Պատկերը նոյնն է եղել ամեն տեղ, անգամ մայրաքաղաք Երեւանոմ՝ ուր ապրում ու գործում էին բօլշեւիկ կուսակցութեան բոլոր լիտըրները: Վերջիններս յաճախ, ե՛ւ հրապարակային միտինգներում, եւ իրենց խօսակիցներին արտայայտել են այն միտքը թէ՝ իրենք պիտի լինեն չափազանց մեղմ , զգուշաւոր քաղաքականութեան հետեւողներ, գործնականապէս համոզելու, ե՛ւ իրենց հակառակորդներին, ե՛ւ հայ ժողովրդին, որ բօլշեւիզմը չէ՛ այն, ինչ իրենք կարծում էին, որ նա հայ աշխատաւորութեան շահերին նւիրւած մի կուսակցութիւն է, հակառակ՝ ամեն տեսակ ոճիրի, հալածանքների, ալան-թալանի:
Եւ նրանք փորձեցին քնացնել հայ ժողովուրդը, դիմելով ամեն տեսակ ստերի, խաբեբայ, խայտառակ միջոցների:
Բայց չյաջողեցան նրանք: Որովհետեւ, ի՞նչպէս կարելի է թագցնել ոճիրը, որի դէմքը տեսնում, ձայնը լսում էինք ամենուրեք:
Երկու օրից ի վեր Երեւանի ամբողջ հայութիւնը լաց է լինում: Մեռելաթաղների մի բազմութւին մի քանի օր է անընդհատ գերեզմաններ է փորում մեր թանկագին նահատակ ընկերները թաղելու համար, որոնցից ոմանք զոհ գնացին կռիւներին, իսկ միւսներն անգթօրէն մորթոտւեցին բանտերում:
Եւ ի՞նչ զարհուրելի միջոցների են դիմել բօլշեւիկ մոթոտիչները, իրենց ոճիրները ծածկելու համարւեցանք բանտերում բացել են գաղտնի հորեր, ստեղծել գետնի տակ եռյարկանի բաժանմունքներ, եւ թողել նրանց մէջ իրենց զոհերը: Այդպէս են արել նրանց, որպէսզի ոչ ոք չիմանայ, որպէսզի զոհերի տէրերը եւ քաղաքացիները լինեն միամիտ եւ հանգիստ, որ իրենց սիրելիները ողջ են, որ ոչ մի ոճիր չի կատարւել բանտերի մութ նկուղներում:
Ամեն օր նոր-նոր հորեր են բացւում, եւ կտրատւած, այլանդակւած դիակներ դուրս բերւում: Շատերն անճանաչելի են դարձել արդէն: Ոմանց աչքերն են փորւած, ուրիշների քիթն ու ականջները կտրւած, ոմանց աղիքները դուրս են հանւած եւ վզերին փաթաթւած: Շատերը ձեռքից ոտքերից են զրկւած:
Հորերում դիակներ չկան, այլ դիակների մասեր:
Ահա մեր թանկագին Համազասպը, 25 տարւայ յեղափոխական անձնուրաց գործիչը, Ասկերանի եւ Բագւի հերոսը: Կարպել են նրա ձեռքն ու ոտքը, եւ կացինի հարւածներով ջարդել գլուխը: Ահա Արտուշ Խանը, յիսունից աւելի սւինի ծակեր են բացել նրա դէմքին եւ մարմնին վրա: Մեր սիրելի բանւոր Սէրգօն, որի ամբողջ մարմինը գամերով ծածկւած է: Գնդապետ Ղորղանեանը, որի ծնօտը դէմքից բաժանւել է կացինի մի հարւածով:
Եւ այս ոճիրների մեծ մասը կատարւել է շօֆէրների ձեռքով, իսկ բոլոր ոճրագործութիւններին հսկողը, ընթացք տւողը եղել է Աւիս Նուրիջանեանը, ռազմական կօմիսարը, այն՝ որ դեռ մայիսեան օրերից յայտնի էր դարձած իր անլուր շահատակութիւններով:
Հա՛յ ժողովուրդ, եթէ դու երկար պայքարի ու զոհերի շնորհիւ կարողացել ես թօթափել ցարերի եւ սուլթանների լուծը, պէտք է այս անգամ աւելի մեծ ճիգ, կորով եւ զոհաբերութեան ոգի երեւան բերես, մի անգամ ընդմիշտ ազատւելու համար բօլշեւիկներից, որոնք այլեւս դարձել են պատուհասը ամբողջ մարդկութեան:
Ստրկացած ժողովուրդներ, անգամ բանւորներ եւ գիւղացիներ սկսել են արդէն գլուխ բարձրացնել եւ ապստամբութեան դրօշակ պարզել մեր օրերի այդ ինքնակոչ սօցիալիստների դէմ: Պէտք է հետեւենք նրանց օրինակին, եւ այն հարւածը որ միահամուռ ոյժերով տւինք նրանց, կրկնենք մի քանի անգամ եւս:
Մեր թանկագին մեռելները եւ նահատակները այս են պահանջում մեզնից: Սրբութեամբ կատարենք նրանց կտակը եւ շարունակենք մեր պայքարը հայ բօլշեւիկ բախտախնդիրների դէմ:
«Ազատ Հայաստան»
Օրգան Հայաստանի Հանրապետական Կառավարութեան
Չորեքշաբթի, 23 Փետրւարի 1921 թ.
Թիւ 4