Երկարատեւ ու ծանր հիւանդութիւնից յետոյ, Դեկտ. 12-ին (1930), Փարիզում վախճանւեց ընկերուհի Սաթենիկ Արղութեանը, հանգուցեալ Յովսէփ Արղութեանի կեանքի ընկերը – ինսնական թւականների դաշնակցական Ծաղիկը: Մէկը ա՛յն բախտաւոր դէմքերից, որոնք մասնակցեցին Հ. Յ. Դաշնակցութեան ստեղծման փոթորկոտ աշխատանքին եւ առաջին տարիների հերոսական գործունէութեան:
Ընկ. Սաթենիկ Ալեքսանդրապոլցի էր, Մատինեան ընտանիքից, քոյրը Նիկոլ եւ Նատալիա Մատինեանների, որոնք նոյնպէս Դաշնակցութեան հիմնադիր ուժերից էին: Դուրս գալով Թիֆլիսի գիմնազիայի վեցերորդ դասարանից ընկ. Սաթենիկը իր քրոջ Նատալիայի, Վարդան Գոլոշեանի քրոջ՝ Դարիայի, Թամարա եւ Ժէնիա Ադամեանների եւ մի քանի ուրիշ օրիորդների հետ, ութսունական թւականների վերջերին, երբ դեռ Հ. Յ. Դաշնակցութիւնը գոյութիւն չունէր, բայց նրա գաղափարը սաւառնում էր օդի մէջ, հիմնեց զուտ կանացի մի խումբ, որի նպատակն էր նպաստել ինքնազարգացման եւ Թիւրքահայաստանի ազատագրութեան:
Թիֆլիսում եւ հայաբնակ ուրիշ կենտրոններում այն ժամանակները շատ կային նոյնանպատակ խմբեր: Հայ երիտասարդութիւնը տոգորւած էր յառաջադէմ ու յեղափոխական գաղափարներով: Մի կողմից ռուս յեղափոխական խմորումները, միւս կողմից թիւրքահայկական դատը համակել էին ամենքին: Մտքերի մէջ տիրում էր արտակարգ յուզում: Մարսէյլից ու Ժընեւից հասնում էին յեղափոխական կոչեր: Պետրոգրադից ու Մոսկւայի ուսանողութիւնը բուռն վէճի մէջ էր՝ համամարդկային ու ազգասիրական գաղափարների շուրջ: Թիւրքահայաստանը թւում էր աւետեաց երկիր. գնում էին այնտեղ ուսումնասիրական կամ յեղափոխական գործունէութեան նպատակներով: Վ. Գոլոշեանի խորհրդաւոր պտոյտները գրաւում էին մատաղ սրտերը: Թիֆլիսը եռուզեռի մէջ էր:
Ընկ. Սաթենիկը գտնւում էր այդ եռուզեռի կենտրոնում: Նրա եղբայրը՝ Նիկոլ Մատինեանը Ֆրանսական հիւպատոսարանի թարգման էր եւ նոյնպէս ժամանակի գաղափարական երիտասարդներից մէկն էր:
Նրանց տունը երիտասարդութեան համար ժամադրավայր էր: Հաւաքւում, վիճում, ծրագրում, ոգեւորւում էին: Երկրից վերադառնալիս Վարդան Գոլոշեանն էլ լինում էր այնտեղ, ուսանող Սիմոն Զաւարեանն էլ, Ներսիսեանաւարտ Յովսէփ Արղութեանն էլ եւ շատ ուրիշներ: Այստեղ սկիզբ առաւ եւ մանկամարդ Սաթենիկի սէրը դէպի Յ. Արղութեանը: Այս գաղափարական մթնոլորտում հասունացաւ Սաթենիկի մէջ յեղափոխական մրրիկներին յանձնւելու որոշումը:
Քիչ յետոյ- օր. Սաթենիկն արդէն գործի վրա է: Գիմնազիայից դուրս գալուց մէկ-երկու տարի անցած, նա քննութիւն է տալիս եւ վարժուհութեան վկայական ստանալով՝ ուսուցչութիւն է անում Գանձակում, ապա անցնում է Պարսկաստան վարժուհու պաշտօնով եւ հետզհետէ ամբողջապէս նւիրւում կուսակցական գործունէութեան, Ծաղիկ անունով: Մէկ Թաւրիզ, մէկ Սալմաստի շրջան, Այս կողմերում է եւ Յովսէփը, ա՛յն օրերի Տաշօն: Ծաղիկն ու Տաշօն արդէն նշանածներ են: Սեւքարեցի Սաքօի յուշերում յաճախ ենք հանդիպում Ծաղիկին ու Տաշօին: Տաշօն գնում-գալիս է Վան, զէնք է փոխադրում, կազմակերպական աշխատանք կատարում: Ծաղիկը օգնում է նրան: 1895-ին նա վճռում է անցնել Կարին կուսակցական գործով, գնում է Կարս, բայց ռուսական իշխանութիւնները արգելք են հանդիսանում: 1896-97ին նա մասնակցում է Խանասորի նախապատրաստութեան:
Արշաւանքից յետոյ, Տաշօն, այժմ արդէն Խանասորի Իշխանը, ձերբակալւեց Փայաջուկ գիւղում: Ծաղիկի թափած ջանքերի շնորհիւ ռուս հիւպատոսը միջամտեց եւ աքսորեց նրան Թիֆլիս: 1897-98-ին Իշխանը մնաց Մեթեխի բանտում եւ դատապարտւեց աքսորի Վոլոգդա: Բանտից դուրս գալով ամուսնացաւ Օր. Սաթենիկի հետ, եւ երկուսը միասին մեկնեցին իրենց աքսորավայրը, ուր մնացին մի քանի տարի: Իշխանը պաշտօնավարում էր գաւառական ինքնավարութեան մէջ, իբրեւ քարտուղար: Այստեղ ծնւեց նրանց միակ զաւակը՝ Արփիկը:
Աքսորից ազատւելով՝ Իշխանը ընտանիքով վերադարձաւ Թիֆլիս, ուր, սակայն, երկար չմնաց. եկեղեցական կալւածների ցոյցի առթիւ նորից ուղարկւեց աքսոր, այս անգամ Հաշտարխան: Տիկ. Սաթենիկն էլ գնաց հետը:
«Դրօշակ» - Նոյեմբեր-Դեկտեմբեր 1930
Թիւ 11-12 (305)
Աքսորից վերադարձան Թիֆլիս, ապա՝ Երեւան: Հայ-թաթարական ընդհարումների ժամանակ նրանք Երեւանում էին, երկուսն էլ, համապատասխան ասպարէզներում, մասնակցում էին ինքնապաշտպանութեան գործին: Սկսւեցին ցարական իշխանութեան հալածանքները դաշնակցականների դէմ. Յովսէփը բանտում է մինչեւ 1912թ.: Տիկ. Սաթենիկի վրա է ե՛ւ ընտանիքի ե՛ւ բանտարկւած ամուսնուն օգնելու հոգսը: Բանտից ազատւելով՝ Յովսէփը հաստատւեց Թիֆլիսում՝ մօտից մասնակցելով հասարակական եւ կուսակցական աշխատանքներին: 1914-ից նա կամաւորական շարժման ամենաջերմ ջատագովներից ու ղեկավարներից է: 1915 թւին պետ է 7րդ կամաւորական գնդի: Ապա՝ Վրաստանի Հայոց Ազգային Խորհրդի անդամ: Հայաստանի Խորհրդարանի անդամ: Հայաստանի դեսպան Թեհրանում: Եւ, վերջապէս տարագիր Եւրոպայում: Տիկին Սաթենիկը միշտ եւ ամեն տեղ հետն է, կեանքի, գաղափարի եւ գործի ընկեր: Եւ միասին էլ, միեւնոյն գերեզմանում հանգչում են այսօր Փարիզի արւարձան Շաւիլի գերեզմանատան բարձունքում:
«Դրօշակ» - Մարտ 1931
Թիւ 3 (307)