Սահակը բնիկ սալմաստեցի էր, ծնւած Ղալասար գիւղում, 1888 թւին, գեղջուկ համեստ ընտանիքում: Նա իր մանկութեան շրջաններում ապրել ու շնչել է Սալմաստում, հայ ազգային-ազատագրական զարթօնքի մթնոլորտում:
Իր նախնական կրթութիւնը ստացել էր հայրենի՝ Ղալասար գիւղի ծխական երկսեռ դպրոցում: Եւ արդէն աշակերտ ժամանակից աչքի ընկել ճարպիկութեամբ ու խելացի դատողութեամբ:
Ծխական դպրոցը վերջացնելով՝ Սահակը արդէն մի պատրաստի ոյժ էր տեղական յեղափոխական գործի համար եւ բուռն թափով նետւում է գործի ասպարէզ՝ միշտ պատրաստ իր անձը եւ անձնական բոլոր բայելքները զոհաբերելու սիրած ժողովրդին: Միշտ ուրախ, միշտ զւարթ ու մեծ յոյսերով էր տոգորւած: Երկար ժամանակ վարեց տեղական մարտական խմբի խմբապետութեան պաշտօնը եւ եղաւ Ենթակոմիտէի անդամ: Եւ որպէս այդպիսին, յաճախ գիւղից գիւղ էր անցնում, ասում ու խօսում էր յեղափոխութեան ու ազգային գործերի մասին, համոզում, գրաւում եւ ոգեւորում է տեղի երիտասարդութիւնը: Գիշերներն անգամ հանգիստ չունէր: Մի գիշերւայ մէջ նրան կարելի էր մի քանի գիւղերում տեսնել՝ միշտ ընկերական շրջաններում մեծ ոգեւորութեան մէջ. այդ պատճառով էլ տեղացիներից եւ ընկերներից ստացել էր «Գիշերւայ Սահակօ մականունը կամ «Սեւ Սահակ»՝ իր մորթու սեւութեան պատճառով:
Սահակը մասնակցել է 1908 թւի Պարսկաստանի յեղափոխական շարժումներին՝ աչքի ընկնելով իր կրակոտ ու յանդուգն ոգով: Ապա միշտ մասնակցել է Սալմաստում կռիւներին քրդերի դէմ, որոնք յաճախկի յարձակւում էին հայ եւ թուրք գիւղերի վրա կողոպտելու նպատակով: Մանաւանդ 1914 թւից յետոյ, երբ քրդական յարձակումները մեծ ծաւալ ստացան, այլ եւս զէնքը Սահակի ձռեքից վայր չընկաւ, մինչեւ 1918 թւականի Սալմաստ-Ուրմի ինքնապաշտպանութեան կռիւները, ուր Սահակն երեւան եկաւ իր ամբողջ մարտական կարողութեամբ:
Սալամստը երկար դիմանալ չկարողացաւ տաճկական գերազանց ուժին եւ ընկճւեց. տեղացի ու գաղթական քրիստոնեաները բռնեցին Ուրմիից Համադան տանող սեւ ու երկար ճամբան, անյոյս ու ջլատւած: Սահակն իր ընտանիքը թողած ծերունի հօր խնամքին, ժողովրդական ինքնապաշտպան կամաւորների հետ, հրացանը գրկած մերթ այս, մերթ այն կէտում ճակատում էր թշնամու դէմ: Ամբողջ մի տարի տեւեց այդ գաղթականական պարքաշ ու տաապալից կեանքը, մինչեւ որ 1919 թւին ցրւելով Պարսկաստանի զանազան վայրերը՝ ժամանակաւոր հանգրւան գտան: Այդ թւին էր, որ Սահակը մի խումբ Սալմաստեցի եւ Ուրմեցի գաղթականների հետ փոխադրւեց Թաւրիզ, ուր սկսեց զբաղւել արհեստով, եւ միաժամանակ աշխատակցում էր «Մինարէթ» թերթին «Դպրոցական գործը Սալմաստում» վերատառութեամբ մի շարք շահեկան յօդւածներով: Բայց նկատելով թերթի հակաժողովրդական ընթացքը՝ անմիջապէս դադարեցրեց աշխատակցութիւնը:
1921 թւին, երբ պարսիկ կառավարութիւնը Ատրպատականի հայերից կամաւորներ պահանջեց՝ Սալմաստն ու Սոմային Սմկոյից գրաւելու համար, Սահակը որպէս տասնապետ այդ կամաւորների շարքերումն էր: Իսկ ճիշտ երկու տարի յետոյ, երբ պարսից կառավարութիւնը գրաւել էր Սալմաստն ու Սոմային, մի խումբ սալմաստեցիների հետ վերադարձաւ մոխիրների կոյտի վերածւած հայրենի գիւղը: Սակայն, կեանքը նրան այնտեղ չժպտեց եւ 1928 թ., սեպտ. 3ին անկողին ընկաւ եւ նոյն ամսի 17ին վախճանւեց: Նրա մահը մեծ ցաւ պատճառեց շրջանի բոլոր ընկերներին եւ հասարակութեանը: