Նահատակուած 1909 թ. Փետր. 7, Թաւրիզի մօտ, Ալւարի կռիւի ընթացքին |
Կեանքե՜ր են սրանք, Մարտիրոս, Կարօ, Սէթօ եւ ուրիշներ – հազւագիւտ, գրաւիչ ու բեղմնաւոր կեանքեր՝ լի գաղափարական յոյզերով եւ յանդուգն թռիչքներով:
Մարտիրոսը – մանաւանդ: Որքա՜ն հարուստ ու արկածալի կեանք ունեցաւ Պարսկաստանի ազատութեան
խորանին զոհաբերւած այդ անսովոր երիտասարդը... Ի՞նչպէս սպառել այն՝ «Դրօշակի» մի յօդւածով..
Ի՞նչպէս կարողանալ գ
նահատել մի դէմք, որի էական բարեմասնութիւններն իսկ դեռ խուսափում
են մեր աճապարող հայեացքից: Մարտիրոսները արժանի են ընդարձակ ու մանրազննին անալիզների,
վերլուծումների. նրանց դէմքերն ու գործերը սպասում են վարպետ եւ իրազեկ կենսագրողների
պաղարիւն ու համբերատար աշխատանքին: ....
Հայ կեանքը վերջին տասնամեակների իր ելէջող ծփանքների մէջ արտադրեց եւ մշակեց մի տիպ, որ հարազատ եւ անհրաժեշտ ցոլքն է յեղափոխական մտքի ու իրականութեան: Դա տերրօրիստի, ահաբեկիչի տիպն է, առանց որի չի կատարւել ոչ մի ազգի յեղափոխութիւն, առանց որի չի յաղթանակել խիզախ, ըմբոստ փոքրամասնութեան անհաւասար պայքարը ընդդէմ հզօր բռնապետութիւնների:
Մարտիրոսը այդ տիպի լիակատար դրոշմ ունի, նրա ահեղ ու ամբարիշտ ոգին եւ նրա հզօր ու մօլեգին թափը: Մարտիրոսը ինքը Տերրօրն է, նրա իսկական եւ խօլական ըմբռնումով: Ուժանակը նրա կուլան է, ռումբն ու ատրճանակը՝ նրա գուրգուրած զէնքերը: Նրանց զարհուրելի մթնոլորտի մէջ ապրում, շնչում է հերոսի հոգին, նրանցից զատւած՝ յօրանջում է, տաղտկանում, դժբախտանում: Տերրօրը մերթ ընդ մերթ ընդլայնում է իր ճարակող ալիքները, վերածւում բացարձակ ճակատամարտի, եւ այդ դէպքերու հրացանը գալիս է փոխարինելու Մարտիրոսի ձեռքում ռմբին ու ատրճանակին... փոխարինելու նոյնքան ձեռնհասութեամբ ու ճարպկութեամբ: Հարւածը միշտ բախտաւոր է, նա գրեթէ երբէք չի վրիպում: Զարնում է նա հայ ժողովրդի բարձրապաշտօն դահիճներին, դաւադրում է գեներալների ու նահանգապատների դէմ: Նեաւում է Ֆանատիկոս ու վրէժխնդիր կատաղութեամբ հայաջինջ խուժանների վրայ Բագւի փողոցներում, նետւում է, ի վերջոյ, կանոնաւոր պատերազմի մէջ ընդդէմ Իրանեան բռնապետութեան... եւ այդտեղ անվրէպ բազուկը՝ անդամալուծւում է, այդ գեղեցիկ կորովը՝ խորտակւում...
Երբ 1905-ի փետրւարեան օրերում նաւթային մայրաքաղաքի փողոցները ներկւեցին հայկական առատահոս արիւնով, երբ իշխան Նակաշիձէի եւ ամբողջ ցարական ոստիկանութեան սադրանքով ու աջակցութեամբ գազանացած խուժանը գրոհ տւեց հայ անպաշտպան ազգաբնակութեան դէմ եւ երկու օր շարունակ թնդացնում էր մթնոլորտը դիւային օրգիաներով, յանկարծ այդ արիւնալի դժոխքի մէջ, ժողովրդային ծայրագոյն յուսահատութեան ու լքման վայրկեանում երեւան եկաւ, յայտնի չէ որտեղից, ազատարար հրեշտակի պէս, անձնւէրների մի խումբ, որ մի կերպ խոյս տալով պօգրօմային ոստիկանութեան սրատես հայեացքից, զինւած ու դարանամուտ՝ սկսեց տեղալ գնդակների տարափը թշնամու վրայ եւ կարճ միջոցում իր շեշտակի եւ անողոք հարւածներով մահ ու աւերած սփռեց յաղթական խուժանի մէջ, որ զարհուրած այդ անակնկալ հակահարւածից՝ փախուստի դիմեց:
Դումանի խումբն էր: Հին, մարզւած հրամանատարը՝ միշտ կամքոտ ու, կորովի, միշտ ահեղօրէն վճռական՝ խիզախեց դիմագրաւել իր մի բուռն զինւորներով ջարդի եւ աւերածի հսկայական ուրագանին եւ ցոյց տւեց ոչխարամիտ, թուլամորթ զանգւածներին, թէ ինչ կարող է անել մի հատիկ մարդ, ինքնապաշտպանութեան ո՜րպիսի հրաշքներ կարող է գործել մի փոքրիկ խումբ, եթէ նա ունենայ ինիցիատով, արիութիւն ու վճռականութիւն...
Ընդամենը 7 հոգի – Դումանի սպայակոյտը: Բայց ընտիր եւ յանդուգն կորիւններից՝ որ անվախ սլանում էին դէպի կռւի ամենայորձանուտ հոսանքը, դէպի կրակ, դէպի մահ... Այդ անձնւէր եօթնակի մէջ էր Մարտիրոսը:
Խումբն աճեց արագ-արագ, սկզբնական կորիզը մեծացաւ, հայ ինքնապշտպան բանակը դարձաւ ահարկու պատերազմող կողմ, զոհերը գրեթէ հաւասարւեցին եւ այդ ուժգին հակահարւածը մղեց շուտով անգիտակից ոսոխին դէպի զինադուլ ու «հաշտութիւն»...
Ուրագանն անցաւ աւելի ճիշտ՝ ժամանակաւորապէս դադար առաւ: Կազմակերպութեան առջեւ ծառանում էր մի մեծ ու վտանգալի խնդիր – պատժել ջարդի պատասխանատու հեղինակներին: Իշխան Նակաշիձէն – մահւան առաջին թեկնածուն: Եւ ահա ջարդին դիմագրաւող կորիւններից երկուսը գրկում են ազատարար ու վրիժառու ռումբերը եւ գնում են դարանակալ հետամտելու հայատեաց բորենուն: երկու մէծ, ինտելիգենտ տերրօրիստներ, երկու անբաժան ընկերակիցներ, մինը միւսից ճարպիկ, հնարագէտ եւ անվեհետ... Մէկը Մարտիրոսն է... Ընկերոջ հարւածն էր, որ գլորեց դահճին... Նակաշիձէն ընկնում է արիւնաշաղաղ ու յօշոտւած՝ Բագւի սալայատակի վրայ, եւ «Դաշնակցութեան» այդ կարող ժեստը պայթում է շանթաբեր փոթորկի պէս. ամբողջ կովկասեան բիւրօկրատիայի վրայ, հիացմունք ու ցնծութիւն պատճառելով ազատութեան եւ ազգերի համերաշխութեան բոլոր բարեկամներին:
Կար մի ուրիշ վամպիր կովկասեան հօրիզօններում, որ սպասում էր յեղափոխական վրէժխնդիր հարւածին: Դա գեներալ Ալիխանօվն էր, նորագոյն Ատտիլան, որ Երեւանեան նահանգի մէջ հայկական պօգրօմները խրախուսելուց յետոյ, նետւել էր իր գիշատիչ հօրդաներով Վրաստանի ըմբոստ ազգաբնակութեան վրայ եւ ծայրէծայր աւերել ու արիւնել այդ գեղեցիկ երկիրը:
Ո՞վ կարող էր որսալ այդ դժնդակ բռնաւորին, որի դէմ կատարւած
կրկնակի մահափորձերը Վրաստանի մէջ (վրաց յեղափոխականների կողմից) վիժել էին ցաւագինօրէն
եւ որ այնուհետեւ դարձել էր ծայրայեղօրէն զգուշաւոր, միշտ շրջապատւած, գրեթէ անմատչելի...
Մարտիրոսը դարձեալ հրապարակ է նետւում իր անբաժան ընկերակցի հետ... եւ մի գիշեր տարաժամ Ալեքսանդրօպօլի փողոցում գեներալի սրարշաւ կառքը օդն է ցնդում երկու խօլական տերրօրիստների միահամուռ հարւածներից... Ալիխանօվի գզգզւած մարմինը գնաց միանալու Նակաշիձէի, Անդրէէվի, Բօգուսլավսկու, Բըկօվի եւ ուրիշ բազմաթիւ դահիճների շարանին, որոնց պատժել էր «Դաշնակցութինը» այն ծանր ու փոթորալի տարիներում:
Այնուհետեւ Պարսկաստանում ենք տեսնում երիտասարդ ռազմիկին, յեղափոխութեան ու պատերազմի դաշտում: Մասնակցում է Մուժումբարի կռւին, ուր 15-20 հոգուց բաղկացած մեր խումբը կռւում է ու քաջաբար դիմադրում Սեամի խանի 150 ձիաւորներին: Այդ յանդուգն ճակատամարտում – որի մասին հիացմունք է յայտնել ինքը Սեամի խանը – մենք կորցրինք մեր թանկագին զինւորներից՝ Նիկօլին եւ Արտէմին:
Մուժումբարից – Սալմաստ: Մարտիրոսն այդտեղ դաշնակցական ուրիշ կամաւորների հետ դիմադրում է Իզօ խանի արշաւանքին, որ Խոյը աւերելուց յետոյ, նետւել էր Սալմաստի վրայ:
Սալմաստից – Թաւիրզ: Թաւրիզի բոլոր կռիւներին մասնակցում է Մարտիրոսը, միշտ առաջին շարքերում: Պաշարման սեւ օրերում, երբ հացի ու կենսական մթերքների սպառման շնորհիւ, հասարակութիւնը մատնւել էր լքման ու յուսահատութեան, յեղափոխական բանակը մտածեց յանդուգն մի թռիչքով ճեղքել թշնամու շղթան եւ ճանապարհ բաց անել դէպի դուրս: Մօտ 1000 հոգի անցան Ալւար եւ կռիւն սկսւեց. Պարսիկ յեղափոխականները մեծ մասամբ թողին շուտով կռւի դաշտը, յետ քաշւեցին. մնաց Սատտար խանը իր մի խումբ հաւատարիմներով եւ մօտ 50 հոգուց բաղկացած մեր խումբը՝ Քեռիի ու Ռոստոմի առաջնորդութեամբ: Գիշերը ժամը 3-4-ին մերոնք մի ուժգին գրոհ են տալիս դէպի թշնամին, որ չի կարողանում երկար դիմանալ եւ գիւղն աւերելուց յետոյ, յետ է նահանջում: Սկսւում է երկուստեք հրացանաձգութիւն: Բախտի մի չարաղէտ քմահաճոյքով, հէնց այդ փայլուն յաղթանակի վայրկեանին էր, որ «Դաշնակցութիւնը» տւեց անփոխարինելի զոհեր: Նա կորցրեց իր Մարտիրոսին...: Խիզախ մարտիկը կամեցաւ մնալ միշտ յարձակողականի դիրքում եւ մենակ, անզգոյշ թռիչք առաւ թշնամու ուղղութեամբ: Չափից դուրս առաջ անցնելով՝ զարնւեց...
Ինտելիգենտ-տերրօրիստի բազմաթիւ պաշտողները մի տարուց ի վեր անդարմանելի սգի մէջ են...
Հանգչի՛ր խաղաղութեամբ, թանկագին ընկեր. քեզ ծնող ժողովուրդը չի մոռանայ քեզ եւ կը շարունակէ ծննդաբերել իր խոցոտւած արգանդից՝ դեռ շատ Մարտիրոսներ...