Վերյիշենք դարձեալ նոյն 1890 թւականը... Շարժման արշալոյսն է. «Ձայնը արդէն հնչել էր Էրզրումի լեռներէն», կատարւել էր Էրզրումի մէջ անդրանիկ եւ արիւնոտ ցոյցը սուլթանական բռնակալութեան դէմ. թոյլ, վեհերոտ ստրուկը տւել էր իր գոյութեան առաջին ապացոյցը եւ արիւնակից Կովկասը փոթորկւել էր ծայրէ ծայր: Գաղտնի ժողովներ, ապստամբական կարմրավառ թռուցիկներ, խմբական տենդային պատրաստութիւններ եւ ամենուր նոյն պատմական ու սրտառուչ կոչը «դէպի Հայաստա՜ն»:
Եւ մինչ խմբապետ-քարոզիչների շարանը «Դաշնակցութեան» ղեկավարութեան տակ մղւում էր Պարսկաստանի վրայից դէպի Վասպուրական՝ տրամադրութիւնները չափելու, խոպան հողը մշակելու եւ հասունցնելու ապստամբական կռիւների համար – անդին՝ քաջերի մի այլ խումբ, մի ամբողջ վաշտ, Պետերբուրգի արհեստագիտական դպրոցի ուսանող Սարգիս Կուկունեանի առաջնորդութեամբ, սլանում էր յաղթական թափօրով Արարատեան դաշտի վրայից, Ալէքսանդրօպօլի, Ղարսի եւ ամբողջ գծի հայ ազգաբնակութեան խանդավառ ցոյցերի մէջ, դէպի թիւրքական սահմանագլուխը, դէպի «Երկիր», գնում էր պատժելու հարազատ ժողովրդի արիւնարբու ոսոխներին, վրէժխնդիր լինելու բաշիբօզուկ կառավարութիւնից ու քրդական հրոսակներից եւ դիմելու անյապաղ ապստամբական գործողութիւնների...
Խումբը, ինչպէս յայտնի է, սահմանի մօտ զարնւեց ռուսական կօզակներին, ձերբակալւեց եւ դատւեց Երեւանում. մի մասը իբրեւ «քաղաքական յանցաւորներ», աքսորւեց Սիբիր, տաժանակիր աշխատանքի վայրերը... Մի քանիսը մեռան այնտեղ, մի քանիսն էլ փախան, ապաստանեցին Պարսկաստան:
Դատը ունեցաւ մեծ շառաչում: Առաջին անգամ նա կոնկրետ կերպով եւ յստակօրէն ցոյց տւեց այն եղերական քաղաքականութիւնը, որ բռնել էր եւ պիտի շարունակէր Ալէքսանդր III-ի բթամիտ ռէժիմը հայութեան օրինաւոր տենաչնքների վերաբերմամբ: Մեր շարժման այդ նշանաւոր վայրկեանն է, որ կուզէինք վերարտադրել «Դրօշակ»ի մէջ, հրատարակելով Մեղադրական Ակտը որի պատճէնը պահւում է 22 տարուց ի վեր «Դաշնակցութեան արշիվներում»:
Մեր այդ պատմական լէգէօնը տւեց մի շարք փայլուն դէմքեր – հզօր՝ իրենց հայրենասիրութեամբ ու գաղափարականութեամբ – որոնք այլ եւ այլ ժամանակներ գնացին մասնակցելու «Դաշնակցութեան» շարքերի մէջ հայ ազատարական պատերազմին: Երկուսը այդ սիրելի դէմքերից անջնջելի տառերով արձանագրւած են մեր նորագոյն պատմութեան էջերում: Մինը – «Պարսկաստանի Գարիբալդին», նահատակւեց քիչ առաջ: Միւսը, ինքը խմբապետը, ապրում է... շղթայակիր, բանտի մէջ, ինչպէս 22 տարի սրանից առաջ, դատապարտւած վերստին 15-ամեայ սիբիրեան կատօրգայի:
ԱՄԲԱՍՏԱՆԱԳԻՐ
(Թարգմանում ենք ռուսերէնից բառաց, մի քանի անկարեւոր հատւածներ կրճատելով)
Երեւանի Շրջանային Դատարանին են յանձնւած Նուխի գաւառի Նիժ գիւղի բնակիչ Սարգիս Մովսիսեան Կուկունեանց, 27 տարեկան, Երեւանի բնակիչ Ստեփան Յարութիւնեան (մականունը Ծերունի), 24 տարեկան, Թիֆլիս նահանգի Սղնախ գուղի բնակիչ Կօնստանդին Լիսինեան, 25 տ., Թիֆլիսի բնակիչ Ռուբէն Յովհաննիսեան, 24 տ., Ալեքսանդրօպօլի բնակիչներ Նիկօղայոց Թօխմաչեան, 20 տ., Բարդողիմէոս Քեամանչաճեան, 21 տ., Մկրտիչ Մուրղուսեան (՞), 20 տ., Ալէքսանդրօպօլ գաւառի Իլխիաբա գիւղի բն. Մարտիրոս Գալստեան, 26 տ., նոյն գաւառի Գօռօշ գիւղացի Մուրադ Կալմուկեանց (՞) կամ Մանուկեանց, 26 տ., Մօլլա Գեսկշայ գիւղացի Գաբրիէլ Բօյաճեան, 22 տ., Ախալցխայի բնկ. Գրիգոր Աքմաշեան, 23 տ., Հարար գիւղացի (Զանգեզ. գաւ.) Մովսէս Մելքումեան, 28 տ., Գանձակի նահանգի Բարսում գիւղի բն. Եփրեմ Ասիրբէկեան Դաւթեան, 19 տ., նոյն նահանգի եւ գաւառի Զեագլիկ գիւղի բն. Մեհրաբ Դաշօյեանց, 27 տ., շուշեցի Յովհաննէս Մարգարեան, 23 տ., Թաքիր-Միրիքենդցի Արտեմ Խոսրովեան, 21 տ., Զանգեզուրի Ուջանաբաս գիւղացի Աբրահամ Աղամալեան, 23 տ., կաղզւանցի Գալուստ Սելզեան (՞), 22 տ.,, Կօղզւանի շրջ. Բաշքէօյ (՞) աւանի բն. Աւետիս Մանուկեան, 24 տ.,, նոյն շրջանի Արշուտնօվ (՞) գիւղի բն. Պօղոս Տէր Գրիգորեան, 40 տ.,, Մարգար Միրզայեանց, 29 տ., Եղօ Մանուկեան Առաքելեան, 36 տ., Սիմէօն Մանուկեան Առաքելեան, 27 տ., թիւրքահպատակ՝ Հաճի Կարապետ Բալջեան, 27 տ.,, Դաւիթ Գրիգորեան Չոլախեան, 25 տ., Գրիգոր Տէր Մեսրոպեան, 22 տ., Առաքել Դաւթեան, 30 տ.,, Մամում Մխօյեանց, 20 տ., Մանուկ գալստեան Խաչատրեան, 24 տ., Մինաս Մելքումեան, 25 տ., Արշակ Պետրոսեան, 24 տ., Գալուստ Կարապետեան, 25 տ.,, Պետրոս Գրիգորեան, 26 տ.,, Ղարսի նահանգի Շօրագեալի շրջ. Միջին քեադիկլեարցի Սարօ (նաեւ Ծառուկ) Յովհաննիսեան, Ղազօ Տարանեան (՞), 16 տ., ներքին քեադիկլեարցի Վարդան Թիֆիլեան, 28 տ., եւ Մկրտիչ Հաջի Դանիէլեան (մականունը Հրէա-Մկրտիչ), 25 տ.:
Բոլոր վերոյիշեալ անձերը մեղադրւում են սպանութեանց, աւազակութեանց մէջ, ապա եւ իշխանութեանը դիմադրելու մէջ:
Կաղզւանցի Ֆահրատ Կարապետեան, 27 տ., Մկրտիչ Վարոսեան (Մկօ), 27 տ., Յովհաննէս Տէր-Պետրոսեան, 33 տ., Վարդան Աջաղլինեան (՞), 27 տ., Սիմէօն մարգարեան, 33 տ., եւ Հայրապետ Ալէքսանեան, 27 տ., մեղադրւում են այն պատճառով, որ սպանութեանց մասին չեն տեղեկացրել իշխանութեանը: Բոլոր ամբաստանւածները պահւում են հսկողութեան տակ:
1890 թ. սեպտեմբեր 26-ին, Կաղզւան աւանի բնակիչներ Աշրաֆ Մահմեդ Օղլի, Սէիդ Իբրահիմ Օղլի եւ Ռաջաֆ Իսօ Օղլի դուրս գալով Կաղզւանից դէպի անտառը փայտ բերելու, Գիւմիւշ-Թափայի վրայ հանդիպեցին մի խումբ հայերի, մի մասը ձիաւոր, միւսը ոտքով, ամէնքն էլ եափունջիներով. շարժւում էին դէպի ցած, Արաքսի հոսանքով դէպի...* (*Անընթեռնելի է): Հարց ու փորձ անելով Աշրաֆ Մահմեդ Օղլիին եւ ուղեկիցներին եւ իմանալով նրանց մահմեդական լինելը՝ խումբը շրջապատեց նրանց: Մէկը խմբի անդամներից դաշոյնով հարւած տւեց Աշրաֆ Մեհմեդ Օղիին: Վերջինս ձիով էր եւ յաջողեց խոյս տալ: Փախաւ նաեւ Ռաջաֆ Իսօ Օղլին: Իսկ երրորդը, Սէիդ Իբրահիմ Օղլին մնաց խմբի ձեռքում: Բայց տեսնելով միւս երկու ընկերների փախուստը, խումբը նրան եւս արձակեց:
Առաջին փախչողը, Աշրաֆ Մահմեդ Օղլին, երկիւղ կրելով մի գուցէ իր երկու ընկերներն սպանւին, անյապաղ վերադարձաւ Կաղզւան եւ տեղեկացրեց դէպքի մասին Կաղզւանի գաւառապետին: Եւ նոյն օրը, ժամը գիշերւայ երկուսին, գաւառապետի օգնականը՝ կապիտան Կուգուշեվ, առնելով իր հետ Աշրաֆ Մահմեդ Օղլիին եւ մի վաշտ կօզակներ ու միլիցիականներ, գնաց փնտրելու չարագործներին: Արաքսի ափին, Գիւմիւշ-Քիւմբեթի եւ Կաղզւանի միջեւ, աղի հանքերի մօտ, կօզակները ձերբակալեցին երեք հայերի՝ Եփրեմ Դաւթեանց, Մեհրաբ Դաշօյեանց եւ Սահակ Ասրօեանց: Ձերբակալւածները նախ բացատրեցին, թէ եկած են Սարըղամիշից եւ ուխտի կերթան Էջմածին: Նրանցից իւրաքանչիւրը ունէր բերդանի հրացան, ատրճանակ եւ դաշոյն: Իւրաքանչիւրի մօտ – պատրօնդաշ, բերդանի հրացաններով: Բացի այդ՝ մէկն ունէր սուլիչ, ամրացրած թոկի վրայ, կապւած հրացանին:
Միեւնոյն ժամանակ աղի պահեստներից մէկում ձերբակալւեց մի ուրիշ հայ, որ ինքզինքը կ'անւանէր պարսկահպատակ Մկրտիչ Պօղոսեան (յետագայում պարզւեց, որ Շուշի քաղաքացի Յովհաննէս Արզումանեան Մարգարեանն է): Վերջապէս, Արաքսը անցնելու միջոցին, կօզակները տեսան երկու ափերի վրայ մի քանի փամփուշտներ, որ անշուշտ նետւած էին գետն անցնող մարդկանց ձեռքով: Մկրտիչ Պօղոսեանը զինւած եւ հագնւած էր բոլորովին նոյն ձեւով, ինչպէս առաջւան ձերբակալւածները: Կապիտանի հարց ու փորձի վրայ՝ Պօղոսեանը բացատրեց, որ ինքը եւ ձերբակալւած Եփրեմը, Դաշօյեանցն ու Մինասեանը գտնւում էին յետնապահ շարքերի մէջ 100 հոգուց բաղկացած հայկական մի խմբի, որ մտադիր էր անցնել սահմանը եւ մտնել Թիւրքիա՝ վրէժխնդիր լինելու քրդերից այն զրկանքների համար, որ վերջինները պատճառում են իրենց արիւնակից հայերին. սակայն չորս օր լեռների մէջ մնալուց յետոյ, չունենալով ուտեստի պաշար, խումբը իջել է լեռներից Վարդիհեր վանքի կողմից եւ քայլել է Արաքսի ափերով, նրա հոսանքով: Արաքսն անցնելիս, Պօղոսեանը, իր ասելով, կորցրել է հրացանը եւ ուժասպառ դառնալով, մտել է աղահանքի պահեստներից մինը, հանգստանալու: Պօղոսեանի հրացանը (կավալէրիական բերդան) կօզակները գտել են Արաքսի ափին: Այդտեղ նշմարւել են նաեւ հետքերը Արաքսն անցնղ մարդկանց ու ձիերի սմբակների:
Ղրկելով ձերբակալւածներին Կաղզւան՝ կապիտան Կուգուշովը գնաց աղահանքերի մօտ, Արաքսի ափին գտնւող Խառ գիւղը եւ այդտեղ հարց ու փորձ արեց տանուտէրին՝ չկա՞ն արդեօք դրսեցիներ գիւղի մէջ: Խառի տանուտէրը պատասխանեց, որ ոչ ոքի չի տեսել: Իսկ մուխտարը, Գրիգոր Ոսկանեան հաղորդեց, որ առաւօտեան տեսել է Խառի մէջ երեք իրեն անծանօթ հայերի: Խառ գիւղը գտնւում է սարի վրայ: Գիւղից քիչ վար՝ լեռնալանջերին, մեծ տարածութեան վրայ եւ սանդուխաձեւ Արաքսի հովիտով ձգւում են այգիները: Խառից ցած, մօտիկ տարածութեան վրայ. Արաքսի հոսանքով փռւած են Ղարաբաղ եւ Քերս գիւղերը. իսկ գետի հակառակ եզերքին՝ Կաղզւանը: Առաւօտեան ժամը 8-ին հասնելով Խառ գիւղը, կապիտանը կանգնեցրեց զինւոր Պօղոսեանին գիւղի ամենաբարձր կէտում, հրամայելով նրան դիտել ուշադրութեամբ, չկա՞ն արդեօք մարդիկ այգիների մէջ: Ինքն էլ սկսեց դիտել գիւղի միւս ծայրից. սակայն, ոչ մի շարժում չնկատւեց: Մի քանի ժամանակից յետոյ, նրանց ուշադրութիւնը գրաւեց այգիների միջից բարձրացող ծուխը: Միեւնոյն ժամանակ, ինքը կապիտանը նկատեցց, որ Խառի այգիներից դուրս եկաւ ինչ որ ձիաւոր եւ ուղղւեց դէպի ղարաբաղ գիւղը: Կապիտանը գնաց դէպի ծուխը, բաժանելով կօզակներին երեք մասի: Կօզակների մի մասը կապիտանի հետ դիմեց ուղղակի դէպի այնտեղը, ուր բարձրանում էր ծուխը. Մւիս մասը, Մուխտար Ոսկանեանի հետ, գնաց դէպի նոյն կէտը ձախ կոծմից. երրորդ մասը, կօզակներ՝ Դէնիս Զախարօվ, Դմիտրի Պօպօվ եւ Լուկա Խիլայ, զինւոր Ղազար Մարտիրոսեանի հետ – գնաց աջ կողմից:
Քայլելով այգիների մէջ, այդ վերջին կօզակները հանդիպեցին մօտ 100 հոգուց բաղկացած հայկական խմբի: Ոմանք նստած էին կրակի շուրջը, ուրիշներ կանգնած կամ քայլում էին հրացանները ձեռին: Կօզակների առջեւից քայլող զինւոր Մարտիրոսեանը, մօտենալով անյայտ մարդկանց, ասաց հայերէն, որ եկել է գաւառապետը եւ ուզում է խօսել նրանց հետ: Մարտիրոսեանը ասաց նաեւ, որ թողնեն հրացանները: Այդ խօսքերին՝ խումբը պատասխանեց հայհոյանքով. ապա լսւեց հրացանի տրաքոց, որին հետեւեց զալպ, միահամուռ հրաձգութիւն այն հայերի կողմից, որոնք ձեռներին հրացան ունէին: Կրակում էին Մարտիրսոեանի եւ կօզակների վրայ: Խմբի միւս անդամները նետւեցին դէպի իրենց հրացանները, որոնք ծածկւած էին եափունջիներով, խարոյկի մօտ, ծառի տակ: Իսկ նրանք, որոնք ժամանակ չունեցան հրացաններն առնել, հրացանաձգութիւնը սկսւելուն պէս փախան ցրիւ այգիների մէջ: Կօզակ Դէնիս Զախարօվ, որ ամենից առաջ էր կանգնած, վիրաւորւեց, եւ վիրաւոր վիճակում անցաւ ծառի ետեւը, այնտեղից մի քանի անգամ կրակեց չարագործների վրայ, ապա ընկաւ գետնի վրայ, գոչեց. Եղբայրնե՜ր, պինդ կացէք, եւ սողաց դէպի կաւաշէն պատը, ուսկից կրակում էին Պօպօվ եւ Խիլայ: Կօզակ Զախարօվի դիակը անդամահատելիս, գտան, որ ստացել է հինգ վէրք, ոտքերի եւ կրծքի մէջ: Կօզակների գնդակներից մահացաւ կերպով վիրաւորւեց չարագործներից մէկը: Շուտով վերջինները սկսեցին յետ նահանջել դպէի Ղարաբաղ եւ Քերս գիւղերը, շարունակ գնդակներ թափելով կօզակների վրա:
Հրացանների տրաքոցը լսւում է այգիների այլ եւ այլ կողմերում: Շիվիակին եւ Խուդեակօվ կօզակները դիմեցին դէպի այն կէտերը, ուսկից թնդում էին հրացանները եւ տեսան ուրիշ հինգ ձիաւոր հայեր, որոնք կօզակներին տեսնելուն պէս՝ սկսեցին արձակել նրանց վրայ – նոյնպէս յետ նահանջելով դէպի Ղարաբաղ գիւղը: Մէկը նրանցից ճերմակ ձի ունէր, միւսը սեւ, երրորդը՝ մոխրագոյն, չորրորդը՝ (՞): Կօզակների գնդակներից ճերմակ ձիաւորը վիրաւորւեց եւ ընկաւ ձիւոց. Բայց նա շուտով փախաւ անյյատացաւ: Կօզակների թիւը փոքր լինելով, կապիտանը չվստահացաւ հետամուտ լինել նահանջողներին, թողեց հսկողութեան համար Խառ գիւղի մօտիկ լեօան վրայ չորս կօզակ մուխտար Օսկանեանի հետ եւ տեղեկացրեց կատարւածի մասին՝ Կաղզւան: Ժամը 12-ին դէպքի տեղը ժամանեց Կաղզւանից Դերբենդեան 154-րդ գնդի մի վաշտ եւ մի ջոկատ Ղարսեան սահմանապահ բրիգադի: Մինչեւ վաշտի գալը՝ կօզակները ձերբակալեցին Խառ գիւղի այգիներում փախած չարագործներից 9 հոգի: Վաշտը ժամանակելուց յետոյ՝ Խառ եւ ղարաբաղ գիւղերի միջեւ, Արաքսի ափին, ձորերի ու դաշտերի մէջ ձերբակալւեցին դարձեալ 16 հոգի: Մէկ հոգի էլ ձերբակալւեց Ղարաբաղ գիւղում, ապա դարձեալ մէկը ժայռերի մէջ, որ յայտնեց, թէ պատկանում է նոյն խմբին:
Ինչպէս յայտնւեց, ձերբակալւածներից մի քանիսը զինւած էին հրազէններով, երեք հոգի ունէին բերդանի փամփուշտներ ու ատրճանակ: Բայց մեծ մասը առանց հրացանի ու ատրճանակի էին: Ձորերի ու այգիների մէջ փախչող չարագործներից մէկը, որ գնդակներ էր արձակում հսկիչ կօզակների վրայ, սպանւեց վերջինների ձեռքով: Խառի այգիներում, ուր խումբը տեղաւորւել էր, գտնւեցաւ 28 հրացան բերդանի սիստեմի, 2-ը՝ Վինչեստրի, 2-ը՝ Պիրբօզի, 4-ը՝ Սնէյդէրի եւ 2-ը... Ապա 11 դաշոյն, 2 սուր, 6 սւին, 1 ատրճանակ, 2 ..., 24 եափունջի, 6 պայուսակ լի փամփուշտներով ու այլ իրերով եւ 2 ձի: Այն ձիաւորները, որոնք հրացանաձգութեան ժամանակ յետ էին նահանջել, դէպի Ղարաբաղ, սպանել են այդ գիւղի մօտ հրացանի գնդակներով երկու քիւրդ, Տաշիր Մահմեդ Օղլի եւ Աջա Աբդուլլա Օղլի: Նոյն օրը, գիշերով, դէպի Շօրակեալ տանող ճանապարհի վրայ Բօզարջիկ գիւղի մօտ, հսկիչ արշաւախմբի անդամներ Աբբաս Դունեամալի Օղլի եւ Բայրամ Ալլահբերդի Օղլի հանդիպեցին 5 ձիաւորի: Հսկիչների կոչին ձիաւորները պատասխանաեցին գնդակներով: Ապա ծռելով ճանապարհը, յիշեալ ձիաւորները դիմեցին դէպի գետակի ճահճոտ եզերքները. այդտեղ վրայ հասան երկու թիւրք հսկիչները եւ երկուսին սպանեցին: Սպանւածներից մէկը յաղթանդամ տղամարդ է, սեւ մօրուքով, չէրքեզկայով եւ 39-րդ դիվիզիայի սպայի պօգօններով: Ղարսի բանակի ուրեադնիկ Աւետիք Փահլեվանեան, նրա դիակի հանդէպ, ճանաչեց յանձին նրա՝ նախին տաժժանակիր Սարդար Աւետիսեանին, Ալէքսանդրօպօլի գաւառի Կօլտախչի գիւղի նախկին բնակիչ: Միւս սպանւածն է Մկրտիչ Պօղոսեան:
Դէպի վայրը դիտելուց յետոյ, Ղարսի շրջանի Նախիջեւան գաւառի կառավարիչ (գաւառապետ)սպայ Շախտախտինսկի, սեպտ. 27ին, զինւորների ջոկատ առած, գնաց Խառ գիւղ, որոնելու փախած չարագործներին: Նոյն օրը նա ձերբակալեց մի մարդ, որ թագնւել էր ժայռերի մէջ եւ որ ինքզինքն անւանեց Գանձակի նահանգի բնակիչ Մովսէս Աղաբէկեան Մելքումեան: Նա ունէր եափունջի եւ ատրճանակ: Շախտախտինսկու վկայութեամբ՝ ձերբակալւածը յայտարարել է, որ պատկանում է նոյն հայկական խմբին, որ Խառի մօտ դիմադրութիւն է ցոյց տւել Կաղզւանի գաւառապետի օգնականին: Նրա հրացանը մնացել է Խառ գիւղի այգիներում:
Խմբի առաջնորդներն են Սարգիս Կուկունեան եւ Սարդար Աւետիսեան: Խումբը բաղկացած էր 100 մարդուց: Նա գնում էր Թիւրքիա՝ օգնելու համացեղ թիւրքահայերին. Սակայն, երբ նա արդէն յայտնւել էր Թիւրքիայում՝ առաջնորդները որոշել են – Աղաբէկեանին անյայտ պատճառներով – վերադառնալ: Այնուհետեւ խումբը դիմել է Կաղզւանի շրջանով դէպի Խառ: երբ Աղաբէկեանին ահրց տւին՝ ի՞նչ էր արդեօք անում նա եւ իր համախոհները Թիւրքիոյ մէջ եւ հեռո՞ւ էին արդեօք գնացել թիւրքական հողի վրայ – Աղաբէկեանը չպատասխանեց:
Ձերբակալւածների ընդհանուր թւից 14 հոգի՝ Սարգիս Կուկունեան, Դաւիթ Չոլախեան, Ռուբէն Դերձակեան, Մկրտիչ Պօղոսեան, Աւետիս Մանուկեան, Ռուբէն Յովհաննիսեան, Կօնստանդին Լիսինեան, Գրիգոր Ակմաշեան, Մեհրաբ Դաշօեան, Եփրեմ Դաւթեան, Իսահակ Մինասեան, Ստեփան Յարութիւնեան, Մարտիրոս Գալստեան եւ Մուրադ Կալմուկեան՝ յայտարարեցին, որ իրենք պատկանում են հայկական այն խմբբին, որ գնում էր Թիւրքիա: Ուրիշ 6 հոգի (յիշատակւում են անունները) չուրանալով հանդերձ, որ իրենք մտրադիր էին Թիւրքիա երթալու, միեւնոյն նպատակով, ինչ որ առաջին խմբի անդամները – պնդեցին, որ իրենք այդ վերջին խմբի հետ կապ չունէին, այլ գնում էին առանձին: Բոլոր միւսները (յիշ. անունները) յայտնեցին, որ իրենք բոլորովին պատահական զուգադիպութեամբ են գտնւել Խառի եւ Ղարաբաղի մէջ, ուր տեղի են ունեցել սեպտեմբերի 26-ի դէպքերը եւ ուր զօրքը ձերբակալել է չարագործներին:
Թէ ինչո՞ւ էին հաւաքւել Կաղզւանի շրջանում, ի՞նչ էր արդեօք խմբի նպատակը – այդ առթիւ հետեւեալ բացատրութիւններն էին տալիս:
Խումբը գնում էր Թիւրքիա՝ ազատելու իր ցեղակիցներին տաճկական լծից եւ վրէժ հանելու քրդերից այն գազանութիւնների համար, որ նրանք գործ էին դրել հայերի վրայ, 1890-ի ամառը: Մի քանիսի բացատրութեամբ՝ ռուսահայերի վաշտը նպատակ ունէր ձեռք բերել ավտօնօմիա, ինքնավարութիւն թիւրքաց Հայաստանի համար, նման բուլգարականին: Մի քանի ուրիշներ երազում էին վերականգնել հին Հայաստանը եւ միացնել բոլոր հայաբնակ հողերը: Վրէժխնդրութիւնը թիւրքերի ու քիւրդերի հանդէպ պէտք է արտայայտւէր սպանութիւններով: Մուրադ Կալմուկեանի բացատրութեան համաձայն՝ խմբի ղեկավարներից մէկը, թիւրքահպատակ Յակոբ Սարկաւագը ասել է, որ եթէ խումբը յաղթութիւն տանէր քրդերի վրայ՝ նրանց գոյքերը պիտի բաժանեն հայերի մէջ:
Անդրկովկասի այլ եւ այլ ծայրերից համախմբւելով Թիֆլիսի մէջ, նրանք փոքրիկ խմբերով անցել են Ալէքսանդրօպօլի վրայով դէպի ղարսի շրջանը, ապա դէպի Էջմիածին, Անի (հին Հայաստանի աւերակ-մայրաքաղը) եւ Շօրագեալի գաւառակը: Ղարսի գաւառակի Բեռնա գիւղի մէջ խմբակները մաիցան ու կազմեցին մեծ խմբեր: Այդ նոյն գիւղում նրանք ստացան հրացաններ եւ ուրիշ զէնքեր: Մի մասը արդէն զինւած էր նախ քան այդ գիւղը ժամանելը: Այդտեղից անցան Շահդեվանի վրայից՝ Չուրուկ գիւղը: Այդտեղից էլ մտադիր էին անցնել Ալաշկերտի լեռնաշղթայով՝ Տաճկաստան. սակայն, երբ մօտեցան տաճկական սահամանգլխին՝ նրանց հաղորդեցին, որ Սարկաւագի (միւս անունն է՝ Վարժապետ) ղեկավարութեան տակ գտնւած խումբը արդէն իսկ անցել է սահմանը: Այդ պատճառով – անեւ որովհետեւ ցուրտ էր լեռներում – նրանք որոշում են իրենց նապտակի իրագործումը յետաձգել գարնան: Եւ գնում են Խառ:
Գեներալ Պետանդերի վկայութեամբ (Ղարսի շրջանի զինւոր. Նահանգապետի օգնական) խմբի մարդիկ ահրց ու փորձի ժամանակ ասում էին, թէ «Ռուսաստանը» զուր տեղն է միջամտում իրենց պաշտպանած դատին, քանի որ խումբը Ռուսաստանին հակառակ չէ գործում:
Թէ ի՞նչ միջոցներո էին նրանք ուզում հասնել իրենց նապտակին,– ձերբակալւածներից ոմանք յայտնում էին այդ առթիւ, որ յոյս ունէին, թէ իրենց գործողութիւնները պիտի գրաւէին եւրոպական պետութիւնների, մասնաւորապէս Անգլիայի ուշադրութիւնը թիւրքահայերի կացութեան վրայ եւ որ այդ պետութիւնների աջակցութեամբ պիտի իրագործւէր այն նպատակը, որի համար նրանք դիմում էին Թիւրքիա:
Շահդեվան տանող ճանապարհի վրայ, ուրիշ ահյեր եւս միացան խմբին: Վերջինը հասաւ Շահդեվան սեպտեմբեր 22-ին, շաբաթ օր, ապա գիշերով գնաց թիւրքական սահմանագլխի վրայ գտնող լեռները: Երկուշաբթի օր հասան Թէքէ-Բինա սարը: Այդտեղ է, որ իմացան, թէ 2 օր առաջ հայկական միւս խումբը (Սարկաւագի առաջնորդութեամբ) անցել է սահմանը, ընդհարում եւ հրացանաձգութիւն ունենալով թիւրքաց սահմանապահ զօրքերի հետ:
Կուկունեանի եւ սարդարի առաջնորդած խումբը մտադիր էր, թիրքական սահմանն անցնելով, դիմել դէպի Սասուն, իբրեւ աւելի յարմար վարյ թիւրքերի դէմ մղւելիք կռւի համար: Այդտեղ կան շատ հայ գիւղեր: Այդտեղ սարերը ծածկւած են անտառներով: Տեղական քրդերը բարեկամ են հայերի հետ...
