Քաղաքացիներ, պատգամաւորներ Հայաստանի խորհրդի.
Գերագոյն Հայոց Ազգային Խորհրդի կողմից ես պատիւ ունիմ այսօր բաց անել անդրանիկ նիստը Հայաստանի Խորհրդի եւ յայտարարել, որ այսուհետեւ սա է միակ լիազօր մարմինը՝ ամփոփող իր մէջ Հայաստանի հանրապետութեան պետական իշխանութիւնը:
Այս օրը կը դառնայ մեզ համար պատմական եւ կը բանայ մի նոր լուսաւոր դարաշրջան մեր երիտասարդ պետութեան կեանքում, ինքնուրոյն քաղաքական եւ տնտեսական զարգացման:
Այս օրը կը մնայ միշտ յիշատակելի եւ այն պատճառով, որ առաջին անգամ իրականացած ենք տեսնում մեր նեղ հորիզոնի տակ գեղեցիկ երազանքն ու նւիրական տենչը ինքնորոշման, թէեւ անօրինակ դժւարին պայմաններում:
Ենթադրելով, որ մեր երկրի անկախութեան հարցի հետ շատերը ձեզանից լաւատեղեակ չեն, ես յոյժ կարեւոր եմ գտնում այս բարձր ժողովին ներկայացնել այն փուլերը, որոնցով անցել է սկզբից մինչեւ իր վերջին ձեւակերպումը անկախ պետութիւնների գաղափարը Անդրկովկասում:
Մեր հանրապետութիւնը, ինչպէս եւ միւսները հանդէս եկան իբրեւ անկախ պետութիւններ այն օրից, երբ Անդրկովկասեան Սէյմը մայիսի 26-ի իր պատմական նիստում իրան յայտարարեց կազմալուծւած, վրաց սոցիալ դեմոկրատ ֆրակցիայի նախաձեռնութեամբ եւ առաջարկութեամբ. նոյն օրն իսկ Վրաստանն յայտարարեց իրան անկախ:
Անդրկովկասի ամբողջութիւնը փլւելուց յետոյ մեր երկիրը թողնւած էր իր բաղդին, ուստի Հայոց Ազգ. Խորհուրդը շտապեց իր վրայ վերցնել կառավարութեան բոլոր ֆունկցիաները:
Հէնց այդ ժամանակն էր, երբ ստացւեց Օսմանեան կառավարութեան բոլորին յայտնի ուլտիմատումը նոր տերրիտորիալ գրաւումների մասին եւ պահանջւում էր պատասխան 48 ժամւայ ընթացքում: Գերագոյն խորհրդի կողմից անմիջապէս առանձին պատւիրակութիւն ուղարկւեց Բաթում, յանձինս Յ. Քաջազնունու, Մ. Պապաջանեանի եւ Ա. Խատիսեանի, տալով նրան արտակարգ լիազօրութիւններ՝ բանակցութիւններ վարելու դելեգացիայի հետ:
Մեր պատւիրակութիւնը յաջողեցրեց որոշ ուղղումներ մտցնել սահմանների մէջ, բայց եւ այնպէս ստիպւած էր ընդունել ուլտիմատումը եւ խաղաղութեան դաշինք կնքել Վեհիբ փաշայի ու Խալիլ բէյի հետ: Այստեղ առաջին անգամ Հայոց Ազգ. Խորհրդի պատգամաւորները պաշտօնապէս ճանաչւեցին իբրեւ ներկայացուցիչներ անկախ Հայսատանի եւ ստորագրեցին յունիսի 4-ի դաշինքը իբրեւ այդպիսիներ:
Մեր պետութեան անկախութեան մասին յայտնել է նոյնպէս Տաճկաստանի դաշնակից պետութիւններին՝ Գերմանիային, Աւստրիային եւ Բոլգարիային Պոլսում մեր երկրորդ դելեգացիան, որի մէջ մտնում են Ա. Ահարոնեանը, Ա. Խատիսեանը եւ Մ. Պապաջանեանը, որոնք ուղեւորւել են այնտեղ Օսմանեան կառավարութեան հրաւէրով բանակցութիւններ վարելու Տաճկաստանի եւ նրա դաշնակից պետութիւնների հետ:
Այսպիսով, բազմակողմանի քննելով մի կողմից երկրի ուժերը եւ այն հանգամանքները, որոնց մէջ գտնւում է ժողովուրդը եւ միւս կողմից քաղաքական եւ տնտեսական ստեղծւած դրութիւնը՝ Հայոց Ազգային Խորհուրդը սեղմեց իր սիրտը եւ անողոք գիտակցութեամբ որոշեց վերջանականպէս ընդունել ուլտիմատումը եւ ճանաչել Հայաստանի անկախութիւնը, իրան յանձնելով պատմութեան անաչառ դատաստանին:
Այո, մեր հանրապետութիւնը փոքր է ու նեղ իր սահմաններով, նա զրկւել է իր ամենագնահատելի երկրամասերից ու չի կարող իր մէջ տեղաւորել ամբողջ ազգաբնակութիւնը եւ կարծես թէ պայմաններ չունի անկախ գոյութեան համար:
Բայց ես կարծում եմ, որ երկրի սահմանները քարացած չեն կարող մնալ. միշտ ես հաւատում եմ, որ մեր սահմանները կընդարձակւեն կեանքի երկաթէ օրէնքի ուժով, մեր արդար եւ անվիճելի իրաւունքների պաշտպանութեամբ գրաւած հողամասերի վերաբերմամբ եւ նոր բարեկամական դաշինքով Տաճկաստանի ու նրա դաշնակից պետութիւններիհետ, որոնց ներկայացուցիչները ներկայ են այստեղ: Մենք ընտրել ենք համաձայնութեան եւ խաղաղութեան ուղղին եւուզում եմ յուսալ, որ չենք սխալւած:
Մինչ այդ, մենք կը կատարենք սրբութեամբ եւ անմեղկերպով այն մեր պարտականութիւնները, որոնք բղխում են խաղաղութեան դաշինքից: Թողնենք ապագայ պերսպեկտիւները. յամենայն դէպս այսօր, այստեղ առանց տատանումների եւ լիակատար վճռականութեամբ մենք գցում ենք խարիսխը մեր պետական նաւի եւ դնում ենք հիմքը պետական շէնքի՝ ձգտելով միշտ կատարելագործել նրան ի բարօրութիւն Հայաստանի հանրապետութեան բոլոր ազգութիւնների, իբրեւ զաւակների մէկ հարազատմայր հայրենիքի:
Ինչ վերաբերում է կառավարութեանը, նա վերջնականապէս կազմւեց այստեղ մինիստր-նախագահ Յ. Քաջազնունու կողմից Գերագոյն խորհրդի յանձնարարութեամբ եւ ինչպէս յայտարարւած էր, նա արդէն դիմել է իր պետական գործունէութեան: Կազմակերպւած է վերջնականապէս եւ Հայաստանի խորհ.ը, իբրեւ երկրի օրէնսդիր բարձր մարմին. համաձայն որոշման խառն նիստի գերագոյն Ազգ. Խորհրդի եւ Երեւանի Ազգ. Խորհրդի, նա կազմւել է Գերագոյն խորհրդի 12 անդամներից եռապատկւած թւով, աւելացնելով դրան երկու չեզոքներ: Ֆրակցիաները ներկայացւած են Հայաստանի խորհրդում նոյն պրոպարցիայով, ինչպէս եւ գերագոյն խորհրդում: Ընդամենը հայ պատգամաւորների թիւը 38 է: Բացի հայ պատգամաւորներից, Գերագոյն խորհուրդը պարտաւոր համարեց իրան իսկոյն եւ եթ մտցնել Հայաստանի Խորհրդի կազմի մէջ եւ ներկայացուցիչներ այն ազգութիւնների, որոնք փոքրամասնութիւն են, ինչպսիք են՝ մուսուլմաններ-6 պատգմ. ռուսներ-1 եւ եզիդիներ-1: Այսպիսով Հայաստանի խորհրդի կազմի մէջ մտնում են ընդամենը 46 պատգամաւոր, որոնց ցանկն իսկոյն կը յայտարարեմ: Չեմ կարող չդիմել օտարազգի պատգամաւորներին եւ յայտնել նրանց, որ փոքրամասնութեան իրաւունքները մենք առանձնապէս գնահատում ենք ու պաշտպանում եւ այդ իսկ պատճառով մեր սրբազան պարտքը համարեցինք հէնց Հայաստանի խորհրդի Ա. նիստից ապահովել ձեր մասնակցութիւնը:
Ես ի բոլոր սրտէ ողջունում եմ ձեզ եւ անչափ ուրախ եմ, որ դուք լծւել էք մեզ հետ ընդհանուր հայրենիքի անդաստանը մշակելու եւ երկրի շինարար գործը առաջ տանելու:
Յանձնելով ձեզ երկրի բաղդը ես ոգեւորւած եմ նոյնպէս եւ այն մտքով, որ դուք մեր մատած հանրապետութեան մէջ կը մարմնացնէք քաղաքական ազատութիւնները եւ սոցիալական արդար պահանջները աշխատաւոր մասսաների, որովհետեւ մենք կռւել ենք, նահատակւել ենք յանուն այդ մեծ գաղափարների ու նրանց իրականացման մէջ ենք տեսնում կեանքի գեղեցկութիւնը եւ նրա բարձր նպատակը:
Սպառւած հաամրելով իմ պարտականութիւնները իբրեւ նախագահի Գերգաոյն Խորհրդի եւ յաջողութիւն ցանկանալով ձեզ ձեր պատասխանատու պետական գործունէութեան մէջ, առաջարկում եմ ընտրել նախագահ Հայաստանի Խորհրդի:
Դաշնակցական ֆրակցիայ կողմից Սմբատ Խաչատրեանի յայտարարեց, որ նախագահութեան համար իբրեւ թեկնածու առաջարկում է Աւետիք Սահակեանին. միւս ֆրակցիաները թեկնածուներ չառաջարկեցին:
Բաց քւէարկութեամբ Հայաստանի խորհրդի նախագահ ընտրւեց Աւետիք Սահակեանը, ձեռնպահութեամբ 6 սոցիալ դեմոկրատների: