, ձեռնհասօրէն վարեց ֆինանասական գործը: Հետզհետէ կառավարութեան մէջ էլ
ձեռք բերեց ազդեցիկ դիրք ու նշանակութիւն: Ու այնուհետեւ դարձաւ Կօմիսարիատի, յետոյ
Սէյմի գլխաւոր ղեկավար ուժերից մէկը: Հայ ժողովրդի մասնակցութիւնը համապետական գործերին
նա դրւեց վայելուչ բարձրութեան վրա, եւ մեղքը նրանը չէր, ի հարկէ, որ դէպքերի տարերային
ընթացքը նորից մեր երկիրն ու ժողովրդին անջատեց եւ առանձնացրեց համակովկասեան կեանքից:
Կառավարութեան մէջ Սէյմում Կարճիկեանը հանդէս եկաւ
իբրեւ հեռատես ու հմուտ պետական մարդ: Նրա բնաւորութեան գլխաւոր գիծն էր չափի գիտակցութիւնը:
Նա ունէր հաւասարակշռւած միտք եւ ուժեղ կամք: Պետականութեան գաղափարն ու օրէնքի յարգանքը
նրա համար դատարկ ու սին հնչիւններ չէին: Կովկասեան ժողովուրդների համակեցութեան մասին
ունէր յստակ ու որոշ տեսակէտ – շահերի համաձայնեցումը փոխադարձ զիջումներով եւ ներդաշնակ
միութեան ստեղծումը: Կովկասի ժողովուրդների կեանքը կապւած է միմիանց հետ հազար ու մի
թելերով եւ մարդկային առողջ բանականութիւնը պէտք է ստիպէ գտնելու կենակցութեան այնպիսի
ձեւեր, որոնք բոլորի համար էլ կարողանային ապահովել առաւելագոյն բարիք:
Ինչպիսի՞ յուզումով խօսում էր նա Սէյմի ամբիոնից
Երեւանի նահանգում սկսւած ազգամիջեան ընդհարումների առթիւ, ինչպիսի՜ ցասում կար նրա
խօսքերի մէջ ա՛յն մարդկանց հասցէին, որոնք հրահրում էին այդ ընդհարումները. «փոթորիկ մի՛ հանէք հրդեհի ժամանակ: Այստեղ չպէ՛տք
է կորցնենք մեր սառնասրտութիւնը: Այս ահաւոր վայրկեանին, երբ մենք կանգնած ենք անդունդի
ծայրին, քաղաքական մարմինը իրաւունք չունի կրցնելու իր պաղարիւնութիւնը եւ միմիանց
դէմ մեղադրականներ յօրինելոբ զբաղւելու: Մեզանից իւրաքանչիւրը պատասխանատու է ո՛չ միայն
ի՛ր համար, այլ եւ հայերի, մահմետականների, վրացիների – մենք պատասխանատու ենք ամբողջ
ազգաբանկութեան համար: Մենք չպէ՛տք է դուրս գանք, իբրեւ կողմեր միմիայն մեղադրելու
նպատակով, մենք պարտաւոր ենք հադնէս գալ, իբրեւ գաղափարական քաղական մի մարմին, որն
այս յուզումնալից վայրկեանին կոչւած էր փրկելու երկի՛րը: Ես կոչ եմ անում ձեզ սառնասրտութեան
եւ պարտաճանչութեան»* (*Անդրկովկասեան
Սէյմի արձանագրութիւն. 8-րդ նիստ):
Պետական մարդն էր խօսում, բայց ժամանակները պետական
չէին: Խելացնոր բազմւոթիւնները ծառացել էին մէկ-մէկու դէմ եւ յոշոտում էին միմեանց:
Անհրաժեշտ էր ուժին ոյժ հակադրել, պաշտպանւել արտաքին ու ներքին դաւերից ու յարձակումներից:
Եւ Կարճիկեանը մէկն էր նրանցից, որոնց համար պետականութեան գաղափարը միայն սրտագեղ
քարոզների նիւթ չէր, այլ նախ եւ առաջ ոյժ ու զոհեր պահանջող երեւոյթ: Նա շատ լաւ տեսնում
էր, թէ ինչ է կատարւում շուրջը, թէ ինչպէ՜ս թիւրք ու վրացի ազգայնականները փորում են
այդ պետկաանութեան հիմքը՝ ջանալով արագացնել Կովկասի միութեան քայքայումը, բայց նոյն
այդ միութիւնը Կարճիկեանի համար հրամայական անհրաժեշտութիւն էր ո՛չ միայն հայ ժողովրդի,
այլ եւ բովանդակ կովկասցիների ապահովութեան եւ բարգաւաճման համար: Կարճիկեանի համար
ո՛չ միայն ազգային աղէտ էր, այլ եւ անձնական ողբերգութիւն այն փլգումը, որ տեղի ունեցաւ
Կովկասում 1918-ի գարնանը, Բէստ-Լիտօվսկի դաշնագրից յետոյ:
Պատկերացնենք մի պահ այն սարսափելի օրերը: -Վէհիբ
փաշայի զօրքերը գրաւել էին Երզնկան ու Կարինը եւ ամէն կողմ աւեր ու հրդեհ սփռելով՝
շարժւում էին դէպի Կովկաս՝ դէպի ամբողջ աշխարհից կտրւած մեր հայրենիքը՝ պահանջելով
Բրէստ-Լիտովսկի դաշնագրի պայմանների իրագործումը: Սէյմի պատւիրակութիւնը Տրապիզոնում՝
պառակտւած ինքն իր մէջ՝ համամիտ էր թիւրքերին յանձնելու Կարսն ու Արդահանը՝ պահելով
միայն Բաթումը: Պատւիրակութեան նախագահ Չխէնկէլին հեռագրում էր. «Սէյմը
պարտաւոր է վճռական կերպվ հարց դնեթ, թէ արդեօք կարո՞ղ է զէնքի ուժով պաշտպանել Բաթումը,
Արդահանն ու Կարսը... Եւ հաւատացած եմ,ո ր թիւրքերը Բաթումն էլ չեն զիջի, Վէհիբ փաշան
կտրական կերպով ասաց այդ: Բայց տարբերութիւնն այն է, որ նրանք գէթ սակարկում են Բաթումի
համար: Իսկ ինչ վերաբերւում է Կարսն. ո՛չ մի հնարաւորութիւն չկայ պահել նրան դիւանագիտական
ճանապարհով. թիւրքերն ուղղակի չեն ուզում խօսել նրա մասին»:
Կարճիկեանն այն ժամանակ Ալեքսանդրապօլում էր, ուր
գումարւած էր Ազգային Խորհրդի ուժեղացւած կազմի ժողովը: Մարտի 30-ի առ. ժամը 3-ին,
ամբողջ գիշեր Ազգ. Խորհրդի յուզումնալից նիստին մասնակցելուց յետոյ, նա գնաց ուղիղ
հեռագրաթելի մօտ եւ հեռագրեց Թիֆլիս. «Չխէնկէլիի
առաջարկը անընդունելի է ըստ էութեան: Գործելակերպի տեսակէտից մեծ սխալ կը լինի, տրւած
վերջանգրից յետոյ, սակարկութիւն անել՝ առաջուց համոզւած լինելով, որ այդ զիջումն էլ
չի գոհացնելու թիւրքերին: Ընդհակառակը, վերջնագրի կտրուկ մերժումը ցոյց կ տայ թիւրքերին,
որ մենք ո՛չ միայն կամենում ենք, այլ եւ կարող ենք պաշտպանել մեր դիրքերը եւ հէնց դրանով
էլ, գուցէ, կը կարողանանք ստիպել թիւրքերին, որ աւելի զիջող լինեն»... Եւ նոյն
օրը հեռագրեց կօմիսարութեան նախագահ Գէզէշկորիին, որ եթէ Չխէնկէլիի առաջարկն ընդունւի,
ինքն եւ իր ընկերները դուրս կը գան կառավարութիւնից:
Մի քանի օրից յետոյ Ալեքսանդրապօլ հասան Տրազպիզոնի
պատգամաւորութեան հայ անդամները: Քաջազնունին ներկայացրեց մի ընդարձակ զեկուցում, ուր
իրեն յատուկ տրամաբանական բանավարութիւններով՝ ապացուցանում էր հաշտութիւն կնքելու
անհրաժեշտութիւնը, թէկուզ Վրէստ-Լիտովսկի սահմաններով: Նրան համակարծիք էին սօցիալ-դէմօկրատներն
ու ժողովրդականները: Թւում էր, թէ հաշտութիւն կնքելուց զատ ուրիշ ելք չէր մնում մեզ.
թիւրքերը մի կողմից արդէն Կարսի տակն էին, միւս կողմից գրաւել էին Բաթումը եւ առաջ
էին շարժւում երկաթուղագծով: Կովկասեան թաթարները դէմ էին պատերազմին եւ ուրախանում
էին թիւրքերի յաղթութիւններով: Վրացիները թէեւ բազմաշունչ ճառեր շատ էին խօսում, բայց
փաստօրէն չէին կռւում: Ռուսները չկային, Հայերս մնացել էին մէն-մէնակ. ի՞նչ կարող էինք
անել մենք թիւրքերի հետ:
Ընդհանուր տրամադրութիւնը, սակայն, պատերազմը շարունակելու
կողմն էր: Եւ Կարճիկեանը, որ կառավարական գործերով հարկադրւած մեկնել էր Թիֆլիս, իր
գրաւոր զեկուցումով եւ ուղիղ հեռագրաթելով ուղարկած կարծիքներով՝ մաքառում էր Բրստ-Լիտովսկի
պայմաններն ընդունելու դէմ: Եւ նաեւ նրա առարկութիւնների հետեւանքով էր, որ Ալեքսանդրապօլում
կարելի չեղաւ վերջնական եզրակացութեան յանգել, եւ Ազգ. Խորհուրդը Թիֆլիսում միայն,
երբ պարզւեց, որ ադրբէջանցիներից յետոյ վրացիներն էլ ընդունել են Չխէսկէլիի տեսակէտը,
որոշում կայացրեց կանգնելու Բրէստ-Լիտովսկի պայմանների վրա. Կարճիկեանը բողոքեց դրա
դէմ վրդովւած ու հրաժարւեց Ազգ. Խորհրդի փոխ-նախագահի պաշտօնից: Նա չէր կարողանում
ըմբռնել այդ եւ հաշտւել զիջման քաղաքականութեան հետ, որովհետեւ ո՛չ մի հաւատ չունէր
դէպի թիւրքերը, «քանի որ մահը անխուսափելի է,
աւելի լաւ էպատւով մեռնել», այս էր նրա սկզբունքը: Պետական մարդը նրա մէջ այդ պահուն
կռւում էր յեղափոխական մարդու հետ. յաղթութիւնը մնաց վերջինին...
Քիչ յետոյ նա հեռացաւ եւ Կօմիսարիատից: Գէգէշկորիի
«պատերազմասէր» կառավարութեան յաջորդեց Չխէնկէլիի «հաշտարար» կառավարութիւնը, որ իր
կեանքը սկսեց Կարսի ողբերգական յանձնումով: Կարճիկեանը ծայր աստիճանի ընկճւած էր: Ապրում
էր հոգեկան սուր ճգնաժամ: Տանջւում էր անսահման: Նա տեսնում էր փլուզումը իր բոլոր
յոյսերը: Ի՞նչ էր սպասում, ի՞նչ դուրս եկաւ: «Առաջին
խնդիրը, ասում էր նա իր յունիսի 17-ի զեկուցման մէջ, որ գրել էր կուսակցութիւնը,
այդ էր՝ դուրս բերել հայ դէմոկրատիային այն
կղզիացումից, որի մէջ դրւել էր նա հին ռէժիմի ժամանակ»: Այդ ձգտումով նա ստիպւած
էր մտնել Կովկասեան Սէյմի մէջ եւ հաշտւել Սէյմի հետ, սկսել ազատ բանակցութիւններ Տաճկաստանի
հետ՝ նախ զինադադարի եւ ապա խաղաղութեան վերաբերմամբ, ենթարկւել թիւրք ու վրացական
դէմոկրատիայի ցանկութեանը, Կովկասը անկախ յայտարարելու...