Խմբի անդամները ուսերի վրայ զինանշան ունէին հայկական «Մ.Հ.» բառերով, որ նշանակում է «Միութիւն Հայաստանի»: Սարդարը կրում էր 39-րդ դիվիզիայի սպայի զինանշան, շուշեցի Աբրահամը ունէր կարմիր, իսկ Կուկունեանը՝ ճերմակ զինանշան, երկու շատ խոշոր տառերով:
Սարգիս Կուկունեան, Կօնստանդին Լիսինեան եւ Ռուբէն Յովհաննիսեան մեկնել են Պետերբուրգից 1890-ի յուլիսի սկզբներում, եկել են Թիֆլիս, ուր հանդիպել են թիւրքահպատակ Սարկաւագին: Վերջինը համոզել է նրանց Թիւրքիա գնալու. պատմել է հայերի կրած ճնշումները, մատնացոյց է եղել ազատ Բուլգարիայի վրայ, խօսել է Անգլիայի անելիք օգնութեան մասին եւ ասել է, որ Ռուսաստանի վրայ ներկայումս անկարելի է յոյս դնել:
Թիֆլիսից՝ Կուկունեան, Լիսինեան եւ Յովհաննիսեան դիմել են Ալէքսանդրօպօլ, այնտեղից՝ Ղարսի շրջանը: Կուկունեան յայտնեց, որ իր խմբի մէջ եղել է 100 մարդ, որոնցից 20-ը՝ ձիաւոր: Հաւաքել է ն այդ խումբը 2 ամսւայ ընթացքում, Ղարսի շրջանի եւ Ալէքսանդրօպօլի մէջ: Նա ինքը ձիով պտոյտներ է գործել Ղարսի շրջանում՝ խումբը կազմակերպելու համար: Խմբի անդամները զինւած էին արագաձիգ զէնքերով: Գնւել են նրանք մասամբ իր, Կուկունեանի, անձնական միջոցներով, մասամբ էլ նւիրաբերեւած դրամներով: Փամփուշտները գնւել են Սարըղամիշում, նմանապէս ՂԱրսում ու Ալէքսանդրօպօլում: Շահդեվան գիւղի մօտ հաւաքւելով՝ խումբը դիմել է սահմանի լեռները, ուր մնացել է 2 օր: Լեռների մէջ խմբից յետ են մնացել 25 մարդ: Խումբը իջել է Խառ գիւղը, յետ մնացածներին սպասելու եւ նոր կամաւորներ հաւաքելու համար: Կօնստանդին Լիսինեանի բացատրութեան համաձայն՝ նա ինքը գնացել է Շօրագիալ, այնտեղից Ալէքսանդրօպօլ, ուր հանդիպել է սարկաւագ Յակոբին եւ Կուկունեանին, որոնք ղրկել են նրան, Լիսինեանին, Ղարս: Ղարսից Լիսինեանը գնացել է Սարըղամիշ, ապա Արմութլի գիւղը, ուր տեղեկացել է Աբրահամ Տէր-Անդրէասեանի սպանութեան մասին սահմանապահ զինւորների ձեռքով: (Ինչպէս կը տեսնենք, Աբրահամ Տէր Անդրէասեանը նոյնպէս գնացել էր ուրիշ հայերի հետ Արմութլի գիւղը, Թիւրքիա անցնելու համար, հանդիպելով սահմանապահ զինւորներին, ցոյց է տւել նրանց զինւած դիմադրութիւն եւ սպանւել է նրանց ձեռքով):
Սարգիս Կուկունեանին խուզարկելու ժամանակ՝ գտնւել են նրա մօտ նամակներ եւ նօթեր հայերէն լեզւով: Այդ նամակներից մէկում, անյայտ հեղինակը հրաւիրում է Կուկունեանին մտնել, իբրեւ անդամ, Ընկերութեան մէջ, որ հպատակւում է Վարչութեան: Ապա շարունակում է նամակագիրը. Քանի Ընկերութեան անդամները կը գտնւին Ռուսաստանում, նրանք պարտաւոր են հնազանդւել Վարչութեան: Ուրեմն, դու ես (դիմելով Կուկունեանին) լինելով գործօն անհատ եւ գտնւելով Ռուսաստանում, կատարելապէս հնազանդւում ես Վարչութեան եւ պարտաւոր ես, ինչպէս ամեն մի այլ անդամ, կատարել նրա հրահանգները: Այլապէս՝ դա կը լինի պետութիւն պետութեան մէջ: Եթէ ուզում ես Ընկերութեան աջակցութիւնը – դրամով, զէնքով, մարդկանցով – պէտք է բոլորովին հնազանդւիս նրան: Նամակի վերջում հեղինակը յոյս է յայտնում, որ Կուկունեան չպիտի կամենայ գործել առանձնացած, եւ որ նա կը միանայ այն մարդկանց, որոնք կապւած են սուրբ գործով: Կուկունեանի մօտ գտնւած երկրորդ նամակը գրւած էր գաղտագրով, պայմանական նշաններով: Ծոցատետրի մէջ գտնւեց, սակայն բանալին եւ այդ նամակն եւս կարդացւեց: Նրա տակը ստորագրւած է «Վարչութիւն»: Վերջինը տեղեկացնում է Կուկունեանին, որ ստացել է նրա նամակը: Չենք կասկածում, ասւած է նամակի մէջ, որ դու ունենալով Սուրբ Գործը բրեւ նպատակ, պիտի համաձայնւիս գործել համերաշխ եւ ընդունել այդ կանոնադրութիւնը, որին հնազանդւում են Ընկերութեան մէջ մտնող բոլոր անձերը: Եկած լինելով այն համոզումին, որ նախ անհրաժեշտ է զէնք մատակարարել թիւրքահայերին, Վարչութիւնը լիզաօրութիւն է տալիս Կուկունեանին մտնել այդ նպատակով բանակցութեան մէջ Ղարսի խմբակի հետ, ըստ կարելւոյն շուտ իրագործեու համար այդ հրաատապ կարիքը. այն է՝ ստանալ Ղարսի խմբակից միջոցներ, որոնք անհրաժեշտ են յիշեալ նպատակն իրագործելու համար եւ նոյն խմբակի հետ խորհրդակցելով, կազմել Կուկունեանի տրամադրութեան տակ գտնւած մարդկանցից մի խումբ, որ ընդունակ լինի զբաղւել այդ գործով, իսկ մնացած մարդկանց վերաբերմամբ տնօրինել այնպէս, ինչէս որ կը գրւի Ղարսի խմբակին (կօմիտէին): Վարչութիւնը ի գործ կը դնէ իր բոլոր ճիգերը՝ գտնելու համար մօտիկ ապագայում ըստ կարելւոյն մեծ քանակութեամբ զէնք:
Կուկունեանի մօտ գտնւած երրորդ նամակի մէջ, նրա թիֆլիսեան ծանօթը հաղորդում է, որ Ղարսի ոստիկանութիւնը տեղեկացել է նրա, Կուկունեանի, գործողութիւների մասին, եւ խորհուրդ է տալիս (նամակի հեղինակը) որ Կուկունեանի իր պետերբուրգեան հինգ ընկերների հետ, ըստ կարելւոյն շուտով անցնի Թիւրքիա: Մնացած կամաւորները, ասւած է նամակի մէջ, կասկածները հեռացնելու համար՝ պէտք է անցնին Երեւանեան նահանգը: Նամակի հեղինակը աւելացնում է, որ Թիֆլիս է եկել Շատախտինսկին եւ սպասում է Շերեմետեվին (կովկասեան կառավարչապետին) զեկուցումն ներկայացնելու համար. ասում է, որ ձեզ բոլորիդ ճանաչում է, գիտէ, թէ որտեղ էք գտնւում եւ սպասում է կառավարութեան հրամանին՝ իր ընթցաքը որոշելու համար: Նամակի հեղինակը տեղեկացնում է Կուկունեանին, որ հրացաններ առայժմ չի ղրկի, որ նա շատ թշնամիներ ունի եւ որ նրան աջակցութիւն ցոյց կը տրւի, հէնց որ փոքր ինչ առաջ կը մղէ գործը: Առանձին թախանձանքով նամակագիրը համոզում է Կուկունեանին, որ շտապէ գէթ իր 5 պետերբուրգեան ընկերներով Թիւրքիա անցնել, ի նկատի ունենալով ռուս կառավարութեան կողմից սպառնացող վտանգը: Միւս ընկերները կարող են Թիւրքիա անցնել – նաեւ Իգդիրով: Նամակի վերջում ասւած է, որ եթէ Կուկունեանը ուզում է լռեցնել իր թշնամիներին, պէտք է շուտոով Թիւրքիա երթայ. Թիֆլիսի մէջ լուր է տարածւել, իբր թէ Կուկունեանը վախենում է Թիւրքիա անցնել, բայց իր վերջին նամակով նա (Կուկ.) «փակեց բոլրո կասկածողների բերանները»:
Այդ նամակի թւականն է 8 սեպտեմբեր 1890: Ծրարի հասցէին երեւում է, որ նամակն ուղղւած է եղել Թիֆլիսից Սարըղամիշ, տեղացի վաճառական Կարապետ Իսահակեանին, յանձնելու համար Սարգիս Կուկունեանին:
Չորրորդ նամակը (գտնւած նոյն Կուկունեանի մօտ) ստորագրւած է Վարչութեա նմի անդամի կողմից: Այդտեղ հաղորդւում է Վարչութեան վերջին որոշումը Կուկունեանի եւ նրա մարդկանց գործողութիւնների մասին Առաջին կէտում ասւած է. «աշխատիր ըստ կարելւոյն շուտով»... շարունակութիւնը անընթեռնելի է, բայց նամակի ամբողջ պարունակութիւնից երեւաց, որ ուզում է ասել «աշխատիր ըստ կարելւոյն շուտ անցնել Թիւրքիա»: երկրորդ կէտում ասւած է. «այն ամրդկանց, որոնց անկարելի է այժմ իսկ բերել, աշխատիր ցրւել զանազան տեղերում, բայց ոչ Ղարսի շրջանում եւ ոչ էլ իրենց ծննդավայրերում: Թիւրքիա գնացողները պէտք է բաժանւին առանձին խմբերի, պէտք է երթան կարաւանային ճամբաներով: Կամաւորների միւս մասը պէտք է զբաղւի ժողովրդին զէնք բաժանելով: Երրորդ մասը խաղաղ կերպով պէտք է մտնի ժողովրդի մէջ: Ինչպէս ասւած է նամակի վերջում՝ վարչութիւնը չ ի ցանկանում (՞) խմբից ակտիվ գործունէութիւն, բացի Սերվազի խմբից (՞): Նամակի մէջ արւած բոլոր առաջարկների մասին Կուկունեանցը պէտք է խորհրդակցէ Ղարսի մասնաճիւղի հետ, որին Վարչութիւնը յանձնարարում է զբաղւել Կուկունեանի հետ միասին կամաւորների բաշխումով: (Վարչութիւնը այդ նամակը ղրկած է Կուկունեանին վստահելի մարդու ձեռքով: Նամակի մէջ ասւած է. «ուղարկում ենք մեր մարդուն... Նա քեզ կը հաղորդէ մեր վերջին որոշումը»): Կուկունեանից խլւած թղթերից մէկի վրայ – որի պարունակութիւնը չունի անմիջական առնչութիւն նրա գործողութիւնների հետ – մատիտով րւած է հետեւեալը. «Օրթա-Քեադիկլար, աս-ինչի տունը» (այդ մարդու անունը նշանակւած է նամակի մէջ):
Կուկունեանի ծոցաթղթերի մէջ գտնւեց չորս անւանացուցակ. իր խմբի մէջ մտած մարդկանց անունները, նրանց բնակատեղին, ապա նրանց յատկացւած զէնքերը, զգեստները: Երկու թղթերի վրայ նշանակւած են այդ գիւղերը, որոնց մէջ պահւում էին զէնքերը... Օրինակ, այսպէս, Չուրուղ, Տէր-Խաչատուրի մօտ, 14 հրացան, մի խուրջին... պահեստի դրւած... թաղւած ժամի մէջ, աջ կողմը գտնւող նկուղում... փոխադրւած է նրա ասելով... (անընթեռնելի)... թագցրել է գետնի տակ նաեւ պադրոնտաշները, ատրճանակները, դաշոյնները: «Չուրուկ, Մանուկի մօտ 16 հրացան, 2 քսակ եւ 1 խուրջին. առաջ թագցրււած էին դարմանոցում: Մի քանի ջաքէլների ատրճանակները, դաշոյնները, փամփուշտամանները եւ եափունջիները գտնւում են մի քանի անձերի մօտ, որոնց անունները գիտէ Օսէփ քեօխան: Օսէփ, Մանուկ եւ Յովհաննէս քեօխաները (գիւղերի տանտուտէրներ) խնդրել են Մ-ից 5 հրացան» եւլն:
Չուրուկ եւ Արմութլի գիւղերը, վկայութեամբ Խավալօվի եւ Գրաչօվի (վերջինս Կաղզւանի շրջանի գաւառապետն է), եղել են Կուկունեան խմբի հաւաքման կենտրօններ, նախ քան նրա մեկնիլը դէպի Թիւրքիա: 1890 թ. օգոստոսի սկզբում Խաբալօվ հրահանգ ստացաւ միջոցներ ձեռք առնելու այն հայերի դէմ, ոորնք պէտք է համախմբւէին Չուրուկ գիւղի մէջ եւ ապա մէկնէին դէպի Տաճկաստան: Նրա հաւաքած տեղեկութիւններից պարզւեց, որ Չուրուկի մէջ եղել են 7 հոգի, իսկ Արմութլի՝ մօտ 30 մարդ: Ամենքն էլ Թիւրքիա պիտի անցնէին:
Օգոստոսի 14-ին սահմանապահ զօրքի Սատաչանսկի բաժնի հրամանատար Բէկէլօզ, տեղեկանալով, որ Չուրուկ գիւղի մէջ հայեր են հաւաքւած, զէնքով սահմանագլուխն անցնելու հաամր, դիմեց մի խումբ ստրաժնիկներով դէպի յիշեալ գիւղը եւ նկատեց երեկու մարդ, որ շուտաքայլ հեռանում էին գիւղից, անցնում էին կիրճով: Երբ ստրաժնիկները սկսեցին հետապնդել նրանց, մէկը նրանցից նստելով ժայռերի մէջ, մի քանի գնդակ արձակեց ստրաժնիկների վրայ եւ հրացանաձգութեան միջոցին սպանւեց: Իսկ նրա ուղեկիցը, Դաղէթ-Խաչի բնակիչ (Թիֆլ. նահանգ) Ալէքսան Մկրտիչեան յայտարարեց զինւորներին, որ ինքը եկել է ուրիշ հայերի հետ Չուրուկ գիւղը՝ Թիւրքիա անցնելու եւ օգնելու համար իր ցեղակիցներին, որոնց նեղում են տաճիկներն ու քիւրդերը: Նրա ասելով, Չուրուկ գիւղում կային 5 ընկերներ, եկած նոյն նպատակով Խորասանի շրջանից: Պօրուչիկ Բէլօկօզ ձերակալեց նրանց Չուրուկից-Արմութլի տանող ճանապարհի վրայ: Նրանք ախալցխացիներ էին եւ յայտնեցին, որ չեն ճանաչում՝ ոչ Ալէքսան Մկրտչեանին եւ ոչ էլ նրա սպանւած ուղեկցին, որ իրենք ուխտի էին գնում Ախալցխայից «Վարդիհեր» վանքը, իսկ Արմութլի մտել էին ...՞ գնելու համար: Յետոյ պարզւեց, որ Մկրտչեանի սպանւած ուղեկիցը նրա համագիւղացի Աբրահամ Տէր Անդրէասեանն է, որը Թիֆլիսի կայարանում մի գիշերապահ (գօրօդօվօյ) սպանելուց յետոյ, թագնւել էր եւ այլ եւս չէր գտնւել:
Օգոստոսի 15-ին կապիտան Կուգուշեվ գրում էր Դրաչեվին, որ օգ. 12-ին 9 հայ են մտել Արմութլի եւ Չուրուկ գիւղերը. ապա 18 հոգի լազի զգեստով օգոստ. 15-ին պէտք է մեկնեն Խառ գիւղից նոյն գիւղերը երթալու համար, որ Չուրուկ ու Արմութլի պահւած են 70 բերդանի հրացաններ, որ ընդամենը Չուրուկի մէջ պիտի հաւաքւին 80 հոգի, ապա զինւելով պիտի երթան Թիւրքիա, որ խումբը յոյս ունի սահմանն անցնելու աննկատելի կերպով, բայց եթէ հանդիպելու լինի սահմանապահ զինւորներին՝ պիտի դիմադրէ: Այդ տեղեկութիւնները Կուգուշեվ ստացել է մի անձից, որը հայ կամաւորների վստահութիւնը շահելով, տեղեկացել է նրանց նպատակներին եւ պատրաստութիւններին: Մի երկրորդ նամակով՝ Կուգուշեվը հաղորդում էր Դրաչեօվին (2 օգոստ), որ 16 հայ, կամենալով Խառից երթակլ Խորասանի գաւառը եւ տեղեկանալով օգոստ. 14-ի Չուրուկի դէպքի մասին, գնացել են Ղարս: Հաղորդում էր նաեւ, որ Շահդեվան գիւղում կան 90 բերդաններ եւ 7 արկղ փամփուշտ, Չուրուկի մէջ 7 բերդան. իմանալով սակայն, որ զինւորական նահանգապետի օգնական պետանդերը շուտով խուզարկութիւն պիտի կատարէ Չուրուկի եւ այլ գիւղերի մէջ – զէնքերը պահող հայերը փոխադրեցին այդ զէնքերը եւ թագցրին Շահդեվանի եւ Չուրուկի հայ եղեկեցիների մէջ...
Արմութլի գիւղը գալով, ենթասպայ Մելիք Բզնունի դիմեց այդ գիւղի պատւաւոր բնակիչ արգիս Հայրապետեան Մարկոսեանին, նոյն գիւղի տանուտէր Բաբի Մուրադեանին եւ այլոց, դիմեց նաեւ ուրիշ մօտակայ գիւղերի պատւաւոր բնակիչներին ու վաճառականներին, խնդրելով նրանց բոլորին՝ ռգնութեան գալ Թիւրքիա գնացող հայկական խմբին: Եւ ահա երբ այդ անձերը լիակատար պատրաստականութիւն յայտնեցին իրենց աջակցութիւնը ցոյց տալու, այն ժամանակ կամաւորները սկսեցին համախմբւել Անդրկովկասի այլ եւ այլ տեղերից՝ Խորասօն գաաւառի գիւղօրայքում:
1890 թ. սեպտեմբեր 23-24-ի գիշերը, 100 հոգուց բաղկացած խումբը, զինւած արագաձիգ հրացաններով, դիմեց դէպի թիւրքական սահմանագլուխը: Գլխաւոր գործող անձերն էին՝ Սարգիս Կուկունեան, Սարդար Աւետիսեան եւ ղարաբաղցի Աբրահամը: Խումբը գնում էր վրէժխնդիր լինելու թիւրքերից ու քրդերից: Խառ գիւղի մէջ սեպտեմբեր 26-ին տեղի ունեցած անցքից առաջ կատարւել էին խմբի ձեռքով սպանութիւններ, աւազակութիւններ եւ դիմադրութիւն սահմանապահ զինւորներին: Այդ ոճիրների կատարման ժամանակը, տեղի եւ պարագաները, նախնական քննութեան ուրիշ տւեալների հետ միասին բերում են այն համոզումին, որ նրանք կատարւել են Կուկունեան խմբի ձեռքով դէպի սահմանագլուխ դիմելիս եւ այնտեղից դէպի Խառ գիւղը նահանջելիս: Սեպտեմբեր 24-ի կէսօրին հայկական խումբը, որի մէջ կային մօտ 15 ձիաւոր, երեւան եկաւ թիւրքական սահմանագծի վրայ, որ անցնում է Ալաշկերտի լեռնաշղթայով: Թիւրք վկաների ասելով, խումբը անցաւ սահմանը, յարձակւեց տաճկական Աւարկ գիւղի վրայ, որ գտնւում է Բօզ-Դաղի ստորոտին, վիրաւորեց ճանապարհին թիւրքական Այշին Օղլի բնակիչ Աւտօ Հուսէին-օղլիին եւ նոյն գիւղի բնակիչ, 70-ամեայ Հասօ Մամօ-օղլիին, որին յետոյ բերելով ռուսական հողը, սպանեցին: Երբ հաւաքւեցին երկու յիշեալ թիւրք գիւղերի բնակիչները եւ երբ նկատւեց դրա հետ միասին, որ Չիչաղլիի կիրճով բարձրանում են սահմանապահ զինւորները, հայոց խումբը յետ նահանջեց դէպի Բօզ-Դաղ: Բռնեց թիւրքաց հողի վրայ գտնւող լեռան մի քարքարոտ եզր, քարերից պատնէշ շինեց եւ սկսեց հրացաններով զալպեր տալ դէպի տաճկական Ախւարկ գիւղը եւ միաժամանակ դէպի սահմանապահ զինւորները: Ախւարկի եւ Այշին-Օղլիի քրդերը անցան սահմանը եւ նկատելով Չիչաղլիի կիրճի ձիաւորներին, կարծելով, թէ հէնց նրանք էին Ախւարկի վրայ յարձակւողը, սկսեցին գնդակներ արձակել դէպի նրանց, սակայն շուտով համոզւելով, որ դրանք ռուս սահմանապհներն են, մօտեցան ու պատմեցին պատահարը: Քրդերի ցուցմունքով, ռուս սահմանապահ զինւորները ուղղւեցին դէպի Բօզ-Դաղ:Խումբը կրակեց նրանց ուղղութեամբ, միաժամանակ շարունակելով զալպեր տալ դէպի Ախւարկ գիւղը:
Մտածելով, թէ գուցէ խումբը թիւրիմացութեմն է կրակում սահմանապահ զինւորների վրայ եւ կամենալով նախազգուշացնել, սպայ Տրուխաչօվը իջաւ ձիւոց եւ թողնելով իր ընկերներին ապահով տեղ, ինքը մենակ գնաց շաւիղով դէպի Բօզ-Դաղի գագաթը, հանեց ճերմակ գլխարկը եւ սկսեց թափահարել, առաջ քայլելով: Բայց հէնց որ նա արեց մի քանի քայլ շաւիղով, Բօզ-Դաղի կատարի պատնէշի ետքից որոտացին հրաանները եւ մի քանի գնդակ այնքան մօտ անցան, որ նրա կեանքը տանգի մէջ էր: Համոզւելով, որ խումբը յանցաւոր նպատակով էր դիրք բռնել լեռան կատարին, սպան ղրկեց մի քանի շրջիկներ մօտակայ սահմանապահ զօրքի կայանները, օգնութիւն գոչելու: Ինքը սկսեց հետեւել խմբի գործողութիւններ: Միեւնոյն ժամանակ վերոյիշեալ թիւրք գիւղերի բնակիչները տեղեկացրին եղած յարձակման մասին Թօփրագ-Կալէի թիւրքական իշխանութիւններին եւ անմիջապէս Բօզ-Դաղ ղրկւեց կէս-վաշտ թիւրք ձիաւորներ: Սակայն խումբը արդէն հեռացել էր Բօզ-Դաղից:
Սեպտեմբերի 27-ին Խաբալօվին տեղեկացրել են, որ ԲօզԴաղի վրայ սպայ Տրուխաչօվին դիմադրող հայկական խումբը կազմւել է Անդրկովկասի եւ Թիւրքիոյ զանազան կողմերից հաւաքւած անձերից, որ նրանք նախ քան դէպի թիւրքական սահմանը դիմելը, ապրել են Սարըղամիշ, Բերնա եւ Ղարսի շրջանի գիւղերում: Սեպտեմբերի 23-ին ամբողջ խումբը գիշերով ժամանել է Արմութլի գիւղը. նոյն գիշերին Չուբուղ գիւղից սայլով բերել են նրանց համար 16 բերդաններ: 23-ի երեկոյեան ամբողջ խումբը հաւաքւել է Չուրուղ գիւղի մօտ, ստացել է փամփուշտներ եւ ապա գիշերով ացնել է Սաաթվերան գիւղի վերեւից դէպի Արաքս, ուղղւել է գետի ափով դէպի Չիչաղլի կիրճը, որով եւ բարձրացել է Բօզ-Դաղ: Խմբի առաջնորդ-վալադներ են եղել արմութլեցի Մարգար Յովհաննիսեան, Սիմէօն եւ Եղօ Մանուկեաններ եւ Պօղոս Տէր Գրիգորեան: Արմութլեցի Սարգիս Մարկոսեանը, որի տանը իջեւանել էին Սարդարն ու Կուկունեանը, ընծայել է վերջինին իր մոխրագոյն ձին: Սեպտեմբեր 23-ին, խումբը մեկնելուց առաջ, վալադ Սիմէէօն Մանուկեանը (որ 2 տարի ծառայել էր շրջիկ կօմանդայի մէջ եւ լաւ ծանօթ էր Բօզ-Դաղի շրջակայ վայրերին, ուղարկւեց Զարաբխանա գիւղը (ուսկից սկսւում է Բօզ-Դաղի վերելքը Չիչաղլի կիրճով). Մանուկեանի նպատակն էր իմանալ, թէ ի՞նչ ուղղութեամբ էին սամանւած այդ գիշեր սահմանային պահակի գաղտնիքները:
Սեպտեմբերի 21-ին, դէպի Արմութլի երթալիս, խմբի մարդիկ սպանել են 2 քիւրդ՝ Բագօ Ֆերխօ-օղլի եւ նրա որդի Համօին: Խումբը առաջ տւել է նրանց երեք ռւոբլի, խնդրելով ոչ ոքի չասել իրենց հանդիպումի մասին: Բայց յետոյ, երկուղ կրելով, որ այնուամենայնիւ կարող են մատնել, սպանել է երկուսին էլ:
Սարգիս Կուկունեանին եւ իր ընկերներին Խառ գիւղի մէջ ձերբակալելուց յետոյ (26 սեպտ.), Աղբուլաղի մօտ, ձորի մէջ շրջիկ ձիաւորները գտել են հինգ մահմեդականների դիակներ: Բժշկի եւ ոստիկանական պաշտօնեայի քննութիւնից երեւացել է, որ դիակները պառկած են եղել Ղարաչիկ առւակի ափին, 50 քայլ հեռու այն շաւղից, որ տանում է տաճկական սահմանագլխից դէպի Կաղզւան: Դիակների վրայ ահագին քանակութեամբ վէրքեր են նկատւել. մէկի վրայ՝ 19, միւսի՝ 7, երրորդի՝ 6, չորրորդի 12, հինգերորդի վրա՝ 9 վէրք: Երկրրոդ դիակի քիթն է կտրւած, չորրորդի՝ ականջը: Մի քանիսի վրայ չկար վերի զգեստը: Դիակների մօտ գտնւել են ի միջի այլոց գետնի մէջ խրւած մի սուին, որ բոլորովին նման է Խառ գիւղի այգիներում Կուկունեանի ձերբակալելու ժամանակ գտնւած սուիններին: երբ դիակներից առած լուսասնկարները ի ցոյց դրւին, թիւրք վկաները ճանաչեցին յանձին նրանց թիւրքահպատակների (հետեւում են անունները), որոնք Ղարսի շրջանից անցել են Տաճկաստան: Սեպտեմբերի 25-ի Աղբուլաղ աւանում զինւած հայերը կանգնեցրին կարաւաններ, որ պատկանում էին Մուստաֆա Չաւուշ Իւսուֆ-օղիին եւ Մահմեդ Օսման-օղլիին. սպանեցին Օմար Բագիր-օղլիին եւ նրա ուղեկիցներին: քննիչը գտաւ սպանութեան տեղում մի սուին, ապա լուսանկարչական նէգատիվներ ու թերթերի կտորտանքներ, որոնք ապացոյց էին, որ խումբը եղել էր այդտեղ... Ի նկատի առնելով, որ Կուկունեանի բացատրութեան համեմատ, խումբը յետ էր նահանջել դէպի լեռը եւ Խառ գիւղը, որպէս զի սպասէ պատեհ վայրկեանի՝ սահմանը անցնելու համար, ի նկատի առնելով եւ ուրիշ տւեալները՝ հիմք կայ եզրակացնելու, որ սեպտեմբերի 29-ին սահմանապահ զինւորներին դիամդրող անձերը տրւած են եղեթ իրենց տեղերում, որպէս հսկիչ-տեղեկատուներ, որ պէտք է հաղորդէին խմբին պահեհ վայրկեանը սահմանն անցնելու համար:
Դեռ 1890-ի յունիսի մէջ էին նկատել, թէ ինչպէս Թիւրքիայից եւ Անդրկովկասի այլ եւ այլ կողմերից հաւաքւում էին Կողզւանում հայեր, որոնք մտադիր էին զինւած խմբերով անցնել Թիւրքիա՝ վրէժ հանելու քրդերից եւ տաճիկներից: Վկայ Դրաչօվի ասելով, Էրզրումի մէջ տեղի ունեցած դէպքից (8-9 յունիս) մի քանի օր առաջ Կաղզւան էր եկել Սասունից մի անձ, որի ով լինելը ճշտիւ անկարելի եղաւ իմանալ: Ապրելով Կաղզւանում, այդ անձը բանակցում էր մի քանի տեղացի հայերի հետ, որպէս զի կազմակերպեն զինւած խմբեր, Թիւրքիա ղրկելու համար: Եւ շուտով, նրա մեկնելւոց յետոյ, սկսեցին հաւաքւել Կաղզւանի մէջ հայեր, զանազան ծայրերից: Հաջի Թաթոս Ղազանջիեվի վկայութեամբ, յունիսի մէջերը թիւրքական Ալաշկերտից Լաղզւան եկաւ թիւրքահպատակ Յարութիւն աղան, անցնելով Բաթումով, Թիֆլիսով եւ Բագւով: Յարութիւն աղայի ասելով, նա Կաղզւան եկել էր ընտրելու համար հայ խմբերի հաւաքման կենտրօն. նրա ետեւից պէտք է գային զանազան տեղերից 400 կամաւորներ. նրանց համար հրացաններ արդէն ղրկւած են Բաթումից: Մնալով կաղզւանում 15-20 օր, Յարութիւն աղան, 12 հոգուց բաղկացած մի խմբով, գնաց դէպի Մատուռ լեռը, որ գտնւում է Խորասանի գաւառում, թւիրքական սահմանագլխի մօտ:
Յարութիւն աղայի խումբը լեռ անցնելուց 8 օր առաջ, Կաղզւանեկաւ խնուսցի Քաջ-Արամը 12 մարդով. Կաղզւանում մէկ օր մնալուց յետոյ, գնաց 19 ամրդով Մադուռ սարը: Ինչպէս պարզւեց մի շարք մահմեդականների վկայութիւններից (բերւած են անունները), Մադուռի վրայ տեղաւորւած հայկական խմբերը կատարել են Յուլիսի երկրորդ կիսում մի շարք ոճիրներ: (Յարձակումներ սահմանակից թիւրք գիւղերի վրայ, թալաններ, սպանութիւններ... անուն-անուն յիաշտակւած են դէպքերը): Նոյն ժամանակները սպանեցին եւ այրեցին Մատուռի վրայ թիւրքահպատակ Խուրշուդ Եաման-օղլիին եւ նրա որդի Մահմուդին, որոնք գնացել էին սարը Թօփրագ-Գալէ տաճկական գիւղից՝ փայտ կտրելու նպատակով: երբ սպանւածների ազգականների գնացին փնտրելու նրանց (հայ խմբերը հեռանալուց յետոյ է), գտան Մատուռի ստորոտին սպանւածների երեք էշերը, որ մորթւած ու ձգւած էին մի փոսի մէջ եւ հողով ծածկւած: Նոյն տեղի մօտ գտան մի մոխրակոյ, որ մնացել էր խարոյկից եւ նրա մէջ ոսկորտիքներ:
...Կուկունեանցի խմբի մէջ, բացի փախստական կատօրժնիկ Սարդար Աւետիսեանից, կար եւ Աբրահամ Յակոբեան Աղամալեանցը, Զանգեզուրի գաւառի Ուջան-Աբաս գիւղից, որ յայտնի էր խմբի մէջ «Ղարաբաղցի Աբրահամ» անունով: Ինչպէս պարզւեց մահմեդական վկաների ցուցմունքներից, այդ Աբրահամը սեպտ. 26-ին վիրաւորւել է Խառ գիւղի մէջ, կօզակների հետ տեղի ունեցած հրացանաձգութեան միջոցին: Խառից նա գնաց Ալէքսանդրօպօլի գաւառի Ղազարապատ գիւղը, ուր մի քանի ժամանակ բժշկւել է վէրքից: Առողջանալուց յետոյ, նոյեմբեր 14-ին (1890 թ.( նա վրէժխնդիր եղաւ Սարդարի մահւան համար եւ բերդանի հարւածով սպանեց երկու քիւրդ՝ Մրէ Քաս-օղլի եւ Իսու Արֆաթ-օղլի, որոնցից մէկին կտոր-կտոր արեց դաշոյնով: Այդ սպանութիւնից յետոյ, Աբրահամ Աղամալեան գնաց Ալէքսանդրօպօլ: 1891 թ. յունիսի 18-ին նա ձերբակալւեց Նոր Բայազէտի գաւառում, ուր մի շարք ոճիրներ է կատարել – աւազակութիւններ, սպանութիւններ եւ դիմադրութիւն իշխանութիւններին: Երբ Ղարսում Աղամալեան զինւորներով շրջապատւած, տարւում էր բանտից հաշտարար դատաւորի մօտ, նա թափեց ինչ որ փոշի իրեն ուղեկցող զինւորի աչքերի մէջ եւ սկսեց փախչել. այդ ժամանակ մահացու վէրք ստացաւ...
