17 October, 2020

Միհրան Թիրեաքեան (Վահան)

Միհրան Թիրեաքեան ձախին իր եղբօր՝ Խանի (Բարսեղ Թիրեաքեան) հետ

Խաստուրի կռւում նահատակւած տասնապետ Միհրան Թիրեաքեանը ծնւել է 1871 թւի փետրվարի 2-ին Կեսարիայի Տէրէվանք գիւղում: Չնայելով գիւղում ստացած չնչին ուսման, իր եռանդով եւ աշխատութեամբ բաւական յառաջադիմեց, այնպէս որ ընկերները միշտ օգտւում էին նրա խորհուրդներից: Ինքնաշխատութեամբ ձեռք բերած իր զարգացման հետ՝ նա լաւ արհեստ եւս ունէր՝ ատաղձագործ էր:

Թիրեաքեանը յեղափոխական գաղափարին յարեց Պօլսի մէջ 1888 թւին: Իբր առաջին փորձ, նա մասնակցեց Բաբ-Ալիի ցոյցին եւ երբ անկարելի եղաւ Պօլիս մնալը, անցաւ արտասահման: Սակայն, հազիւ այստեղ մի փոքր հանգիստ առած՝ արտասահմանի Կօմիտէն նրան ուղարկեց Պարսկաստան: Պարսկաստանից Թիրեաքեանը խմբով Վան անցաւ եւ կռւեց Վազգէնի խմբի հետ միասին: Սուլթանի թնդանօթի ռումբերը չվհատեցրին նրան: Ազատւելով ահռելի կռւից, նա վերադարձաւ Պարկաստան եւ ապա Ռուսաստան, ուր մի ամբողջ տարի իր արհեստով պարապեց եւ իր աշխատանքով մի քանի ընկերներին եւս չթողեց, որ կազմակերպութեան բեռ լինին:

Երբեք նա հանգիստ չ'ունէր. շարունակ կռիւներ էր երազում: Նա անդառնալի կերպով համոզւած էր թէ իր դժբախտ հայրենիքի փրկութեան միակ միջոցը՝ յեղափոխական ուժը, զէնքը, կռիւն է: Ուստի առանձին յափշտակութեամբ եւ սիրով մասնակցեց Խաստուրի զինատար խմբին մի տասնեակի գլուխ անցած:

Այս անգամ Թիրեաքեանը կարծես նախազգում էր իր մահը. երբ խումբը հեռանում էր սահմանից, նա գրեց իր սենեակի դրան վրայ հետեւեալը.

Ես սիրում եմ երկիրն հայրենիք,
Բայց հանգիստ չկայ, բոյնս է փշալի:
Քանի՜ տանջւեմ ես այդ ցաւերով...
Մահց ցանկացած, գալիս եմ զէնքով
Զարկել զարկւել քո սիրուդ համար...:

Կռւի դաշտում նա նախայարձակների շարքումն էր: Պատերազմի տաք միջոցին, հերոսը կռւում էր աներկիւղ՝ դիրքեր գրաւելու համար: Դժբախտաբար թշնամու գնդակների տարափի տակ ընկաւ քաջարի յեղափոխականը, թողնելով իր անմոռաց յիշատակը եւ անձնւիրութեան փայլուն օրինակը իր բոլոր ընկերների սրտում:

«Դրօշակ» - Մարտ 1900
Թիւ 2 (103)