Մասնաւորապէս, Դաշնակցութիւնը ձգտեց վերացնել այն
պատնէշը, որ կար հայ դէմոկրատիայի եւ ադրբէջանցի թրքութեան միջեւ եւ անմիջական շփման
մէջ մտնել վերջինի հետ ու վերացնել այն միջնորդի դերը, որ ստանձնել էր վրաց Սոցիալ-Դէմոկրատիան,
որի շնորհիւ այդ անջրպետը աւելի էր խորանում...
Կարճիկեանը խօսում էր Դաշնակցութեան անունից, բայց
այդ տեսակէտները, աւելի շուտ, իր անձնական ցանկութիւններն էին, այն ուղին, որով ինքն
էր գնում, իր քաղաքական դաւանանքը: Այդ դաւանանքի համար էր տքնել ու պայքարել նա: Եւ
իր այդ գաղափարների պատճառով վաստակեց մոլեռանդ հակառակորդներ հէնց իր ընկերների շարքերում:
Նրան կուրօրէն համարում էին վրաց մէնշեւիկների յետեւից գնացող, հայկական շահերը վրաց
շահերին ստորադասող, նրան մեղադրում էին – տգիտութեամբ կամ չարամտորէն, որ գործիք է
եղել Կարսի յանձման խնդորմւ, մի ստայօդ բանսարկութիւն, որ պատճառ եղաւ եւ նրա մահւան:
Սակայն, չարաչար սխալւում են այդպէս մտածողները: Փաստերը մէջտեղն են, եւ Կարճիկեանը
ո՛չ մի բաժին չունի Կարսի յանձնման խնդրում: Նա որեւէ կերպով չի ծառայել եւ վրացական
առանձին շահերին, այն էլ ի վնաս սեփական ժողովրդի: Այսպէս կարող էին մտածել ազգային
կրքից կուրացած եւ կատարւող դէպքերի մէջ գլուխ կորցրած մարդիկ: Ընդհակառակը, Կարճիկեանն
իր հմուտ վարւեցողութեան եւ ուժեղ կամքի շնորհիւ՝ ինքն էր պնդում, յաճախ, կառավարութեան
եւ, մասնաւորապէս, նախագահի վրա: Այդ Կարճիկեանի քաղաքականութեան արդիւնք էր Սէյմի
որոշումը ճակատն ամրացնելու եւ թիւրքերի Տրազպիզոնի պայմանները մերժելու ու պատերազմը
շարունակելու մասին: Եւ մեղքը նրանը չէր, որ կովկասեան ժողովուրդների քաղաքական եւ
զինւորական հասողութիւնն այն ժամանակ ա՛յդքան էր:
«Դուրս բերել
հայ դէմօկրատիան կղզիացումից» - Կարճիկեանի
կեանքի նպատակն էր այդ: Եւ նա սեփական աչքերով տեսաւ այդ նպատակի խորտակումը: Ի՜նչ
վիշտ, հոգեկան ի՜նչ խորը տառապանք կար իր զեկուցման մէջ, յունիսի 17-ին, ընկերական
լայն ժողովում, ուր նա ասում էր՝ «Մերձեցնել
երկու դէմօկրատիաներին չյաջողւեց շնորհիւ այն գլխաւոր պատճառի, որ հայութիւնը գտնւում
էր պատերազմի մէջ եւ կատաղի կռիւ էր մղում Տաճկաստանի դէմ, իսկ թիւրք զանգւածը տաճկական
ու րէդական քարոզչութեան հետեւանքով ձգտում էին դէպի Տաճկաստան: Նպատակների հակադրութիւնը
եւ պատերազմը անհնարին դարձրին մերձեցումը: Այլ էր թիւրք զանգւածի վերաբերմունքը դէպի
վրացիութիւնը, որովհետեւ վերջինը կրաւորական էր պատերազմի մէջ թաստօրէն եւ ճիգ գործ
չէր դնում երկրի դիմադութիւնը կազմակերպոելու»*
(*«Աշխատաւոր», 1918թ. 24 նոյեմբ.): Այսպէս, նպատակների
եւ օրիէնտացիաների տարբերութիւնը քանդեց-կործանեց Կովկասի միութիւնը եւ սաստկացրեց
թշնամանքն ու փոխադարձ յոշոտումը կովկասեան ժողովուրդների միջեւ:
Կովկասեան միութեան քայքայումից յտոյ Կարճիկեանի
համար հայ ժողովրդի վարելիք քաղաքականութիւնը պատկերանում էր հետեւեալ ձեւով. «Վրաստանում, Ադրբէջանում պաշտպաել հայութեան,
իբրեւ ազգային փքորամասնութեան, քաղաքական իրաւունքները եւ սանձահարել տիրող ազգերի
շովէն ու իմպէրիալիստական ձգտումները: Այս պետութիւնների մէջ ձգտել մէկ ընդհանուր պետական-դէմօկրատական
ճակատ պահպանել»: Հայաստանի նկատմամբ աշխատել ստեղծել դէմօօկրատական պետական հաստատուն
հիմքեր, զսպել տարամերժ հակապետական ուժերը, սանձել շօվէն ազգայնականներին, որոնք ճնշում
են բանեցնում ոչ-հայ տարրի վրայ, համերաշխութիւն, համակեցութիւն հաստատել հարեւանների
հետ եւ ջանալ երկիրը դուրս բերել քաօսային վիճակից: Հայաստանը նրա համար այն կենտրոնն
էր, որի մէջ եւ որի շուրջ պիտի համախմբւի հայ դէմոկրատիան: Եւ, սակայն, Հայաստանը մենակ
անզօր էր ապահովելու հայ դէմօկրատիայի խաղաղ եւ անկաշկանդ զարգացումը: Դրա համար պէտք
էր հասկացողութեան լեզու գտնել հարեւան ժողովուրդների հետ եւ ջանալ հիմքը դնել կովկասեան
միութեան: Անկախ Հայաստանը ոէտք է լինէր մէկ օղակը կովկասեան հանրապետութիւնների շղթայի
մէջ:
Գործնականում ինչպէս էր պատկերացնում նա այդ միութիւնը
– ժամանակ ու հնարաւորութիւն չունեցաւ ձեւակերպելու: Սակայն, նրա հիմնական միտքը պարզ
էր. Անկախ Հայաստան որոշ կապերով միացած Կովկասի միւս անկախ հանրապետութիւնների հետ:
Այս գաղափարներով էլ գնաց Հայաստան եւ աշխատեց նորակազմ կառավարութեան մէջ:
Պէտք է ասել, որ վերին աստիճանի դժւարութեամբ ընդունեց
նա իրեն առաջարկւած նախարարական պաշտօնը: Զիջեց միայն ընկերների խիստ ճնշման տակ: Գործից
խուսափող չէր ամենեւին, բայց զգում էր, իրեն սպասող դժւարութիւնները: Իբրեւ խորաթափանց
մարդ՝ տեսնոէմ էր իր շուրջ եղած դժգոհութիւնները: Պաատմական փլուզումների օրերին միշտ
քաւութեան նոխազներ են փնտռւում, եւ նրան վիճակւած էր նոխազի դեր: Տեսնում էր այդ եւ
ուզում էր իր ուժերը խնայել ուրիշ օրերի համար: Ընկերները չհասկացան նրա այդ արդար
ցանկութիւնը, կամ հասկացան ու չյարգեցին: Կարճիկեանը նշանակւեց Հայաստանի անդրանիկ
կառավարութեան մէջ ելեւմտական նախարար եւ գնաց Երեւան:
Եւ այստեղ նա դարձեալ երեւան հանեց անսպառ եռանդ,
կազմակերպչական ու վարչական բարձր կարողութիւն: Ոչնչից ստեղծեց ելեւմտական նախարարութիւն:
Կարճ ժաանակում խորհրդարանում անցկացրեց եւ գործադրութեան դրեց մի շարք կարեւոր օրէնքներ՝
հողային, հարկային դրութեան, բամբակի մենաշնորհի, քաղաքական անշարժ գոյքերի հարկի,
պետական գանձարանների ումաքսատների հիմնարկութեան, ակցիզի եւ այլնի մասին: Միաժամանակ
գործօն մասնակցութիւնունէր կառավարութեան ընդհանուր քաղաքականութեան եւ գործունէութեան
մէջ: Ի միջի այլոց եւ նրա պնդումով էր, որ 1918-ի հոկտեմբերին որոշւեց կառավարութիւնը
վերակազմել կօալիցիոն հիմունքներով, եւ նոր կառավարութեան մէջ ստանձնեց խնամատարութեան
նախարարութիւնը՝ ամենադժւարը այն ժամանակւայ պայմաններում:
Այստեղ էլ Կարճիկեանը երեւան բերեց իր կազմակերպչական
շնորհքը՝ ձեռնարկելով խնամատարական գործի հիմնական վերակազմութեան: Եւ, սակայն, գործի
հէնց սկզբին զոհ գնաց մի անողոք գնդակի: Երբ նոյմբ. 14-ին (1918 թ.) նստած աշխատում
էր իր առանձնասենեակում, ներս է մտնում սպայ Եգոր Տէր-Մինասեանը եւ ատրճանակը ուղղելով
նրան՝ սկսում է կրակել:
-Եգո՛որ,
ի՞նչ ես անում... լինում է Խաչիկի վերջին խօսքը:
Մի քանի րոպէ անց նա այլեւս չկար:
Եւ սարսափելին այն է, որ սպանողն էլ իր մօտիկ մարդն
էր, գաղափարական եւ անձնազոհ դաշնակցական մարտիկ եւ Խաչիկի էլ անձնական ընկերը... նա
զոհ եղաւ այն օձի ֆշշոցների ու գաղտասուքների, որոնք լսւում էին Կարճիկեանի անւան շուրջը:
Դիւրագրգիռ ու մոլեռանդ, խելագարութեան աստիճան նւիրւած հայ ժողովրդին, որի ազատութեանը
տւել էր իր ամբողջ կեանքը, եւ որի թշւառութիւնը տանջում էր նրան չարաչար, Եգօրը յաճախ
էր լսում ամբաստանութիւններ Խաչիկի հասցէին, կրքոտ յարձակումներ անգամ ամենապատասխանատու
ընկերների բերանից – եւ ահա իր մէջ ստեղծւում է այն համոզումը, որ նա է բոլոր չարիքների
աղբիւրը. մա յանձնել է Կարսը, նա գործիք է դարձել վրացիները ձեռքին: Եւ որոշում է վրէժ
լուծել հայ ազգի կողմից. սպանել Կարճիկեանին, Չխէնկէլիին եւ ուրիշներին:
Առաջինը ընկաւ Կարճիկեանը: Զոհ էր պէտք – ահա եւ
զոհը: Արդարներից ամենաարդարը...
Ս. Վրացեան
«ԴՐՕՇԱԿ» - Հոկտեմբեր
1927
Թիւ 10 (269)