Այսօրւանից սկսած փոքրիկ յօդւածներով մենք կուտանք շատ համառօտ նկարագրութիւնը բանտային այն սարսափելի չարչարանքների, որոնց ենթարկւեցին վերջին ամիսների ընթացքին մեր հարիւրաւոր ընկերները – պետական գործիչներ, համալսարանի պրօֆէսէօրներ, գրականագէտներ, լրագրողներ, ռազմիկ ընկերներ եւ շատ ուրիշներ, որոնք հասան մահւան անդունդի եզրը, եւ յետոյ, հրաշքով ազատւեցան բօլշեւիկների պատրաստած նոր օրերի տանթէական դժոխքներից:
Քաղաքային եւ զինւորական բանտերը, բերդը, չեկան եւ այլուր լեցւած
էին բերնից բերան բանտարկեալներով: Ազատւած ընկերներից շատերը, բոլորովին հիւանդ, հիւծւած,
դեռ չեն գտած իրենց մտքի եւ հոգիի հանդարտութիւնը:
Հետեւեալ փոքրիկ նկարագրութիւնները մեր ընկերների ապրած սարսափների
հազիւ մէկ աղոտ պատկերը կըտան:
I
Փետրւարի 9-ի գիշերը, տասնեակներով
լեցրին մեզ չեկայում: Սարսափով մտնում էինք այդ զազրելի հիմնարկութիւնը, բայց հրճւում
էինք երբ տեսնում էինք որ հոն էին գալիս մեր բոլոր մեծ ու հեղինակաւոր ընկերները:
Չեկայում, փոքրիկ սենեակների մէջ լցրին 50-60 հոգի, ուր ոչ միայն պառկելու հնարաուորթիւն չունէինք, այլեւ կանգնելու: Մի կողմից սովածութիւնը կտրատում էր մեր աղիքները, միւս կողմից օդի պակասութիւնը շնչահեղձ էր անում մեզ: Յիշում եմ մեր մեծ ընկեր Աղբալեանին, որ ասում էր «Տղերք, եթէ այս գիշերն էլ մեզ թողնեն այստեղ, շնչահեղձ կը լինենք»: Եւ բոլորս զգում էին նոյն բանը: Բացի այդ, այն շէնքը, ուր լցւած էինք 154 հոգի, այդտեղից մէկ-մէկ մեզ տանում էին մի քիչ ջուր խմցնելու, եւ մեր պէտքերը հոգալու:
Երեք օր վերջը մեզ առաջնորդեցին կենտրոնական բանտը: Մենք չափազանց ուրախացանք որ վերջապէս մեզ տեղափոխելու են բանտ, ուր կասէինք, աւելի լաւ լինելու են պայմանները: Ո՜վ յուսախաբութիւն:
Ամսիս 12ին, մօտ ժամը 6ին, ցուրտ սառնամանիքին, մեզ կանգնեցրին սառոյցների վրա, մինչեւ ստուգեցին 160 հոգի ենք, յետոյ, տասնեակ-տասնեակ մեզ ոտից զգլուխ խուզարկեցին, չը թողնելով նոյնիսկ փոքրիկ թղթի մի կտոր: Յետոյ մեզ առաջնորդեցին այնպիսի սենեակներ, ուր լուսամուտները ոչ թէ ապակի չունէին, դռները միայն երկթեայ ցանցեր էին: Ցուրտ քամին վզվզում էր սենեակում: Գետինը ցեմենտ էր, թաց ու խոնաւ:
Առաջին տասնեակը մենք էինք:
Քեալաշեանի հետ որոշեցինք ապստամբւել, նոյնիսկ գնդակահարւել, բայց երբէք չմնալ այդ սենեակում: Այդպէս էլ արինք: Մեզ տեղափոեցին ուրիշ մի սենեակ, որի տարբերութիւնը միայն լուսամուտների վրա մի քանի ապակի լինելն էր:
Այնտեղ, առաջին երեք օրերուն, տներից եկած ճաշերն ընդունում էին, իսկ վերջի չորս օրերին, երբ սկսել էին գնդակահարութիւնները, դադարեցրին ճաշ եւ այլ իրեր ստանալու, դրա վրա աւելացրին որպէս պատիժ, սենեակներից դուրս չգալ, հոն ճաշել, հոն... բնական պէտքեր հոգալ, եւ հոն էլ քնել:
17ի գիշերից սկսեցին ոճիրների շարքերը: Կէս գիշերը երբ մենք մեզ մոռացութեան տալու համար հեքեաթներ էինք պատմում, եկան եւ կարդացին 22 հոգու անուններ, որպէս թէ նրանց տանելու եւ հարցաքննելու այդ օրը:
Ինձ տարել էին չեկայում հարցաքննելու: Ճանապարհին լսում էի թնդանօթների գոռոցները: Վերադարձիս մեր խցիկում, ուր բանտարկւել էին մի շարք ընկերների հետ ընկ. Աղբալեանը, ընկ. Շանթը, Խաչվանցեանց քահանան, Սարգիս Սարգիսեանը, Մաքսապետեանը եւայլն, անհամբեր սպասում էին իմ զեկուցումին եւ նորութիւններին՝ դրսի աշխարհից: Ես ամենից առաջ յայտնեցի որ թնդանօթները քաղաքի շուրջը գոռում էին, եւ յետոյ պատմեցի իմ հարցաքննութիւնը. ըսի որ իմ քննիչս որ մի թուրք էր, ամէնից առաջ ասաց.- ընկե՛ր, ինձ մի մեղադրեր, ես ծառայող եմ, այսօր եթէ կառավարութիւնը բօլշեւիկեան է, վաղը կարող է դաշնակ լինել. այսօր քննիչը ես եմ, վաղը դու կարող ես լինել, սրա համար իրարից երբէք չպէտք է նեղանանք:
Այս տեղեկութիւնը մեզ ոգեւորեց, եւ եկանք այն եզրակացութեան, որ նրանք արդէն իսկ զգում են քաղաքական անիւը շուռ է եկել: Եւ երբ 22 հոգին գիշերով տարան, մենք երբէք չկարծեցինք որ նրանց տանում են դէպի սպանդանոց: Ահա մի ժամ յետոյ լսում ենք ուժեղ հրացանաձգութիւն: Մեր սենեակում չափազանց ուրախացանք, կարծելով որ մերոնք բանտի վրա յարձակում են գործում րոպէ առ րոպէ սպասում էինք բանտի դռների բացւելուն: Յանկարծ լսեցինք հուռռաների ձայներ:
Մենք էլ գոռացինք պառկած տեղերնուս: Վեր ելանք, հագնւեցինք, լցւեցինք դրան առաջ, բայց իզուր, ոչ ոք դռները բաց չարեց:
Գլխիկոր, տխուր, մեր տեղերը վերադարձանք, սպասելով արշալոյսին: Գիշերւայ այդ մութ պատկերը պարզելու համար, վաղ արշալոյսին մեր ընկերներից մին վարից վեր գալով ասեց որ, գիշերը գնդակահարել են 22 հոգուն էլ, այն ձայները որ մեր ականջին գալիս էին, հուռան, ոչ ալ ինչ էր, եթէ ոչ օգնութեան ձայներ մեր բանտարկեալներից:
II
17-ի առաւօտը
բոլոր խուցերի բանտարկեալները որոշեցին դիմել բանտային տեսչին եւ առաջարկել:
ա) Եթէ չեկան որոշել է գնդակահարութիւններ կատարել, խնդրել որ այդ՝ բանտերից հեռու կատարւի՝ անմեղներին իզուր տեղը սարսափ չազդելու համար:
բ) Իրաւունք տայ, որ մեր տներից ճաշ եւ այլ իրեր ստանանք:
գ) Մեզ իրաւունք տալ մաքրել մեր սենեակները եւ հաշտը, քանի որ մենք փակւած լինելով վանդակապատ սենեակներում գիշեր եւ ցերեկ՝ կեղտոտւում էին մեր խուցերն ու հաշտը:
Մեր դիմումը կատարելու համար ընտրեցինք մի պատգամաւորութիւն Նաւասարդեանի գլխաւորութեամբ, ում միեւնոյն ժամանակ բանտարկեալներս մեզ համար գամենդանա էինք ընտրած, եւ որը իր ուրախ բնաւորութեամբ միշտ թարմ ու զւարթ էր պահում բանտային կեանքը:
Սեօբան մեկնեց բանտային տեսչի մօտ, իսկ մենք մահւան սարսուռի տակ նստած էինք մեր խուցերում, անհամբեր սպասելով նրա բերելիք պատասխանին: Եկաւ ուրախ ու ժպտուն. բոլորս հաւաքւեցինք նրա շուրջ, սրտատրոփ կնայենք Սեօբային թէ ի՞նչ է ասելու:
Տղե՛րք, ասաց, մեր պահանջները գրեթէ ամբողջապէս բաւարարւած են: Սրանից յետոյ, այլեւս գնդակահարութիւններ չեն կատարւելու: Գնդահակարւողների թիւը լրացած է դժբախտ ընկերների մահւամբ: Մաքրութիւնը կարող ենք անել ազատ կերպով, իսկ ճաշ եւ այլ իրեր ստանալը յետաձգւում է մինչեւ ամսի քսանը: Երկուշաբթի օրւանից կանոնաւոր կերպով կստանանք ամեն ինչ (մինչդեռ որոշւած է եղեր գաղտնի մինչեւ ամսի քսանը բոլոր բանտարկեալներին կոտորել):
Մեզնից ոմանք կասկած յայտնեցին, թէ մի գուցէ ստում է բանտապետը, բայց Սեօբան ասաց, որ նրա արտայայտութեան մէջ երեւում էր անկեղծութիւն: Այդ րոպէից մեր մռայլ դէմքերը, ժպտացին. մահւան ուրւականը հեռացաւ եւ նորից սկսանք հեքիաթների եւ երգերի:
Մութը նորից թագաւորեց բանտում, լուցկիներ վառելով, մեր քնելու տեղերը պատրաստեցինք, քանի որ բանտում ոչ մի լուսաւորութիւն չկար: Հազիւ թէ պառկել էինք, բանտի դահիճը նորից ցուցակը ձեռին երեւաց եւ սկսեց կարդալ 14 հոգու անուններ եւս: Աննկարագրելի է պատմել այդ րոպէին բանտարկեալների հոգեկան վիճակը ու անոնց ապրումները: Չէ՞ որ, ասում էին, այլեւս ոչ ոքի չէին գնդակահարելու, չէ՞ որ գիշերւայ ստուգումից յետոյ, ոչ ոքին բանտից դուրս չէին տանելու. ի՞նչով բացատրել այս եղածը: Ճի՞շտ է որ դարձեալ մեր ընկերներին առաջնորդում են սպանդանոց. վայրագօրէն կոտորելու համար նրանց: Մեր ուղեղները նորից դադարեցին գործելուց. խուցերում տիրեց մահասարսուռ լռութիւնը: Գունատւեցին ու դալկացան ժպտուն դէմքերը, մահը չէր որ մեզ կսարսափեցնէր, այլ մահացնելու այն չափազանց վայրագ սիստեմը, որ ոչ Լենկթիմուրները, ո՛չ Ճինկիզխաները, ո՛չ Ցարերը եւ ոչ էլ գուցէ կարմիր Սուլթանները գործադրել են. հապա այն մտածումը, որ հայեր են մեր դահիճները, բաւական էր արդէն խորունկ սարսափ զգալու համար:
Կէս գիշեր էր: Ուրւականի նման նորից ցուցակը ձեռին հայ դահիճը երեւցաւ մութի մէջէն, մոմի լոյսով. բաց արեց ցուցակը, բայց հազիւ թէ կարողանում էր կարդալ: Դէմքը գունատ: Ձայնը չէր կարողանում բարձրացնել, զգում էինք, որ դահիճի սիրտն իսկ ճմլւում էր իր կրծքին ներքեւ, հազիւ հազ կարդաց ցուցակը եւ ստուգեց 40 հոգու անունները, ու հեռացաւ, անշուշտ սպանդանոցը պատրաստելու համար:
Բոլորս նստեցանք, ոչ մի խօսք եւ ոչ մի շշուկ. սպասողական դրութեան մէջ էինք, թէ ե՞րբ մեզ պիտի առաջնորդեն դէպի սպանդանոց՝ կացինահար անելու:
Մօտ ժամը երկուսն էր, երբ հեռւից լսւեցին հրացանաձգութեան ուժեղ ձայներ: Անձայն-անշշուկ լսում էինք, ուզում էինք ճշտել, թէ մեր ընկերնե՞րն էին գնդակահարւում, թէ ապստամբական շարժումն է, որ սկսւած է: Ահա երկու ժամ էլ, եւ պարզւեց, որ մերոնք յառաջանում են դէպի քաղաք: Ինչ անէինք, ուրախանայի՞նք, թէ տխրէինք, արդեօ՞ք մինչեւ քաղաքը գրաւելը մեզ չէին կոտորիլ, արդեօ՞ք մերոնք առաջի հերթին բանտը կգրաւեն, թէ՞ քաղաքամասերը: Ամեն ոք այսպիսի հարցեր է տալիս, երբ յանկարծ բանտի միջից հուռայի ձայներ լսւեցին: Նորից սկսւեցին հարցերը, ճի՞շտ է, արդեօ՞ք բանտի դռները մերոնք բացին, թէ վայրենաբարոյ կօմունիստներն են որ գործում են, խաբում են մեզ որ խուցերից դուրս գանք եւ մեզ մի անգամից, բոլորիս կոտորեն:
Այս անգամ մենք հուռաներին չը պատասխանեցինք, այլ ամեն ոք նստեց իր տեղը, շատ հանդարտ:
Մի քանի րոպէ յետոյ արդէն երեք զինւածներ մեր սենեակի դռները կուզէին ջարդել եւ մեզ հարցնում էին, ո՞ւր է Համօ Օհանջանեանը, Աղբալեանը, տւէք մեզ: Երբ նրանք այս ընկերներին պահանջում էին, մենք աւելի քան կասկածեցինք, որ նրանք եկած են մեզ կոտորելու:
Մեր խուցից յանկարծ վանեցի ընկերները բացագանչեցին, «բաց արէք տղերք, մեր ընկերներն են»: «Հայկակ, Հայկակ» մի ուրիշը.- տե՛ս Մարտիրոսի զինւորն է, դէ, բաց արէք, ձեր հոգուն մատաղ, տղերք ջան: Ու դռները բացւեցին, բայց այդ երեք հոգուց ուրիշ ոչ մի զինւոր չտեսանք: Մեր ընկերներից մի մասը վազեց դէպի բանտի մեծ դուռը, որ բաց էր արդէն.- մօտ 40 հոգի առաջին հերթին կանցնեն առաջ, որից յետոյ բանտը կպաշարւի կօմունիստ զինւորներով:
III
Բանտարկեալները վազեցին կամերաները եւ ասացին որ արդէն իսկ պաշարւած ենք, որ
բանտապետը երկու զինւորով կանգնած է մեծ դրան առաջ, ատրճանակը ձեռքին՝ սպառնալով գնդակահարել
նրանց, ովքեր կահամարձակւեն բանտից դուրս գալ: Նորից սարսափը մեզ տիրեց, ուրեմն քաղաքը
դեռեւս չի ընկած, էլ ինչո՞ւ մենք շտապեցինք, ինչո՞ւ դռները ջարդել տւինք, ինչո՞ւ մեր
իրերը հաւաքեցինք եւ լցւեցանք բանտի բակը:
Եթէ մերոնք քաղաքին չտիրանան 1-2 ժամ էլ, ապա ուրեմն, մենք բոլորս կորած ենք եւ, ո՜վ գիտէ, ի՜նչ սոսկալի տանջանքներով: Այժմ հարց ենք տալիս իրարու, եթէ մերոնք քաղաքը չեն գրաւած, հապա ո՞րտեղից մտան այդ զինւածները, ո՞ւր են նրանք, բանտի՞ց էին փախած:
Բայց, ահա լուր հասաւ մեզ, թէ բանտապետը փախել է: Մերոնցից մի քանիսը բանտի դուռը գրաւեցին: Գործի գլուխ են անցել բանտարկեալներից՝ Շերամը եւ Հայկակը, պաշտպանելու համար բանտը՝ դուրսի յարձակումներից: Նորից մի քիչ ոգեւորւեցինք:
Սկզբներում ազատ ու համարձակ լուսամուտներից նայում էինք դրսի աշխարհի անց ու դարձին: Պահակային գումարտակը, որ բանտին գրեթէ կից էր, մեզ վրա կրակ բաց չէր անում մինչեւ այն ժամանակ, երբ մի ոմն բօլշեւիկ կառքով եկաւ եւ մի շարք հրահանգներ եւ հրամաններ տւեց զինւորներին, այնուհետեւ, հէնց որ լուսամուտի առաջ բանտարկեալ էր երեւում, անմիջապէս հրացանները գործում էին: Այդ ժամանակն էր, որ մի քանի բանտարկեալներ վիրաւորւեցին: Շուտով մեզ լուր բերին, որ Կարապետ Իսահիչը՝ պատից ցատկելով սպանւել է. նա այդ արել է հակառակ մի շարք ընկերների խորհրդին: Նա այդ արել է, ասելով որ իր անունն էլ կարդացւած է, հետեւաբար եթէ մերոնք յաջողութիւն չունենան, արդէն իսկ գնդակահարւելու է:
Մինչ այս, մինչ այն, հուռաների ձայները մօտենում էին բանտի դրան: Քանի ձայները մօտենում էին մեզ, այնքան մեր տրամադրութիւնը բարձրանում էր: Եւ, ահա, մի քիչ էլ, եւ բանտ լցւեցին դրսի մեր բոլոր ընկերները: Ուրախութիւնը, լացը եւ խինդը թնդացնում էին բանտի կամարները, գիրկընդխառնում, համբուրւում էինք արցունքոտ աչքերով, առանց նայելու, թէ ովքեր են մեզ գրկող, համբուրողները: Մենք մի բան միայն գիտէինք, որ անոնք դրսի՝ բօլշեւիկեան մեծ բանտի խեղդիչ մթնոլորտում ապրած, օրն ի բուն մեզ համար մտածող, մեզ մահից ազատող ազնիւ, անվհատ ընկերներն էին, որոնց հետ համբուրւելու անզուսպ ցանկութիւնը ունէինք բանտի մութ սառն նկուղներում:
Հուռա՜... հուռա՜... համբուրելով հայկական եռագոյն դրօշը՝ դուրս կելնենք մեզ հիւծող բանտից, բայց նորից կսարսափենք, որովհետեւ հազիւ բանտի պատերից դուրս եկած, մեզ կբռնեն համազարկի, ու խուճապով յետ կնահանջենք: Երկու անգամ վայր կընկնեմ, ի վերջոյ գլխարկս էլ կկորցնեմ:
Զինւորները շղթայ կապելով մեզ կառաջնորդեն դէպի պարլամենտ, ուրկից ուրախ ու զւարթ կհասնեմ տուն:
Ազատւեցի մահից եւ հիմա կզգամ, թէ ի՜նչքան քաղցր է կեանքը... այդ քաղցրութիւնը իմ սկզբունքներից շատ բան փոխեց. ամենէն գլխաւորը այն է, որ ես՝ զէնքի թշնամի էի, այժմ նրան պաշտողն եմ: Այսօրւանից զէնք պիտի վերցնեմ եւ կռւեմ բօլշեւիկ արիւնարբու գազանների դէմ. հաւատացած եմ, որ Հայաստանի բոլոր ժողովուրդները եւ ժողվորդի բոլոր խաւերը՝ բանւորը եւ գիւղացին եւ ինտելիգենտը ինձպէս կը մտածեն, այն հաստատ հաւատքով, որ այլ ճանապարհ չկայ մեր բոլորիս փրկութեան համար:
IV
Առաջին սպանութեան յաջորդ օրը, մեռելային լռութիւն էր, որ կը տիրէր ամբողջ բանտում.
վերջ էին գտել բանտարկեալների երգերը, պարերն ու հէքեաթները, բոլոր սենեակների դռները
գիշերւայ նման ցերեկը, նորից կողպւեցին մեր վրա: Այդ երեւոյթը չարագուշակ էր բոլոր
բանտարկեալների համար: Ամենքս իրարու հարց կտային - «Ինչո՞ւ կողպեցին. երեւի նորից
սպանդանոց երթալիքներ կան. ո՞վքեր պիտի լինեն արդեօք: Մենք սակայն մեզ կխրախուսէինք,
ասելով, ի՞նչու մեզ պիտի տանին, չէ՞ որ ես մայիսեան դէպքերուն էլ չեմ մասնակցած, իսկ
նրանք ասում են՝ գնդակահարում ենք միայն նրանց, ովքեր մասնակցել են մայիսեան շարժումը
խեղդելու կամ մաուզերիստ են, իսկ ե՞ս – ոչինչ եմ արած: Այսպիսով մահւան ուրւականը մի
քիչ մեզնից կհեռացնէինք:
Կուզէինք աւելի խորը ամրապնդել այդ հաւատը մեր միջեւ. ո՞վ կարող էր անել այդ բանը: Նրանք որոնք յեղափոխական կեանքում եփւած, Ցարերի եւ կարմիր Սուլթանների բանտերում իրենց կեանքը մաշած մեր մեծ ընկերներն էին: Կդիմենք նրանց ու կասենք՝ ընկ. Աղբալեան, ընկ. Շանթ, Հայր Աբրահամ, ի՞նչ է Ձեր կարծիքը, ի՞նչպէս կվերջանայ մեր բանտային կեանքը, նորից կտեսնե՞նք մենք արեւի լոյսը, նորից կշնչե՞նք դրսի մաքուր օդը, թէ պիտի փտենք այս մութ, խոնաւ, կեղտոտ ու ցուրտ նկուղներում:
Մենք բոլորս կասէինք, եթէ միակ երանութիւնը ունենք այս բանտում, այդ էլ այն է, որ բոլորը մեծ ու փոքր դաշնակցական ընկերները կողք-կողքի են, սրանով բանտը վերածւած է դաշնակցական Հայաստանի: Այստեղ միտքս կուգան բանտի բոլոր ընկերներից սիրւած եւ գուրգուրւած ընկ. Աղբալեանի սա խօսքերը. «ընկերներ, տեսէք, մեր մէջ կայ պուլկարահայ, պարսկահայ, տաճկահայ, ռուսահայ, ուրեմն այստեղ է միացեալ եւ անկախ Հայաստանը»: Եւ նա, երբ կըտեսնէր, թէ մենք տխուր ենք ու կանգնած մահւան ուրւականի առաջ, անմիջապէս կկանչէր մեզ, ամեն կարգի հանգիստ պաճառող խօսքեր կասէր, եւ յետոյ էլ կսկսէր իր քաղցրանոյշ ձայնով երգել եկեղեցական մելանուշ մեղեդիներ, կկատարէր պատարագ, պահապանի դերը ինքը վերցնելով, իսկ տիրացուի դերը տալով Խաչվանքեանց քահանային: Եթէ չեմ սխալիր, ամսիս 10-ին էր, որ պատարագից յետոյ ընկ. Աղբալեանը Խաչվանքեանց քահանայի եւ այլ ընկերների մասնակցութեամբ կատարեցին հոգեհանգիստ: Ես հարց տւի մեր մեծ ընկերներից մէկին թէ ո՞ւմ հոգու հոգեհանգիստը կատարեցինք. նա պատասխանեց շատ լրջութեամբ, որ ոչ մի կասկած չկայ, որ բօլշեւիկների հոգու համար է: Հոգեհանգստից յետոյ երրորդ կամերայում, կազմակերպեցինք բանտային կօնցերդ առաջնորդութեամբ ընկ. Ս. Նաւասարդեանի:
Որքան յիշում եմ նրա յաջորդ օրը որոշել էինք կատարել մեր մեծ ընկ. Քաջազնունու 53 ամեակը: Բանտարկեալ մեր ընկերուհիները այդ օրւայ համար իրենց տանից մուրաբա բերել տւել էին, բայց նոյն օրը յանկարծ մեզ ասացին, որ պատրաստ լինենք տեղափոխւելու չեկայից բանտ, այդպիսով հնարաւորութիւն չունեցանք կատարելու մեր ընկերոջ 53 ամեակը, քանի որ Քաջազնունուն եւ նախկին քաղաքագլուխ Մ. Մուսինեանին մի շարք ընկերների հետ միասին թողին չեկայում, իսկ ինձ եւ մօտ 160 հոգու տեղափոխեցին կենտրոնական բանտ, որի նկարագրութիւնը արդէն արել եմ:
Սողոմոն Խաչատրեան
«Ազատ Հայաստան»
Օրգան Հայաստանի Հանրապետական Կառավարութեան
Թիւ 3, 6, 7, 10