Նոյեմբեր 14-ին (1930), Եգիպտոսի Զակազիկ քաղաքում, վախճանւեց
ընկերուհի Իսկուհի Թիրեաքեանը, Բանկ Օթթոմանի Հրաչի կինն ու գաղափարական գործակիցը:
Ընկ. Իսկուհին ծնւել էր 1874թ. Մայիս 1-ին, Պոլսում: Ուսումը
ստացել է Նարեկեան վարժարանում եւ աւարտել Բերայի Աղջկանց Արհեստանոցը: Շրջանաւարտ
լինելուց յետոյ, ուսուցչական պաշտօն է ստանձնում նոյն Արհեստանոցում, իսկ վերջը տեղափոխւում
է Մաքրի-գիւղի ազգային ուսումնարանը:
Արդէն դպրոցական նստարանի վրա Իսկուհին աչքի է ընկնում ըմբոստ
եւ աշխոյժ բնաւորութեամբ: Նրա վրա մեծ ազդեցութիւն է անում Մելքոն Կիւրճեանը (Հրանտ),
որ դասատու էր Արհեստանոցում եւ իր սաներին ներշնչում էր հայրենասիրական ու յեղափոխական
գաղափարներ: Եւ երբ 1890-ին Պոլսում երեւում են Հնչակեանները (Արվախի-Վարդ-Պատրիկեան
եւ ուրիշներ) ու սկսում են կազմակերպութիւններ առաջ բերել, Իսկուհին դառնում է հնչակեան
օրիորդաց խմբի գործօն անդամներից մէկը, եւ մասնակցում է Պատրիարքարանի ցոյցի նախապատրաստութեան:
Ինչպէս ինքն է գրում իր ինքնակենսագրական նշմարների մէջ, «այդ օրերուն ընկերուհիներս եւ ես անսահման ոգեւորութեամբ կը զբաղէինք զէնքեր
ու թերթեր տեղափոխելով»:
Հնչակեանների շարքերում նա երկար չի մնում. «այդ կուսակցութիւնը իր կարգ մը ապիկար անդամներու
շնորհիւ արդէն քայքայման վիճակի մէջ էր»: Հեռանում է նրանցից, քիչ յետոյ, անդամագրւում
է Դաշնակցութեան եւ կազմակերպում է օրիորդաց մի խումբ: Ծանօթանում է այն ժամանակւայ
դաշնակցական գործիչներին՝ Բաբկէն Սիւնիին, Արմէն Գարօին, Աշոտին, Հրաչին եւ ուրիշներին,
մասնակցում է նրանց ժողովներին: Մտերմանում է Հրաչին եւ նշանւում նրա հետ: Շուտով թողնում
է ուսուցչութիւնը եւ ամբողջապէս նւիրւում յեղափոխական գործունէութեան:
1896թ. յուլիսին Պոլսում սկսում են Բանկ Օթթոմանի գրաւման նախապատրաստական
աշխատանքները: Տեղի են ունենում խորհրդակցութիւններ, որոնց մասնակցում են Պոլսում գտնւող
ու դրսից եկած ընկերները՝ Ա. Գնունի, Ա. Միսաքեան, Բաբկէն Սիւնի, Աշոտ, Հրաչ, Արմէն
Գարօ եւ ուրիշներ, դրսից եկած Արվախի, Մար, Բորիս (Սմբ. Խաչատրեան). կազմւում է բանկի
գրաւման եւ Սամաթիոյ կռիւների նախագիծը, պատրաստւում են մօտ 600 ռումբ: Ժողովները,
մեծ մասամբ, տեղի էին ունենում Օր. Իսկուհիի տունը, ուր ամբարւում էին եւ ռումբերը:
Այստեղից ռումբերը փոխադրւում էին ուրիշ տեղեր: Ռումբերի փոխադրութիւնը կատարում էին
Արմէն Գարօն, Հրաչը եւ Իսկուհին, յաճախ, չափից աւելի վտանգաւոր պայմաններում:
Բանկի դէպքից յետոյ, Օր. Իսկուհին ծնողների հետ փոխադրւում է
Բուլգարիա, հաստատւում է Վառնայում եւ դառնում է վարժուհի ազգային դպրոցի մէջ: Մի քանի
ամիս յետոյ գալիս է եւ Հրաչը, որ, սակայն, երկար չի մնում ու նորից մեկնում է յեղափոխական
գործով: Եւ միայն հինգ տարի յեոտյ, 1901ին վերադառնում է Վառնա եւ ամուսնանում Օր.
Իսկուհիի հետ, որ այդ տարիներին ամբողջապէս տարւած էր դպրոցական ու հանրային-յեղափոխական
գործունէութեամբ:
Ամուսնութիւնից յետոյ, նորապսակ զոյգը անցնում է Կովկաս՝ Սուխում,
ապա՝ Թիֆլիս: Այստեղից երեք ամիս յետոյ- դարձեալ դաշնակցական գործով, տեղափոխւում են
Իզմիր, ուր այդ օրերին յեղափոխական ձեռնարկներ էին պատրաստւում: Սակայն, մի ահաբեկման
առթիւ տեղի են ունենում խուզարկութիւններ, ձերբակալում են Հրաչին եւ գլխաբաց, ոտաբոպիկ
ու ծեծի տակ բանտ են առաջնորում: Յաջորդ օրը ձերբակալում են Տիկ. Իսկուհիին եւ չորս
ամսական զաւակը ձեռքին՝ տանում են ոստիկանատուն: «Մերկ ու ցուրտ գետնայարկ մը. ոստիկան մըն ալ մեզի ընկեր, գրում է ինքը
ընկ. Իսկուհին: Քառասուն օր մնացի: Ու ամէն
օր, կէս գիշերէ վերջ, վայրագ ոստիկաններով կու գային հարցաքննելու զիս: Վերջապէս, յուսահատելով,
թէ պիտի չկարենան բան մը կորզել ինձմէ, սպառնացին զաւակս խլել: Սոսկալի հարւած մըն
էր այդ ինձ համար: Ու ատկէ ետք, ամէն գիշեր, երբ կը լսէի դրան բացւիլը, կը ցատկէի տեղէս
ու կը գրկէի Բաբկէնը»:
Վեց ամիս մնում է բանտարկւած: Տեղի է ունենում դատավարութիւնը:
Ահաբեկիչ Խորէնը մահւան է դատապարտւում, Հրաչը՝ 101 տարւայ բերդարգելութեան, իսկ Տիկ.
Իսկուհին, մի քանի ուրիշ ընկերների հետ՝ աքսորի: Իզմիրից տարւում է Պոլսի բանտը, այստեղից՝
Սամսոնի բանտը, ուր ծնւում է երկրորդ զաւակը: Մի քանի ամիս յետոյ հանւում է բանտից
եւ իբրեւ աքսորական, թողնւում ոստիկանութեան հսկողութեան տակ»:
Սամսոնում ընկ. Իսկուհին մնաց հինգ տարի աքսորականի վիճակում,
մինչ իր ամուսինը տանջւում էր բերդարգելութեան մէջ: Ի վերջոյ, որոշում է եւ, ընկերների
աջակցութեամբ, յաջողում է փախչել Կովկաս: Նոյն ժամանակ տեղի է ունենում օսմանեան յեղաշրջումը,
եւ Հրաչն էլ, ուրիշ հարիւրաւոր բանտարկեալների հետ, ազատութիւն է ստանում եւ նոյնպէս
գալիս է Կովկաս*:
Այնուհետեւ սկսւում է կեանքի նոր շրջան:
Ընկ. Հրաչը ընտանիքով փոխադրւեց Պոլիս, ուր վարում էր «Ազատամարտ»-ի վարչական տնօրէնի
պաշտօնը: Տիկ. Իսկուհին, իր ընտանեկան գործերից դուրս, մասնակցում էր հասարակական գործունէութեան:
Այսպէս՝ մինչեւ 1914-ի վերջերը, երբ ուրիշ
կանանց հետ անցնում է Բուլգարիա, իսկ Հրաչը հարիւրաւոր ուրիշ մտաւորականների հետ զոհ
գնաց 1915թ. ապրիլեան եղեռնին: Տիկ. Իսկուհիի համար սկսւեց աստանդական ու տանջալից
մի կեանք – Բուլգարիա, Թիֆլիս, Սոչի, նորից Պոլիս, Եգիպտոս: Նա, իր երկու զաւակների
հետ, ճաշակեց տառապանքի բոլոր տեսակները, բայց մինչեւ կեանքի վերջին վայրկեանը մնաց
հաւատարիմ պաշտած դաւանանքին, մինչեւ որ, հեռաւոր Զակազիկում փչեց վերջին շունչը:
Հայ յեղափոխութիւնը հարուստ չէ կին
գործիչներով: Հայ Շառլոտա Քոռդէներ, Սոֆիա Պէրովսկայաներ ու Վէրա Ֆիգներներ չունենք,
տարաբախտաբար: Եղածների մէջ ընկ. Իսկուհին, ինչպէս եւ ընկ. Սաթենիկը (Սաթենիկ Մատինեան-Արղութեան) արժանի են առանձին
յարգանքի ու երախտագիտութեան:
* Մինչեւ
այստեղ, ընկ. Իսկուհին գրի է առել իր կեանքի յուշերը: Ինքնակենսագրականը, նրա մահւանից
յետոյ, հրատարակւել է «Յուսաբեր»-ում 1930թ. նոյեմբ. 20, 21 եւ 25:
«Դրօշակ» - Մարտ 1931
Թիւ 3 (307)