1891 թ. ապրիլին Կուկունեանի մօտ խուզարկութեան միջոցին գտնւեց 17 թիւրքական ոսկի, զգեստի մէջ կարւած եւ մի քանի նամակներ: վերջիններից մէկի մէջ իր մի համախոհը գրում է, որ Կուկունեանցը իր գործողութիւններով արթանցրեց հայ ազգը իր թէֆարգիական քնից, որ նրա ձերբակալումը ոգեւորեց ազգը, արձագանք գտաւ ամենուրեք... որ այժմից Կուկունեանը չի պատկանում իր ծնողներին, այլ ամբողջ ազգին, որ Աստւած անողորմ պիտի լինի, եթէ չ'ազատէ Կուկունեանին չար բռնակալների ձեռքից եւայլն: Նամակը գալիս էր Ալէքսանդրօպօլից. նրա մէջ, իբրեւ Կուկունեանցի բարեկամ, յիշատակւում է Խորէն քահանայ:
1890 թ. սեպտեմբերի 25, 26, 27-ին ձերբակալւած Կուկունեանի խմբի անդամները, բաացի Կուկունեանից, Լիսինեանից եւ Ռուբէն Յովհաննիսեանից (որոնք եկած էին Պետերբուրգից), բացի նաեւ Կաղզւանի եւ Արմութլիի բնակիչներից, բոլորը պատկանում են այն կարգի մարդկանց, որոնք չունին հաստատ բնակութիւն եւ որոշ պարապմունք: Ոմանք եկած լինելով Թիւրքիայից, ապրում էին Անդրկովկասում, այլ եւ այլ քաղաքներում, զբաղւելով վարձու աշխատանքով, ուրիշները խոհարարութեամբ, ուրիշները արհեստաւորներ էին կամ մանրավաճառներ, բայց խմբի մէջ մտնելու ժամանակ չունէին որոշ պարապմունք: Այդպիսի մարդկանց, քիչ բացառութեամբ, կարող էին վարձով ընդունել խմբի մէջ կամ թէ որեւէ նիւթական վարձատրութեան խոստումով:
Սարգիս Կուկոեան եւ խմբին պատկանող ուրիշ մեղադրեալներ այնպէս են բացատրում, թէ իբր նրանք չէին էլ կարող կատարել իրենց վերագրւած յանցանքները, քանի որ պայմանաւորւած են եղել ոչ մի յանցանք չգործել Ռուսաստանի սահմաններում եւ զէնքըցած դնել ռուս պաշտօնեաների հետ հանդիպելու պարագայում: Նրանք պնդում էին, որ իբր կօզակ Զախարօվին եւ ուրիշներին խփող հայերը կրակել են միայն իրենց սեփական կեանքը փրկելու համար, երբ կօզակները սկսել են առաջինները կրակել իրենց, հայերի վրայ: Սակայն այդ բացատրութիւնները լիովին հերքւում են նախնական քննութեան վերոյիշեալ տւեալներով:Առանց բացառութեա, բոլոր դէպքերում, թէ սեպտեմբերի 26-ին Խառ գիւղի մէջ եւ թէ նրանից յետոյ, երբ Կուկունեանի մարդիկ հանդիպել են սահմանապահ զինւորներին կամ շրջիկ կօմանդային, ամեն անգամ նրանք ցոյց են տւել պաշտօնեաներին զինւած դիմադրութիւն: Իսկ ինչ վերաբերում է կօզակ Զախարօվի սպանութեան, վկաների ցոցմունքները եւ վայրի քննութիւնը բերում են այն համոզումին, որ մեծադրեալները կրակել են կօզակների վրայ հէնց որ նկատել են նրանց եւ որ կօզակները սկսել են գնդակ արձակել հայերի վրայ, վերջինների արձակած զայպերից յետոյ, որոնք միանգամայն անսպասելի են եղել առաջինների համար:
Հայկական խումբը մտադրութիւն եւ յոյս է ունեցել սահմանն անցնելու գաղտագողի, իսկ այն դէպքում, երբ ռուս իշխանութիւնները կ'արգիլէին, հայերը մտադիր էին դիմադրութիւն ցոյց տալ. եւ դրա լաւագոյն ապացոյցը հէնց սեպ. 26-27-ի զինւած դիմադրութիւնն է... Բոլոր վերը յիշատակած դիմադրութեան դէպքերում չարագործները կրակել են ռուս պաշտօնեաների վրայ գնդակաւոր հրացաններով, կրակել են՝ նրանց կեանքից զրկելու դիտաւորութեամբ, կրակել են այնպիսի տարածութեան վրայ որ յիռաւի նրանց (այդ պաշտօնեաների) կեանքին վտանգ է եղել սպառնալիս: վկաների ցուցմունքները եւ ամբողջ նախնական քննութիւնը հաստատում են, որ վերը յիշւած բազմաթիւ ոճիրները (սպանութիւններ, աւազակութիւններ, դիմադրութիւն պաշտօնեաներին եւլն) կատարւել են յանցագործ ընկերութեան ձեռքով, որը կազմակերպւել է յայտնի նպատակով, այն է՝ յարձակւել Թիւրքիոյ բնակիչների վրայ եւ վրէժխնդիր լինել 1890 թ. յունիս ամսի մէջ Էրզրում կատարւած հայերի սպանութիւնների համար, վրէժխնդիր լինել առ հասարակ թիւրքահայերի ճնշումների համար:
Նոյն վրէժխնդրութեան նպատակով հայ խումբը կոտորել է մի շարք քրդերի. Թիւրքիոյ սահմանից գաւառների քրդերը ոչնչով չեն տարբերւում թիւրքական քրդերից եւ վրիժառութեան համար գնացող հայերը չէին կարող որեւէ խտրութիւն դնել ռուսահպատակ եւ թիւրքահպատակ քրդերի մէջ...
Վերջապէս, ռուս իշխանութիւններին ցոյց տրւած դիմադրութիւնը... Այդ բոլոր յանցաւոր գործողութիւնները ընկնում են պատժագրքի 262, 268, 9 եւ 1459 յօդւածների տակ:
Ի նկատի ունենալով բոլոր նախորդ իրողութիւնները, մեղադրւում են.- Շուշւայ գաւառի Թաքիր Միրքենդ գիւղի բնակիչ Արտեմ Մինասեան Խոսրովեան, Նուխի գաւառի Խենջ (՞) գիւղացի Սարգիս Մովսիեան Կուկունեան 27 տ., թիւրքահպատակ Հաճի Կարապետ Յակոբեան Բալջեան 36տ., երեւանցի Ստեփան Յարութիւնեան (Ծերունի մականունով) 24 տ., Սղնախ գիւղի բնակիչ (Թիֆլիսի նահանգ) Կօնստանդին Լիսինեան, 25 տ., Թիֆլիսցի Ռուբէն Յովհաննիսեան, 24 տ., Ալէքսանդրօպօլ գաւառի Իլքիամբի(՞) բնակիչ Մարտիրոս Գալստեան, 26 տ., նոյն գաւառից Մուրադ Մխիթարեան Կալմուկեանց (նաեւ Մանուկեան), 26 տ., ալէքսանդրօպօլցի Նիկօլայ Յովհաննիսեան, 20 տ., Ախալցխացի Գրիգոր Աքմաչեան, 23 տ., Ալէքսանդրօպօլցի Բարսեղ Կամ Բարդուղիմէոս Յակոբեան Քեամանչաճեան, 21 տ., թւիրքահպատակներ՝ Դաւիթ Չոլախեանց, 25 տ.,, Ռուբէն Դերձակեան, Մինաս Մելքումեան, 25 տ., Շօրագեալցի (Միջին Քեադիկլեար) Սարօ (կամ Ծառուկ) Յոհաննիսեան, Ղազօ Տարանեան, 26 տ., միջին քեադիկլաեարցի Մկրտիչ Հաջի Դանիէլեան («Հրէա-Մկրտիչ» մականունով), 23 տ., թիւրքահպատակ Խաչատուր Զաքարեան Հայկունի, 25 տ., Գրիգոր Տէր Մեսրոպեան, 22 տ., Առաքել Դաւթեան, 30 տ., Մամուշ Մխօյեան, 20 տ., Մանուկ Խաչատրեան, 24 տ., ներքին քեադիկլեարցի Վարդան Բազօյեան Թիֆիլեանց (Թաթօ մականունով), 28 տ., Զանգեզուրցի Մինաս Մելքումեան, 28 տ., Ալէքսադրօպօլի գաւառից Գաբրիէլ Մկրտչեան Բօյաջեանց, 22 տ., պարսկահպատակ Արգամ Պետրոսեան, 24 տ., Ալէքսանդրօպօլցի Մկրտիչ Մարտիրոսեան Մուզդուսեան, թիւրքահպատակ Խիչատ Կարապետեան, 27 տ., Բաշքեօյցի Աւետիս Մանուկեան, 24 տ., Շուշեցի Յովհաննէս Արզումանեան Մարգարեան, 23 տ., Զանգեզուրցի Մեհրաբ Մարտիրոսեան Դաշօյեանց, 27 տ., Բարսում գիւղացի Եփրեմ Դաւթեան, թիւրքահպատակ Պետրոս Գրիգորեան, 26 տ., Կաղզւանցի Գալուստ Գէորգեան Սէիզեան (՞), 23 տ., Արմութլեցի Պօղոս Տէր Գրիգորեան՝ 40 տ., նոյն գիւղացի Մարգար Միրզայեանց, 29 տ., նոյն գիւղացի Եղօ Առաքելեան, 26 տ., Կաղզւանի բնակիչներ, Ֆահրատ Սարգսեան Կարապետեան, 27 տ., Մկրտիչ (Մկօ) Վարօսեան (՞), 27 տ., Յովհաննէս Տէր Պետրոսեան, 33 տ., Վարդան Աղջագեալգեանց (՞) 37 տ., Սիմէօն Մարգարեան, 33 տ., Հայրապետ Ալէքսանեան, 27 տարեկան, ամէնքն էլ – 43 հոգի – հարկատու դասից մեղադրւում են հետեւեալ յանցանքների մէջ...
Յիշատակւում են վերստին եւ երկարօրէն հայկական խմբի կատարած սպանութիւնները, սպանութեան փորձերը, զինւած ուժով իշխանութեան դիմադրելու դէպքերը եւլն: Ապա բերւում է վկաների ահագին ցանկը (159 հոգի):
Դատավարութեան հետեւանքը յայտնի է արդէն:
Ամբաստանագիրը կազմւած է Երեւան քաղաքում, 1891 թ. նոյեմբ. 30-ին: